Սեմինարիա
Հելաման 13, Մաս 1. Տիրոջ ողորմածությունը


«Հելաման 13, Մաս 1. Տիրոջ ողորմածությունը», Մորմոնի Գիրք․ Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 13, Մաս 1», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 13, Մաս 1

Տիրոջ ողորմածությունը

Հիսուս Քրիստոսը գրկում է մի մարդու

Ըստ ձեզ՝ Աստված ի՞նչպես է վերաբերվում մեզ, երբ մենք մեղք ենք գործում։ Շատ նեփիացիներ ապստամբեցին Աստծո և Նրա պատվիրանների դեմ, և Աստված Սամուել Լամանացուն ապաշխարելու հստակ ուղերձով ուղարկեց նրանց մոտ, որպեսզի կարողանան ներում ստանալ։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Տիրոջ ողորմած և ներող էությունը։

Կենտրոնացեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության և բնույթի վրա։ Հավերժական կյանքը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար է (տես Հովհաննես 17.3)։ Ուսանողներին առաջարկեք խորությամբ ուսումնասիրել, թե սուրբ գրություններն ինչ են ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության և բնույթի մասին։ Նրանց էությունն ու բնույթը ավելի լավ հասկանալով՝ ուսանողները կարող են ամրապնդել հարաբերությունը Նրանց հետ։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել կիսվելու, թե ինչ զգացողություն են ունեցել, երբ իրենց կյանքում զգացել են Տիրոջ ողորմած և ներող էությունը։ Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական փորձառությամբ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Թշվառություն՝ մեղքի հետևանքով

Նկատի ունեցեք, որ հաջորդ դասին քննարկվելու է ապաշխարությունը։ Հաշվի առեք սա, երբ որոշեք, թե ինչպես կարող եք լավագույն ձևով ուսուցանել այս դասը։

Ցուցադրեք կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը։ Որպես այլընտրանք առաջարկեք ուսանողներին մտածել երևակայական, բայց իրատեսական իրավիճակ մի մարդու մասին, որը կարող է մեղքի պատճառով իրեն թշվառ կամ կորսված զգալ, և այդ իրավիճակն օգտագործեք հաջորդիվ ներկայացվող պատմության փոխարեն։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը պատմել է դժվար հանգամանքներում հայտնված կնոջ մասին հետևյալ պատմությունը։ Մտածեք, թե ինչ կցանկանայիք, որ նա իմանար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Դիտեք «Ապաշխարություն և դարձ» տեսանյութի 0:00–0:50 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ խոսքերը։

2:3

Երբ ես և երեց Դեյվիդ Ս. Բաքսթերը մեքենայով գնում էինք մասնակցելու ցցի համաժողովին, կանգ առանք ճաշելու մի ռեստորանում։ Ավելի ուշ, երբ վերադառնում էինք մեր մեքենան, մի կին ձայն տվեց մեզ և մոտեցավ։ Մենք ապշած էինք նրա տեսքից։ Նրա խնամվածությունը (կամ դրա բացակայությունը) ես քաղաքավարի կանվանեի «ծայրահեղ»։ Նա հարցրեց, թե արդյո՞ք մենք Եկեղեցու երեցներ ենք: Մենք ասացինք. «Այո»: Գրեթե առանց քաշվելու, նա պատմեց մեղքերով ծանրաբեռնված իր ողբերգական կյանքի պատմությունը: Այժմ՝ ընդամենը 28 տարեկանում, նա թշվառ էր։ Նա իրեն անարժեք էր զգում և ապրուստի միջոցներ չուներ։ … Արտասվալից աղերսելով, նա հարցրեց՝ արդյո՞ք կա որևէ հույս իր համար, որևէ ուղի՝ դեպի վեր և դուրս՝ իր հուսալքությունից: (Ռասսել Մ. Նելսոն, «Ապաշխարություն և դարձ», Լիահոնա, մայիս 2007 թ․, 102)

  • Եթե հնարավորություն ունենայիք խոսելու այդ կնոջ հետ, ի՞նչ ճշմարտություններ կցանկանայիք, որ նա իմանար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ի՞նչ կանեիք, որպեսզի փորձեիք օգնել այդ կնոջը։

  • Նրա ներկայիս զգացումներն ինչպե՞ս կարող են ազդել դեպի Փրկիչը դառնալու նրա ցանկության վրա։

Գուցե դուք կամ ձեզ ծանոթ որևէ մեկը նույնպես անարժեքության կամ աններելիության զգացում եք ունեցել։ Խորհեք, թե իրականում ինչ համոզմունք ունեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ու ներման մասին։

Այս դասն ուսումնասիրելու ընթացքում փնտրեք գաղափարներ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բնույթի ու այն մասին, թե Նրանք ինչպես են վերաբերվում մեզ, երբ մենք մեղք ենք գործում։ Խորհեք, թե այդ ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ և ձեզ ծանոթ մարդկանց։

Սամուել Լամանացին

Այս կնոջ նման նեփիացիներն էլ խրվեցին մեղքի մեջ։ Իր սիրով Տերը մարգարե Սամուելին ուղերձով ուղարկեց նրանց մոտ։

Ցուցադրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները։ Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և զույգի մեկ ուսանողին առաջարկել կարդալ գլուխ 13-ի հատվածները, իսկ մյուսին՝ գլուխ 14-ի և և 15-ի հատվածները։ Բավարար ժամանակ տալուց հետո ուսանողներին առաջարկեք ուսուցանել միմյանց այն, ինչ գտել են, և այն, թե ինչու է դա կարևոր իրենց համար։

Կարդացեք Հելաման 13.5–8, 11, 39, 14.11–13, 15.3 հատվածները և փնտրեք, թե ինչ եք սովորում Տիրոջ մասին, մասնավորապես՝ գաղափարներ, որոնք կարող են օգնել մեզ, երբ մեղանչում ենք։ (Օգտակար կլինի իմանալ, որ խրատել [տես Հելաման 15.3] նշանակում է շտկել կամ կարգապահություն հաստատել։ Տես Սուրբ գրքերի ուղեցույցը, «Խրատել, Խրատում», scriptures.ChurchofJesusChrist.org)

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Գրատախտակին գրեք նրանց նշած ճշմարիտ սկզբունքները։ Եթե օգտակար լինի, կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ինչո՞ւ օրհնություն կլինի նախազգուշացում ստանալ այն բացասական հետևանքների մասին, որոնց մենք կբախվենք, եթե չապաշխարենք: Տիրոջ ուղղումն ինչպե՞ս է ցույց տալիս Նրա սերը։

  • Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մասին ուղերձը և ապաշխարելու մեր կարողությունը ինչո՞ւ են «ավետիք» համարվում: (Հելաման 13.7)

  • Ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ ապաշխարելու դեպքում Տերը պատրաստ էր ներել նեփիացիներն, անգամ երբ նրանք լուրջ մեղքեր էին գործել։

Երբ ուսանողները կիսվեն արտահայտություններով, անպայման հստակեցրեք, թե որ հատվածից են դրանք, որպեսզի մյուս ուսանողները նույնպես կարողանան նշել այդ արտահայտությունները։

Տիրոջ ողորմածությունը և ներումը

Ճշմարտություններից մեկը, որ սովորում ենք այդ հատվածներից, այն է, որ Տերը ողորմածությամբ զգուշացնում է մարդկանց մեղքի հետևանքների մասին և ներում է նրանց, ովքեր ապաշխարում են։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) վկայել է, որ «բոլորին հասու է ներող ողորմածությունը» («Քննարկում․ 3-ը հոկտեմբերի, 1841 թ․, ինչպես հրապարակված է «Times and Seasons»-ում», 577, josephsmithpapers.org

  • Տիրոջ ողորմած և ներող էությունը հասկանալն ինչպե՞ս կարող է ազդել մեր մեղքերի և ապաշխարության վերաբերյալ ունեցած մեր զգացողության վրա։

Կարևոր է հասկանալ, որ թեև Տերը ողորմած է, Նա նաև կատարելապես արդար է։ Նա չի անտեսում կամ չեղարկում մեր մեղքերի հետևանքները։ Բայց քանի որ Փրկիչն Իր Քավությամբ վճարել է մեր մեղքերի համար և «բավարարել արդարության պահանջները» (Մոսիա 15.9), Նա մեզ ներում է առաջարկում, երբ ապաշխարում ենք։

  • Տիրոջ կատարյալ արդարության և ողորմածության մասին իմանալն ինչպե՞ս կարող է ազդել Նրա հետ ձեր ունեցած հարաբերության վրա։

Պատկերացրեք, թե Տիրոջ մասին խորը հասկացողությունը ինչպես կփոխեր այն կնոջ կյանքը, որի մասին դասի սկզբում խոսում էր նախագահ Նելսոնը։ Կնոջ համար մի բացատրություն պատրաստեք՝ կատարելով հետևյալը․

Ուսանողներին հիշեցրեք, որ հետևյալ վարժությունը կատարելիս իրենց պատրաստածն օգտագործեն դասարանի համար։ Նրանք կարող են վարժությունը զույգերով կատարել։ Մեկ ուսանող կարող է կատարել Ա վարժությունը, մյուսը՝ Բ վարժությունը։ Նրանք կարող են կիսվել կատարած աշխատանքով, հետո միասին կատարել Գ վարժությունը։

Գ վարժության համար ուսանողները կարող են դերախաղ ներկայացնել, կարծես՝ ուսուցանում են կնոջը։ Շրջեք սենյակով և լսեք, թե ինչպես են ուսուցանում։ Ճշտեք՝ արդյոք Սամուելի ուղերձը հասկանալու համար նրանց լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ։ Եթե այո, Ա վարժության կատարմանը օգնելու համար կարող եք հատվածներից առանձին բառեր կամ արտահայտություններ նշել։

Կարող եք ցուցադրել յուրաքանչյուր վարժության ցուցումները։

  1. Հելամանի գրքում ձեր կարդացած հատվածներից ընտրեք առնվազն երկուսը կամ առանձնացրեք այն հատվածները, որոնցում ցույց է տրվում Տիրոջ ներող էությունը, երբ մենք ապաշխարում ենք, օրինակ՝ Մոսիա 26.30 կամ Մորոնի 6.8։ Այդ արտահայտություններն ինչպե՞ս կարող են օգնել այն կնոջը։

  2. Առանց անցյալի մեղքերի վերաբերյալ մանրամասներ նշելու՝ ձեր կամ ուրիշների կյանքից կամ սուրբ գրություններից մի օրինակ բերեք, որում ակնհայտ է Տիրոջ ողորմած և ներող էությունը։ Մի քանի օրինակ տեսնելու համար կարող եք վերանայել Ղուկաս 7.36–50 կամ Ենովս 1.1–8 հատվածները կամ դիտել «Փակուղում հայտնվածը» տեսանյութը (3:41)։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

    3:41
  3. Ձեր բացահայտած հատվածների կամ օրինակների միջոցով օգնեք կնոջը հասկանալ, որ Տերն Իր ողորմածությունը և ներումը շնորհում է, երբ մենք ապաշխարում ենք։

Կարող եք կիսվել նաև արտահայտություններով կամ փորձառություններով։

Նախագահ Նելսոնը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այդ կնոջ հետ։ Դիտեք «Ապաշխարություն և դարձ» տեսանյութի 0:50–1:27 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ խոսքերը։

2:3

Երբ խոսում էր, բացահայտվեց նրա բարեհոգությունը: Արտասվալից աղերսելով, նա հարցրեց՝ արդյո՞ք կա որևէ հույս իր համար, որևէ ուղի՝ դեպի վեր և դուրս՝ իր հուսալքությունից:

«Այո», պատասխանեցինք մենք. «հույս կա»։ Հույսը կապված է ապաշխարության հետ: Դուք կարող եք փոխվել: Դուք կարող եք «գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել նրանում» [Մորոնի 10.32]։ Մենք հորդորեցինք նրան չհետաձգել ապաշխարությունը [տես Ալմա 13.27-ը, 34.33-ը]: Նա խոնարհաբար հառաչեց և անկեղծորեն շնորհակալություն հայտնեց մեզ: (Ռասսել Մ. Նելսոն, «Ապաշխարություն և դարձ», Լիահոնա, մայիս 2007 թ․, 102)

Վկայեք Տիրոջ ողորմածության և ներման մասին։ Ուսանողներին խրախուսեք անկեղծ խորհել հետևյալի շուրջ։

Հաջորդ դասին խոսվելու է ապաշխարության և այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել ապաշխարության ճանապարհին մեզ հանդիպող խոչընդոտները։

Որոշ ժամանակ անկեղծորեն խորհեք, թե Տիրոջն ավելի լավ հասկանալը ինչպես կարող է օգնել ձեզ, երբ մեղք եք գործել։ Գրեք, թե ինչ սովորեցիք և զգացիք, որն ամենակարևորն էր ձեզ համար, և ինչու։ Մտածեք, թե Տիրոջ ողորմած և ներող էությունն ավելի լավ հասկանալը և հաճախ ապաշխարելը ինչպես կարող է ավելի մեծ խաղաղություն բերել մեր կյանք։

Կարող եք ձեր սիրելի անձի հետ կիսվել, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր։