«Հակոբ 2.1–21. «Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հակոբ 2.1–21», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Հակոբ 2.1–21
«Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»
Մարգարե Հակոբն Աստծո հայտնությունից գիտեր, որ նեփիացի ժողովուրդը տառապում էր տարբեր մեղքերից: Տաճարի մոտ նա քարոզում էր՝ հաղթահարելու այդ մեղքերը, այդ թվում՝ հպարտության մեղքը: Երբեմն բոլորս ենք տառապում հպարտությունից: Այս դասը կօգնի ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ ընդունելով և հաղթահարելով հպարտության մեղքը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հպարտություն
-
Կոջին հույս ունի, որ թիմակիցը խաղում սխալ թույլ կտա, ու նա ավելի շատ խաղաժամանակ կստանա:
-
Սիլվիան ուռճացնում է իր ձեռքբերումները՝ ուրիշներից ավելի լավը կամ ավելի կարևոր երևալու համար:
-
Յենսը խուսափում է երախտագիտությունից և չի ընդունում ուրիշների գործած բարիքը:
-
Էմին ծաղրում է ուրիշներին և նրանց թիկունքում ծիծաղում է նրանց վրա:
-
Հպարտության ի՞նչ դրսևորում նկատեցիք:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.
Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 235):
Այժմ մտածեք Փրկչի մասին: Չնայած Նրա բազմաթիվ ձեռբերումներին ու կարողություններին՝ Նա միշտ հեզ ու խոնարհ էր (տե՛ս Մատթեոս 11.29): Ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե հպարտությունն ինչ ձևերով կարող է դրսևորվել ձեր կյանքում: Այս դասը կօգնի ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ դիմակայելով հպարտության մեղքին:
«Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»
Տերն օգնեց մարգարե Հակոբին իմանալ մարդկանց մտքերը և պատվիրեց նրան գնալ տաճար ու վկայել նրանց մեղքերի, այդ թվում՝ հպարտության մեղքի դեմ (տես Հակոբ 2.1–13):
Ձեր օրագրում էջի մեջտեղում գիծ քաշեք: Էջի ձախ կողմի վերևում գրեք «Հպարտության դրսևորումներ»: Էջի աջ կողմի վերևում գրեք «Փրկչին նմանվելու և հպարտությանը դիմակայելու եղանակներ»:
Կարդացեք Հակոբ 2.12–16 և գտեք հպարտության դրսևորումներ: Դրանք ավելացրեք ձեր օրագրի էջի ձախ կողմում: Կարող եք դիտել նաև «Հակոբն ուսուցանում է հպարտության մասին» տեսանյութի 0:23-4:39 հատվածը (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org):
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ հպարտությունը կործանում է մեր հոգիները (Հակոբ 2.16):
-
Ի՞նչ եք կարծում, հպարտությունն ինչպե՞ս կարող է կործանել մեր հոգիները:
-
Ի՞նչ եք կարծում, Հակոբի զգուշացումն այսօր դեռ արդիակա՞ն է:
Առաջին նախագահությունից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը և նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) կիսվել են, թե հպարտությունն ինչ լրացուցիչ եղանակներով կարող է դրսևորվել մեր կյանքում: Ձեր օրագրի աղյուսակի ձախ կողմում ավելացրեք գաղափարներ, որ ստացաք նրանց խոսքերից:
Գթության մեծ թշնամին հպարտությունն է: Հպարությունը ամուսնությունների ու ընտանիքների տառապանքի ամենամեծ պատճառներից մեկն է: Հպարտությունը շուտ բռնկվող է, անգութ և նախանձամիտ: Հպարտությունը չափազանցնում է սեփական ուժը և անտեսում է ուրիշների արժանիքները: Հպարտությունը եսասեր է և դյուրագրգիռ: Հպարտությունը չարամտություն է տեսնում այնտեղ, որտեղ այն չկա և խորամուխ արդարացումներով թաքցնում է սեփական թույլ կողմերը: Հպարտությունն անպատկառ է, հոռետես, բարկացկոտ և անհամբեր: Իրոք, եթե գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, ապա հպարտությունը սատանայի բնորոշ հատկանիշն է (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Գովք նրանց, ովքեր փրկում են», Լիահոնա, մայիս 2016թ., 80):
Մեզնից շատերը կարծում են, որ հպարտությունը վերևում գտնվողների մեղք է, օրինակ՝ հարուստների և ուսյալների, որոնք վերևից են նայում մնացածներին: (Տես 2 Նեփի 9.42) Ինչևէ, մեզանում կա ավելի տարածված հիվանդություն, և դա ներքևից դեպի վեր նայող հպարտությունն է: Այն դրսևորվում է այնքան տարբեր ձևերով, ինչպիսիք են` բծախնդրությունը, բամբասանքը, վատաբանումը, դժգոհությունը, ունեցած միջոցների սահմաններից դուրս ապրելը, նախանձը, ընչասիրությունը, երախտագիտություն և գովասանք հայտնելուց խուսափելը, որը կարող է բարձրացնել դիմացինին, չներող ու խանդոտ լինելը: (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 235):
-
Մեր աշխարհում այսօր ինչպիսի՞ այլ ձևերով է դրսևորվում հպարտությունը:
-
Ինչո՞ւ է հպարտությունը Հիսուս Քրիստոսի բնավորության հակադրությունը:
Մի պահ դադար տվեք ու խորհեք ձեր սեփական մտքերի ու գործողությունների շուրջ: Ի՞նչ ձևերով եք երբեմն պայքարում հպարտության մեղքի դեմ: Հպարտության այդ դրսևորումներն ինչպե՞ս են ազդում ձեր հարաբերությունների և երջանկության վրա: Ի՞նչը կցանկանայիք փոխել: Ինչո՞ւ:
Ինչպես հաղթահարել հպարտությունը
Հակոբը սովորեցնում էր, թե ինչպես կարող ենք ապավինել Քրիստոսին և դիմակայել հպարտության մեղքին:
Կարդացեք Հակոբ 2.17–21 հատվածը և գտեք, թե ինչ ձևերով կարող եք խուսափել հպարտության մեղքից: Ավելացրեք դրանք ձեր օրագրի աջ կողմում: Կարող եք դիտել նաև «Հակոբն ուսուցանում է հպարտության մասին» տեսանյութի 0:23-4:39 հատվածը (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.orgայստեղ՝ ):
-
Հակոբի խորհրդին հետևելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմակայել հպարտությանը և ապավինել Քրիստոսին:
-
Ձեր ճանաչած մարդկանցից ո՞վ է այս հատվածներում նկարագրված ձևերով հպարտությանը դիմակայելու լավ օրինակ հանդիսանում: Ի՞նչ են անում նրանք:
-
Քրիստոսանման ո՞ր հատկանիշների վրա կարող ենք կենտրոնանալ և զարգացնել, որոնք կօգնեն մեզ խուսափել հպարտությունից: Ինչո՞ւ և ինչպե՞ս կօգնեն այդ հատկանիշները:
Մտածեք ձեր կյանքում հպարտությունը ճանաչելու և դրան դիմակայելու ձեր իսկ կարիքի շուրջ: Մտածեք առանձին իրավիճակների կամ հարաբերությունների մասին, որտեղ դուք հպարտություն եք դրսևորում: Փորձեք ճանաչել, թե հպարտությունն ինչպես կարող է ազդել ձեր հարաբերությունների վրա: Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի ավելի նմանվեք Փրկչին՝ դիմակայելով հպարտությանը, երբ կատարում եք հետևյալը.
-
Ձեր օրագրի ձախ կողմից ընտրեք հպարտության մեկ դրսևորում, որի հաղթահարման վրա այս պահին ոգեշնչված եք կենտրոնանալ:
-
Ձեր օրագրի աջ կողմից ընտրեք մի եղանակ, որով կարող եք դիմակայել հպարտության դրսևորմանը: Մտածեք քրիստոսանման հատկանիշների մասին և գրեք, թե ինչ հատուկ գործողություններ կարող եք ձեռնարկել: