«Ալմա 1.19–33․ Խաղաղություն գտնել Քրիստոսում՝ հավատարիմ մնալով հալածանքի ենթարկվելիս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 1.19–33», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 1.19–33
Խաղաղություն գտնել Քրիստոսում՝ հավատարիմ մնալով հալածանքի ենթարկվելիս
Մենք կարծում ենք, որ բոլոր մարդիկ Աստծուն երկրպագելու իրավունք ունեն՝ իրենց սեփական խղճի համաձայն (տես Հավատո Հանգանակ 1.11)։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ ուրիշները հալածում են ձեզ ձեր համոզմունքների համար։ Ինչպե՞ս կարող եք արձագանքել և խաղաղություն գտնել, եթե ուրիշները քննադատում են ձեզ ձեր հավատքի համար։ Ալմայի ժամանակներում մարդիկ «սկսեցին հալածել նրանց, ովքեր պատկանում էին Աստծո եկեղեցուն» (տես Ալմա 1.19)։ Այս դասը կօգնի ձեզ հավատքով արձագանքել և խաղաղություն զգալ նույնիսկ այն դեպքում, եթե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու համար հալածանքի ենթարկվեք։
Երբ հալածվում եք ձեր համոզմունքների համար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի խորհուրդը Եկեղեցու երիտասարդներին։ Դիտեք «Քրիստոսին հետևելու արժեքը և օրհնությունները» տեսանյութի 0:25-2:05 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը։
Հիացմունքով և խրախուսանքով յուրաքանչյուրի հանդեպ, ով կարիք կունենա անսասան մնալու այս վերջին օրերին, ես ասում եմ բոլորին և հատկապես՝ Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, մի օր կկանչվեք՝ պաշտպանելու ձեր հավատքը կամ, հավանաբար, նույնիսկ դիմանալու անձնական անարգանքի՝ պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այդպիսի պահերը ձեզանից կպահանջեն՝ ինչպես քաջություն, այնպես էլ բարեկրթություն:
Օրինակ՝ մի քույր միսիոներ վերջերս գրել էր. «Ես և զուգընկերս տեսանք մի մարդու, որը քաղաքի հրապարակում նստարանին նստած ուտում էր իր նախաճաշը: Երբ մոտեցանք, նա աչքերը բարձրացրեց և տեսավ մեր միսիոներական անվանապիտակները: Սարսափելի հայացքով նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը, որ ինձ հարվածի: Ես ճիշտ պահին խույս տվեցի, նա միայն հասցրեց իր ուտելիքը ամբողջովին թքել ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք՝ առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի, որ նա հետևից հարվածեց գլխիս կարտոֆիլի պյուրեով: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա հետ գնալ, բռնել այդ փոքրամարմին մարդուն և ասել՝ «ՆԵՐԵՑԵ՜Ք»: Բայց ես դա չարեցի»: (Jeffrey R. Holland, “The Cost—and Blessings—of Discipleship,” Liahona, May 2014, 6)
-
Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե այս իրավիճակում դուք լինեիք միսիոները։
-
Ինչո՞ւ կարող էր դժվար լինել արձագանքել Քրիստոսի նման։
-
Ե՞րբ են ձեզ վատ վերաբերվել կամ հալածել ձեր համոզմունքների համար։
-
Ապագայում ի՞նչ իրավիճակներ կարող են լինել, որոնցում դուք գուցե հալածվեք ձեր համոզմունքների համար։
Երբ Մորմոնի Գրքում ուսումնասիրեք Քրիստոսի Եկեղեցու անդամների օրինակները, փնտրեք ձևեր, որոնցով կարող եք հաստատուն մնալ և հալածվելիս խաղաղություն գտնել Հիսուս Քրիստոսում։
Հալածանքը Մորմոնի Գրքում
Ալման բազմաթիվ դժվարություններ ուներ, երբ գլխավոր դատավորն էր։ Երբ Նեորը Գեդեոնին սպանելու համար մահվան դատապարտվեց, որոշ մարդիկ շարունակում էին հավատալ Նեորի ուսմունքներին։ Կարդացեք Ալմա 1.19–24 հատվածները և փնտրեք, թե ինչ դժվարություններ ունեցան նեփիացիները։
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում նեփիացիների ունեցած դժվարությունների և ձեր փորձառությունների միջև։
-
Եկեղեցու անդամների ո՞ր գործողությունները նպաստեցին այդ դժվարություններին (տես հատված 22-ը)։
Կարդացեք Ալմա 1.25–28 և փնտրեք, թե ինչ արեցին Եկեղեցու արդար անդամները։ Կազմեք մարդկանց արարքների մի ցուցակ․ դա կօգնի ձեզ կազմակերպել այն, ինչ ուսումնասիրում եք։ Դա կարող եք անել ձեր օրագրում կամ կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտնում եք։
-
Եկեղեցու անդամներն ինչպիսի՞ տարբեր ձևերով էին արձագանքում հալածանքին։
Հետևյալ արտահայտությունն ավարտեք որևէ բանով, ինչը սովորեցիք նեփիացիների օրինակից։
-
… կարող է օգնել մեզ զգալ Փրկչի շարունակական խաղաղությունը նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հալածվում ենք Նրան հավատալու համար։
Ավելին, քան պարզապես խաղաղություն
Խաղաղություն զգալուց բացի՝ Երկնային Հայրը հավատարիմ նեփիացիներին օրհնեց այլ ձևերով։ Կարդացեք Ալմա 1.29–32 հատվածները և փնտրեք, թե Երկնային Հայրն ինչ օրհնություններ տվեց նեփիացիներին, երբ նրանք հաստատուն մնացին դժվար ժամանակներում։