Սեմինարիա
Հելաման 13–16․ Հասկանալ Տիրոջ մարգարեներին


«Հելաման 13–16․ Հասկանալ Տիրոջ մարգարեներին», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 13–16», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 13–16

Հասկանալ Տիրոջ մարգարեներին

Սամուել Լամանացին պատի վրա

Ի՞նչ զգացիք, երբ լսեցիք, որ մարդիկ մտահոգություններ կամ քննադատություն են հնչեցնում մարգարեների մասին։ Երբ Սամուել Լամանացին կանգնել էր պատի վրա և ապաշխարության կոչ էր անում մարդկանց, նրանք տարբեր ձևով արձագանքեցին նրա խոսքերին։ Մեր օրերում մարդիկ նույն արձագանքներն ունեն մարգարեների հանդեպ։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ մարգարեների դերը և այն, թե ինչպես կարող են նրանք օգնել մեզ։

Օգնեք ուսանողներին հավատքի տեսանկյունից պատասխանել հարցերին։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն իրենց և այլոց հարցերը Եկեղեցու վարդապետության և համոզմունքների մասին, առաջարկեք նրանց ձգտել ունենալ Հոգու ազդեցությունը։ Խրախուսեք ուսանողներին հիշել, թե ինչ գիտեն արդեն և առաջարկեք լրացուցիչ հասկացողություն ձեռք բերելու համար ուսումնասիրել սուրբ գրությունները։ Նրանց ժամանակ տվեք պատրաստելու այն, ինչ կարող են ասել այլ հայացքներ ունեցող որևէ մեկին։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու, թե իրենք ինչ գիտեն այն մասին, որ Տերը Իր հնագույն մարգարեների հետ էր և այժմ Իր ժամանակակից մարգարեների հետ է։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վստահեք Տիրոջ մարգարեներին

Պատրաստեք ուսանողներին մտածելու մարգարեների մասին, որի համար գրատախտակին նկարեք հետևյալ աղյուսակը և դասարանով քննարկեք պատասխանները կամ ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում նկարել այն ու լրացնել անհատապես կամ փոքր խմբերով։

նկար, որում պատկերված է մի մարդ՝ «Նրանք, ովքեր հավատում և հետևում են մարգարեներին» վերնագրի ներքո և ևս մի մարդ՝ «Նրանք, ովքեր չեն հավատում և նույնիսկ քննադատում են մարգարեներին» վերնագրի ներքո

Յուրաքանչյուր խումբը ներկայացնող կերպարի շուրջը թվարկեք մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ հավատում և հետևում մարգարեներին կամ չեն հավատում և նույնիսկ քննադատում են նրանց։

Եթե ուսանողները վարժությունը կատարել են փոքր խմբերով կամ անհատապես, առաջարկեք նրանց կիսվել իրենց մտքերով։

Մի պահ խորհեք, թե ինչ եք արդեն սովորել մարգարեների մասին, որը կարող է օգնել ձեզ և ուրիշներին հավատալ, որ նրանք կանչված են Աստծո կողմից։ Օրինակ՝ Հելաման 7–10 գլուխներում Նեփիի մասին ուսումնասիրության ընթացքում հնարավոր է՝ մարգարեների մասին ճշմարտությունների ցուցակ եք կազմել։

Հելաման 13 գլխում Տերը ևս մեկ մարգարեի է ուղարկում՝ Սամուել Լամանացուն։ Այս դասը նրա ուսմունքների ակնարկն է (տես Հելաման 13–16)։ Ուսումնասիրելու ընթացքում կարող եք լրացնել մարգարեների մասին ճշմարտությունների ձեր ցուցակը։ Փնտրեք գաղափարներ, որոնք կարող են օգնել մեկին, ով դժվարանում է հավատալ։

Հիմնվելով ձեր ուսանողների կարիքների և Հոգու հուշումների վրա՝ որոշեք, թե ինչպես կատարել հետևյալ վարժությունները։ Կարող եք դասարանով կենտրոնանալ մեկի կամ երկուսի վրա և ամփոփել մյուսները։ Կարող եք ուսանողներին խմբերի բաժանել, հանձնարարել նրանց կատարել երեք վարժություններից մեկը և արդյունքներով կիսվել դասարանի մյուս ուսանողների հետ։ Կարող եք յուրաքանչյուր վարժություն թղթի վրա գրել ու դնել դասասենյակի տարբեր տեղերում, ապա խնդրել ուսանողներին շրջել սենյակով և մոտենալով այդ թղթերին՝ ուսումնասիրել բոլոր երեք վարժությունները։

Վարժություն Ա․ Սամուելը քարոզում է նեփիացիներին

Կարդացեք Հելաման 13.1–7, 14.9 հատվածները և գտեք, թե ինչն է ձեզ առավել տպավորում Սամուելի մասին կարդալիս։

  • Սամուելի օրինակից ի՞նչ սովորեցիք մարգարեների մասին (ձեր գտած բոլոր ճշմարտությունները կարող եք ավելացնել ձեր ցուցակին)։

Ճշմարտություններից մեկը, որ գուցե բացահայտել եք, այն է, որ մարգարեի ուղերձն իր սեփական ուղերձը չէ․ այն գալիս է Տիրոջից։ Կարող եք Հելաման 13.5, 7, 14.9 հատվածներում նշել այն արտահայտությունները, որոնք հաստատում են այս ճշմարտությունը։ Կարող եք կարդալ նաև Հելաման 7.29 և Վարդապետություն և Ուխտեր 1.38, 21.4–5 հատվածները որպես խաչաձև հղումներ ու դրանք կապել Հելաման 13 գլխի հատվածների հետ։

  • Այս ճշմարտության ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք լսում մարգարեներին։

  • Ինչպե՞ս կարող է այն օգնել, երբ նրանց կասկածելու կամ քննադատելու գայթակղություն ենք ունենում։

Հետևյալ վարժությունը կատարելու համար կարող եք ուսանողներին տրամադրել Լիահոնա ամսագրի՝ ամենավերջին գերագույն համաժողովի նյութերով համարը։

Մի քանի րոպե աչքի անցկացրեք վերջին գերագույն համաժողովում հնչած մարգարեի ելույթի մի մասը։ Մտածեք Տիրոջ և այն մասին, թե ինչ մտահոգություններ ունի Նա ձեզ համար։ Փորձեք կարդալ ելույթն այնպես, ասես դա ուղերձ է Տիրոջից։ Պատրաստեք հետևյալից մեկը․

  • Գտեք որևէ արտահայտություն կամ ուսմունք, որը ձեր կարծիքով ոգեշնչված է Տիրոջով։ Կիսվեք, թե ինչու։

  • Նկարագրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի անձնական վկայություն ստանաք այն մասին, որ մարգարեի ուղերձը Տիրոջից է։

Վարժություն Բ․ Նեփիացիներն արձագանքում են մարգարեներին

Կարդացեք Հելաման 13.24–29, 14.10 հատվածները և փնտրեք նեփիացիների վերաբերմունքը մարգարեների հանդեպ։

  • Այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել մարգարեների մասին։

Հնարավոր է՝ բացահայտել եք նմանատիպ ճշմարտություն․ Տիրոջ մարգարեները չեն ընդունվում ամբարիշտների կողմից։ Այս ճշմարտությունը կարող եք գրի առնել այդ հատվածների կողքին։

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս է արտահայտվում մեր օրերում։

  • Նրանք, ովքեր քննադատում և ընդդիմանում են մարգարեներին, ինչո՞ւ կարող են լինել «հիմար ու կույր առաջնորդներ»: (Հելաման 13.29)

  • Եթե ապաշխարելու և ավելի լավը դառնալու համար չգանք դեպի Փրկիչը, ինչո՞ւ դա կնշանակի «ընտրել խավարը, այլ ոչ լույսը»: (Հելաման 13.29)

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ուսուցանել է.

Մարգարեները … չեն կարող փոխել Տիրոջ ուղերձը, որպեսզի պարզապես հարմարավետություն ստեղծեն մարդկանց համար։ Նրանք չափազանց բարի են՝ այդքան անգութ լինելու համար։ Ես այնքան երախտապարտ եմ, որ մարգարեները չեն ձգտում ժողովրդականության։ (Սպենսեր Վ. Քիմբալ, «Լսեք մարգարեներին», Ensign, մայիս, 1978 թ․, 77)

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը կարծում է, թե կարող է «անել, ինչ որ [իր] սիրտն է փափագում» (Հելաման 13.27)։ Արդյունքում նա տխրում է, երբ մարգարեներն առաջարկում են իրեն ապաշխարել։ Հիմնվելով այսօր սովորածի վրա՝ պատրաստեք պատասխան այս մտահոգությանը կամ քննադատությանը։

Ուսանողներին կարող եք առաջարկել դասարանի հետ մասամբ կիսվել իրենց պատասխանով։ Հետո հարցրեք, թե ով կարող է լրացնել պատասխանը։ Շարունակեք այնքան, մինչև դասարանը համոզված լինի, որ օգնել է այս մտահոգության հարցում։

Վարժություն Գ. Տերը պահպանում է Սամուելին

Կարող եք ցուցադրել պատի վրայից խոսող Սամուել Լամանացու նկարը, որը ներկայացված է դասի սկզբում։

Ուշադիր նայեք դասի սկզբի նկարին։ Այնտեղ պատկերված է, թե ինչ տեղի ունեցավ Սամուելի քարոզի վերջում։

Կարդացեք Հելաման 16.1–8 հատվածները և փնտրեք ու ընդգծեք այն ճշմարտության ապացույցը, որ Աստծո զորությունը Իր մարգարեների հետ է: (Կարող եք այդ ճշմարտությունն ավելացնել ձեր ցուցակին:)

  • Ի՞նչ ապացույց եք տեսնում այն բանի, որ Աստված Սամուելի հետ էր։

Թեև ոչ բոլոր մարգարեներն են այս կերպ պաշտպանված, Աստված պաշտպանում է Իր մարգարեներին՝ մինչև նրանք ավարտեն իրենց գործը (տես Մոսիա 13.1–4, Վարդապետություն և Ուխտեր 122.9

Այս վարժությունը դասարանով կատարելու դեպքում կարող եք ցուցադրել հետևյալ նկարները։ Անհրաժեշտության դեպքում համառոտ բացատրեք դրանց հետ կապված պատմությունները։

Սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից ընտրեք մեկ մարգարեի։ Թվարկեք ապացույցներ, որ Աստված այդ մարգարեի հետ է եղել։ Կարող եք մեջբերել Նոյի, Մովսեսի, Պետրոսի և Ջոզեֆ Սմիթի հետևյալ օրինակները։

Նոյը և կենդանիները տապանի վրա

(տես Ծննդոց 7.7, 10–13, 17, 23)

Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը

(տես Ելից 14.21–30)

Հրեշտակը Պետրոսին ազատում է բանտից

(տես Գործք 12.4–11)

Եղիան վերականգնում է քահանայության բանալիները

(տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.15–25)

Այժմ թվեք ապացույցներ, որ Աստված նաև Իր ժամանակակից մարգարեների հետ է։ Օրինակ՝ ժամանակակից մարգարեների ուսմունքները կամ հրավերներն ինչպես են օգնել մեզ անցնել մեր ժամանակների դժվարություններով։

Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել հետևյալ օրինակներից մեկով կամ մի քանիսով․

  • Ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը տրվեց՝ նախքան շատերը կհասկանային դրա անհրաժեշտությունը:

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը 2018 թվականի հոկտեմբերին, երբ COVID-19-ի համավարակը դեռ չէր ստիպել շատերին երկար ժամանակ երկրպագել տանից, իրականացրեց Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագիրը, որը ներկայացնում է Եկեղեցու կողմից աջակցվող՝ սուրբ գրությունների ուսումնասիրության տնային մոդել։

  • Ինչո՞ւ է օգտակար հիշել այս ապացույցները։

Նեփիի ժողովրդի նման մենք նույնպես ունենք ընտրելու զորություն՝ արդյոք ընդունենք մարգարեի ուսմունքները, թե քննադատությամբ և զայրույթով արձագանքենք։ Ձեր օրագրում գրի առեք, թե ինչ սովորեցիք մարգարեների մասին և ինչպես եք վերաբերվում նրանց։ Երբ այս շաբաթ շարունակեք ուսումնասիրել Սամուել Լամանացու ուսմունքները, աղոթքով ձգտեք սովորել նրա ոգեշնչված ուսմունքներից և կիրառել դրանք։

Վկայեք Տիրոջ և Նրա մարգարեների մասին։ Կարող եք պատրաստակամ ուսանողներին առաջարկել նույնպես կիսվել իրենց վկայություններով։