Սեմինարիա
Ալմա 9․ Հիշեք Տիրոջ օրհնությունները


«Ալմա 9․ Հիշեք Տիրոջ օրհնությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 9

Հիշեք Տիրոջ օրհնությունները

Ալման և Ամուղեկը

Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ։ Ի՞նչ է Նա ակնկալում, որ անեք այդ օրհնությունները ստանալուց հետո։ Երբ Ալման և Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին կոչ արեցին ապաշխարել, մարդիկ մերժեցին նրանց ուսմունքները։ Ալման ուսուցանում էր, որ Տերն ակնկալում է, որ նրանք կլինեն ավելի արդարակյաց, քան լամանացիները, որոնց չէր ուսուցանվել ճշմարտությունը։ Նա հորդորում էր մարդկանց հիշել Տիրոջ օրհնությունները։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել և հիշել այն օրհնությունները, որոնք Տերը տվել է ձեզ։

Տվեք հարցեր, որոնք ուսանողներին կօգնեն սովորել Սուրբ Հոգու միջոցով։ Ճիշտ ընտրված բառերը կարող են մեծացնել հարցի արդյունավետությունը։ Լավ ձևակերպված հարցը կգրավի ձեր ուսանողների միտքն ու սրտերը, իսկ Սուրբ Հոգուն հնարավորություն կտա ուսուցանելու։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել մեկ-երկու րոպե տրամադրել և Երկնային Հորից ու Հիսուս Քրիստոսից ստացած օրհնությունների մի քանի օրինակ գրել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տիրոջ օրհնությունները՝ ձեզ համար

Մի քանի րոպե հատկացրեք և ձեր օրագրերում թվարկեք Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից ստացած ձեր օրհնությունները: (Կարող եք ներառել այն օրհնությունները, որոնք ստանում եք Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու համար:)

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել գրատախտակին գրել իրենց ստացած օրհնություններից կամ պարգևներից մեկը կամ երկուսը։ Ուսանողներին հարցրեք, թե ինչ զգացողություն ունեն այդ պարգևից և ինչու։ Կարող եք ավելացնել նաև այն օրհնությունները, որոնք հիշել եք:

  • Ի՞նչ ազդեցություն ունի ձեզ վրա այդ օրհնություններն ու պարգևները հիշելը։

  • Որքա՞ն հաճախ եք մտածում այդ օրհնությունների մասին։ Ի՞նչ կարող եք անել՝ դրանց վրա ավելի շատ կենտրոնանալու համար։

Այսօր ուսումնասիրելու ընթացքում դուք հնարավորություն կունենաք լրացնելու ձեր ցանկը։ Փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որպեսզի հասկանաք Նրա կողմից ձեզ տրված օրհնությունները և իմանաք, թե ինչպես կարող եք հիշել դրանք ձեր ամբողջ կյանքում։

Ալման և Ամուղեկը քարոզում են Ամմոնիայի ժողովրդին

Երբ Ալման և Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին քարոզում էին Աստծո խոսքը, մարդկանց սրտերը կարծրացած էին:

Ալմա 9.8–11, 20–22 հատվածներում կարդացեք նրանց ուղղված Ալմայի խոսքերը և փնտրեք բառեր ու արտահայտություններ, որոնք արտահայտում են Տիրոջ կողմից այս մարդկանց տրված օրհնությունները, որոնց մասին նրանք մոռացել էին։

  • Ի՞նչ գտաք:

  • Տիրոջը բնութագրող ո՞ր հատկանիշներն էր Ալման ընդգծում հատված 11-ում: (Կարող եք այս հատկանիշները նշել ձեր սուրբ գրքերում:)

Օգտակար կլինի իմանալ, որ երկայնամտություն բառը վերաբերում է Տիրոջ համբերությանը և զսպվածությանը, երբ զայրույթի պատճառ կա։

Մի պահ խորհեք, թե Տերն ինչ եղանակներով է ձեզ համբերություն ցույց տվել։ Այդ օրինակները կարող եք ավելացնել օրհնությունների ձեր ցանկին։

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց մտքերով։

Ավելի ուշ Ալման վկայում էր Տիրոջը բնութագրող լրացուցիչ հատկանիշների մասին, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ Ալմայի ուղերձը։ Կարդացեք Ալմա 9.26 հատվածը և նշեք այդ բնութագրիչ հատկանիշները։ Օգտակար կլինի իմանալ, որ սուրբ գրություններում անաչառություն բառը նշանակում է «արդարացի» կամ «արդար»։

Շարունակելով քարոզել՝ Ալման ընդգծում էր, որ Հիսուս Քրիստոսը լի է շնորհով, անաչառությամբ, ճշմարտությամբ, համբերությամբ, ողորմածությամբ և երկայնամտությամբ։ Խորհեք, թե ինչու էր Ալման ցանկանում, որ Ամմոնիայի ժողովուրդը հասկանա Փրկչին բնութագրող այս հատկանիշները։

Համեմատեք և հակադրեք երկու ժողովուրդներին

Սուրբ գրություններում հաճախ համեմատում կամ հակադրում են գաղափարները, իրադարձությունները և մարդկանց այն եղանակով, որ դրանք ուսուցանեն ավետարանի սկզբունքները։ Այս համեմատությունների կամ հակադրությունների որոնումը կարող է սուրբ գրությունների ուսումնասիրման օգտակար հմտություն լինել։ Ալման համեմատում էր տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց երկու խմբերին՝ լամանացիներին և Ամմոնիայի ժողովրդին։ Ձեր օրագրերում լրացրեք հետևյալ աղյուսակը։ Ուշադրություն դարձրեք, թե Ալման ինչպես էր ընդգծում Փրկչին բնութագրող հատկանիշները։

Գրատախտակին պատկերեք այս աղյուսակը և ուսանողներին հանձնարարեք կազմել այն իրենց օրագրերում։ Կարող եք դասարանը բաժանել երկու խմբի և մի խմբին հանձնարարել ուսումնասիրել լամանացիներին, իսկ մյուս խմբին՝ Ամմոնիայի ժողովրդին։ Կամ կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի և հանձնարարել նրանց միասին լրացնել աղյուսակը։

Ի՞նչ եք սովորում մարդկանց մասին

Ինչպես է Տերը բարեհաճություն, անաչառություն, ճշմարտություն, համբերություն, ողորմածություն կամ երկայնամտություն ցուցաբերում այս մարդկանց հանդեպ

Լամանացիներ (Ալմա 9.14–17)

Ամմոնիայի ժողովուրդը (Ալմա 9.20–25)

Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Կարող եք մատնանշել, որ Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր անտեղյակ են Նրա պատվիրաններին (տես Ալմա 9.16), իսկ նրանք, ովքեր միտումնավոր ապստամբում են ավետարանի դեմ և հրաժարվում են ապաշխարել, ավելի մեծ դատապարտության կենթարկվեն (տես հատվածներ 23–24)։ Կարող եք նույնիսկ ուսանողներին առաջարկել Վարդապետություն և Ուխտեր 82.3-ի և այս հատվածների միջև խաչաձև հղում կատարել։ Համոզվեք, որ ուսանողները զգում և տեսնում են, որ Տիրոջ մեծ ողորմածությունը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր պատրաստ են ապաշխարել։

  • Այն, որ Տերն Ալմային ու Ամուղեկին ուղարկել էր նախազգուշացնելու և վկայելու Ամմոնիայի ժողովրդին, ինչպե՞ս է ցույց տալիս Տիրոջ ողորմածությունը։

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր, որ մեր օրերում հիշենք Ալմա 9 գլխում ներկայացված Ալմայի ուսմունքները Աստծո մասին։

Ի՞նչ է տվել Տերը ձեզ

Ալման զարմանում էր, թե որքան արագ է Ամմոնիայի ժողովուրդը մոռանում Տիրոջ կողմից ստացած օրհնությունները (տես Ալմա 9.8–11)։ Որպեսզի օգնի նրանց ապաշխարել և դարձի գալ դեպի Տերը, Ալման հիշեցնում էր նրանց, թե որքան օրհնություններ են ստացել (տես հատվածներ 20–24

  • Ի՞նչ պատճառներով կարող ենք մոռանալ այն, ինչ Տերն արել է մեզ համար։

Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի խորհեն Աստծո կողմից ստացած անձնական օրհնությունների շուրջ։ Խրախուսեք նրանց ավելացնել այդ օրհնությունները դասի սկզբում կազմած իրենց ցուցակին և օգնեք այդ օրհնությունները հիշելու ձևեր մտածել։ Կարող եք ուսանողներին ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի լուռ խորհեն դրանց շուրջ։

  • Տերն ի՞նչ է «հայտնի դարձրել [ձեզ] ըստ [ձեր] իղձերի և [ձեր] հավատքի և աղոթքների»: (Ալմա 9.20)

  • Ինչպե՞ս եք օրհնվել Ալմա 9.21 հատվածում նշված Հոգու պարգևներով։

  • Աստված ինչպե՞ս է ազատել ձեզ փորձություններից: (տես Ալմա 9.22)

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել իրենց պատասխաններով։

Արեք որևէ բան, որը կօգնի ձեզ հիշել Տիրոջ կողմից ձեզ տրված օրհնությունները։ Ստորև տրվում են մի քանի գաղափարներ.

  • Լուսանկարեք դասի ընթացքում կազմած ձեր ցուցակը և տեղադրեք այնտեղ, որտեղ կարող եք հաճախ տեսնել այն, օրինակ՝ ձեր հեռախոսի էկրանին։

  • Օրագրերում գրեք ձեր զգացողությունները և կազմեք ձեր օրհնությունները պարբերաբար գրանցելու ծրագիր։

  • Ձեր օրացույցում հիշեցում տեղադրեք, որպեսզի պարբերաբար մտածեք այն մասին, թե ինչ է արել Տերը ձեզ համար։

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել, թե ինչ են արել կամ ինչ են ծրագրում անել և ինչ զգացողություն ունեն դրա վերաբերյալ։ Կարող եք նաև կիսվել ձեր սեփական ծրագրերով։

Վկայեք այս դասում ուսուցանվող սկզբունքների և Աստծո՝ Իր զավակների հանդեպ ունեցած սիրո մասին։