«Ալմա 53․ Պահենք մեր ուխտերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 53», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 53
Պահենք մեր ուխտերը
Այս կյանքում բոլորս բախվում ենք փորձությունների, որոնք կարող են գայթակղել մեզ խախտելու Աստծո հետ կապած մեր ուխտերը։ Ամմոնի ժողովուրդը նույնիսկ դժվար հանգամանքներում պատվիրանները պահելու զորեղ օրինակ հանդիսացավ մեզ համար։ Այս դասի նպատակն է օգնել մեծացնել Աստծու հետ կապած ձեր ուխտերը պահելու հաստատակամությունը։
Ուխտի արահետ
Ձեր օրագրում ստորև ներկայացված նկարի արահետի նման մի արահետ նկարեք, որը խորհրդանշում է մեր կյանքը և այն կարևոր ուխտերը, որոնք պետք է կապենք՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու համար։ Շրջանաձև նկարները նկարելու փոխարեն կարող եք գրել յուրաքանչյուր նկարում ներկայացված ուխտերը։ Օրինակ՝ չորրորդ նկարը (ներքևից) նկարելու փոխարեն կարող եք արահետի երկայնքով գրել «տաճարային օժտում»։
Մի նշան նկարեք (կամ նկարեք ձեզ ներկայացնող մի մարդուկ), որը ցույց է տալիս, թե ձեր անձնական ուխտի արահետի վրա որտեղ եք այժմ գտնվում։
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և կօգնեն ձեզ ուխտի արահետին մնալու ձեր ջանքերում, որը տանում է հետ՝ Իրենց մոտ։ Մի պահ փորձեք հիշել Նրանց հետ արդեն կապած ձեր ուխտերը և այն եղանակները, որոնցով ձգտում եք պահել այդ ուխտերը: (Եթե մկրտության ժամանակ մեր կապած ուխտերը վերանայելը և դրանք հաղորդության ժամանակ նորոգելը օգտակար կլինի, կարդացեք Մոսիա 18.8–10 և Մորոնի 4:3 հատվածները:)
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ որպես նորակոչ մարգարե իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ ուսուցանել է․
Այսօր Եկեղեցու յուրաքանչյուր անդամի ես ասում եմ՝ մնացեք ուխտի արահետի վրա։ Փրկչին հետևելու ձեր պարտավորությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Ensign, ապրիլ 2018 թ․, 7)
-
Ձեզ համար ի՞նչ է նշանակում «մնալ ուխտի արահետի վրա»։
-
Ի՞նչ օրհնություններ կտան Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նրանց, որոնք մնում են ուխտի արահետի վրա։
Արահետի ձեր նկարի վերջում կարող եք գրել հետևյալը՝ «հավերժական կյանք», «դառնալ Աստծո նման», «հավերժական ընտանիքներ» և այլն։
1-5 միավոր գնահատմամբ սանդղակի օգնությամբ մտածեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների մասին (1-ը նշանակում է ոչ հաստատակամ կամ ոչ վճռական, իսկ 5-ը՝ խիստ հաստատակամ կամ խիստ վճռական).
-
Որքա՞նով եք հաստատակամ Աստծո հետ ձեր արդեն կապած ուխտերը պահելու վերաբերյալ։ Ինչո՞ւ։
-
Որքանո՞վ եք հաստատակամ կապել Նրա հետ այն ուխտերը, որոնք դեռևս ձեր առջևում են։ Ինչո՞ւ։
Այսօր ուսումնասիրելիս խնդրեք Երկնային Հոր օգնությունը, որպեսզի ավելի լավ հասկանաք Նրա հետ ուխտեր կապելու և պահելու նշանակությունը և ավելի մեծ ցանկությամբ Նրա հետ ուխտեր կապեք ու պահեք դրանք։
Ամմոնի ժողովուրդը
Ալմա 24 գլխում մի խումբ ապաշխարող լամանացիներ, որոնք հայտնի էին որպես Ամմոնի ժողովուրդ, Փրկչի կողմից մաքրվելուց հետո հին մեղքերին վերադառնալուց իրենց պաշտպանելու համար եզակի ուխտ կապեցին Աստծո հետ։
Կարդացեք Ալմա 53.10–12 հատվածները՝ նրանց ուխտերը (կամ երդումը) վերանայելու համար։
-
Ըստ հատված 11-ի՝ ի՞նչ էին նրանք պատրաստ անել, որպեսզի պահեն իրենց ուխտը։
Ավելի ուշ, երբ լամանացիների հզոր բանակը հարձակվեց նեփիացիների վրա, զորավար Մորոնին և նրա զորքերը սարսափելի պատերազմի մեջ ներքաշվեցին։ Կարդացեք Ալմա 53.13 հատվածը և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015) հետևյալ խոսքերը և փնտրեք, թե ինչ դժվար որոշման առաջ կանգնեց Ամմոնի ժողովուրդը։
Ամմոնի ժողովրդի հոգևոր կյանքում վճռորոշ պահ էր: Նրանք հավատարիմ էին մնացել այլևս զենք չվերցնելու իրենց ուխտին: Սակայն նրանք հասկացան, որ հայրերը պատասխանատվություն են կրում` պաշտապանելու իրենց ընտանիքները: Դա այնքան մեծ անհրաժեշտություն էր, որ քննարկվեց իրենց ուխտը դրժելու հարցը: (Ռիչարդ Գ․ Սքոթ, «Անձնական զորություն՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Լիահոնա, նոյեմբեր 2013 թ․, 82)
Նայեք ուխտի արահետի ձեր նկարին։ Այն հատվածում, որտեղ դուք հիմա եք, և որտեղ այն ուխտերն են, որոնք Փրկիչն առաջարկելու է ձեզ կապել ապագայում, թվարկեք իրավիճակներ, որոնք կարող են գայթակղել պատանիներին խախտել իրենց կապած ուխտերը և շեղել նրանց ապագայի, այդ թվում՝ տաճարային ուխտեր կապելուց։
Ուսումնասիրությունը շարունակելիս մտածեք, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել ձեզ առաջ շարժվել՝ անկախ նրանից, թե որտեղ եք և ինչ դժվարություններ ունեք այժմ։
Մարգարե Հելամանի խորհուրդը
Կարդացեք Ալմա 53.14–15, 56.7–8 հատվածները և փնտրեք մարգարե Հելամանի խորհուրդը Ամմոնի ժողովրդին: (Ալմա 56 գլուխը նամակ է, որը Հելամանը գրել էր զորավար Մորոնիին՝ բացատրելով իրավիճակը:)
-
Ինչպե՞ս կամփոփեք Աստծո հետ կապած ուխտերի մասին ձեր սովորածը։
Գուցե սովորել եք ճշմարտություններ, ինչպիսին հետևյալն է՝ երբ որոշում ենք պահել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կապած մեր ուխտերը, Նրանք օգնում և զորացնում են մեզ, իսկ եթե որոշում ենք խախտել Նրանց հետ կապած մեր ուխտերը, կորցնում ենք նախատեսված օրհնությունները։
Երեց Սքոթը բացատրել է, թե ինչպես էր Աստված օրհնել Ամմոնի ժողովրդին՝ իրենց ուխտերը պահելու համար։
Մեղքերը թողնելու խոնարհ, ողջ կյանքի համար ստանձնած պարտավորությամբ նրանք ավելի լավ պաշտպանեցին իրենց ընտանիքները, քան եթե գնային ճակատամարտի դաշտ: Նրանց հնազանդությունը չզրկեց նրանց օրհնություններից։ Այն ուժեղացրեց և օրհնեց նրանց ու ապագա սերունդներին: (Ռիչարդ Գ․ Սքոթ, «Անձնական զորություն՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Լիահոնա, նոյեմբեր 2013 թ․, 83)
Երկու հազար երիտասարդ տղամարդ ուխտ է կապում
Ամմոնի ժողովուրդը, որն ուխտ էր կապել, հնազանդվեց Հելամանի՝ զենք չվերցնելու խորհրդին։ Տիրոջ օրհնության եղանակներից մեկն այն էր, որ նրանց որդիները կապեցին իրենց ուխտը ու պահեցին այն։ Հաջորդ գլուխներում իմանում ենք, որ Աստված հրաշագործ եղանակներով օգտագործեց ուխտերը պահող այդ երիտասարդ տղամարդկանց՝ նրանց ընտանիքներն ու նեփիացիներին պաշտպանելու համար։
Կարդացեք Ալմա 53.16–22 հատվածները։ Նշեք այդ երիտասարդ տղամարդկանց այն հատկանիշներն ու նկարագրությունները, որոնք կարող են օգնել նրանց պահել ուխտերը: (Օգտակար կլինի իմանալ, որ լրջմտություն բառը կարող է նշանակել լինել զուսպ, լուրջ կամ խոհուն:)
Ձեր ուխտի արահետը
Ձեր օրագրում գրի առեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, որը կարող է նպաստել դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերադարձի արահետին մնալու ձեր վճռականությունը։ Կարող եք ներառել ձեր ուխտի արահետին հանդիպած բոլոր գայթակղությունները կամ շեղումները և այն, թե ձեր վճռականությունն ու վստահությունն առ Տերը ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել դրանք։