Սեմինարիա
Ներածական նյութեր. Ակնարկ


«Ներածական նյութեր. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ներածական նյութեր. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Ակնարկ

Այս տարի սեմինարիայում դուք կուսումնասիրեք Մորմոնի Գիրքը։ Այդ դասերը կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ծրագրի կարևորությունը և ամեն օր բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր կարողությունը։ Դուք կսովորեք նաև, թե ինչպես բացահայտել Սուրբ Հոգու հիմնական դերերը, ինչպես գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ ձեր հարցերին պատասխաններ փնտրելիս, և ինչպես առավելագույնս օգուտ քաղել սեմինարիայում ուսանելու ձեր փորձառությունից։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար։ Նշում. հաջորդիվ ներկայացվող դասերից մի քանիսը կամ բոլորը կարող են դասավանդվել ուսումնական տարվա սկզբում կամ ուսանողներին հարմար մեկ այլ ժամանակ։

Փրկության ծրագիրը

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և զգալ Երկնային Հոր ծրագրի կարևորությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այնպիսի բանի մասին, առանց որի, իրենց կարծիքով, չէին կարողանա ապրել, ապա բացատրեն, թե ինչու։ Ըստ անհրաժեշտության՝ նրանք կարող են այդ առարկան կամ դրա պատկերը բերել դասարան։

  • Բովանդակություն ցուցադրման համար. հարցեր, որոնց պատասխանները տալիս է Մորմոնի Գիրքը (գրատախտակին թվարկված,, թերթիկների վրա գրված, պատերին փակցված կամ մեկ այլ եղանակով ցուցադրված)

  • Առցանց ուսուցման առաջարկ. ցուցադրեք հարցեր, որոնց պատասխանները տալիս է Մորմոնի Գիրքը։ Ուսանողներին առաջարկեք ցույց տալ, թե որ հարցն է նրանց առավելապես հետաքրքրում սովորելու համար։ Հարցերից յուրաքանչյուրի համար ստեղծեք խմբային քննարկման սենյակներ, որպեսզի ուսանողները կարողանան միասին քննարկել իրենց սովորածը, նաև սահմանեք քննարկման ժամանակը։ Ժամանակը լրանալուն պես փակեք խմբային քննարկման սենյակները, որպեսզի ուսանողները կարողանան դասարանի հետ քննարկել իրենց սովորածը։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Դասի նպատակը. այս դասի նպատակն է մեծացնել ուսանողների՝ ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելու ցանկությունն ու կարողությունը և ստանալ խոստացված օրհնությունները, որոնցով ուղեկցվում է սուրբ գրությունների ուսումնասիրությունը։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տվեք այս դասին առնչվող «Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում» թերթիկը՝ տուն տանելու և լրացնելու համար։ Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամներին խնդրել նույնպես պատասխանել հարցերին և միասին քննարկել նրանց պատասխանները։

  • Թերթիկ. «Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում»

Սովորել Հոգով

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել Սուրբ Հոգու հիմնական դերերը, որոնք կարևոր են իրենց հոգևոր աճի և առաջընթացի համար։

  • Ուսանողի նախապատրասում․ ուսանողներին առաջարկեք մտածել փորձառությունների մասին, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգու ազդեցությունը։ Խրախուսեք նրանց կենտրոնանալ այն մտքերի, զգացողությունների կամ տպավորությունների վրա, որոնցով ուղեկցվել են փորձառությունները, և պատրաստ լինել դրանցով կիսվել դասի ժամանակ։

  • Պատկեր կամ առարկա. հաղորդակցման սարքերի, այդ թվում՝ սմարթֆոնի տարբեր տեսակների պատկերներ

  • Տեսանյութ. «Ինչպես զգալ Սուրբ Հոգին» (3:17)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Սուրբ Հոգին զգալու տարբեր եղանակներ քննարկելիս կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակը կամ որևէ այլ ծրագիր, որը թույլ կտա ուսանողներին թվարկել այն տարբեր եղանակները, որոնցով իրենք զգացել են Սուրբ Հոգին։

Սովորել հավատքով առ Հիսուս Քրիստոս

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին առավելագույնս օգուտ քաղել սեմինարիայի իրենց փորձառությունից՝ հասկանալով, թե ինչ է նշանակում սովորել հավատքով առ Հիսուս Քրիստոս։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 1–2 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022թ.) և պատրաստվել կիսվել մտքերով, թե ինչ կարող ենք անել հոգևոր ճշմարտությունները սովորելու համար։

  • Տեսանյութեր. «Մի հատուկ վեհ կոչում» (11:25, դիտել 2:16-3:49), «Սեմինարիան կարող է կյանքեր փոխել» (4:14)

  • Բովանդակություն ցուցադրման համար. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը՝ դասի սկզբում, սեմինարիայի ուսանողի նկար

  • Առցանց ուսուցման առաջարկ. հնարավորության դեպքում կարող եք սեմինարիայի վերջին տարիների մեկ կամ երկու շրջանավարտի հրավիրել մասնակցելու առցանց դասին և խնդրել նրանց կիսվել, թե ինչն օգնեց իրենց ուսումնասիրել ավետարանը սեմինարիայում։ Նրանք գուցե նաև պատմեն, թե ինչը կցանկանային այլ կերպ անել կամ իմանալ այն ժամանակ, երբ նոր էին սկսում ուսումնառությունը սեմինարիայում։

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս, երբ նրանք փնտրում են իրենց հարցերի և իրենց կյանքի մտահոգությունների պատասխանները։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտանիքի որևէ անդամի կամ Եկեղեցու ղեկավարի, որը մեծ հավատք ունի առ Հիսուս Քրիստոսը, հարցնել, թե նա ինչ է անում ամուր մնալու համար, երբ ավետարանի մասին հարցեր կամ մտահոգություններ է ունենում։

  • Տեսանյութ. «Գործեք հավատքով. Որմնադիրը» (4:57)

  • Բովանդակություն ցուցադրման համար. հղումներ և ամփոփ պատմություններ 1 Նեփիից՝ որպես վարժության ուսումնական նյութ ուսանողների համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք առաջարկել ուսանողներին տեսանելի եղանակով քվեարկել «Ձեր կարծիքով ի՞նչ կարող է նշանակել, եթե որևէ մեկը հարցեր ունի ավետարանի կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին» հարցի յուրաքանչյուր հնարավոր պատասխանի համար։ Օրինակ՝ նրանք կարող են անջատել իրենց տեսախցիկները, եթե կարծում են, որ պատասխանը ճիշտ է, և միացած թողնել տեսախցիկները, եթե այդպես չեն կարծում։ Յուրաքանչյուր տարբերակից հետո ընդմիջեք և մի քանի ուսանողի հարցրեք, թե ինչու են այդպես քվեարկել։ Օգնեք նրանց հասկանալ, որ կախված անձի ցանկություններից և ընտրություններից՝ պատասխաններից ցանկացածը կարող էր ճիշտ կամ սխալ լինել։