Եկ, հետևիր ինձ 2024
Ինչպես օգտագործել «Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար» ձեռնարկը


«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար ձեռնարկը», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար ձեռնարկը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար. 2024

Նկար
ընտանիքը սուրբ գրություններ է ուսումնասիրում

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար ձեռնարկը

Ո՞ւմ համար է այս նյութը

Այս նյութը նրանց համար է, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Մորմոնի Գիրքը՝ անհատապես, ընտանիքով կամ Եկեղեցու դասերին: Եթե նախկինում կանոնավոր չեք ուսումնասիրել սուրբ գրությունները, ապա այս ուսուցողական նյութը կարող է օգնել ձեզ սկսել ուսումնասիրությունը: Եթե դուք արդեն ունեք սուրբ գրությունների ուսումնասիրության լավ սովորությունը, այս նյութը կօգնի ձեզ ունենալ ավելի իմաստալից փորձառություն:

Անհատներ և ընտանիքներ՝ ուսումնասիրություն տանը

Տունը իդեալական վայր է ավետարանը ուսումնասիրելու համար: Եկեղեցու ձեր ուսուցիչները կարող են աջակցել ձեզ, և դուք կարող եք խրախուսանք ստանալ ծխի մյուս անդամների կողմից: Բայց հոգևորապես գոյատևելու համար դուք և ձեր ընտանիքը «Աստծո բարի խոսքով» ամեն օր սնվելու կարիք ունեք (Մորոնի 6.4, տես նաև Ռասսել Մ․ Նելսոն «Ներածական ելույթ», Լիահոնա, նոյ. 2018 թ․, 6–8)։

Օգտագործեք այս նյութը ձեզ համար օգտակար ցանկացած եղանակով: Ծրագրերն առանձնացնում են Մորմոնի Գրքի մի քանի հավերժական ճշմարտություն և առաջարկում են գաղափարներ և վարժություններ որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել սուրբ գրությունները անհատապես, ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Ուսումնասիրելիս հետևեք Հոգու առաջնորդությանը, որպեսզի գտնեք հավերժական ճշմարտություններ, որոնք կարևոր են ձեզ համար: Փնտրեք Աստծո ուղերձները ձեզ համար և հետևեք ձեր ստացած հուշումներին:

Ուսուցիչներ և սովորողներ՝ ուսումնասիրություն Եկեղեցում

Եթե դուք ուսուցանում եք Երեխաների միության դասարանում, Պատանիների և մեծահասակների կիրակնօրյա դպրոցի դասարանում, Ահարոնյան քահանայության քվորումում կամ Երիտասարդ կանանց դասարանում, ապա ուսուցանելուն պատրաստվելիս ձեզ առաջարկվում է օգտագործել այս ձեռնարկի ծրագրերը: Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար ձեռնարկը ձեր կիրակնօրյա դասարանի ուսումնական ծրագիրն է։ Այս ձեռնարկում տրված ուսումնասիրության գաղափարները նախատեսված են տանը և եկեղեցում ուսումնասիրելու համար: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրություններում ձեր ունեցած անձնական փորձառություններից։ Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ հետազոտեք սուրբ գրությունները և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը: Փնտրեք հավերժական ճշմարտություններ, որոնք օգնում են ձեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկը կարող է օգնել ձեզ բացահայտել այդ ճշմարտություններից մի քանիսը և հասկանալ սուրբ գրությունների համատեքստը:

Նկատի ունեցեք, որ ավետարանի ուսումնասիրության լավագույն եղանակը տնային ուսումնասիրությունն է՝ Եկեղեցու աջակցությամբ: Այլ կերպ ասած, ձեր հիմնական պարտականությունն է աջակցել այն մարդկանց, ում ուսուցանում եք՝ ավետարանը տանը ուսումնասիրելու և ավետարանով ապրելու իրենց ջանքերում։ Նրանց հնարավորություն տվեք կիսվելու սուրբ գրությունների հատվածների վերաբերյալ իրենց փորձառություններով, մտքերով և հարցերով: Առաջարկեք նրանց կիսվել իրենց գտած հավերժական ճշմարտություններով։ Սա ավելի կարևոր է, քան որոշակի քանակությամբ նյութ ընդգրկելը:

Երեխաների միություն

Երեխաների միության դասարանում ուսուցանելու համար ձեր նախապատրաստությունը սկսվում է Մորմոնի Գիրքի ձեր ուսումնասիրությունից՝ անհատապես և ձեր ընտանիքի հետ: Ընդ որում, բաց եղեք Սուրբ Հոգուց եկող՝ Երեխաների միության ձեր դասարանի երեխաների վերաբերյալ հոգևոր տպավորությունների և գաղափարների համար։ Աղոթեք և Հոգին կարող է ոգեշնչել ձեզ գաղափարներով, որոնք կօգնեն նրանց սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշնչում՝ ուսումնասիրելով այս ձեռնարկում պարունակվող ուսուցման գաղափարները: Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար ձեռնարկում յուրաքանչյուր ծրագիր պարունակում է «Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար» բաժինը: Ընկալեք այս գաղափարները որպես առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ ոգեշնչվել: Դուք ճանաչում եք Երեխաների միության ձեր դասարանի երեխաներին և կճանաչեք նրանց ավելի լավ, երբ դասարանում շփվեք նրանց հետ։ Աստված նույնպես ճանաչում է նրանց, և Նա կոգեշնչի ձեզ, որպեսզի դուք լավագույն եղանակներով ուսուցանեք և օրհնեք նրանց։

Հնարավոր է, որ ձեր դասարանի երեխաներն իրենց ընտանիքների հետ արդեն կատարած լինեն Եկ, հետևիր ինձ ձեռնարկի որոշ վարժություններ: Դա լավ է: Կրկնությունն օգտակար է։ Կարող եք առաջարկել երեխաներին կիսվել միմյանց հետ, թե ինչ են սովորել տանը, թեև դուք պետք է նաև նախատեսեք եղանակներ երեխաների մասնակցության համար՝ նույնիսկ եթե նրանք տանը չեն սովորում: Երեխաներն ավելի արդյունավետ են սովորում ավետարանի ճշմարտությունները, երբ այդ ճշմարտություններն ուսուցանվում են հաճախակի և զանազան վարժությունների միջոցով: Եթե զգում եք, որ ուսումնական վարժություններից մեկն արդյունավետ է երեխաների համար, կարող եք կրկնել այն, հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին: Նաև կարող եք վերանայել նախորդ դասի վարժությունը:

Այն ամիսներին, որոնք ունեն հինգ կիրակի, Երեխաների միության ուսուցիչներին առաջարկվում է փոխարինել հինգերորդ կիրակի օրը նախատեսված Եկ, հետևիր ինձ ծրագիրը այս ուսումնական վարժություններից մեկով կամ մի քանիսով «Հավելված Բ. Երեխաների միության համար․ Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում»։

Երիտասարդների և մեծահասակների կիրակնօրյա դպրոցի դասարաններ

Կիրակնօրյա դպրոցի դասարաններում մեր հավաքվելու հիմնական պատճառներից մեկը միմյանց աջակցելն ու քաջալերելն է՝ Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ձգտման մեջ։ Դա անելու պարզ միջոց է նմանատիպ հարց տալը․ «Ի՞նչ է Սուրբ Հոգին ուսուցանել ձեզ այս շաբաթ, երբ դուք ուսումնասիրում էիք Մորմոնի Գիրքը Եկ, հետևիր ինձ ձեռնարկի միջոցով: Այս հարցի պատասխանները կարող են հանգեցնել բովանդակալից քննարկումների, որոնք ամրացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:

Այնուհետև կարող եք նախաձեռնել քննարկում՝ հիմնվելով Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ուսումնական առաջարկների վրա։ Օրինակ՝ ուսումնական առաջարկի գաղափար կարող է լինել հետևյալը․ ուսումնասիրել Ալմա 36 գլուխը և կազմել այն բառերի ցանկը, որոնք ուսուցանում են ապաշխարության մեջ Փրկչի դերի մասին: Կարող եք խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց գտած բառերով և խոսել դրանց մասին: Կամ կարող եք որոշ ժամանակ հատկացնել այդ ցանկը միասին դասարանով կազմելու համար:

Ահարոնյան քահանայության քվորումները և Երիտասարդ կանանց դասարանները

Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների կիրակնօրյա ժողովների նպատակը որոշ չափով տարբերվում է Կիրակնօրյա դպրոցի դասարանների նպատակից: Բացի Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսումնասիրելու հարցում միմյանց օգնելուց, այս խմբերը նաև ժողովներ են անցկացնում, որպեսզի միասին խորհրդակցեն փրկության և վեհացման աշխատանքի իրականացման մասին (տես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.2)։ Նրանք դա անում են դասարանների և քվորումների նախագահությունների ղեկավարությամբ:

Այդ պատճառով քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր ժողով պետք է սկսվի ջանքերի քննարկումից, որը ղեկավարում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամը, օրինակ՝ դա կարող է լինել քննարկում ավետարանով ապրելու, կարիքավոր մարդկանց ծառայելու, ավետարանով կիսվելու կամ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու ջանքերի մասին։

Միասին խորհրդակցելու համար հատկացված ժամանակից հետո ուսուցիչը ղեկավարում է դասարանով կամ քվորումով ավետարանի ուսումնասիրման գործընթացը: Ուսուցանելու հանձնարարություն կարող է տրվել դասարանի կամ քվորումի չափահաս ղեկավարներին կամ անդամներին։ Ուսուցանելու հանձնարարությունը տալիս է դասարանի կամ քվորումի նախագահությունը՝ խորհրդակցելով չափահաս ղեկավարների հետ։

Ուսուցանելու հանձնարարություն ստացած մարդիկ պետք է նախապատրաստվեն՝ օգտագործելով Եկ, հետևիր ինձ ձեռնարկի շաբաթական ծրագրի ուսումնական առաջարկները։ Յուրաքանչյուր ծրագրում այս պատկերակը ցույց է տալիս վարժություն, որը նախատեսված է հատկապես երիտասարդների համար: Սակայն ծրագրում ներկայացված առաջարկներից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել որպես ուսումնական վարժություն երիտասարդների համար։

Քվորումների և դասարանների ժողովների օրակարգի օրինակը տես հավելված Դ-ում։

Տպել