«Ալմա 8–12․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 8–12», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 8-12
Ակնարկ
Ալման և Ամուղեկը հավատք գործադրեցին և Ամմոնիայի ժողովրդին կոչ արեցին ապաշխարել։ Նրանք բախվեցին մարդկանց, որոնք խորամանկությամբ փորձում էին կանգնեցնել նրանց, իսկ Սուրբ Հոգին բացահայտեց այդ խորամանկությունը։ Երբ օրինագետ Զիզրոմը սկսեց Ալմային ու Ամուղեկին անկեղծ հարցեր տալ, Ալման ուսուցանեց, որ նրանք, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը, կարող են իմանալ Աստծո գործերը: Նա նաև ուսուցանեց փրկագնման ծրագիրը և մարդկանց խրախուսեց գնահատել իրենց սրտերը։
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
Ալմա 8
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին իրենց կյանքում լսել և հնազանդվել Երկնային Հորը։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք աղոթել և հարցնել Երկնային Հորը, թե Նա ինչ է ցանկանում, որ իրենք անեն՝ Նրան լիարժեք հետևելու համար։
-
Տեսանյութեր․ «Ալման և Ամուղեկը ուղարկված են Աստծո զորությամբ» (22:56, դիտել 0:36-2:22, ապա 2:22-4:03 հատվածները), «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» (15:01, դիտել 1:40-4:25 հատվածը)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք միացնել «Ալման և Ամուղեկն ուղարկված են Աստծո զորությամբ» ձայնանյութի 2:22-4:03 հատվածը և ուսանողներին առաջարկել փակել աչքերը, լսել ու պատկերացնել։ Կարող եք ուսանողներին առաջարկել, որ նկարագրեն, թե ինչ են պատկերացրել։
Ալմա 9
Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել և հիշել այն օրհնությունները, որոնք Տերը տվել է նրանց։
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել մեկ-երկու րոպե տրամադրել և Երկնային Հորից ու Հիսուս Քրիստոսից ստացած օրհնությունների մի քանի օրինակ գրել։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ լամանացիներին Ամմոնիայի ժողովրդի հետ համեմատող աղյուսակ՝ ցուցադրված կամ պատկերված գրատախտակին, «Ի՞նչ է Տերը տվել ձեզ» վերնագրի ներքո տրված հարցերը, որոնց շուրջ ուսանողները կարող են խորհել
-
Առցանց ուսուցման առաջարկ․ դասի ավարտին կարող եք ուսանողներին առաջարկել, որ խոսեն իրենց մի քանի օրհնությունների մասին և նշեն մեկ եղանակ, որով փորձելու են հիշել դրանք։ Կարող եք որևէ ուսանողի նշանակել որպես պատասխանատու և հանձնարարել, որ իր էկրանին երևացող հերթականությամբ կանչի մյուս ուսանողներին։ Հստակեցրեք, որ եթե ուսանողներն անհարմարավետ զգան, կարող են բաց թողնել այս հնարավորությունը։ Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով:
Ալմա 10-11
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի ընկալունակ լինել Սուրբ Հոգու հուշումներին՝ իմանալու ճշմարտությունը և ճանաչելու հակառակորդի թաքնված խորամանկությունները։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել այն եղանակների մասին, որոնցով սատանան կարող է փորձել մոլորեցնել իրենց։
-
Բովանդակություն ցուցադրման համար. կեղծ ուսմունքների աղյուսակ՝ ցուցադրված կամ պատկերված գրատախտակին
-
Նյութեր ուսանողների համար (ըստ ցանկության)․ Ալմա 11.26–37, 40–41 հատվածների հիման վրա կազմված տեքստ, որը նախատեսված է, որպեսզի երկու ուսանող կարդան այն կամ ներկայացնեն Ամուղեկի ու Զիզրոմի միջև զրույցը (եթե ընտրեք այս տարբերակը, հեռացրեք «Արդ, Զիզրոմն ասաց» [Ալմա 11.28] և «Եվ նա պատասխանեց» [Ալմա 11.29] արտահայտությունները)
-
Տեսանյութ․ «Զգուշացիր ժպտացող աչքերի հետևում թաքնված չարից» (9:52, դիտել 0:30-2:35 հատվածը)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչով էր փորձում Զիզրոմը կաշառել Ամուղեկին, կարող եք առաջարկել նրանց համացանցում որոնել, թե բարձր վարձատրվող աշխատանք ունեցող մեկը, օրինակ՝ փաստաբանը, որքան կարող է վաստակել վեց շաբաթվա աշխատանքի համար ձեր համայնքում։
Ալմա 12
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին գնահատել իրենց սրտերը և Աստծո խոսքն ընդունելու իրենց պատրաստակամությունը։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք տրամադրել այս դասի համար նախատեսված ինքնագնահատման թերթիկի մեկ օրինակ։ Առաջարկեք նրանց ինքնագնահատում կատարել և մտածել, թե իրենց պատասխաններն ինչպես կարող են ազդել իրենց վրա։
-
Նյութեր ուսանողների համար․ կավ ուսանողների համար, որից կարող են ձևավորել մի բան, ինչը կօգնի նրանց մտածել կարծր ու փափուկ սրտերի մասին (որոշ ուսանողների տվեք չորացած կամ կարծր կավ, որը կօգնի կարծր և փափուկ սրտերի միջև տարբերության մասին քննարկմանը:)
-
Նկարներ․ փափուկ սրտի և կարծր սրտի նկարներ գրատախտակին (այդ նկարներին կարող եք դասի ընթացքում նշումներ ավելացնել:)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք մի քանի ուսանողի առաջարկել, որ նախապես պատրաստվեն՝ իրենց տանից մի փափուկ և մի կարծր առարկա բերեն և ցուցադրեն։ Նրանց խնդրեք, որ բացատրեն, թե այդ առարկաներն ինչպես կարող են օգնել իրենց հասկանալ փափուկ սիրտ ունենալու և իրենց սրտերի կարծրանալուց խուսափելու կարևորությունը։
Վարդապետության սերտման կրկնություն 11
Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հիշել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածների սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և փորձել ավելի խորը հասկանալ՝ տալով ոգեշնչված հարցեր և պատասխանելով դրանց։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման առաջին 12 հատվածներից մեկը, որի մասին կցանկանային ավելի խորությամբ իմանալ։ Խրախուսեք նրանց դասի համար պատրաստել իրենց ընտրած հատվածը և առնվազն մեկ հարց, որը կարծում են, որ կօգնի իրենց ավելին իմանալ այդ հատվածի մասին։
-
Օժանդակ նյութ. «Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները»
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանում կիսվել վարդապետության սերտման իրենց ընտրած հատվածով և իրենց մտածած հարցերից մեկով։ Հետո կարող եք խրախուսել նրանց պատասխանել միմյանց հարցերին։