«Ալմա 10–11․ «Տիրոջ Հոգուն համահունչ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 10–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 10-11
«Տիրոջ Հոգուն համահունչ»
Ձեզ երբևէ խաբե՞լ են։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էիք զգում։ Ամմոնիայի ժողովրդին վկայություն տալու ժամանակ Ալման և Ամուղեկը բախվեցին մարդկանց, որոնք խորամանկությամբ փորձում էին կանգնեցնել նրանց։ Այդ խորամանկության մասին Ալմային ու Ամուղեկին հայտնի դարձավ Սուրբ Հոգու միջոցով։ Այս դասը կօգնի ձեզ ավելի ընկալունակ լինել Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի իմանաք ճշմարտությունը և հասկանաք հակառակորդի թաքնված խորամանկությունները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Զգուշացեք չարիքից
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվել է հետևյալ պատմությամբ մի ընկերոջ մասին, որը Միացյալ Նահանգների կառավարությունում քննիչ էր աշխատում․ Փնտրեք, թե ինչ կարող եք սովորել այս փորձառությունից՝ խորամանկությունից խուսափելու համար։
Իմ ընկերը հետաքննում էր կազմակերպված հանցավոր խմբերին, որոնք անօրինական ճանապարհով թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ։
Մի առիթով նա և մեկ այլ գործակալ մոտեցան մի բնակարանի, որտեղ նրանց կարծիքով, հայտնի թմրանյութեր վաճառողը կոկաին էր բաժանում։ Իմ ընկերը նկարագրում է, թե ինչ պատահեց.
«Մենք թակեցինք թմրանյութ վաճառողի դուռը։ Կասկածյալը բացեց դուռը, և մեզ տեսնելուն պես փորձեց փակել մեր տեսադաշտը: Սակայն արդեն շատ ուշ էր, մենք տեսել էինք նրա սեղանին դրված կոկաինը:
«Սեղանի մոտ նստած տղամարդն ու կինը անմիջապես սկսեցին հեռացնել կոկաինը։ Մենք պետք է կանխեինք նրանց, որ չոչնչացնեին փաստերը, ուստի ես արագ մի կողմ հրեցի թմրադեղերի կասկածյալին, որը արգելափակել էր դուռը: Երբ ես հրեցի նրան, իմ հայացքը հանդիպեց նրա հայացքին: Տարօրինակ էր այն, որ նա ո՛չ բարկացած էր թվում, ո՛չ էլ վախեցած: Նա ժպտում էր ինձ:
«Նրա աչքերը և զինաթափ անող ժպիտը տպավորություն ստեղծեցին ինձ մոտ, որ նա վտանգավոր չէ, ուստի, ես հապճեպ թողեցի նրան ու սկսեցի սեղանի կողմը քայլել: Կասկածյալն այժմ գտնվում էր իմ հետևում: Այդ պահին մի հստակ, զորեղ միտք հնչեց գլխումս. «Զգուշացիր ժպտացող աչքերի հետևում թաքնված չարից»։
«Ես անմիջապես շրջվեցի դեպի կասկածյալը։ Նրա ձեռքն առջևի մեծ գրպանում էր: Ես մեխանիկորեն բռնեցի նրա ձեռքը և դուրս քաշեցի նրա գրպանից: Միայն այդ պահին ես նկատեցի նրա ձեռքում ամուր բռնած կիսաավտոմատ ատրճանակը, որը պատրաստ էր կրակելու: Լարված պայքարի արդյունքում ինձ հաջողվեց զինաթափել նրան»: (Նիլ Լ. Անդերսեն, «Զգուշացիր ժպտացող աչքերի հետևում թաքնված չարից», Լիահոնա, մայիս, 2005թ․, 46)
-
Ի՞նչը հատկապես տպավորեց ձեզ երեց Անդերսենի փորձառության մեջ։
-
Սատան ի՞նչ եղանակներով կարող է փորձել մոլորեցնել մեզ այսօր։
Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք հասկանալ խորամանկությունը, որպեսզի կարողանաք խուսափել հոգևորապես ձեզ վնասող երևույթներից։
Նախազգուշացում խորամանկությունից
Երբ Ամուղեկն Ամմոնիայի ժողովրդին վկայում էր, որ ինքն Աստծո կողմից է կանչված, որոշ մարդիկ ապշել էին (տես Ալմա 10.12)։ Նա «մի մարդ [էր] ոչ փոքր համբավով» (Ալմա 10.4) իր ժողովրդի շրջանում, և միացավ Ալմային՝ նրանց առաջ վկայելու համար։ Որոշ հմուտ օրինագետներ ցանկանում էին խաբել Ալմային և Ամուղեկին ու գումար աշխատել դրանով (տես Ալմա 10.13; 11.20)։
Կարդացեք Ալմա 10.15–17 հատվածները և փնտրեք, թե Ամուղեկն ինչպես պատասխանեց այս օրինագետներին։
-
Խորամանկություններն ինչպե՞ս են նման «թակարդների ու ծուղակների»: (Ալմա 10.17)
Շարունակելով ձեր ուսումնասիրությունը՝ փնտրեք, թե Ամուղեկն ինչպես կարողացավ հասկանալ օրինագետների մտքերն ու թակարդները։
Զիզրոմը՝ օրինագետներից մեկը, որը «գիտակ էր դևի հնարքներին» (Ալմա 11.21), թակարդ էր պատրաստել։
Կարդացեք Ալմա 11.21–25 հատվածները և փնտրեք, թե Զիզրոմն ինչպես էր փորձում խաբել և գայթակղել Ամուղեկին, որպեսզի նա ժխտի Աստծո գոյությունը։ Օգտակար կլինի իմանալ, որ «արծաթի վեց օնթին» (Ալմա 11.22) օրինագետի մոտ վեց շաբաթվա վարձատրությունն էր (տես Ալմա 11.3, 11–13)։
-
Ի՞նչ սովորեցիք Ամուղեկի պատասխանից։
Նույնիսկ եթե Ամուղեկը ժխտեր Աստծուն, Զիզրոմը բոլորովին էլ մտադիր չէր նրան գումար տալ․ նա զուտ առաջարկեց դա, որպեսզի փորձի վարկաբեկել և «կործանել» Ամուղեկին (Ալմա 11.25)։
Ավելի ուշ Ալման Զիզրոմին բացատրեց, թե Ալման ու Ամուղեկն ինչպես կարողացան հասկանալ նրա խորամանկություններն ու թակարդները։ Կարդացեք Ալմա 12.2–7 հատվածը և փնտրեք պատասխանը։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Աստված կարող է Սուրբ Հոգու միջոցով օգնել մեզ ճանաչել սատանայի խորամանկությունները։
-
Երեց Անդերսենի պատմությունն ինչո՞վ էր այս սկզբունքի օրինակը հանդիսանում։
-
Ի՞նչ ուղիներով է Սուրբ Հոգին հաղորդակցվում է մեզ հետ: (Օգտակար կլինի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 9.7–9, 11.12 և Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում ուսումնասիրել «Սուրբ Հոգի» հոդվածը:)
-
Մեր կատարած ընտրություններն ինչպե՞ս են ազդում Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելու մեր ունակության վրա։
Կարող եք Ալմա 11.22 հատվածում նշել բոլոր այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս Հոգուն հետևելու Ամուղեկի հաստատակամությունը։ Մտածեք, թե այդ ընտրությունն ինչպես օգնեց նրան։
Խուսափեք խորամանկությունից՝ իմանալով ճշմարտությունը
Եղանակներից մեկը, որով սատանան փորձում է մոլորեցնել մեզ, Հիսուս Քրիստոսի մասին մեր հասկացողությունը շփոթեցնելն է։
Կարդացեք Ալմա 11.26–37, 40–41 հատվածները՝ փնտրելով Զիզրոմի կեղծ ուսմունքները Հիսուս Քրիստոսի մասին և Ամուղեկի պատասխանը։
Այս հատվածները հասկանալու համար կարող եք հետևյալ աղյուսակը պատկերել ձեր օրագրում։ Յուրաքանչյուր ուսմունքի տակ գրեք այն մոտեցումները, գաղափարները կամ վարքագծերը, որոնց կարող է հանգեցնել յուրաքանչյուր ուսմունք։
Կեղծ ուսմունք․ Հիսուս Քրիստոսը կփրկի մեզ «[մեր] մեղքերի մեջ» առանց ապաշխարության (Ալմա 11.34)։ |
Ճշմարիտ ուսմունք․ Հիսուս Քրիստոսը կփրկի մեզ մեր մեղքերից, երբ մենք անկեղծորեն դարձի գանք դեպի Նա և ապաշխարենք։ |
---|---|
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը կարող է փրկել մեզ մեր մեղքերից, այլ ոչ մեր մեղքերի մեջ։
-
Ի՞նչ եք սովորում այն պատասխաններից, որ Ամուղեկը տվեց Զիզրոմի հարցերին։
Թվեք առնվազն երեք իրատեսական եղանակ, որոնցով սատանան կարող է մեր օրերում փորձել մոլորեցնել դեռահասներին։ Կարող եք ներառել այն խորամանկությունները, որոնց բախվեց Ամուղեկը, օրինակ՝ կեղծ համոզմունքները Աստծո մասին, հարստության կամ զորության մասին խոստումը կամ գրոհներն Աստծո մասին մեր վկայության վրա։ Հնարավոր այլ խորամանկություններ են՝ որևէ բարի բանը չար դարձնելը կամ հակառակը (տես Եսայիա 5.20) և այն սուտը, որ չկա ճիշտ կամ սխալ (տես 2 Նեփի 28.22)։
Սատանայի՝ մեզ խաբելու եղանակներից յուրաքանչյուրի կողքին գրեք առնվազն մեկ եղանակ, որով կարող ենք Սուրբ Հոգու միջոցով խնդրել Աստծո օգնությունը՝ այդ գայթակղությունը հաղթահարելու համար։ Գրեք, թե ինչ հատուկ բաներ գիտեք Սուրբ Հոգու մասին, որոնք կարող են օգնել։