«Եթեր 12․1–22. Ստանալ ճշմարտության մասին վկայություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)
«Եթեր 12․1–22», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Եթեր 12.1–22
Ստանալ ճշմարտության մասին վկայություն
Ի՞նչն է օգնել ձեզ հոգևոր ճշմարտությունը սովորելու ձեր ջանքերում: Հարեդացիների երկարամյա պատմությունը մանրամասն նկարագրելուց հետո Մորոնին ներկայացրել է Եթեր մարգարեի ծառայությունը: Այնուհետև Մորոնին կիսվել է որոշ օրհնություններով, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելուց, ներառյալ այն, թե ինչպես է մեր հավատքի փորձությունն օգնել մեզ վկայություն ստանալ ճշմարտության մասին: Այս դասը նպատակն է օգնել ձեզ հավատք գործադրել՝ ճշմարտության մասին հոգևոր վկայություն ստանալու համար:
«Ինչպե՞ս եք իմանում դա»
Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը կիսվել է հետևյալ փորձառությամբ, որն ունեցել է երիտասարդ կնոջ հետ խոսելիս.
Ես մի հաճելի փորձառություն ունեցա մի սիրասուն երիտասարդ կնոջ հետ, որը շատ անկեղծ հարց տվեց. «Քույր Քրեյվեն, որտեղի՞ց գիտեք, որ Եկեղեցու մասին ամեն բան ճշմարիտ է: Որովհետև ես ոչինչ չեմ զգում»:
Նախքան պատասխանին անցնելը, ես նախ նրան որոշ հարցեր տվեցի։ «Պատմեք ինձ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության մասին»:
Նա պատասխանեց. «Ես չեմ կարդում սուրբ գրությունները»:
Ես հարցրի. «Իսկ ձեր ընտանի՞քը: Դուք միասին ուսումնասիրո՞ւմ եք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը»:
Նա ասաց. «Ոչ»:
Ես հարցրի նրա աղոթքների մասին. «Ի՞նչ եք զգում, երբ աղոթում եք»:
Նա պատասխանեց. «Ես չեմ աղոթում»: (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Լիահոնա, մայիս 2022 թ․, 62)
-
Ելնելով ձեր փորձառություններից՝ ի՞նչ կարող եք ասել այս երիտասարդ կնոջն օգնելու վերաբերյալ:
Մտածեք հոգևոր ճշմարտությունների մասին, որոնց վերաբերյալ դուք կցանկանաք ստանալ հոգևոր կամ ավելի ամուր վկայություն: Կարող եք գրել դրանք ձեր ուսումնական օրագրում: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ հոգևոր վկայություն ձեռք բերել կամ զորացնել այն։
«Ձեր հավատքի փորձությունը»
Շարունակելով կրճատել հարեդացիների հիշատակարանը, Մորոնին ներկայացրեց Եթեր մարգարեի ծառայությունը: Թեև Եթերը ծնվել էր գերության մեջ և ապրել այն մարդկանց մեջ, որոնք մերժել էին մարգարեներին (տես Եթեր 11․20–23), նա ապրեց արդար կյանքով և Աստծո կողմից կանչվեց որպես մարգարե:
Կարդացեք Եթեր 12․2–5 հատվածները՝ փնտրելով, թե Եթերի քարոզչությունն ինչպես ընդունվեց հարեդացիների կողմից:
-
Ինչո՞ւ մարդիկ հրաժարվեցին հավատալ Եթերի խոսքերին:
Կարդացեք Եթեր 12.6 հատվածը և փնտրեք Մորոնիի ուսուցանածն այն մասին, թե մենք ինչպես ենք ստանում ճշմարտության մասին մեր հոգևոր վկայությունը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) կիսվել է ձեր հավատքի փորձությունը արտահայտության իմաստներից մեկով․
Կարող եք ավելի արդյունավետ օգտագործել հավատքը՝ կիրառելով Մորոնիի կողմից ուսուցանված այս սկզբունքը. «Հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում. ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» [Եթեր 12.6, շեշտադրումն ավելացված է]։ Այսպիսով, ամեն անգամ, երբ դուք փորձեք ձեր հավատքը, այսինքն՝ արժանավոր կերպով գործեք ստացած տպավորության հիման վրա, դուք կստանաք Հոգու հաստատող ապացույցը: Այդ զգացմունքները կամրապնդեն ձեր հավատքը: Երբ դուք կրկնեք այդ օրինակը, ձեր հավատքը կզորանա: (Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի աջակցող ուժը անորոշության և փորձության ժամանակներում», Լիահոնա, մայիս 2003, 76)
-
Ի՞նչ սովորեցիք Եթեր 12.6 հատվածից և այս խոսքերից, որը կարող է օգնել մեկին, ով ցանկանում է ստանալ հոգևոր վկայություն կամ ճշմարտության մասին ավելի ամուր վկայություն:
Ճշմարտություններից մեկը, որը կարող ենք սովորել Եթեր 12.6 հատվածից, այն է, որ եթե մենք ցանկանում ենք հոգևոր վկայություն ստանալ, ապա պետք է նախ հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։
Քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը պատմել է, թե ինչպես է պատասխանել երիտասարդ կնոջը, ում հետ խոսել է.
Նրան ուղղված իմ պատասխանը պարզ էր. «Եթե ցանկանում եք որևէ բան իմանալ, պետք է ինչ-որ բան անեք»:
Արդյո՞ք դա ճիշտ չէ այն ամենի դեպքում, ինչը մենք ցանկանում ենք սովորել կամ իմանալ: Ես առաջարկեցի իմ նոր ընկերուհուն սկսել կատարել այն, ինչ ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում՝ աղոթել, ուսումնասիրել, ծառայել ուրիշներին և վստահել Տիրոջը: Դարձը տեղի չի ունենա, երբ դուք ոչինչ չենք անում: Այն գալիս է Սուրբ Հոգու զորությամբ, երբ մենք նպատակադրված ջանքեր ենք գործադրում իմանալու համար՝ խնդրելով, փնտրելով և թակելով: Այն տեղի է ունենում, երբ գործում ենք: (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Լիահոնա, մայիս 2022 թ․, 62)
Հավատքի օրինակներ
Մտածեք այն փորձառությունների մասին, երբ դուք կամ ուրիշները Փրկչի ավետարանով ապրելու և Նրա հանդեպ հավատք գործադրելու արդյունքում հոգևոր վկայություն եք ստացել:
Փրկչի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում զորացած մարդու օրինակ տեսնելու համար դիտեք «Մաքուր և պարզ հավատք» տեսանյութը (5:21), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Իր քնննարկման ժամանակ Մորոնին պատմել է բազմաթիվ մարդկանց օրինակների մասին, որոնք օրհնվել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում:
Կարդացեք Եթեր 12․7–22 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերն օրհնեց այս մարդկանց, որոնք հավատք դրսևորեցին Իր հանդեպ: Կարող եք նշել այն օրինակները, որոնք կարևոր են ձեզ համար:
Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում կիրառել այն, ինչ այսօր սովորեցիք: Գրեք երկու կամ երեք գործողություն, որոնք կարող եք անել, որպեսզի հավատք դրսևորեք Հիսուս Քրիստոսի հանդեպ և ձեռք բերեք կամ զորացնեք Փրկչի ավետարանի մասին ձեր վկայությունը: