«3 Նեփի 17․ «Ես կարեկցանք ունեմ ձեր հանդեպ»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 17
«Ես կարեկցանք ունեմ ձեզ վրա»
Արդեն բավական երկար օր էր անցկացրել Փրկիչը նեփիացի բազմության հետ, երբ հայտարարեց, որ Իր հեռանալու ժամանակն է։ Սակայն բազմությունն արցունքներով աղերսում էր մի փոքր երկար մնալ, ինչը հուզեց Նրա սիրտը։ Հրաշագործ կարեկցանքով Նա բժշկում էր նրանց, աղոթում էր նրանց համար և մեկ առ մեկ օրհնում էր նրանց երեխաներին։ Այս դասը կօգնի ձեզ զգալ, որ Հիսուս Քրիստոսը կարեկցանք ունի ձեր հանդեպ։
Փրկչի ընկալումը
Պատկերացրեք, որ ուղղակի մեկ օր անցկացրել եք Փրկչի հետ, ու Նա հայտարարում է, որ Իր հեռանալու ժամանակն է։
Կարող եք դիտել «Հիսուս Քրիստոսը և հրեշտակները ծառայում են կարեկցանքով» տեսանյութի 0:12–1:30 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ինչպե՞ս կզգայիք ձեզ այդ իրավիճակում։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դուք ուսումնասիրել եք, թե 3 Նեփի 11–16 գլուխներում ինչ արեց և ուսուցանեց Փրկիչը նեփիացիներին, երբ առաջին անգամ հայտնվեց նրանց։ Մտածեք, թե ինչ արեց Փրկիչը նեփիացիների մեջ, որպեսզի ցուցադրի Իր սերը։ Հիշելու համար վերանայեք այն, ինչ գրել եք ձեր օրագրերի «Սովորել Հիսուս Քրիստոսի մասին 3 Նեփի գրքում» վերնագրի ներքո։
-
Փրկչի գործողություններն ինչպե՞ս են արտահայտում Նրա սերը նեփիացիների հանդեպ։
Այսօր ավելի մանրամասն կկարդաք այն մասին, թե ինչպես էր Փրկիչն Իր սիրով լի կարեկցանքն արտահայտում նեփիացիներին։ Ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե Նրա գործերն ինչ են ուսուցանում Նրա բնավորության մասին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք զգում Նրա հանդեպ։
Օգտակար կլինի իմանալ, որ 3 Նեփի 11–17 գլուխներում հիշատակվող բոլոր իրադարձությունները մեկ օրում են տեղի ունեցել։
Կարդացեք 3 Նեփի 17․1–6 հատվածները և փնտրեք, թե ինչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին Նրա խոսքերից ու գործերից։
-
Ի՞նչ գտաք այս հատվածներում։
Գուցե նման ճշմարտություն եք բացահայտել․ Հիսուս Քրիստոսը կարեկցանքով է լցված իմ հանդեպ։ Կարող եք այս ճշմարտությունը գրել հատված 6-ի կողքին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.
Իմաստ ունի նկատել, որ Հիսուսի կարեկից գործողությունները ոչ թե պատահական կամ պարտադրված դրսևորումներ էին՝ հիմնված անելիքների ցուցակի վրա, այլ Աստծո և Նրա զավակների հանդեպ Իր մաքուր սիրո և նրանց օգնելու անխախտ ցանկության իրականության ամենօրյա արտահայտություններ: (Ուլիսես Սոարես, «Փրկչի անփոփոխ կարեկցանքը», Լիահոնա, նոյ. 2021 թ․, 14)։
-
Սեփական բառերով բացատրեք, թե ինչ է ուսուցանում երեց Սոարեսը Փրկչի կարեկցանքի մասին։
Փրկիչի կարեկցանքը
3 Նեփի 17 գլխի մնացած մասում ներկայացվում է Փրկչի կարեկցող էությունը։ Հիշեք, որ Հիսուս Քրիստոսն արեց այն, ինչ նկարագրվում է 3 Նեփի 17 գլխում, որովհետև Նա ընդունել էր նեփիացիների արդար ցանկություններն ու անկեղծորեն ուզում էր նրանց հետ լինել և օրհնել նրանց։
-
3 Նեփի 17․7–10․ Բժշկելով նրանց հիվանդներին և նրանց չարչարվածներին
-
3 Նեփի 17․13–20․ Աղոթելով նրանց հետ և նրանց համար
-
3 Նեփի 17․11–12, 21–25․ Օրհնելով երեխաներին
3 Նեփի 17 գլխում սովորածը պատկերացնելու համար կարող եք դիտել «Հիսուս Քրիստոսը և հրեշտակները ծառայում են կարեկցանքով» տեսանյութի 1:30–11:45 հատվածը։