Սեմինարիա
Ալմա 36–38․ Ակնարկ


«Ալմա 36–38․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 36–38», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 36–38

Ակնարկ

Ալմա 36–39 գլուխներում Ալման խորհուրդներ է տալիս իր որդիներ Հելամանին, Շիբլոնին և Կորիանթոնին։ Նա պատմում է, թե ինչպես է հրեշտակ տեսել, տանջանքներ զգացել իր մեղքերի պատճառով և ազատում գտել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա ուսուցանում է, որ մեծ բաներ անելու համար Տերը հաճախ փոքր ու պարզ բաներ է օգտագործում, օրինակ՝ սուրբ գրությունների միջոցով ցույց է տալիս «ճանապարհը, որով [մենք] պետք է գնանք» մեր կյանքում (Ալմա 37.40)։ Նա իր որդիներին խորհուրդ է տալիս պահել Աստծո պատվիրանները։ Նա սիրով խորհուրդ է տալիս իր որդուն՝ Կորիանթոնին թողնել և ապաշխարել իր մեղքերից, ներառյալ մաքրաբարոյության օրենքի խախտումը:

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 36

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հավատքով դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը և զգալ Նրա միջոցով ազատման ուրախությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել մի մարդու օրինակով, որը որոշ ժամանակ տառապելուց հետո խաղաղություն է գտել Քրիստոսում։ Ի՞նչն օգնեց այդ մարդուն խաղաղություն գտնել։

  • Նկար ցուցադրման համար․ Ալմա Կրտսերի և հրեշտակի նկար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները տարբեր եղանակներով նշեն բառերը կամ արտահայտությունները, կարող եք էլեկտրոնային սուրբ գրություններից օգտվողներին առաջարկել կիսվել իրենց էկրանով և ցույց տալ, թե իրենց սուրբ գրություններում նշումներ կատարելու ինչ արդյունավետ եղանակներ են գտել։

Ալմա 37

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ սուրբ գրություններում Նրա խոսքը ուսումնասիրելիս։

  • Ուսանողի նախապատրաստում․ խրախուսեք ուսանողներին սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն կատարելիս մտածել, թե այդ ուսումնասիրությունն ինչ օրհնություններ է բերում իրենց կյանք, հատկապես՝ ինչպես է օգնում իրենց գալ դեպի Քրիստոսը։

  • Նկարներ ցուցադրման համար․ փոքր և հասարակ բաների նկարներ, օրինակ՝ ատամի խոզանակի, տեքստային հաղորդագրության, մարզումների կամ ծառայության պարզ գործողության, Լեքիի և Լիահոնայի նկարը

  • Տեսանյութեր․ «Ալման խորհուրդ է տալիս իր որդիներին» (17:05, դիտել 3:15–5:05 հատվածը), «Մտածելով Աստծո սիրո մասին․ Ինչ նշանակություն ունեն ինձ համար սուրբ գրությունները» (3:27, դիտել 2:36–3:27 հատվածը), «Շարունակական դարձ․ Ինչ նշանակություն ունեն ինձ համար սուրբ գրությունները» (2:42)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասը սկսելու համար կարող եք ուսանողներին փոքր և հասարակ բաների մեկ կամ երկու օրինակ ցուցադրել, որոնք էապես փոխում են մեր կյանքը։ Ապա ուսանողներին տվեք 30 վայրկյան, որպեսզի տանը մեկ այլ օրինակ գտնեն ու այն ցուցադրեն դասարանին։

Ալմա 37–38

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին սովորել, որ այժմ պատվիրաններով ապրելը կօրհնի իրենց ամբողջ կյանքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ կամ մտապահել Ալմա 37.35 հատվածը և պատրաստվել կիսվելու, թե ինչու են կարծում, որ կարևոր է «[իրենց] երիտասարդության տարիներին սովորել պահել Աստծո պատվիրանները»։

  • Նկար ցուցադրման համար․ մատղաշ ծառի նկար

  • Տեսանյութ․ «Պահենք մեր խոստումները և ուխտերը» (14:39, դիտել 7:29–8:35 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները պատասխանեն այն հարցին, թե որն է եղել ծնողից կամ Եկեղեցու ղեկավարից ստացած լավագույն խորհուրդը, կարող եք առաջարկել նրանց խորհրդով կիսվել զրուցարանում։ Դա հնարավորություն կտա նրանց տեսնել միմյանց մեկնաբանությունները։ Հետո կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե ումից են ստացել խորհուրդը, և այն ինչպես է օրհնել իրենց։

Ալմա 39

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ սեռական մեղքի լրջությունը, և ինչպես դիմակայել մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ գիտեն մաքրաբարոյության օրենքի մասին, ինչ կարծիք ունեն և ինչ հարցեր ունեն դրա վերաբերյալ։

  • Տեսանյութ․ «Ես ընտրում եմ մաքուր լինելը» (4:19)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին հանձնարարեք զրուցարանի միջոցով փոխանակվել մտքերով այն մասին, թե երիտասարդներն այսօր ինչ եղանակներով կարող են ինքնատիրապետում դրսևորել և հաղթահարել գայթակղությունը։ Կարող եք օգտագործել նաև բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա ուսանողներին անանուն կիսվել իրենց մտքերով։

Վարդապետության սերտում. Ալմա 39.9

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Ալմա 39.9 հատվածի վարդապետության սերտման հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել կյանքի իրական իրավիճակներում։

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել սկսել մտապահել Ալմա 39.9 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունը։ Նաև կարող եք խրախուսել նրանց, որ փորձեն հատվածն ամբողջությամբ մտապահել։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ գործնական կիրառման վարժության համար կարող եք ուսանողներին խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող են օգնել Իվանին։ Զրուցարանում գրեք հետևյալ հարցերը․ «Իվանն ինչպե՞ս կարող է քննել իր իրավիճակը հավերժության հեռանկարով»։ Աստվածայնորեն սահմանված աղբյուրների ի՞նչ օրինակներ կան, որոնք կարող են օգնել Իվանին։ Ի՞նչ կարող է անել Իվանը հավատքով գործելու համար և «այլևս չգնալու [իր] աչքերի տենչանքների ետևից» (Ալմա 39.9)»։ Հնարավորության դեպքում կարող եք այցելել յուրաքանչյուր քննարկման սենյակ։ Անհրաժեշտության դեպքում կարող եք զրուցարանում տեղադրել դասի լրացուցիչ հարցերը, որոնք կարող են օգնել ուսանողներին։