Սեմինարիա
Ալմա 34.17–41. Այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար


«Ալմա 34.17–41. Այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Ալմա 34.17–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 34.17–41

Այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար

ավազի ժամացույց

Երբևէ մտածե՞լ եք, թե այս կյանքից հետո ինչպիսին կլինի Երկնային Հոր հետ հանդիպումը։ Ամուղեկը հիշեցնում էր զորամացիներին, որ «այս կյանքը ժամանակ է … Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար» (Ալմա 34.32) և աղերսում էր նրանց չհետաձգել իրենց ապաշխարության օրը։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու ձեր ջանքերում։

Օգնեք ուսանողներին տեսնել, թե ավետարանի սկզբունքներն ինչպես են մատնացույց անում Հիսուս Քրիստոսին։ Ավետարանի վարդապետությունը և սկզբունքներն ուսուցանելիս այդ ճշմարտությունները կապեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Բերեք օրինակներ, թե ավետարանի սկզբունքներով ապրելն ինչպես կարող է օգնել ուսանողներին ստանալ Փրկչի զորությունը, ողորմածությունը և շնորհը։ Խրախուսեք նրանց գործել հավատքով և ընտրել ապրել այդ ճշմարտություններով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 34.32 հատվածը և մտածել, թե ինչ եղանակներով կարող են այդ հատվածի խորհրդին հետևել։ Նրանք կարող են գրել որոշ ուղիներ, որոնցով պատրաստվում են վերադառնալ Աստծո ներկայություն, և այն փոփոխությունները, որոնք կարող են կատարել՝ ավելի լավ պատրաստված լինելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նախապատրաստման կարևորությունը

Մտածեք ձեր կյանքում տեղի ունեցած որևէ բանի մասին, որին պետք է պատրաստվեիք, օրինակ՝ քննության, համերգի կամ սպորտային իրադարձության։

Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերը որևէ դասընկերոջ կամ փոքր խմբի հետ:

  • Ի՞նչ ռազմավարություններ եք օգտագործել նախապատրաստվելու համար։

  • Ի՞նչն է դժվարացրել կամ կարող է դժվարացնել նախապատրաստումը։

Հիշեք, որ Ալման և Ամուղեկը քարոզում էին մի խումբ զորամացիների, որոնց աղքատության պատճառով վտարել էին իրենց ժողովարաններից։ Այդ զորամացիները նախկինում չէին հավատում Հիսուս Քրիստոսին (տես Ալմա 31.16), իսկ Ալման ու Ամուղեկը հորդորում էին նրանց իրենց սրտում տեղ բացել, որպեսզի Փրկչի մասին վկայությունն աճի (տես Ալմա 32.27–28, 34.4–6)։ Այս մարդկանց ուսուցանելիս Ամուղեկը կիսվեց մի բանով, որին բոլորս պետք է պատրաստվենք։

Կարդացեք Ալմա 34.32 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ուսուցանում Ամուղեկը։

Կարող եք գրատախտակին գրել ստորև ներկայացված թավագիր տեքստը։ Խրախուսեք ուսանողներին հատված 32-ում նշել այս ճշմարտության բառերը։

Ամուղեկի ուսմունքներից մենք սովորում ենք, որ այս կյանքը ժամանակ է Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու համար։

  • Ի՞նչ մոտեցումներ և պահվածք կակնկալեք այն մարդուց, որը պատրաստվում է հանդիպել Աստծուն։

Ուսանողներին ինքանագնահատման համար ժամանակ տվեք և առաջարկեք, որ ուշադրություն դարձնեն հետևյալ գաղափարներին։ Պարտադիր չէ, որ ուսանողները կիսվեն իրենց մտքերով։

Մի պահ խորհեք Աստծո ներկայությանը վերադառնալու ձեր զգացմունքների մասին։ Մտածեք՝ արդյոք ձգտում եք արժանապատվորեն վերադառնալ Նրա ներկայություն, և ինչը կարող է շեղել ձեզ այդ նպատակից։ Ուսումնասիրությունը շարունակելիս մտածեք, թե Ալմա 34 գլխի ուսմունքներն ինչ եղանակներով կարող եք կիրառել, որպեսզի ավելի լավ պատրաստվեք Աստծո հետ հանդիպմանը։

Ինչպես կարող ենք պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը

Ալմա 34 գլխում ներկայացվող Ամուղեկի ուսմունքներից շատերն օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք հիմա պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը։

Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել հետևյալ հատվածները և փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել մեզ պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը։ Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք միասին ուսումնասիրել որոշակի հատվածներ։ Օրինակ՝ մի խումբը կարող է ուսումնասիրել 17–27, մյուս խումբը՝ 28–34 և մեկ այլ խումբ՝ 37–41 հատվածները։

Ուսանողների հետ քննարկեք, թե ինչ սովորեցին այդ հատվածներն ուսումնասիրելիս։ Հետևյալ հարցերը կարելի է օգտագործել որպես քննարկման մաս։

  • Ի՞նչ էր արել Ամուղեկն այդ հատվածներում, որը կարող է օգնել ձեզ պատրաստվել Աստծո հետ հանդիպմանը։

  • Այս ուսմունքներին հետևելով, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ ավելի պատրաստված լինել՝ արժանապատվորեն վերադառնալու Աստծո ներկայություն։

  • Ձեր ուսումնասիրած հատվածներից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության ու ցանկությունների մասին։

Նախորդ հարցին ուսանողները կարող են տալ նմանատիպ պատասխաններ․ հնարավոր է մոտենալ Աստծուն՝ անկախ մեր գտնվելու վայրից կամ մեր խնդրածից (տես 17–27 հատվածները)։ Նրանք գուցե նաև նշեն, թե որքան արագ կօրհնի մեզ Փրկիչը, երբ ապաշխարենք (տես հատված 31-ը

Մի հետաձգեք ձեր ապաշխարությունը

Մեջբերեք Ամուղեկի խոսքերը հատված 33-ում․ «մի հետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ»։ Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այս արտահայտությունը։

  • Ինչո՞ւ կարող է որոշ մարդկանց համար գայթակղիչ լինել ապաշխարության հետաձգումը։

Կարդացեք Ալմա 34.33–35 հատվածները և փնտրեք, թե ինչո՞ւ էր Ամուղեկը հորդորում, որ չհետաձգենք մեր ապաշխարությունը։

Օգտակար կլինի, եթե ուսանողներին առաջարկեք գուշակել, թե այս հատվածները կարդալուց հետո մարդու մոտ ինչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ծագել։ Կարող եք գրատախտակին գրի առնել ուսանողների պատասխանները: Ստորև ներկայացվող նյութերն ուսումնասիրելու ընթացքում ուսանողները կարող են բացահայտել ուսմունքներ, որոնք օգնում են լուծել այդ հարցերը կամ մտահոգությունները։

Մեզ ուսուցանվել է, որ ապաշխարության կարելի է հասնել հոգիների աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138.31, 33, 58)։ Բայց սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեներն ընդգծել են, թե որքան կարևոր է, որ մահկանացու կյանքում ապաշխարենք։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մելվին Ջ. Բալլարդը [1873–1939] այսպես է ուղղորդել․

Շատ ավելի հեշտ է հաղթահարել և ծառայել Տիրոջը, երբ մարմինը և հոգին համակցված են որպես մեկ։ Սա է այն ժամանակը, երբ մարդիկ ավելի ճկուն և ընկալունակ են։ … Այս կյանքն ապաշխարելու ժամանակն է: (Մելվին Ջ․ Բալլարդ․ Արդարակեցության խաչակիրը (1966), 212–13, մեջբերվել է Դալլին Հ. Օուքսի «Ապաշխարությամբ մաքրագործված» ելույթում, Լիահոնա, մայիս 2019, 94)

  • 33–35 հատվածները և այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե ինչու չպետք է հետաձգենք մեր ապաշխարությունը։

Ապաշխարությունը կարևոր քայլ է, երբ պատրաստվում եք վերադառնալ Աստծո ներկայություն։ Հիշեք, որ Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ձգտում են ապաշխարել, նույնիսկ երբ նրանք դժվարանում են որոշակի մեղքեր հաղթահարել։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Երբեմն մեր ապաշխարության ընթացքում՝ ավելի Քրիստոսանման դառնալու մեր ամենօրյա ջանքերում, մենք անընդհատ մաքառումների մեջ ենք հայտնվում նույն դժվարությունների հետ: …. Մի հուսահատվեք: Եթե ձգտում և աշխատում եք ապաշխարել, դուք ապաշխարելու գործընթացում եք: (Նիլ Լ. Անդերսեն, «Ապաշխարեք …. (որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա նոյեմբեր 2009 թ․, 41)

Նախքան ստորև ներկայացված հարցերը տալը՝ ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ ունեն մի ընկեր, որը տարբեր պատճառներով, օրինակ՝ ամոթի կամ փոխվելու ցանկության պակասի պատճառով, խուսափում է ապաշխարությունից։

Ուսանողների համար օգտակար կլինի, եթե ի մի բերեն մտքերը՝ իրենց օրագրերում պատասխանելով հարցերին, նախքան դրանք դասարանով քննարկելը։

  • Ինչո՞վ կարող եք կիսվել Ալմա 34.30–38 հատվածներում ներկայացված Ամուղեկի ուսմունքներից, որը կարող է օգնել մեկին, ով հակված է սպասել և կյանքի ավելի ուշ շրջանում ապաշխարել ու փոխվել։

  • Ըստ ձեզ՝ ապաշխարությունն ինչո՞ւ է կարևոր, անկախ այն բանից, որ այդ մարդը գուցե պատճառներ ունենա չապաշխարելու։

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է խրախուսել այդ մարդուն շուտ և հաճախ ապաշխարել։

Վկայեք, թե ինչ ճշմարտություններ քննարկեցիք այսօր, և Փրկիչն ինչ օգնություն կարող է տալ ուսանողներին, երբ նրանք ձգտում են ավելի պատրաստված լինել Աստծո հետ հանդիպմանը։

Մտածեք, թե այսօր ինչ սովորեցիք և զգացիք Աստծո հետ հանդիպմանը պատրաստվելու և ապաշխարությունը չհետաձգելու մասին։ Մտածեք, թե ինչ գործողություններ եք ցանկանում ձեռնարկել այսօրվա ձեր ուսումնասիրության արդյունքում։ Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր օրագրում: