Սեմինարիա
2 Նեփի 12–15. «Դա կատարվելու է վերջին օրերում»


«2 Նեփի 12–15. «Դա կատարվելու է վերջին օրերում»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 12–15», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 12–15

«Դա կատարվելու է վերջին օրերում»

սար և կրակի սյուն

Նկատե՞լ եք, որ որոշ մարգարեներ խոսում են, ուսուցանում կամ գրում են այնպես, որ հուզում են մեր հոգիները: Նեփիի համար այդ մարգարեն Եսայիան էր: «Քանզի հոգիս հրճվում է նրա խոսքերից», գրել է Նեփին (2 Նեփի 11.2): Դուք նույնպես կարող եք հրճվել այն բանից, ինչ Տերը Եսայիայի միջոցով բացահայտել է վերջին օրերի մասին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ Եսայիայի խորհրդանշական մարգարեությունները և խորհել, թե այդ մարգարեություններն ինչպես կարող են օգնել ձեզ ձեր կյանքում:

Հասկանանք խորհրդանշականությունը Ավետարանի խորհրդանիշը կարող է լինել որևէ առարկա, միջոցառում, գործողություն կամ ուսմունք, որը ներկայացնում է հոգևոր ճշմարտություն: Խորհրդանիշներն օգնում են մեզ հասկանալ Աստծո բաները՝ մեր միտքն ուղղելով դեպի փրկության ծրագրի մասին ճշմարտությունները և Երկնային Հոր ու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունը: Խորհրդանիշների նշանակությունը մենք կարող ենք սովորել ու հասկանալ մեր ուսումնասիրության և Սուրբ Հոգու զորության միջոցով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին ցույց տվեք, որ Նեփին իր սեփական հիշատակարանում բազմաթիվ գլուխներ է ներառել Եսայիայի մարգարեությունների մասին, և որ Եսայիան մեծ խորհրդանշականություն է օգտագործել: Ապա ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 12.1–3 կամ 2 Նեփի 14.5–6 հատվածները և խորհել, թե այդ հատվածներն ինչ կարող են նշանակել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Լավագույնը և վատագույնը

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել ստորև ներկայացվող հայտարարությունների վերաբերյալ իրենց պատասխաններով.

  • Վերջին օրերում ապրելու լավագույն բաներն են

  • Վերջին օրերում ապրելու վատագույն բաներն են

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ: Այդ հարցերին կրկին կվերադառնաք դասի վերջում:

  • Տերն ինչո՞ւ էր վերջին օրերի օրհնություններն ու նախազգուշացումները բացահայտելու մեզ:

  • Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Նրա մասին:

  • Այդ բաների մասին իմանալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Դասի ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, ինչը կօգնի ձեզ պատասխանել այս հարցերին:

Մեր օրերի դժվարությունները

Եսայիան մեզ նախազգուշացրել է վերջին օրերի որոշ վարքագծերի ու մոտեցումների մասին: Կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք Եսայիայի մարգարեությունը:

  • 2 Նեփի 12.7–11 (մեծամտությունը վերաբերում է հպարտությանը, իսկ ռամիկ նշանակում է արժանապատվության բացակայություն կամ լինել խոնարհ անձ):

  • 2 Նեփի 13.5, 9, 15–17 (Սոդոմը ամբարշտության ու անբարոյականության վայր էր: Ցանկասեր նշանակում է վավաշոտ):

  • 2 Նեփի 15.20–23

  • Ի՞նչը տպավորեց ձեզ:

  • Այսօր աշխարհում նման բաների ի՞նչ օրինակներ կան:

  • Ինչո՞ւ է օրհնություն համարվում այն, որ Տերը պատվիրում է մեզ հետևել այդ բաներին:

Ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք օրհնություններ, որոնք Տերը տվել է վերջին օրերի համար: Մտածեք, թե այդ օրհնություններն ինչպես կարող են օգնել մեզ, երբ հանդիպում ենք Եսայիայի կանխատեսած դժվարություններին:

Կարող եք գրատախտակի մի կողմում պատկերել սարի մի պարզ նկար՝ տակը նշելով 2 Նեփի 12.1–3 հղումը: Մյուս կողմում պատկերեք ամպի և կրակի սյան նկար և նշեք 2 Նեփի 14.5–6 հղումը: Ուսանողներին առաջարկեք ընտրել խորհրդանիշներից մեկը և կարդալ համապատասխան հատվածները: Ապա խնդրեք նրանց կիսվել, թե ըստ իրենց, ինչ են նշանակում խորհրդանիշները, և ինչ սկզբունքներ կարող են սովորել, որոնք կօգնեն նրանց այդ վերջին օրերում: Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել:

Տիրոջ տան սարը

Եսայիան իր մարգարեություններում բազմաթիվ խորհրդանիշներ էր օգտագործում: Խորհելով այն մասին, թե ինչ են ներկայացնում այդ խորհրդանիշները, կօգնեք ձեզ բացահայտել սուրբ գրությունների անհատական նշանակությունը:

Կարդացեք 2 Նեփի 12.1–3 հատվածները և փնտրեք այն հիմնական խորհրդանիշը, որը Եսայիան օգտագործել է, որպեսզի ուսուցանի, թե ինչ է նշանակում «կատարվելու է վերջին օրերում» (2 Նեփի 12.2):

  • Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում «Տիրոջ տան սարը»: Ինչո՞ւ։

Օգտակար կլինի մտածել, թե արդյոք որևէ խորհրդանիշ, այս դեպքում՝ սարը, նշանակություն է ունեցել այլ սուրբ գրություններում: Օրինակ՝ Մովսեսը և այլ մարգարեները գնացին մի լեռան մոտ, որպեսզի ճանաչեն Տիրոջը և Նրանից հրահանգներ ստանան (տես Ելից 3, 20): Ժամանակ առ ժամանակ սարերը ծառայել են այնպիսի նպատակի, ինչպիսին տաճարի նպատակն է:

  • Սարն ինչպե՞ս կարող է տաճարի նման լինել:

Այն, որ թե՛ սարերը և թե՛ տաճարները կարող են օգնել բաժանել մեզ աշխարհից և ավելի լավ հեռանկար են տալիս մեզ, որոշ հնարավոր պատասխաններ են: Դրանք կարող են նաև գեղեցիկ լինել, խթանել ինքնավերլուծությունը, մեր մտքերն ուղղել առ Աստված և օգնել մեզ բացել մեր սրտերը հայտնության առաջ:

Բացահայտելով խորհրդանիշը՝ վերընթերցեք այդ հատվածները և փնտրեք, թե ինչ է անում Տերը մեզ համար Իր տանը:

Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել 2 Նեփի 12.3 հատվածից, այն է, որ երբ մենք երկրպագենք տաճարում, Տերը կուսուցանի մեզ Իր ճանապարների մասին և կօգնի մեզ քայլել Իր արահետներով:

  • Տաճարում երկրպագելը (կամ տաճար մտնելուն պատրաստվելը) ինչպե՞ս է օգնել ձեզ ճանաչել Տիրոջ ճանապարհները կամ քայլել Նրա արահետներով:

  • Տաճարներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ, երբ մենք հանդիպենք վերջին օրերի դժվարություններին:

Ամպ և կրակ

Եսայիան մեկ այլ մարգարեություն տվեց: Կարդացեք 2 Նեփի 14.5–6 հատվածը՝ փնտրելով, թե Աստված ինչ կանի Իր ժողովրդի համար: Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել ձեզ համար․

  • Բնակության վայրը տուն է:

  • Սիոն սարի հավաքները վայրեր են, որտեղ հանդիպում են Տիրոջ մարդիկ, ինչպես ճյուղերը, ծխերը և ցցերը:

  • Հին Կտակարանի ժամանակներում աղոթատեղին շարժական վրան էր, որը հարյուրավոր տարիներ իսրայելացիների համար ծառայում էր որպես տաճար: Դա այսօր կարող է լինել տաճարը կամ երկրպագության վայրը:

  • Ապաստանն ապաստանելու տեղ է կամ կացարան:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ են խորհրդանշում ցերեկվա ամպը և գիշերվա բոցավառվող կրակը:

    Կարող եք հարցնել, թե արդյոք ուսանողները կարող են մտաբերել սուրբ գրությունների մի վայր, որտեղ այս պատկերները կարևոր էին:

  • Ամպը և կրակը ինչո՞վ էին կարևոր Մովսեսի և Իսրայելի զավակների համար (տես Ելից 13.21):

  • Հասկանալով դա՝ ձեր կարծիքով 2 Նեփի 14.5–6 հատվածում Տերն ի՞նչ խոստացավ անել Իր ժողովրդի համար:

Ուսանողները գուցե բացահայտեն մի սկզբունք, որը նման է հետևյալին. Տերը կուղղորդի և կպաշտպանի մեզ, երբ մենք հավաքվենք մեր տներում, Եկեղեցու համայնքներում և տաճարներում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբենդը նման խոստում է տվել.

Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին մեր վկայությունները, մեր տները, մեր ընտանիքները և մեր անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն կլինեն մեզ շրջապատող պաշտպանական ամրոցները և մեզ անվնաս կպահեն չարի զորությունից (Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Հոգևորության և պաշտպանության ամրոց կառուցեք», Լիահոնա, մայիս, 2019թ., 110):

  • Ձեր տունը, ծուխը, ճյուղը կամ տաճարը ինչպե՞ս են հոգևոր պաշտպանության վայր և ապաստարան եղել ձեզ համար:

  • Ինչպե՞ս կարող են այս խոստումներն օգնել մեզ, երբ հանդիպենք վերջին օրերի դժվարություններին:

Եսայիայի խոսքը ձեր կյանքում

Մի որոշ ժամանակ հատկացրեք և պատասխանեք այն երեք հարցերին, որոնց շուրջ խորհել էիք դասի սկզբում: Ձեր օրագրում կարող եք գրել, թե ինչ սովորեցիք Տիրոջ մասին, և այդ մարգարեություններն ինչպես կարող են օգնել ձեզ: Կարող եք ներառել այն վարքագիծը կամ մոտեցումները, որոնցից ցանկանում եք խուսափել, ինչպես նաև ձեր տանը, ծխում, ճյուղում կամ տաճարում Տիրոջից հոգևոր օգնություն խնդրելու եղանակները: