«Ալմա 42, Մաս 1․ «Կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 42, Մաս 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 42, Մաս 1
«Կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված»
Մեղսավոր աշխարհում ապրելով մեր սահմանափակ, մահկանացու հեռանկարով՝ գուցե դժվարությամբ հասկանանք մեր Երկնային Հոր և Նրա ծրագրի ամբողջական և կատարյալ բնույթը։ Կորիանթոնը նույնպես դժվարանում էր հասկանալ Աստծո արդարությունն ու ողորմածությունը։ Ալման օգնեց նրան ընդլայնել իր հեռանկարը մեր սիրող Երկնային Հոր և մեզ համար Նրա ունեցած ծրագրի վերաբերյալ։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր էությունը, քանզի Նա և արդար է, և ողորմած։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստծո արդարությունը և ողորմածությունը
Կարդացեք հետևյալ սցենարները.
-
Գեյբն որոշում է խախտել Աստծո պատվիրանները։ Սկզբում նա մի փոքր մեղավորություն էր զգում, բայց որոշեց, որ եթե Երկնային Հայրն այդքան սիրում է Իր զավակներին, չի պատժի իրեն իր մեղքերի համար։
-
Էլզին հուսահատ է, քանի որ ապաշխարել է իր գործած մեղքի համար, ներվել է, հետո կրկին սխալ է թույլ տվել։ Նա կարծում է, որ իր համար հույս չկա, քանի որ զգում է, որ ստել է Աստծուն իր ապաշխարության մասին։
Շատերն են սխալ հասկանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի արդարության և ողորմածության սիրող ու կատարյալ հավասարակշռությունը։ Այսօրվա դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես եք օրհնված Աստծո արդար ու ողորմած լինելու շնորհիվ։
Ալման օգնեց Կորիանթոնին հասկանալ Աստծո ծրագիրը
Երբ Ալման շարունակում էր խորհուրդներ տալ Կորիանթոնին, նա հասկացավ, որ իր որդին մտահոգություն ունի Աստծո և Նրա ծրագրի վերաբերյալ։
Կարդացեք Ալմա 42.1 հատվածը և փնտրեք Կորիանթոնի մտահոգությունը։
-
Որո՞նք են այն մի քանի եզրահանգումները, որոնք կարող են դրդել մարդուն մտածել, թե անարդար է, որ Աստված պատժի մեղսավորներին։
-
Ո՞րն է այս տեսակի թյուրըմբռնման վտանգը։
-
Ի՞նչ ձևով եք այսօր տեսնում նման թյուրըմբռնումները։
Ալման փորձում էր օգնել Կորիանթոնին՝ կիսվելով նրա հետ Աստծո ու Նրա ծրագրի վերաբերյալ ավելի լայն հեռանկարով։ Նա սկսեց բացատրել, որ Ադամի ու Եվայի անկումը Եդեմի պարտեզում բերեց հոգևոր մահվան (անջատում Աստծուց) և ժամանակավոր մահվան (մահկանացու մարմնի մահը) (տես Ալմա 42.2–8)։ Հետո նա Կորիանթոնին ուսուցանում էր, թե Անկումն ինչ կապ ունի Աստծո արդարության և ողորմածության հետ։
Կարդացեք Ալմա 42.9–12 հատվածները և փնտրեք Անկման հետևանքները։
-
Անկման ի՞նչ հետևանքներ գտաք։
-
Արդարություն․ «սուրբ գրությունների իմաստով արդարությունն այն անփոփոխ օրենքն է, որը հետևանքներ է բերում արարքների համար: Արդարության օրենքի շնորհիվ մենք օրհնություններ ենք ստանում՝ հնազանդվելով Աստծո պատվիրաններին։ Արդարության օրենքը պահանջում է նաև, որ մեր գործած յուրաքանչյուր մեղքի համար տույժ վճարվի» (Ավետարանական թեմաներ, «Արդարություն», topics.ChurchofJesusChrist.org)։
-
Ողորմածություն․ «ողորմածությունը որևէ մարդու հանդեպ գթասիրտ վերաբերմունքն է, երբ տրվում է ավելին, քան արժեր․ այն հնարավոր է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» (Ավետարանական թեմաներ, «Ողորմածություն», topics.ChurchofJesusChrist.org)։
Կարդացեք Ալմա 42.13–15 հատվածները և փնտրեք, թե Ալման ինչ էր ուսուցանում Աստծո ու Նրա ծրագրի մասին։
-
Ի՞նչ եք սովորում Աստծո ծրագրի մասին։
-
Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից։
Աստծո արդարությունը և ողորմածությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է Աստծո արդարության և ողորմածության մասին․
Արդարությունը Աստծո էական հատկանիշներից մեկն է: Մենք կարող ենք հավատք ունենալ առ Աստված, քանի որ Նա արժանի է վստահության: Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ «Քանզի Աստված չի քայլում ծուռ շավիղներով, նա չի թեքվում ոչ աջ կամ ձախ, ոչ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է, ուստի նրա շավիղներն ուղիղ են, և նրա ընթացքը մեկ հավերժական շրջան է» [Վարդապետություն և Ուխտեր 3.2], և որ «Աստուած աչառ չէ» [Գործք Առաքելոց 10.34]։ Մենք ապավինում ենք հավատքի, վստահության և հույսի աստվածային հատկանիշներին:
Սակայն իր կատարյալ արդարության հետևանքով, կան որոշ բաներ, որ Աստված չի կարող անել: Նա չի կարող քմահաճորեն մի քանիսին փրկել, իսկ մյուսներին վտարել: Նա «չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» [Վարդապետություն և Ուխտեր 1.31]։ Նա չի կարող թույլ տալ, որ ողորմածությունը կողոպտի արդարությանը [տես Ալմա 42.25]։
Աստծո արդարության համոզիչ ապացույցն այն է, որ Նա գործադրում է ողորմածության ուղեկցող սկզբունքը: Իր արդար լինելու շնորհիվ Նա հնարավոր է դարձրել, որ ողորմածությունն իր անփոխարինելի դերը կատարի մեր հավերժական ճակատագրում: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն», Լիահոնա, նոյեմբեր 2014 թ., 17)։
-
Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Աստծո մասին։
Պատկերացրեք, որ ունեք ընկեր, որը Կորիանթոնի մտահգությունն ունի։ Նա հարցնում է ձեզ, թե արդյո՞ք արդար է, որ Աստված պատժում է մեղսավորներին։
-
Ի՞նչ կարող եք ասել ձեր ընկերոջը, որպեսզի օգնեք նրան հասկանալ Աստծո արդարությունը և ողորմածությունը: (Ներառեք հատվածներ կամ արտահայտություններ Ալմա 42.9–15 հատվածներից:)
Ավարտեք հետևյալ նախադասությունները.
-
Աստծո արդարությունն օրհնում է ինձ, քանի որ
-
Աստծո ողորմածությունն օրհնում է ինձ, քանի որ