Սեմինարիա
Մոսիա 4.9–10. «Հավատացե՛ք Աստծուն»


«Մոսիա 4.9–10. «Հավատացե՛ք Աստծուն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 4.9–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 4.9–10

«Հավատացե՛ք Աստծուն»

Նկար
Աստծո պատկերը

Երբևէ դադարե՞լ եք մտածել, թե ձեր համոզմունքներն ինչպես են ազդում ձեր գործողությունների և այն հանգամանքի վրա, թե ինչպիսին եք դառնում: Երբ Բենիամին թագավորն ուսուցանում էր, թե ինչ պետք է անենք մեր մեղքերի թողությունը պահպանելու համար, նա շեշտում էր Աստծուն հավատալու կարևորությունը: Այս դասը կօգնի ձեզ ամրապնդել ձեր հավատքն ու սերը առ Աստված:

Ուսուցանեք սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը համոզմունքով և նպատակային ձևով: Ամեն հնարավորության դեպքում ոգեշնչեք նրանց, ում ուսուցանում եք, առաջնորդության, հարցերի պատասխանները ստանալու և աջակցության համար դիմել Աստծո խոսքին: Եթե ուսանողները «սնվեն Քրիստոսի խոսքերով», նրանց գտած ճշմարտությունները «կասեն [նրանց] բոլոր բաները, որ [նրանք] պետք է անեն» (2 Նեփի 32.3):

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասի համար մի ցուցակ պատրաստել՝ թվարկելով երեքից հինգ համոզմունք Աստծո մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր համոզմունքների ազդեցությունը

Ահա մի քանի ոչ ճիշտ գաղափար, որոնք մարդիկ ինչ-որ ժամանակ ուսուցանել են որպես ճշմարտություն: Խորհեք, թե այդ համոզմունքներն ինչ ազդեցություն կարող էին ունենալ այդ մարդկանց կյանքի վրա

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ պնդումները:

  • Երկրագունդը տափակ է է:

  • Գորտերը գորտնուկներ են առաջացնում:

  • Աստղերը պտտվում են երկրի շուրջը:

  • Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս սխալ գաղափարներին հավատալու արդյունքում:

  • Նկատե՞լ եք, թե ձեր կամ ուրիշների համոզմունքներն ինչպես են ազդում մոտեցումների կամ գործողությունների վրա:

  • Հոգևոր առումով մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն, ինչին հավատում ենք:

Հավատացե՛ք Աստծուն

Բենիամին թագավորն ուսուցանում էր Աստծուն հավատալու կարևորության մասին: Նախքան ուսումնասիրությունը սկսելը մի պահ խորհեք, թե ինչ համոզմունքներ ունեք Աստծո մասին: Աստծո մասին ձեր համոզմունքներն ինչպե՞ս են ազդում ձեր գործողությունների վրա: Կարող եք ձեր օրագրում թվարկել այդ համոզմունքներից մի քանիսը և մտածել, թե ինչու եք հավատում այն ամենին, ինչ անում եք: Ուսումնասիրության ընթացքում ավելացրեք ձեր ունեցած մտքերն ու տպավորությունները:

Կարող եք գրատախտակին նկարել նաև ստորև ներկայացվող նկարը և ուսանողներին առաջարկել օգնել շրջաններում լրացնել Մոսիա 4.9–10 հատվածների ուսմունքները:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատճենեք հետևյալ նկարը: Կենտրոնի շրջանում գրեք Հավատացե՛ք Աստծուն և Մոսիա 4.9–10:

Նկար
համացանցի գաղափար

Կարդացեք Մոսիա 4.9–10 հատվածը և փնտրեք Աստծո մասին բաներ, որոնց Բենիամին թագավորն իր ժողովրդին առաջարկում էր հավատալ: Դրանցից յուրաքանչյուրը գրեք եզրային շրջաններում: Անհրաժեշտության դեպքում կարող եք ձեր նկարին շրջաններ ավելացնել:

  • Մեկ պարզ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեիք Մոսիա 4.9–10 հատվածներում ներկայացված Բենիամին թագավորի ուսմունքները: Ձեր ամփոփիչ նախադասությունը կարող եք օգտագործել որպես ձեր ստեղծած տեսանյութի վերնագիր:

Մի քանի ուսանողի հնարավորություն տվեք դասարանի հետ կիսվել այդ հատվածի վերաբերյալ իրենց ամփոփումներով: Որպես այդ ամփոփման մաս՝ նրանք կարող են առանձնացնել հետևյալ ճշմարտությունները. Տիրոջ մարգարեները մեզ առաջարկում են հավատալ Աստծուն: Աստված ստեղծել է բոլոր բաները և ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը: Աստծո հանդեպ հավատքը մենք կարող ենք դրսևորել մեր գործողություններով:

Կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կենտրոնանալ հատված 9–10-ում ներկայացված՝ Բենիամին թագավորի մեկ կամ մի քանի ուսմունքների վրա: Ուսանողները կարող են իրենց հանձնարարված ճշմարտությունների մասին քննարկել հետևյալ հարցերը, ապա դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Բենիամին թագավորի այս ուսմունքները հասկանալն ու դրանց հավատալը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքում:

  • Ըստ ձեզ՝ աշխարհն այսօր ինչպե՞ս է հակադրվում այս ուսմունքներին կամ ինչպե՞ս է անտեսում դրանք:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալ խորհրդով նրանց համար, ովքեր վստահ չեն, որ հավատում են Աստծուն.

Եթե անգամ վստահ չեք, որ հավատում եք Աստծուն, սկսեք այդտեղից: Հասկացեք, որ Աստծո հետ փորձառությունների բացակայությամբ կարող եք կասկածի տակ դնել Աստծո գոյությունը: Ուստի, սկսեք ձեր փորձառությունները Նրա հետ: … Խնդրեք Նրան ասել ձեզ՝ արդյո՞ք Նա իրոք այնտեղ է և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ: Իսկ հետո լսեք (Ռասսել Մ․ Նելսոն, «Եկ, հետևիր ինձ», Լիահոնա, մայիս 2019, 90):

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ամրապնդել են ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Եթե ուսանողներին օգտակար կլինի Աստծուն հավատալու ընտրության մասին լրացուցիչ քննարկումը, կարող եք օգտագործել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի խոսքերը:

Ուսումնասիրել ավելի խորությամբ

Մեր հավատը և վստահությունն առ Աստված ուժեղացնելու եղանակներից մեկն է՝ ուրիշների ոգեշնչված ուսմունքներից և փորձառություններից սովորելը (Աստվածաշնչի բառարանում տես «Հավատք»): Ստորև ներկայացված երեք վարժություններից ընտրեք առնվազն մեկը, որը կօգնի ձեզ մեծացնել Աստծո հանդեպ ունեցած ձեր հավատքը.

Ցուցադրեք հետևյալ երեք տարբերակները և ուսանողներին բավարար ժամանակ հատկացրեք վարժություններից մեկը կատարելու համար: Այս վարժությունները կարելի է կատարել անհատապես, կամ նույն վարժությունն ընտրած ուսանողները կարող են աշխատել միասին: Ըստ ձեր ուսանողների կարիքների և ունակությունների կարող եք այլ վարժություններ ներառել:

  • Հիմներ. հիմների ժողովածուում փնտրեք բառեր, արտահայտություններ, հատվածներ կամ ամբողջական հիմներ, որոնք ուսուցանում են Աստծո էության և բնավորության մասին կամ կարող են ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:

  • Այլ պատմություններ սուրբ գրություններից. սուրբ գրություններում գտեք և ուսումնասիրեք պատմություններ, որոնցում ուրիշները վկայում են մեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց հավատքի մասին: Հետևյալ հատվածները օրինակներ են, որոնք կարող եք ուսումնասիրել՝ Ալմա 26.16, 35–37, 34.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 76.22–24:

    Հետևյալ տարբերակն ընտրելու դեպքում ուսանողներին կարող եք տրամադրել գերագույն համաժողովի նյութերով Լիահոնայի հրատարակության ընթացիկ օրինակը: Ուսանողները կարող են օգտագործել նաև Gospel Library հավելվածը:

  • Գերագույն համաժողով. վերջին գերագույն համաժողովի ուղերձների օգնությամբ գտեք բառեր, արտահայտություններ, ելույթներ կամ պատմություններ, որոնք ուսուցանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և ամրապնդում են ձեր հավատքը Նրանց հանդեպ (գերագույն համաժողովի ուղերձները կարող եք փնտրել ըստ թեմաների, օրինակ՝ «Երկնային Հայր», «Աստվածագլուխ» կամ «Հիսուս Քրիստոս»):

Մի քանի ուսանողի հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ սովորեցին կամ ինչ զգացողություններ ունեցան իրենց ուսումնասիրությունից:

Երբ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գաղափարներով, կարող եք նրանց փոքր թերթիկներ տալ և պատրաստակամ ուսանողներին առաջարկել գրել որևէ բան Աստծո մասին, ինչին նրանք հավատում են: Հավատքի մասին այս գրառումները կարող եք հաջորդ շաբաթ ներկայացնել դասասենյակում, որպեսզի մյուս ուսանողները տեսնեն դրանք և խորհեն դրանց շուրջ:

Ձեր հաջորդ քայլերը

Եթե նույնիսկ ամուր հավատք ունեք Աստծո հանդեպ կամ փորձում եք որոշել, թե ինչին հավատալ, կան բաներ, որոնք մեզնից յուրաքանչյուրը կարող է անել՝ մեր հավատքն ու սերն Աստծո հանդեպ ամրապնդելու համար: Մի պահ մտածեք, թե որն է լինելու Աստծուն ավելի լավ ճանաչելու ձեր հաջորդ քայլը: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում:

Կարող եք դասը եզրափակել՝ կիսվելով Աստծո մասին ձեր վկայությամբ: Խրախուսեք ուսանողներին գործել այսօր ունեցած տպավորություններով:

Տպել