Սեմինարիա
Հելաման 8. Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին


«Հելաման 8. Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 8», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 8

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Հիսուս Քրիստոս

Աշխարհում այնքան շատ ձայներ են մեզ շատ ուղղություններով շեղում, սակայն Աստված տվել է մարգարեներ, որպեսզի խարսխի մեզ Իրեն։ Երբ ամբարիշտ նեփիացիները հարցրին Նեփիին, թե ինչու այդքան խստորեն խոսեց իրենց մասին, նա համարձակորեն վկայեց Փրկչի մասին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, այն կարող է նաև օգնել ձեզ զգալ մարգարեների վկայությունների ճշմարտությունը։

Ընդգծեք, թե ինչպես են մարգարեները վկայում Հիսուս Քրիստոսի մասին։ Մարգարեների առաջնային պարտականությունը Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Մարգարե», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Նշեք սուրբ գրությունների այն հատվածները և մարգարեական այլ ուսմունքներ, որոնք վկայություն են բերում Փրկչի աստվածային հատկանիշների, կյանքի և առաքելության մասին։ Խրախուսեք ուսանողներին մտածել, թե մարգարեական վկայություններն ինչպես են ազդում Հիսուս Քրիստոսի մասին իրենց ընկալման և Նրան գնահատելու վրա։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարող եք առաջարկել փնտրել մեկ կամ մի քանի մարգարեների և առաքյալների օրինակներ, որոնք վերջին գերագույն համաժողովի ժամանակ վկայել են Հիսուս Քրիստոսի մասին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ականատեսի վկայությունը

Կարող եք որևէ տեսակի կեղևով ընկույզ բերել, օրինակ՝ գետնանուշ, սովորական կամ այլ տեսակի ընկույզ։ Թաքցրեք այն ձեռքում կամ պայուսակում։ Ուսանողներին ասեք, որ ունեք մի բան, որը մարդկային աչքը երբեք չի տեսել, կամ որին մարդու ձեռք երբևէ չի կպել (ընկույզը կեղևի մեջ)։ Որևէ ուսանողի հրավիրեք գալ և նայել։ Հետո այդ ուսանողին հանձնարարեք հարցնել դասարանին՝ արդյոք ճիշտ եք ասում։ Ուսանողներին հարցրեք՝ արդյոք հավատում են ձեզ, և ինչու այո կամ ինչու ոչ։ Երբ դասարանով քննարկեք, թե արդյոք ուսանողները հավատում են ձեզ, ցույց տվեք նրանց ընկույզը։

Մարդկանց մեծ մասը չի տեսել Հիսուս Քրիստոսին, բայց շատերը, այնուամենայնիվ, հավատում են Նրան։

  • Որո՞նք են պատճառները, որ մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսին։

  • Ի՞նչ դեր են կատարում մարգարեները, որպեսզի օգնեն ձեզ հավատալ Փրկչին։

Հին ժամանակների մարգարեների վկայությունը

Նեփի մարգարեի ծառայությունը քննարկվել է Հելաման 7–10 գլուխների վերաբերյալ դասում։ Այս դասը կօգնի ուսանողներին կենտրոնանալ Հելաման 8 գլխում ներկայացվող Նեփիի ուսմունքների վրա, որոնք մարգարեների՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայելու պարտականության մասին են։ Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել Հելաման 8 գլխում ներկայացվող Նեփիի ուսմունքների համատեքստը, կարող եք ամփոփել հետևյալ տեղեկությունները։

Գուցե հիշեք, որ մարգարե Նեփին ամբարիշտ նեփիացիներին մարգարեացել էր, որ նրանք կկործանվեն, եթե չապաշխարեն (տես Հելաման 7.22–29)։ Նեփիացիներից շատերը զայրացան, որ Նեփին իրենց ամբարշտության դեմ էր խոսում (տես Հելաման 8.1–7)։ Նեփին նախատեց այս մարդկանց և հայտնեց, որ նրանք ոչ միայն իր, այլև նախկին մարգարեների, այդ թվում՝ Մովսեսի խոսքերն են մերժում, որը վկայել էր Հիսուս Քրիստոսի մասին (տես Հելաման 8.10–13

Կարդացեք Հելաման 8.13–23 հատվածները և փնտրեք, թե ինչ էր պատմում Նեփին Մովսեսի և անցյալի ուրիշ մարգարեների մասին։ Կարող եք նշել Նեփիի տված մարգարեների անունները։

  • Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս մարգարեները։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ասել է.

Տիրոջ մարգարեի ամենակարևոր դերն է՝ ուսուցանել մեզ Փրկչի մասին և առաջնորդել մեզ Նրա մոտ։ …

Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկիչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը։ Մարգարեի մեծագույն պարտականությունը և թանկագին պարգևը մեզ համար՝ նրա հաստատուն վկայությունն է, նրա վստահ իմացությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է։ (Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Լիահոնա, մայիս 2018 թ․, 25, 27)

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի մասին մարգարեի վկայությունը նրա մեծագույն պարգևը մեզ։

Հիսուս Քրիստոսի մասին վկայող մարգարեներ

Ժամանակ հատկացրեք և ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի մասին որոշ մարգարեների վկայությունները։ Նրանց վկայություններն ուսումնասիրելիս Սուրբ Հոգին կարող է ձեր սրտում և մտքում վկայել նրանց խոսքերի ճշմարտացիության մասին։

Ուսանողներին առաջարկեք կատարել հետևյալ վարժություններից մեկը կամ երկուսը կամ կարող եք թույլ տալ ուսանողներին ընտրել իրենց ցանկացած վարժությունը։ Որպես այլընտրանք կարող եք ուսանողներին խմբերի բաժանել և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կատարել տարբերակներից մեկը։ Յուրաքանչյուր խմբի անդամները այնուհետև կարող են կիսվել, թե ինչը տպավորեց իրենց ուսումնասիրած վկայություններում։

Տարբերակ Ա․ Հնագույն մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Կարող եք դասասենյակում ցուցադրել Հելաման 8.13–23 հատվածներում նշվող հետևյալ մարգարեներից յուրաքանչյուրի անունը, ստորև նշված ուղեկցող հատվածները և յուրաքանչյուր մարգարեի նկարը (եթե հնարավոր է)։ Երբ ուսանողները մի քանի վկայություն ուսումնասիրեն, կարող են գրի առնել ուսումնասիրության ժամանակ ունեցած բոլոր զգացողությունները կամ տպավորությունները կամ դրանցով կիսվել որևէ դասընկերոջ հետ։

Կարդացեք Նեփիի նշած մարգարեների հետևյալ վկայություններից առնվազն երեքը։ Թվարկեք, թե այդ վկայություններն ինչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։

Աչքի անցկացրեք ձեր գրած ցուցակը։ Կարող եք գրի առնել ուսումնասիրության ընթացքում Փրկչի մասին ունեցած ձեր մտքերը, զգացումները կամ տպավորությունները։ Մի քանի նախադասությամբ բացատրեք, թե ձեր կյանքն ինչպես կարող էր փոխվել, եթե մարգարեները մեզ ուսուցանած չլինեին այդ ամենը Հիսուս Քրիստոսի մասին։

Տարբերակ Բ․ Վերջին օրերի մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Որպեսզի օգնեք ուսանողներին կատարել այս տարբերակը, կարող եք տրամադրել նյութեր, օրինակ՝ Լիահոնա ամսագրի՝ գերագույն համաժողովի մասին համարների մի քանի օրինակ։

Ըստ անհրաժեշտության կարող եք կիսվել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում բերված մարգարեների վկայություններով։

Գտեք վերջին օրերի մեկ կամ մի քանի մարգարեների կամ առաքյալների օրինակներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ օրինակները կարող են լինել վերջին գերագույն համաժողովից կամ Եկեղեցու պատմությունից։ Կարող եք որոնել ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։ Կարող եք նաև կարդալ կամ լսել «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»՝ ChurchofJesusChrist.org կայքում։

Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, առաջարկեք նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի մասին վկայող մարգարեների՝ իրենց գտած օրինակներով։ Անպայման տարբեր ուսանողների հնարավորություն տվեք կիսվելու։ Օգտակար կլինի, եթե ուսանողներին այսպիսի հարցեր տաք․ «Մարգարեների ո՞ր վկայությունները տպավորեցին ձեզ» կամ «Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր, որ այդքան շատ մարգարեներ են վկայել Հիսուս Քրիստոսի մասին»։

Եթե ժամանակը թույլ տա, ուսանողների համար կարող է օգտակար լինել նաև Հիսուս Քրիստոսի մասին իրենց սեփական վկայություններով կիսվելը։