«Ալմա 47–48․ Ամաղիկիա և Լեքոնտի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 47–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 47–48
Ամաղիկիա և Լեքոնտի
Երբևէ լսե՞լ եք, որ ասեն «Մեկ անգամը վնաս չէ», «Ընդամենը մի փոքր բան է» կամ «Այդքան էլ վատ բան չէ»։ Երբ մենք որոշում ենք թեկուզ մի փոքր տրվել սատանայի գայթակղություններին, մենք թույլ ենք տալիս, որ նա իշխանություն ունենա մեզ վրա։ Ալմա 47 գլխում մենք սովորում ենք Լեքոնտի անունով մի մարդու մասին, որը մի փոքր զիջեց իր թշնամուն և հայտնվեց շատ վտանգավոր և նույնիսկ մահացու հանգամանքներում: Այս դասը կարող է օգնել ձեզ դիմակայել սատանային, երբ նա փորձում է իշխանություն ունենալ ձեզ վրա։
Խայծեր
Ձկնորսական խայծը կերի տեսակ է, որն օգտագործվում է ձուկ որսալու համար։ Խայծը գրավում է ձկան ուշադրությունը և գայթակղում է նրան, որ կուլ տա խայծը։ Ապա, երբ ձուկը բռնի խայծը, այն կարելի է բռնել։
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը կիսվել է, թե ինչ նմանություններ կան ձկնորսական խայծի և սատանայի գայթակղությունների միջև։ Նրա համեմատություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «Օ, չարի այդ խորամանկ ծրագիրը» տեսանյութի 0:43-2:30 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ի՞նչ խայծեր է օգտագործում սատանան, որպեսզի գայթակղի մեզ մեղք գործել։
-
Ինչո՞ւ կուզենայիք դիմակայել այս խայծերին:
-
Ի՞նչը կարող է դժվարացնել դիմակայել գայթակղությանը։
Գուցե հիշեք, որ Ամաղիկիան և մի խումբ նեփիիացի պառակտիչներ ձգտում էին տապալել նեփիացիների ազատությունը և կործանել Աստծո եկեղեցին (տե՛ս Ալմա 46:10)։ Երբ Մորոնին և մյուս նեփիացիները կանգնեցրին Ամաղիկիային, նա փախավ լամանացիների մոտ և փորձում էր նրանց նեփիացիների դեմ տրամադրել (տես Ալմա 46.29–33, 47.1)։
Այսօր կսովորեք իշխանություն ձեռք բերելու Ամաղիկիայի հետագա փորձերի մասին։ Նրա մարտավարություններից շատերը նման են այն մարտավարություններին, որոնք սատանան այսօր օգտագործում է մեր դեմ։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ խուսափել այն խայծերից, որոնք սատանան օգտագործում է, երբ փորձում է վնասել ձեզ։
Ամաղիկիան ձգտում է դառնալ լամանացիների թագավորը
Կարդացեք Ալմա 47.1–8 հատվածները և փնտրեք, թե ինչ ծրագրեր ուներ Ամաղիկիան, երբ լամանացիների մոտ գնաց։
-
Ի՞նչ արեց Ամաղիկիան՝ լամանացիների շրջանում ազդեցություն և իշխանություն ձեռք բերելու համար։
-
Ամաղիկիայի նպատակներն ինչո՞վ են նման սատանայի նպատակներին (տես 2 Նեփի 26.22)։
-
Երկնային Հոր նպատակները ձեզ համար ինչո՞վ են տարբերվում սատանայի նպատակներից (տես Մովսես 1.39)։ Ինչո՞ւ է կարևոր հիշել սա։
Լեքոնտի անունով մի մարդ առաջնորդում էր այն լամանացիներին, որոնք հրաժարվեցին պայքարել նեփիացիների դեմ։
Կարդացեք Ալմա 47.9–12 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ցանկանում Ամաղիկիան, որ Լեքոնտին անի։
-
Լեքոնտին ի՞նչ պատճառներով կարող էր որոշել ընդունել Ամաղիկիայի վերջին հրավերը հատված 12-ում։
-
Ի՞նչ կասեիք Լեքոնտիին, եթե նրա զորքերում լինեիք, և նա ձեզնից խորհուրդ հարցներ Ամաղիկիային հանդիպելու վերաբերյալ։ Ինչո՞ւ։
Կարդացեք Ալմա 47.13–19 հատվածները և փնտրեք, թե Լեքոնտին ինչպես արձագանքեց Ամաղիկիայի լրացուցիչ ջանքերին, և ինչ տեղի ունեցավ արդյունքում։
-
Ամաղիկիայի մարտավարությունը ինչո՞վ էր նման այն մարտավարությանը, որը սատանան օգտագործում է մեզ կործանելու համար (անհրաժեշտության դեպքում տես 2 Նեփի 28.7–8, 21–22)։
Ձեր պայքարը սատանայի դեմ
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ եթե մենք նույնիսկ փոքր-ինչ տեղի տանք սատանայի գայթակղություններին, մենք նրան ազդեցության ավելի մեծ հնարավորություն կտանք՝ մեզ մոլորեցնելու համար։
Մտածեք, թե այս ճշմարտության ի՞նչ օրինակներ եք տեսել ձեր կամ ուրիշների կյանքում։ Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե սատանան ինչ եղանակներով կարող է փորձել խոցելի դարձնել ձեզ իր գայթակղությունների համար, և ինչ եղանակներով Փրկիչը կարող է օգնել ձեզ պաշտպանվել այդ գայթակղություններից։
Ծրագիր կազմեք
Մտածեք, թե այսօր ձեր ուսումնասիրած ճշմարտություններն ինչպես են կիրառվում ձեր կյանքում։ Կարող եք գրանցել հետևյալ հարցերի ձեր պատասխանները․
-
Ե՞րբ եք դիմակայել սատանայի գայթակղություններին՝ օգտագործելով Տիրոջ տված գործիքները։
-
Ինչպե՞ս կարող եք ձգտել ավելի շատ փնտրել Աստծո օգնությունը՝ սատանայի գայթակղություններին դիմակայելու համար։