«Ալմա 57․ Մշտապես ձգտել հնազանդվել պատվիրաններին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 57», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 57
Մշտապես ձգտել հնազանդվել պատվիրաններին
Ի՞նչ մոտեցում ունեք պատվիրանները պահելու վերաբերյալ։ Ինչո՞ւ է ձեր մոտեցումը կարևոր։ Մեկ այլ վտանգավոր մարտում պայքարելիս պատանի մարտիկները հնազանդվում էին «ճշգրտորեն հրամանի ամեն մի բառին»՝ «մշտապես վստահելով Աստծուն» (Ալմա 57.21, 27)։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ձգտել մշտապես հնազանդվել Աստծո պատվիրաններին։
Մոտեցումը պատվիրանների նկատմամբ
Նկարագրեք, թե Աստծո պատվիրանները պահելու վերաբերյալ ինչ երեք տարբեր մոտեցում կարելի է ունենալ և ինչու։
Հետևյալ հարցերի պատասխանները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․
-
Ի՞նչ մոտեցում ունեք Աստծո պատվիրանները պահելու վերաբերյալ։ Ինչո՞ւ է ձեր մոտեցումը կարևոր։
-
Եթե ներկայումս չեք ձգտում ձեր կարողացածի առավելագույն չափով պահել պատվիրանները, ի՞նչն է հետ պահում ձեզ։
Այսօր ուսումնասիրելիս փնտրեք հնազանդության սկզբունքներ, որոնք կարող են ոգեշնչել, մղել և օգնել ձեզ ցանկացած հարցի կամ մտահոգության վերաբերյալ։ Խորհեք, թե դրանք ինչպես կարող են կիրառվել ձեր կյանքում և օրհնել ձեր կյանքը։
Պատանի մարտիկներ
Նախորդ դասում սովորեցիք, թե 2000 պատանի մարտիկներն ինչպես օգնեցին Անթիփուսին ու նրա մարդկանց երկրի այդ մասում պարտության մատնել լամանացիների «ամենաուժեղ» և «ամենամեծաթիվ» բանակին (տես Ալմա 56.34)։ Ալմա 57 գլխում Հելամանը շարունակեց իր նամակը զորավար Մորոնիին։ Ամմոնի ժողովրդի ևս վաթսուն որդիներ միացան նրա բանակին (տես Ալմա 57.6), և 2060 երիտասարդ մարտիկներ այլ սպառնալիքի բախվեցին։ Լամանացիները հարձակվեցին նեփիացիների վրա և գրեթե հաղթում էին նրանց, երբ Հելամանին ու նրա մարդկանց միացան մի խումբ զինվորներ, որոնք նախկինում լամանացի բանտարկյալներին էին տեղափոխում (տես Ալմա 57.1–18)։
Կարևոր բառերն ու արտահայտությունները բացահայտելը և դրանց շուրջ խորհելը սուրբ գրությունների ուսումնասիրության երկու հմտություն են, որոնք կարող են օգնել ավելի խորությամբ ուսումնասիրել այս պատմությունը և դրանից քաղած դասերը կիրառել ձեր կյանքում։
Կարդացեք Ալմա 57.19–23 հատվածները՝ տեսնելու, թե ինչ տեղի ունեցավ։ Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Հելամանի պատանի մարտիկներին։
Հատված 21-ում կարող եք նշել, թե ինչպես էր Հելամանը նկարագրում այդ երիտասարդների հնազանդությունը։ Կարդացեք Ալմա 58.40 հատվածը և փնտրեք, թե մարտիկները հաջորդ ռազմական սպառանալիքից հետո ինչ մոտեցում ունեին Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «ճշգրտորեն կատարել հրամանի ամեն մի բառը» (Ալմա 57.21) և «մշտապես պահել-պահպանել… նրա պատվիրանները» (Ալմա 58.40)։
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքն ու Նրա մասին հիշողությունն ինչպես կարող են ազդել Աստծո պատվիրաններին հնազանդվելու մեր ցանկության և կարողության վրա։
Կարդացեք Ալմա 57.24–27 հատվածները և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե Հելամանի որդիներն ինչպես էին օրհնվել իրենց երկրորդ ճակատամարտում՝ Աստծո հանդեպ ունեցած իրենց հավատքի և հնազանդության համար։
-
Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որը կարող է ձեր կյանքին առնչվել այսօր։
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է՝ եթե վստահենք Աստծուն և մշտապես ձգտենք պահել Նրա պատվիրանները, Նա կօրհնի մեզ Իր սքանչելի զորությամբ։
-
Գիտելիքը, որ կա «արդար Աստված», որը «հրաշագործ» և «սքանչելի զորություն» ունի (Ալմա 57.26), ինչպե՞ս կարող է ազդել Նրան հնազանդվելու մեր մոտեցման վրա։
-
Ըստ ձեզ, Տերն ի՞նչ մոտեցում է ցանկանում, որ դրսևորենք, երբ պահում ենք Իր պատվիրանները, բայց թերանում ենք կատարելապես հնազանդվել: Հիսուս Քրիստոսի Քավության ձեր ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել պատասխանել այս հարցին։
Կարևոր է հասկանալ, որ երբ մենք հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, Նա օրհնում է մեզ Իր ձևով ու ժամանակին։ Իրենց երկու ճակատամարտերում էլ պատանի մարտիկներն օրհնված էին, և նրանց կյանքերը փրկվեցին՝ անկախ վտանգավոր կռվից ու վիրավորումներից։