«Ալմա 18․ Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 18», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 18
Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին
Մենք չգիտենք, թե Լամոնի թագավորն առաջին իսկ հանդիպմանն ինչու այդքան բարձր գնահատեց Ամմոնին։ Գուցե պատճառը Ամմոնի ծառայելու պատրաստակամությունն էր կամ Քրիստոսի լույսը, որ նա արտացոլում էր, կամ որ նա Մոսիա թագավորի որդին էր։ Ինչ էլ որ լինի Ամմոնից առաջին դրական տպավորության պատճառը, Լամոնին խորապես զգացված էր, թե ինչ նվիրվածությամբ էր Ամմոնը հաջորդ երեք օրերին ծառայում իրեն։ Իր այդ զգացողության շնորհիվ էր, որ Լամոնին պատրաստ էր հավատալ Ամմոնի բոլոր խոսքերին։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ գտնել եղանակներ, որոնցով ձեր քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով կօգնեք ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Քարոզեք ավետարանը
Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.
Մեծագույն քարոզներից մեկը, որ երբևէ հնչել է միսիոներական աշխատանքի մասին, այս պարզ միտքն է, որը վերագրվում է Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցուն․ «Քարոզեք ավետարանը բոլոր ժամանակներում և, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք բառեր»: (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Սպասելով Դամասկոս տանող ճանապարհին», Լիահոնա, մայիս 2011 թ․, 77)։
-
Ինչպե՞ս կարող ենք քարոզել ավետարանն առանց խոսքեր օգտագործելու:
-
Ինչո՞ւ է այն քարոզելու այդքան հզոր միջոց հանդիսանում։
Հիսուս Քրիստոսն ավետարանի ուսուցման հիանալի օրինակ էր։
-
Կարո՞ղ եք հիշել պատմություններ, որոնցում Հիսուսն օգնում է մարդկանց իմանալ Երկնային Հոր մասին, թեև շատ բան չի ասում։
Գուցե հիշեք, որ երբ Ամմոնն Իսմայելի երկրում սկսեց իր միսիան լամանացիների շրջանում, նա չսկսեց միանգամից ավետարանն ուսուցանել։ Փոխարենը նա խոստացավ թագավորին․ «ես կլինեմ քո ծառան» (Ալմա 17.25)։ Ամմոնին հանձնարարեցին հսկել թագավորի հոտերը։ Աստծո զորությամբ նա հոտերն ու այլ ծառաներին պաշտպանեց այն լամանացիներից, որոնք փորձում էին ցրել ոչխարներին։
Այսօր Ալմա 18 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Ամմոնի հավատարիմ ծառայությունն ինչ ազդեցություն ունեցավ Լամոնի թագավորի վրա։ Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք օգնել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն՝ սիրելով և ծառայելով նրանց Քրիստոսանման ուղիներով։
Ամմոնի քրիստոսանման սիրո և ծառայության ազդեցությունը
Կարդացեք Ալմա 18.1–11 հատվածները և փնտրեք, թե ինչ ազդեցություն ունեցան Ամմոնի գործողությունները Լամոնի թագավորի վրա։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը պաշտպանում է թագավորի հոտերը» տեսանյութի 2:57-5:24 հատվածը՝ զուգահեռ հետևելով սուրբ գրությունների տեքստին։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Այս հատվածներից ի՞նչ տպավորություն ունեցաք Ամմոնի գործողությունների վերաբերյալ։
-
Ամմոնի գործողություններն ի՞նչ ազդեցություն ունեցան թագավորի վրա։
Երբ Ամմոնն ավարտեց թագավորի ձիերի և կառքերի նախապատրաստումը, եկավ թագավորի մոտ և նկատեց, որ Լամոնիի դեմքի արտահայտությունը փոխվել էր։ Հոգու միջոցով Ամմոնը հասկացավ թագավորի մտքերը և իմացավ, որ Լամոնին հիանում էր, թե ինքն ինչպես է զարմանահրաշ կերպով պաշտպանել թագավորի հոտերը (տես Ալմա 18.12–19)։
Կարդացեք Ալմա 18.20–23 հատվածները և գտեք, թե ինչ էր ցանկանում Լամոնին։ Ձեր սուրբ գրքերին հետևելուն զուգընթաց կարող եք դիտել նաև «Ամմոնը Լամոնի թագավորին ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանը» տեսանյութի 0:23-1:56 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ըստ ձեզ՝ Ամմոնի քրիստոսանման սերն ու ծառայությունը ի՞նչ դեր խաղացին, որ թագավորը պատրաստակամություն ունեցավ հավատալու Ամմոնի խոսքերին։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ մեր քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով Աստված մեր ծառայությունն ունեցող մարդկանց սրտերը կարող է պատրաստել ավետարանի ճշմարտությունները ստանալուն։
-
Ի՞նչ եղանակներով կարող ենք մեր քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով օգնել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն։
Ամմոնը Լամոնիին ուսուցանում է ավետարանի ճշմարտությունները
Կարդացեք Ալմա 18.24–43 հատվածները և գտեք, թե Ամմոնն ինչ էր ուսուցանում Լամոնիին։ Կարող եք թվարկել գտածը՝ ուշադրություն դարձնելով «պատմեց», «մեկնաբանեց» և «ասաց» բառերին։ Ձեր սուրբ գրքերում հետևելուն զուգընթաց կարող եք դիտել նաև «Ամմոնը Լամոնի թագավորին ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանը» տեսանյութի 1:56-5:41 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ամմոնն ի՞նչ կարևոր ճշմարտություններ օգնեց Լամոնիին հասկանալ։
-
Այդ ճշմարտություններն ի՞նչ ազդեցություն ունեցան Լամոնիի վրա։
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք այսօր հասկանանք այդ ճշմարտությունները։
Չնայած լամանացիներից շատերը կարծում էին, որ գետնին ընկնելով Լամոնին մահացել էր, բայց Ամմոնը օգնեց նրանց հասկանալ, որ թագավորն «Աստծո զորության ներքո էր» կամ «տարված էր Աստծով» (Ալմա 19.6)։ Լամոնիի դարձի գալու մասին կիմանաք ավելին, երբ ուսումնասիրեք Ալմա 19 գլուխը։
Կիրառեք ձեր սովորածը
Մտածեք մեկի մասին, որին, կարծում եք, որ կարող եք օգնել ավելի մոտենալ Աստծուն Քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով։
-
Ինչպե՞ս կարող եք ծառայել այդ մարդուն կամ քրիստոսանման սեր տածել նրա հանդեպ։
-
Ձեր ջանքերն ինչպե՞ս կարող են օգնել այդ մարդուն ավելի մոտենալ Աստծուն։
-
Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում, որոնք կարող են դժվարություն ստեղծել այդ մարդուն մաքուր սիրով ծառայելու հարցում։ Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդ խոչընդոտները: