Սեմինարիա
3 Նեփի 12.17–48․ «Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ»


«3 Նեփի 12.17–48․ «Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 12.17–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 12.17–48

«Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ»

Հիսուս Քրիստոսի դիմանկարը որպես լուսանկար

Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր, որ մենք պետք է «լինենք կատարյալ», ինչպես Նա և մեր Երկնային Հայրն են կատարյալ (3 Նեփի 12.48)։ Թեև այս պատվիրանը կարող է դժվար թվալ, այն կարևոր գաղափարներ է տալիս մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության մասին։ Այն նաև ուսուցանում է, որ մենք կարող ենք Նրանց նման դառնալ։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կատարելապես նմանվելու ձեր ներուժը։

Սեր արտահայտեք և մեծ ակնկալիքներ ունեցեք: Երբ ուսուցիչներն իսկապես սիրում են իրենց ուսանողներին, չափազանց շատ ջանք են ներդնում նրանց առաջընթացի և հաջողության համար և բավարարված չեն լինում նրանց գործադրած ընդամենը մի փոքր ջանքով: Սիրով խրախուսեք ձեր ուսանողներին՝ իրացնելու իրենց ներուժը որպես ուսանողներ և Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Սուրբ գրքերի ուղեցույցի «Կատարյալ» գրառման առաջին պարբերությունը և պատրաստվել՝ կիսվելու, թե այս սահմանման մեջ ինչն էր նրանց համար ամենակարևորը և ինչու։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նշում․ թեև այս դասն անդրադառնում է 17–47 հատվածներում Հիսուսի ուսուցանած բարձրագույն օրենքի մի քանի ոլորտներին, դասի հիմնական նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման 3 Նեփի 12.48 հատվածում ուսուցանվող ճշմարտությունները։ Եթե ձեր ուսանողների համար օգտակար կլինի բարձրագույն օրենքի ասպեկտների ուսումնասիրությանն ավելի շատ ժամանակ հատկացնելը, կարող եք հանգիստ երկու օր ծախսել այս դասի նյութն ուսումնասիրելու վրա և փոխարինել հետագա որևէ դաս։

«Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում որոշ գաղափարներ են ներկայացված, որոնք կարող են օգտակար լինել բարձրագույն օրենքի այլ կողմերն ուսուցանելու համար։

Ձեր ներուժը

Ցուցադրեք հետևյալ նկարները կամ այլ նկարներ, որոնցում պատկերված է մի բան, որը դեռևս լիարժեքորեն չի զարգացել։

սերմ հողում, շագանակագույն շան ձագ
երջանիկ փոքրիկը զամբյուղում
  • Սրանցից յուրաքանչյուրն ի՞նչ կարող է դառնալ, երբ ամբողջովին զարգանա։

  • Ի՞նչ է նրանց անհրաժեշտ՝ իրենց ներուժին հասնելու համար։

  • Ո՞րն է յուրաքանչյուր զավակի ներուժը Երկնային Հոր ծրագրում։

  • Ինչպե՞ս է ձեր աստվածային ներուժը հասկանալն ազդում ձեր որոշումների վրա։ Ինչպե՞ս է այն ազդում ձեր ներքին ինքնազգացողության վրա։

Այսօրվա դասն ուսումնասիրելիս մտածեք, թե որքան եք արդեն աճել ու սովորել ձեր կյանքի ընթացքում և ինչպիսին կարող եք դեռ դառնալ Աստծո օգնությամբ։

Փրկչի հրավերը՝ հասնելու մեր ներուժին

3 Նեփի 12.17–47 հատվածներում Հիսուսը Մորմոնի Գրքի մարդկանց մի քանի օրինակ բերեց Մովսեսի օրենքից։ Նա յուրաքանչյուր օրինակին բարձրագույն օրենքի բացատրություն էր տալիս կամ առաջարկում էր ապրել արդարակեցության ավելի բարձր մակարդակով, որը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե Նա և մեր Երկնային Հայրն ինչ են ցանկանում, որ մենք դառնանք։

Որպեսզի ուսանողները տեսնեն Հիսուսի ուսուցանած բարձրագույն օրենքի օրինակները, կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կարդալ սուրբ գրքի 3 Նեփի 12.21–22, 27–29 և 38–42 հատվածներից մեկը և փնտրել եղանակներ, որոնցով Փրկիչն առաջարկում է մեզ զարգանալ դեպի մեր ներուժը։ Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե այս հատվածներում Փրկիչն ինչպես է առաջարկում մեզ ապրել արդարակեցության ավելի բարձր մակարդակով։ Կարող եք օգնել ուսանողներին մտածել օրինակներ, թե մեր օրերում ինչպես կարող ենք հնազանդվել այս օրենքներին։

  • Այդ ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Կարդացեք 3 Նեփի 12.48 հատվածը և փնտրեք, թե որն է այն լիարժեք ներուժը, որը Հիսուս Քրիստոսը գիտի, որ կա յուրաքանչյուրիս մեջ։

3 Նեփի 12.48 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

Այս հատվածն ուսուցանում է մեզ, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ կատարյալ կերպով Նրան և մեր Երկնային Հորը նմանվենք։

Կարող եք հանձնարարել ուսանողներին ներքևում՝ թղթի թերթիկների վրա գրել առաջին հարցի պատասխանները և շրջել թերթիկները։ Դասի վերջում կարող եք կարդալ նրանց հարցերից կամ մտահոգություններից մի քանիսը և թույլ տալ ուսանողներին պատասխանել իրենց սովորածի հիման վրա։

  • Ըստ ձեզ՝ մարդիկ ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ունենալ այս ուսմունքի վերաբերյալ։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչն է ձեզ հույս կամ վստահություն տալիս, որ հնարավոր է նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

  • Այս ճշմարտությունն ի՞նչ կապ կարող է ունենալ դասի սկզբում ներկայացված նկարների հետ։

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սերը

Դառնալ կատարյալ նշանակում է նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Այս գլխում Քրիստոսի ուսուցանած բարձրագույն օրենքը կարող է օգնել մեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բնավորությունն ու հատկանիշները։ Երբ ավելի լավ հասկանանք, թե ով են Նրանք, կարող ենք ձգտել նմանվել Նրանց և հույս ունենալ, որ Նրանք համբերատարությամբ կօգնեն մեզ մեր առաջընթացին ձգտելիս։

Կարդացեք 3 Նեփի 12.43–45 հատվածները և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և փնտրեք, թե ինչ են նրանք ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին։

Ես երախտապարտ եմ՝ իմանալու, որ, չնայած իմ թերություններին, գոնե Աստված կատարյալ է, և գոնե Նա կարող է սիրել իր թշնամիներին, քանի որ շատ հաճախ մեր մեջ գտնվող «բնական տղամարդու» և կնոջ պատճառով ես և դուք երբեմն այդ թշնամին ենք։ Որքան երախտապարտ եմ ես, որ գոնե Աստված կարող է օրհնել նրանց, ովքեր չարամտորեն օգտագործում են Իրեն, քանի որ առանց այդպես վարվելու ցանկության կամ մտադրության մենք բոլորս երբեմն չարամտորեն օգտագործում ենք Նրան։ (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Լիահոնա, նոյեմբեր 2017 թ․, 41)։

  • Ինչո՞ւ է մխիթարիչ այն միտքը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են Իրենց թշնամիներին և օրհնում են նրանց, որոնք չարամտորեն օգտագործում են Նրանց։

  • Նրանց սերը, օգնությունը և համբերությունը ինչպե՞ս կարող են հույս տալ ձեզ, որ մի օր հասնեք կատարելության։

Կատարելությունը մի գործընթաց է, որը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով

Բնական է մտածել, թե արդյո՞ք հնարավոր է կատարյալ դառնալ։ Եթե մենք փորձեինք ինքնուրույն հասնել կատարելության, կամ եթե կատարելության հասնեինք մեր մահկանացու կյանքի ընթացքում, դա անհնար կլիներ։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.69–70 և Մորոնի 10.32–33 հատվածները և փնտրեք, թե ինչն է հնարավոր դարձնում կատարյալ դառնալը։ Կարող եք այս հատվածները խաչաձև կապել 3 Նեփի 12.48 հատվածի հետ։

  • Նրանք, որոնք ի վերջո կատարյալ են դարձել, ինչի՞ շնորհիվ են կարողացել անել դա։

Եթե ուսանողները դժվարանան պատասխանել նախորդ հարցին, անպայման բացատրեք, որ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք կատարյալ դառնալ։ Առանց Նրա հնարավոր չէ։ Երբ մենք ամեն օր ապաշխարում ենք և անընդհատ ձգտում ենք հոգևոր աճ ունենալ, մենք դառնում ենք կատարյալ Քրիստոսում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.11–13 հատվածները և փնտրեք, թե այդ հատվածներն ինչո՞վ են ավելացնում Հիսուս Քրիստոսի կատարելության մասին մեր հասկացողությունը։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի կատարելությունն էր գործընթաց։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կատարելության սահմանման և գործընթացի մասին ուսուցանել է հետևյալը․

Նկատի ունեցեք, որ [կատարյալ] բառը չի ենթադրում «ազատում սխալներից»։ …

Մենք չպետք է շփոթվենք, եթե կատարելությանն ուղղված մեր անկեղծ ջանքերն այժմ ծանր [դժվարին] և անվերջանալի են թվում։ Կատարելությունն ընթացքի մեջ է։ Այն լիովին կարող է իրագործվել միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասում է բոլոր նրանց, ովքեր սիրում են Նրան և պահում են Նրա պատվիրանները: (Ռասսել Մ. Նելսոն, «Կատարելությանը սպասելիս», Ensign, նոյեմբեր 1995, 86, 88)

  • Այս խոսքերն ի՞նչ են ավելացնում կատարելության վերաբերյալ ձեր հասկացողությանը։

Դասի այս վերջին հատվածում ուսանողները հնարավորություն ունեն արտահայտելու Աստծո նման կատարյալ դառնալու մեր ներուժի մասին իրենց ընկալումը։

Որպես դա անելու եղանակներից մեկը, նրանք կարող են կարդալ հարցերից ու մտահոգություններից մի քանիսը, որոնք ուսանողներն ավելի վաղ դասի ընթացքում գրել են։ Հնարավորություն տվեք ուսանողներին կիսվելու, թե իրենց սովորածն ինչպես կարող են կիրառել յուրաքանչյուր հարցի կամ մտահոգության համար։

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ձեր հաջորդ երիտասարդների միջոցառման ժամանակ երկուսից երեք րոպե տևողությամբ հոգևոր միտք արտահայտել։ Ձեր ղեկավարները խնդրում են ձեզ կիսվել ձեր մտքերով այն մասին, թե 3 Նեփի 12.48 հատվածի ուսմունքն ինչու պետք է մեզ հույս տա։ Գրի առեք ձեր մտքերը: Ներառեք հետևյալ հարցերի պատասխանները․

  • Ի՞նչ է նշանակում դառնալ կատարյալ։ Դա ի՞նչ չի նշանակում։

  • Ինչպե՞ս է այն, ինչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, հուսադրում ձեզ, որ կդառնաք Նրանց նման։

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ յուրաքանչյուր ուսանող որպես Աստծո զավակ իր ինքնությունն ունի և ներուժ՝ նմանվելու մեր Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, ժամանակի ընթացքում և Նրանց օգնությամբ։