«Եթեր 13–15. Հաղթահարեք զայրույթը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Եթեր 13–15», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Եթեր 13–15
Հաղթահարեք զայրույթը
Իր մեծ սիրով Երկնային Հայրը հնարավորություն է տալիս մեզ մեր մահկանացու կյանքում ունենալ զգացմունքների լայն շրջանակ, օրինակ՝ սեր, խաղաղություն, տխրություն և հիասթափություն: Այս էմոցիաները զգալով՝ մենք սովորում ենք: Շարունակելով ապստամբել Տիրոջ դեմ՝ հարեդացիներն իրենց զգացմունքների հետևանքով կայացրին որոշումներ, որոնք հանգեցրին նրանց քաղաքակրթության կործանմանը: Այս դասը կօգնի ձեզ ողջ կյանքում հաղթահարել զայրույթի պահին գործելու գայթակղությունը:
Զայրույթի հետևանքները
Կարդացեք կամ դիտեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ պատմությունը երկու եղբայրների մասին, որոնք իրենց ողջ կյանքում ապրել էին միասին:
Շատ տարիներ առաջ ես կարդացի հետևյալ հաղորդումը Associated Press-ում, որը հայտնվել էր լրագրում. Մի տարեց մարդ իր եղբոր թաղման ժամանակ պատմեց, որ երիտասարդ տարիքից նրա հետ ապրել էր Նյու Յորքում մի փոքրիկ մեկ սենյականոց տան մեջ Կանիստեոյի մոտ: Մի վիճաբանությունից հետո նրանք կավիճով բաժանել էին սենյակը երկու մասի, և 62 տարի շարունակ ոչ մեկը չէր անցել այդ գծի վրայով և մի բառ իսկ չէին խոսել միմյանց հետ: Միայն մտածեք այդ զայրույթի հետևանքի մասին: (Թոմաս Ս. Մոնսոն, «Դաստիարակիր զգացմունքներդ, ով իմ եղբայր», Լիահոնա, նոյեմբեր 2009 թ․, 68–69)
-
Ի՞նչ սովորեցիք երկու եղբայրների մասին Նախագահ Մոնսոնի պատմությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսօր այդ ուղերձը կարևոր աշխարհում:
Մտածեք ձեր զգացմունքների և այն մասին, թե որքան հաճախ եք զայրանում: Մտածեք, թե որ հանգամանքներում դուք կարող եք զայրանալ և այդ զայրույթն ինչպես կարող է ազդել ձեր մտածողության, գործողությունների և հարաբերությունների վրա:
Զայրույթի հետևանքով խափանված փխրուն հանգամանք
Եթեր մարգարեի ժամանակ մարդիկ շատ ամբարիշտ էին: Եթերը ստիպված էր ապրել քարանձավում, որպեսզի թաքնվեր նրանցից, ովքեր ձգտում էին սպանել իրեն: Հակամարտող բանակները շարունակաբար պատերազմում էին։ Մի բանակը ղեկավարում էր Կորիանթում անունով մի թագավոր, իսկ մյուսը տարբեր ժամանակներում ղեկավարում էին տարբեր պառակտիչներ, այդ թվում՝ Սարեդ անունով մի մարդ: Եթերը զգուշացրեց Կորիանթումին, որ ապաշխարի, այլապես ժողովուրդը կկործանվի:
Կարդացեք Եթեր 13․22–31 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր զայրույթն ազդել մարդկանց գործողությունների վրա:
-
Ի՞նչ գտաք:
Հարեդացիների կործանումը ցույց է տալիս զայրույթով լցված լինելու վտանգները։ Կորիանթումին և նրա բանակներին ի վերջո հաջողվեց հաղթել Սարեդին: Սակայն ի հայտ եկան ուրիշները, որոնք շարունակեցին առաջնորդել պառակտիչներին, այդ թվում՝ Սիզը։ Երբ Կորիանթումի միլիոնավոր մարդիկ արդեն սպանվել էին, նա փորձեց դադարեցնել արյունահեղությունը՝ խաղաղության խնդրանքով բազմաթիվ նամակներ գրելով Սիզին:
Կարդացեք Եթեր 15․5–6, 15–30 հատվածները և փնտրեք, թե ինչ ազդեցություն ունեցավ հարեդացիների զայրույթն անհատների և մարդկանց խմբերի վրա։
-
Զայրույթն ինչպե՞ս ազդեց Կորիանթումի, Սիզի և ուրիշների վրա: Ինչպե՞ս է նրանց զայրույթն ազդել նրանց շրջապատող մարդկանց վրա:
Ճշմարտություններից մեկը, որ ուսուցանում է այս պատմությունը, հետևյալն է. զայրույթը կարող է դրդել մեզ կատարել այնպիսի ընտրություններ, որոնք կվնասեն մեզ և ուրիշներին։
-
Տեսե՞լ եք արդյոք, որ զայրույթն ազդել է ընկերների, թիմակիցների, ծխի անդամների կամ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների վրա:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե մենք ինչու պետք է ձգտենք հաղթահարել զայրույթի և հակառակության զգացումները.
Հիսուսը խնդրել է, որ մենք «ապրենք միասին սիրով», [Վարդապետություն և Ուխտեր 42.45] «մեր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ» [3 Նեփի 11.22]: Նա նախազգուշացրեց նեփիացիներին․ «Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չի» [3 Նեփի 11․29]։ Անշուշտ, մեր կապը Քրիստոսի հետ մեծապես կորոշվի միմյանց հետ մեր ունեցած հարաբերություններով, կամ դրանք առնվազն կազդեն Քրիստոսի հետ մեր կապի վրա: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018 թ., 78)
Տարբերակ Ա. Փրկչի բարության օրինակը
Ուսումնասիրեք առնվազն մեկ օրինակ Փրկչի կյանքից, երբ Նա կարող էր զայրույթով արձագանքել, սակայն նախընտրեց պատասխանել սիրով և բարությամբ: Կարող եք ուսումնասիրել Նրա խաչելությունը (տես Ղուկաս 23.33–43) կամ, երբ շնություն գործած կնոջը բերեցին Նրա մոտ (տես Հովհաննես 8.1–11):
Համառոտ գրեք այն իրավիճակը, որում հայտնվեց Փրկիչը և ինչպես Նա արձագանքեց: Ապա գրեք, թե ինչպես կարող եք հետևել Նրա օրինակին, երբ ապագայում հայտնվեք դժվար իրավիճակում:
Տարբերակ Բ. Հետևել Փրկչի բարության օրինակին
Ստեղծեք մտացածին, սակայն իրատեսական սցենար, որտեղ մարդը զայրացած է մեկ այլ անձի վրա: Ավելացրեք որոշ մանրամասներ, ներառյալ անունները և զայրույթի պատճառները:
Սցենար ստեղծելուց հետո գրի առեք, թե սցենարի յուրաքանչյուր անձ ինչպես կարող է բարությամբ արձագանքել: Օգտակար կլինի մտածել, թե Փրկիչն ինչպես կարձագանքեր, եթե Նա ներկա լիներ: Գրի առեք նաև, թե ինչպես կարող է սցենարը զարգանալ, եթե մարդիկ զայրույթով արձագանքեն:
Զայրույթից խուսափելու առաջարկ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Մեզանից ոչ ոք չի կարող վերահսկել ժողովուրդներին կամ կառավարել այլ մարդկանց կամ նույնիսկ մեր ընտանիքի անդամների գործողությունները: Սակայն մենք կարող ենք կառավարել ինքներս մեզ» («Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 97)։
Կազմեք պլան, թե ինչ կարող եք անել, որպեսզի կառավարեք ձեզ և հաղթահարեք զայրույթը: Ձեր պլանը կարող է կապված լինել որոշակի մարդկանց հանդեպ ձեր վերաբերմունքի կամ արձագանքի հետ: Այն կարող է ներառել եղանակներ, որոնցով կարող եք հետևել Փրկչի օրինակին: Համոզվեք, որ ներառել եք եղանակներ, որոնցով դժվար իրավիճակներից առաջ կամ դրանց ընթացքում կարող եք դիմել Երկնային Հորը՝ աստվածային օգնություն ստանալու համար: