«Ալմա 4․ Հպարտության գայթակղության քարը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 4
Հպարտության գայթակղության քարը
Հպարտությունը համեստության բացակայությունն է և ստիպում է մարդկանց իրենց վեր դասել կամ հակադրվել ուրիշներին կամ Աստծուն (տես «Հպարտություն» Սուրբ գրքերի ուղեցույցում, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Մտածեք հպարտության մասին, որն այսօր տեսնում եք աշխարհում, և այն բացասական ազդեցությունների մասին, որ այն ունի ձեզ վրա և ձեզ շրջապատող մարդկանց վրա։ Ալմայի ժամանակաշրջանում Փրկչի Եկեղեցու որոշ անդամների հպարտությունն ու հակառակությունը հանգեցրին նրան, որ Եկեղեցին թերացավ իր առաջընթացի մեջ։ Արդյունքում Ալման որոշեց հրաժարվել գլխավոր դատավորի պաշտոնից, որպեսզի նվիրվի Աստծո խոսքը քարոզելու գործին։ Այս դասը կօգնի ձեզ Աստծո խոսքն օգտագործել հպարտությունը և հակառակությունը հաղթահարելու համար։
Գայթակղության քարը
Հիշեք, թե երբ եք սայթաքել կամ գայթակղվել։ Հիշո՞ւմ եք, թե ինչի պատճառով եք սայթաքել։ Կյանքում մենք երբեմն սայթաքում ենք այնպիսի բաների վրայով, որոնք կարելի է «գայթակղության քարեր» անվանել։ Դա ճիշտ է նաև հոգևոր առումով։
Մի քանի խորանարդ նկարեք և պիտակավորեք դրանք այնպիսիբաներով, որոնք կարող են ստիպել երիտասարդներին հոգևորապես սայթաքել Օրինակ՝ ոմանք գուցե դժվարանան ականջ դնել մարգարեին կամ հնազանդվել Իմաստության խոսքին։
Մտածեք այդ բաների պատճառով գայթակղվելու հետևանքների մասին։ Խորհեք, թե ինչու է անհրաժեշտ Աստծո օգնությունը այս գայթակղության քարերը նկատելու, դրանցից խուսափելու և դրանք հաղթահարելու համար։
Ալմայի ժողովուրդը վերջերս մեծ կորուստներ էր ունեցել լամանացիների հետ պատերազմում։ Իրենց չարչարանքների շնորհիվ նրանք «զարթնեցվեցին ի հիշողություն իրենց պարտականությունների», և շատ մարդիկ մկրտվեցին (տես Ալմա 4.1–5)։ Սակայն նրանց խաղաղությունը երկար չտևեց, քանի որ նրանք սկսեցին հոգևորապես սայթաքել։
Կարդացեք Ալմա 4.6–8 հատվածները և փնտրեք, թե Եկեղեցու ղեկավարներն ինչու էին անհանգստացած։
-
Ըստ ձեզ՝ Եկեղեցու ղեկավարներն ինչո՞ւ էին «դառնորեն վշտացած» (Ալմա 4.7) մարդկանց աճող հպարտությունից։
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.
Հպարտությունը գայթակղության մեծ քար է Սիոնի համար։ Կրկնում եմ։ հպարտությունը գայթակղության մեծ քար է Սիոնի համար (Էզրա Թաֆտ Բենսոն, «Զգուշացեք հպարտությունից», Ensign, մայիս 1989թ․, 7)։
Մի մեծ խորանարդ պատկերեք, որը ներկայացնում է հպարտության գայթակղության քարը։ Խորանարդի վրա գրեք հետևյալ հարցերի պատասխանները․
-
Ըստ ձեզ՝ հպարտությունն ինչպե՞ս կարող է ստիպել մարդուն հոգևոր առումով սայթաքել։
-
Հպարտությունն ի՞նչ եղանակներով է հետ պահում մեզ Փրկչին ավելի նմանվելուց։
Ալմա 4 գլխի ուսումնասիրությունը շարունակելու ընթացքում մտածեք, թե հպարտությունն ինչպես կարող է գայթակղության քար լինել ձեզ համար, և ինչ կարող եք անել այն հաղթահարելու համար։
Կարդացեք Ալմա 4.8–12 հատվածները և փնտրեք, թե որոնք են հպարտության հետևանքները Եկեղեցում։ Նկատի ունեցեք, որ գժտություն նշանակում է զայրացած կամ դառը տարաձայնություն կամ հակառակություն։ Նենգամտությունը չարիք գործելու ցանկությունն է կամ թշնամությունը։
Խուսափեք հպարտությունից և հակառակությունից
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է.
Հպարտության հակաթույնը համեստությունն է, հեզությունը, հնազանդությունը [տես Ալմա 7.23]: (Էզրա Թավտ Բենսոն, «Զգուշացեք հպարտությունից», Ensign, մայիս 1989թ․, 6)
Կարդացեք Ալմա 4.13–14 և փնտրեք, թե ինչ արեցին Եկեղեցու որոշ անդամներ՝ հպարտությունից խուսափելու և հավատարիմ մնալու համար։ Նկատի ունեցեք, որ խոնարհություն բառը հատված 13-ում վերաբերում է ավելի համեստ ու հեզ դառնալուն։
Ձեր նկարած գայթակղության քարի շուրջը գրեք Ալմա 4.13–14 հատվածների Քրիստոսանման մոտեցումները կամ գործողությունները, որոնք կարծում եք, որ կարող են օգնել մեզ հաղթահարել կամ դիմակայել հպարտությանը։
-
Հատված 13–14-ի ո՞ր գործողություններն ու մոտեցումներն են հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։
-
Այդ մոտեցումների զարգացումը և այդ գործողությունների ձեռնարկումը ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի նմանվել Նրան։
-
Տեսե՞լ եք, թե ուրիշներն ինչպես են ապրում Քրիստոսանման այդ մոտեցումներով կամ գործողություններով, և ինչպե՞ս է դա ազդել ձեզ վրա։
Մտածեք ձեր կյանքում առկա հպարտության կամ հակառակության մասին։ Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ Փրկչի օրինակին հետևելու համար։ Ի՞նչ կարող եք անել խնդիրը նվազեցնելու և լուծման մաս դառնալու համար։
Ալման որոշեց, որ պետք է իր ժամանակը ծախսի մարդկանց հոգևորապես օգնելու վրա։ Նա դատավորի աթոռը հանձնեց Նեփիային՝ պահպանելով քահանայապետի պաշտոնը (տես Ալմա 4.15–18)։
Կարդացեք Ալմա 4.19 հատվածը և փնտրեք, թե ինչ գիտեր Ալման, որը կարող էր «տապալել» հպարտությունը և հակառակությունը մարդկանց շրջանում։ Կարող եք դիտել նաև «Ալման քարոզում է Աստծո խոսքը» տեսանյութի 0:36-1:59 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։
-
Ինչպե՞ս էր Ալման գործում Հիսուս Քրիստոսի նման:
-
Մենք ի՞նչ կարող ենք սովորել Ալմայի օրինակից։
Ալմա 4.19 հատվածի ճշմարտություններից մեկն այն է, որ Աստծո խոսքը և անկեղծ վկայություն լսելը կարող է օգնել մեզ հաղթահարել հպարտությունն ու հակառակությունը։
Փնտրեք, թե հետևյալ խոսքերում ինչ է ուսուցանել նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն Աստծո խոսքի մասին։
Աստծո խոսքը, ինչպես որ առկա է սուրբ գրքերում, ապրող մարգարեների խոսքերում և անձնական հայտնությունում, զորություն ունի ամրացնելու Սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմադրել չարին, ամուր կառչեն բարուց և ուրախություն գտնեն այս կյանքում (Էզրա Թավտ Բենսոն, «Խոսքի զորությունը», Ensign, մայիս 1986թ․, 80)։
-
Աստծո խոսքը և անկեղծ վկայություն տալը ինչպե՞ս կարող են օգնել տապալել հպարտությունը և հակառակությունը։
Ձգտեք նկատել և ճանաչել Սուրբ Հոգու հուշումներն այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել այն, ինչ սովորեցիք այս դասի ընթացքում։ Փնտրեք հնարավորություններ՝ ըստ այդ տպավորությունների գործելու համար: