Սեմինարիա
Ալմա 37–38․ «Սովորիր քո երիտասարդության տարիներին»


«Ալմա 37–38․ «Սովորիր քո երիտասարդության տարիներին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 37–38», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 37–38

«Սովորիր քո երիտասարդության տարիներին»

Նկար
հայր և որդի կարդում են

Ի՞նչ դասեր եք սովորել ձեր ծնողներից կամ Եկեղեցու ղեկավարներից։ Ի՞նչը, հույս ունեք, որ մի օր կուսուցանեք ձեր երեխաներին։ Ալման հասկանում էր, որ ծնողներն իրենց երեխաներին ուսուցանելու սրբազան պատասխանատվություն ունեն։ Զորամացիների մոտ իր առաքելությունը կատարելուց հետո Ալման հավաքեց որդիներին, որպեսզի ուսուցանի և խրախուսի նրանց։ Նա իր որդիներին խորհուրդ տվեց պահել Աստծո պատվիրանները։ Այս դասը կօգնի ձեզ սովորել, որ պատվիրաններով հիմա ապրելը կօրհնի ձեզ ձեր ամբողջ կյանքում։

Ուսանողներին ուղղորդեք՝ գործելու անձնական հայտնությամբ։ Պետք չէ ուսանողներին ասել՝ ինչ անել, փոխարենը հարցրեք ինքներդ ձեզ․ «Ի՞նչ կարող եմ առաջարկել ուսանողներին անել, որը կխրախուսի նրանց ինքնուրույն սովորելու ընթացքում փնտրել Սուրբ Հոգու օգնությունը» կամ «Ի՞նչ կարող եմ առաջարկել ուսանողներին անել, որպեսզի իրենց ստացած հուշումներով գործեն»։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ կամ մտապահել Ալմա 37.35 հատվածը և պատրաստվել կիսվելու, թե ինչու են կարծում, որ կարևոր է «[իրենց] երիտասարդության տարիներին սովորել պահել Աստծո պատվիրանները»։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ծնողական խորհուրդ

Կիսվեք ստորև ներկայացվող պատմությամբ կամ ձեր ուսանողների համար ավելի համապատասխան խորհրդի օրինակով, որը երիտասարդը ստացել էր ծնողից կամ Եկեղեցու ղեկավարից։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) կիսվել է հետևյալ պատմությամբ։

Ազգային ամսագրում հրապարակված մի հարցազրույցում ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Ջաբարի Պարկերին, որը Եկեղեցու անդամ է, խնդրեցին կիսվել իր հորից ստացած ամենալավ խորհրդով։ Ջաբարին պատասխանեց․ «[Հայրս] ասել է. ուղղակի մնա նույնը թե՛ խավարի մեջ, թե՛ լույսի ներքո»։ Կարևոր խորհուրդ … բոլորիս համար: (Թոմաս Ս. Մոնսոն, «Զորացիր և քաջ եղիր», Լիահոնա, մայիս 2014 թ․, 68)

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի և առաջարկեք նրանց կիսվել հարցերին տված իրենց պատասխաններով։

Պատկերացրեք, որ հարցազրույց եք տալիս, և հարցազրուցավարը հետևյալ հարցերն է ուղղում ձեզ․

  • Ո՞րն է ծնողից կամ Եկեղեցու ղեկավարից ձեր ստացած լավագույն խորհուրդը։

  • Այդ խորհուրդն ինչպե՞ս է օրհնել ձեզ։

Ալմա 36–42 գլուխներում հիշատակվում է Ալմայի խորհուրդը, որը նա իր որդիներին էր տվել զորամացիների մոտ առաքելությունն ավարտելուց հետո։ Դուք արդեն բավականին ուսումնասիրել եք այն, ինչ նա ուսուցանում էր իր որդի Հելամանին (Ալմա 36–37)։ Այս դասում կուսումնասիրեք Հելամանին տված խորհրդի մյուս մասը, նաև՝ իր որդի Շիբլոնին ուսուցանած սկզբունքները (Ալմա 38Ալմա 37–38 գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք Ալմայի խորհուրդը, որը կարող եք օգտագործել ձեր կյանքում կամ դրանով կիսվել այլ երիտասարդների հետ։

«Սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին»

Կարդացեք Ալմա 37.35 հատվածը և փնտրեք, թե Ալման ինչ էր ցանկանում, որ Հելամանը սովորի որպես երիտասարդ։ Կարող եք նշել այն, ինչ գտաք:

  • Ի՞նչ էր ցանկանում Ալման, որ Հելամանն իմանա և անի։

    Ուսանողների պատասխանելու ընթացքում կարող եք գրատախտակին գրել հետևյալը․ Մեր երիտասարդության տարիներին մենք պետք է սովորենք պահել Աստծո պատվիրանները։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ավելի լավ «[ձեր] երիտասարդության տարիներին սովորել պահել Աստծո պատվիրանները», քան սպասել ավելի մեծ տարիքի հասնելուն։

Նկար
մատղաշ ծառն ամրացված է փայտե ցցերին

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) կիսվել է ծառ տնկելու մասին հետևյալ փորձառությամբ․

Ես [ծառը] տնկեցի անկյունում, որտեղ ուժեղ քամի էր փչում արևելյան կիրճից։ Ես մի փոս փորեցի, տեղավորեցի մերկ արմատը, հող լցրի դրա շուրջը, ջրեցի և լրիվ մոռացա դրա մասին: Այն պարզապես ծառի մի շիվ էր՝ երևի երեք քառորդ մատնաչափ տրամագծով։ Այն այնքան ճկուն էր, որ ես կարող էի հեշտությամբ ճկել այն ցանկացած ուղղությամբ: Ես գրեթե ուշադրություն չէի դարձնում դրա վրա, իսկ մինչ այդ տարիներն անցնում էին:

Հետո ձմռան մի օր … նկատեցի, որ այն թեքվել է դեպի արևմուտք, տձևացել և անհամաչափ դարձել։ … Ես դուրս եկա, հենվեցի ծառին և հրեցի այն՝ կարծես ուզենալով ուղղել այն: Բայց բնի տրամագիծն այժմ մոտավորապես մեկ ոտնաչափ էր: Իմ ուժը ոչինչ էր դրա դեմ: Գործիքներիցս խորդանոցից վերցրեցի ամբարձիչ բլոկ և ճախարակ։ Մի կողմը կապեցի ծառին, մյուս կողմը՝ մի ամուր հենակի և քաշեցի պարանը։ Փոկանիվները մի փոքր շարժվեցին, և ծառի բունը թեթևակի դողաց։ Բայց ընդամենը այդքանը։ …

Ի վերջո ես հուսահատ վերցրի սղոցս և կտրեցի արևմտյան կողմի մեծ ծանր ճյուղը: Սղոցն ութ մատնաչափից մեծ մի տգեղ հետք թողեց։ Ես հետ քայլեցի և զննեցի արածս: Ես պետք է կտրեի ծառի հիմնական մասը և դեպի երկինք աճող միայն մեկ ճյուղ թողնեի։ …

Երբ ծառը նոր էի տնկում, մի փոքրիկ պարանն իսկ բավական կլիներ՝ քամու ուժից նրան պահելու համար։ Ես կարող էի և պետք է օգտագործեի այդ պարանը՝ շատ քիչ ջանք գործադրելով։ Բայց չարեցի, և ծառն իր կողմը փչող քամու ուժից թեքվեց: (Գորդոն Բ. Հինքլի, «Երեխային մեծացրեք այնպես, որ ինքնուրույն դառնա», Ensign, նոյեմբեր 1993 թ․, 59)

  • Ի՞նչ նմանություն կա պատվիրանները պահելու և մատղաշ ծառն ուղիղ աճելու ու քամուն դիմանալու համար ցցերով պահելու միջև։

  • Ինչպե՞ս կարող է մեզ վրա ազդել պատվիրանների անտեսումը մինչև կյանքի ավելի ուշ շրջան։

Օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Ալմա 37.35 հատվածում ուսուցանվող ճշմարտությունը, որի համար նրանց կարող եք փոքր խմբերի բաժանել և առաջարկել երկու իրատեսական սցենար մտածել․ մեկում երիտասարդը ձգտում է պահել Աստծո պատվիրաններն իր երիտասարդության տարիներին, իսկ մյուսում՝ ոչ։ Ուսանողները կարող են սցենարներում ներառել, թե ինչպես են մարդիկ ձգտում ապրել կամ չապրել որոշակի պատվիրաններով, օրինակ՝ Աստծուն սիրելով, սուրբ գրություններն ուսումնասիրելով կամ Իմաստության խոսքին հնազանդվելով։ Հանձնարարեք նրանց մտածել, թե այս երկու տիպի մարդիկ ինչպես կարող են հինգից տասը տարի հետո փոխվել։ Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սցենարներով և սովորածով։

Կարող եք ուսանողներին հիշեցնել, թե ինչ փորձառություններ էր ունեցել Ալման երիտասարդ տարիքում։ Հարցրեք․ «Ըստ ձեզ՝ Ալման ինչո՞ւ որդուն այս խորհուրդը տվեց»։

Կարող եք դիտել «Պահենք մեր խոստումները և ուխտերը» տեսանյութի 7:29–8:35 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը կիսվել է, թե ինչպես է որոշել իր երիտասարդության տարիներին պահել Աստծո պատվիրանները։

Մի քանի րոպե մտածեք և ձեր օրագրում գրեք, թե ինչ եք սովորում Աստծո պատվիրանները պահելու մասին։ Աղոթքով փորձեք իմանալ, թե ինչպես եք տարբեր ձևերով օրհնվել պատվիրանները պահելու համար։

Հարցրեք, թե որ ուսանողները կցանկանան կամավոր կիսվել իրենց մտքերով և զգացումներով։ Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով ու զգացումներով։

Այժմ, երբ երիտասարդ եք, կարող եք նպատակ սահմանել՝ Տիրոջ պատվիրաններին ավելի մեծ չափով հնազանդվելու այն եղանակով, որ կցանկանայիք։ Այդ նպատակը սահմանելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը։

Խորհուրդներ երիտասարդների համար

Ալման լրացուցիչ խորհուրդներ տվեց իր որդիներին, որոնք կարող են օգտակար լինել մեզ համար։

Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները։ Կարող եք նշել այն խորհուրդը, որը ձեր կարծիքով մեր օրերում օգտակար կլինի երիտասարդների, այդ թվում՝ ձեզ համար։ Պատրաստեք պատասխաններ ստորև ներկայացվող հարցերին։

  1. Ալմա 37.33–37 («հեզ ու սրտով խոնարհ» = համեստ, ընկալունակ, արդարակյաց)

  2. Ալմա 38.1–5 («կտրված Նրա ներկայությունից» = ֆիզիկապես կամ հոգեպես կտրված Աստծուց)

  3. Ալմա 38.6–9 («ծնված լինել Աստծուց»= Տիրոջ Հոգին հզոր փոփոխություն է բերում մարդու սրտում)

  4. Ալմա 38.10–15 («ժուժկալ» = զսպվածության կամ ինքնատիրապետման դրսևորում, «բռնակալություն» = իշխող պահվածք, «սանձել» = կառավարել)

  • Ի՞նչ էր Ալման ցանկանում, որ որդիներն իմանան ու անեն։ Ո՞ր հատվածում եք գտել դա։

  • Այս սկզբունքն իմանալը կամ դրան հետևելը ինչպե՞ս կարող է օգնել երիտասարդներին ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին։

  • Այս ուսմունքն ինչպե՞ս կարող է կիրառվել ձեր կյանքում։ Կարո՞ղ եք մտածել օրինակներ, երբ նկատել եք, որ այն կիրառվել է ձեր կյանքում: (Խիստ անձնական բաներով կիսվել պետք չէ)։

Երբ ուսանողները պատասխանեն հարցերին, կարող եք խնդրել նրանց շրջանաձև նստել միմյանց տեսնելու համար և դասարանով քննարկել Ալմայի խորհուրդը։ Հնարավորինս շատ ուսանողների առաջարկեք կիսվել իրենց գտածով։ Բոլոր ուսանողներին խրախուսեք ուշադիր լսել և միմյանցից սովորել։ Կարող եք ժամանակ առ ժամանակ ընդհատել և հարցնել, թե ինչ են սովորում դասընկերներից։

Մի պահ խորհեք և այսօր սովորած խորհուրդը լրացուցիչ եղանակներով կիրառելու մասին մտքեր ու տպավորություններ գրեք։ Օրինակ՝ կարող եք մտածել, թե ծնողը կամ Եկեղեցու ղեկավարը վերջերս ինչն է խրախուսել ձեզ, որ սկսեք անել կամ դադարեցնեք անելը։ Կամ կարող եք խորհուրդ հարցնել Տիրոջից և փնտրել Նրա ուղղորդումը։

Տպել