Եկ, հետևիր ինձ 2024
Նոյեմբերի 18-24-ը․ «Որպեսզի չարիքը վերանա» Եթեր 6-11


«Նոյեմբերի 18-24-ը․ «Որպեսզի չարիքը վերանա» Եթեր 6-11», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Նոյեմբերի 18-24-ը։ Եթեր 6-11», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Հարեդացիների բեռնանավերը ծովի վրա

Ես ձեզ կրկին դուրս կբերեմ ծովի խորքերից, Ջոնաթան Արթուր Քլարկ

Նոյեմբերի 18-24-ը․ «Որպեսզի չարիքը վերանա»

Եթեր 6-11

Հարեդացիների կործանումից հարյուրավոր տարիներ անց նեփիացիները հայտնաբերեցին իրենց անհետացած քաղաքակրթության ավերակները: Այդ ավերակների թվում կար մի առեղծվածային հիշատակարան՝ «մաքուր ոսկուց» թիթեղներ, որոնք «լցված էին փորագրություններով», և նեփիացիները «անչափ ցանկանում էին» կարդալ այն (Մոսիա 8.9; 28.12)։ Ներկայումս դուք ունեք այս հիշատակարանի կրճատ տարբերակը, և այն կոչվում է Եթերի գիրք։ Երբ նեփիացիները կարդացին այն, «նրանք վշտով լցվեցին»՝ իմանալով հարեդացիների ողբերգական անկման մասին: «Այնուամենայնիվ, հիշատակարանի շնորհիվ նրանք մեծ գիտելիք ստացան, ինչը նրանց ուրախություն պարգևեց» (Մոսիա 28.12, 18)։ Դուք նույնպես կարող եք վշտագին պահեր գտնել այդ գրքում: Բայց դուք կարող եք նաև ուրախանալ գիտելիքի այդ պարգևով: Մորոնին գրել է․ «Աստծո իմաստությամբ է, որ այս բաները պիտի ցույց տրվեն ձեզ ․․․ որպեսզի չարիքը վերանա, և որպեսզի գա այն ժամանակը, երբ Սատանան իշխանություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա» (Եթեր 8.26

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Եթեր 6.1–12

Տերը կառաջնորդի ինձ մահկանացու կյանքի իմ ճամփորդության ընթացքում

Դուք կարող եք գտնել հոգևոր մտքեր, եթե հարեդացիների ճամփորդությունը օվկիանոսով համեմատեք ձեր կյանքի ճամփորդության հետ: Օրինակ՝ Տերը ի՞նչ է տվել ձեզ, որը լուսավորում է ձեր ճանապարհը, ինչպես քարերը հարեդացիների նավերում: Նավերը ի՞նչ կարող են ներկայացնել, կամ քամին, որը «երբեք չդադարեց փչել խոստացված երկրի ուղղությամբ» (Եթեր 6.8)։ Ի՞նչ եք սովորում հարեդացիների գործողություններից՝ ճամփորդությունից առաջ, ճամփորդության ընթացքում և դրանից հետո: Տերն ինչպե՞ս է առաջնորդում ձեզ դեպի ձեր խոստումի երկիրը:

«Երգելով փառաբանեք Տիրոջը» Իրենց երախտագիտությունն ու սերը առ Աստված հարեդացիներն արտահայտում էին երգի և փառաբանման միջոցով (տես Եթեր 6.9)։ Դուք կարող եք փնտրել կամ ստեղծել հնարավորություններ՝ օգտագործելու երաժշտությունը և անկեղծ վկայությունը՝ տանը և եկեղեցում Աստծուն փառաբանելու համար: Տեղին կլիներ երգել փառաբանման օրհներգ, օրինակ՝ «Փառաբանեք Տիրոջը սրտով և ձայնով» (Հիմներ, հմր. 73), երբ ուսումնասիրում եք Եթեր 6.1–12 հատվածները։

Նկար
Հարեդացիների ընտանիքն իր նավի մեջ

Երեխան նավի վրա, Քենդալ Ռեյ Ջոնսոն

Եթեր 6.5–18, 30, 9.28–35, 10.1–2

«Խոնարհաբար քայլեք Տիրոջ առաջ»

Չնայած հպարտությունն ու ամբարշտությունը, կարծես, գերիշխում են հարեդացիների պատմության մեջ, այս գլուխներում կան նաև խոնարհության օրինակներ, հատկապես՝ Եթեր 6.5–18, 30, 9.28–35 և 10.1–2-ում: Խորհելով հետևյալ հարցերի շուրջ՝ կարող եք սովորել այս օրինակներից. հարեդացիներն ինչո՞ւ էին խոնարհ դառնում այդ իրավիճակներում: Ինչպե՞ս էին նրանք դրսևորում իրենց խոնարհությունը: Դրա համար Աստված ինչպե՞ս օրհնեց նրանց: Մտածեք, թե դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի պատրաստակամ «խոնարհաբար քայլ[եք] Տիրոջ առաջ» (Եթեր 6.17), հարկադրված խոնարհություն դրսևորելու փոխարեն (տես Մոսիա 4.11–12, Ալմա 32.14–18):

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ․ «Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ», Լիահոնա, նոյ․ 2020 թ․, 109-12։

Եթեր 7–11

Նկար
սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ դառնալ Քրիստոսանման առաջնորդ

Եթերի գրքի 7-11-րդ գլուխները ընդգրկում են առնվազն 28 սերնդի պատմություն: Չնայած քիչ մանրամասներ կարող են տրվել այդպիսի փոքր տեղում, սակայն ակնհայտ դրսևորվում է արդար առաջնորդության և ամբարիշտ առաջնորդության հետևանքների օրինաչափությունը։ Առաջնորդության մասին ի՞նչ եք սովորում ստորև թվարկված թագավորների՝ բացասական և դրական օրինակներից։

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը առաջնորդության մասին օգտակար խորհուրդ է տվել իր՝ «Ամենամեծը ձեզնից» ուղերձում (Լիահոնա, մայիս 2017 թ․, 78–81)։ Ուսումնասիրեք այս ուղերձը, հատկապես այն պատմությունները, որոնք նա պատմում է, և փնտրեք Քրիստոսանման առաջնորդության սկզբունքներ կամ օրինակներ: Ե՞րբ եք տեսել այս սկզբունքները կամ օրինաչափությունները՝ առաջնորդող մարդկանց մոտ դրսևորվելիս:

Կարդալիս մտածեք այն հնարավորությունների մասին, որ դուք ունեք, որպեսզի առաջնորդեք կամ ազդեցություն ունենաք ուրիշների վրա ձեր տանը, համայնքում, Եկեղեցու ձեր կոչումներում և այլն: Ինչպե՞ս կարող եք զարգացնել Քրիստոսանման առաջնորդության հատկանիշներ, նույնիսկ եթե չունեք առաջնորդման որոշակի հանձնարարություն:

Տես նաև Ավետարանական թեմաներ․ «Ծառայել Եկեղեցու կոչումներում», Gospel Library, «Առաջնորդության սկզբունքները Եկեղեցում», Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 4.2 (ChurchofJesusChrist.org

Եթեր 8.7-26

Տերը չի գործում խավարի մեջ

Երբ մարդիկ համաձայնության են գալիս գաղտնի պահել իրենց ամբարիշտ արարքները, նրանք ընդգրկվում են գաղտնի խմբակցության մեջ: Ի լրումն Եթեր 8.7–18 հատվածներում նկարագրված գաղտնի խմբակցությունների՝ այլ օրինակներ կարելի է գտնել Հելաման 1.9–12, 2.2–11, 6.16–30 և Մովսես 5.29–33 հատվածներում: Կարող եք այս հատվածները հակադրել 2 Նեփի 26.22–24 հատվածներին, որտեղ Նեփին նկարագրում է, թե ինչպես է Տերը կատարում Իր աշխատանքը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մորոնիին պատվիրվեց գրել այն, ինչ նա արել էր գաղտնի խմբակցությունների վերաբերյալ:

Ի՞նչ սովորեցիք Եթերի գրքից, որը կարող է օգնել ձեզ ձեռք բերել Եթեր 8.26-ում նկարագրված օրհնությունները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Եթեր 6.1–12

Ես կարող եմ վստահել Երկնային Հորը՝ նա կմխիթարի ինձ, երբ ես վախեցած եմ

  • Բոլորն էլ դժվար օրեր են ունենում, նույնիսկ փոքր երեխաները: Օգնեք ձեր երեխաներին Եթեր 6.1–12 հատվածներում գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էին հարեդացիները վստահում Աստծուն իրապես ծանր ու սարսափելի օրերին: Կարող եք միմյանց հետ կիսվել ձեր փորձառություններով, երբ Աստված օգնել է ձեզ կյանքի դժվար պահերին:

Եթեր 6.9, 12, 30, 7.27, 10.2

Տիրոջ կատարած գործերը հիշելը երախտագիտություն և խաղաղություն է բերում

  • Ապահով հասնելով խոստումի երկիր, հարեդացիներն այնքան շնորհակալ էին, որ նրանք «ուրախության արցունքներ թափեցին» (Եթեր 6.12)։ Դուք կարող եք ոգեշնչել ձեր երեխաներին երախտապարտ լինել Աստծո օրհնությունների համար՝ օգնելով նրանց Եթեր 6.9, 12 հատվածներում գտնել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էին հարեդացիներն արտահայտում իրենց երախտագիտությունն Աստծո նկատմամբ։ Ինչպես հարեդացիները, նրանք կարող են երգել մի երգ, որը երախտագիտություն է արտահայտում «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» ( երգարան, 195)։ Խնդրեք ձեր երեխաներին ասել ձեզ մի քանի բան, որոնց համար նրանք երախտապարտ են։

  • Ձեր երեխաները կարող են կարդալ Եթեր 6.30, 7.27 և 10.2 հատվածները և գտնել, թե ինչ էին հիշում այդ արդար թագավորները: Ինչպե՞ս էր դա ազդում իրենց ժողովրդին առաջնորդելու եղանակի վրա: Դուք և ձեր երեխաները կարող եք քննարկել եղանակներ՝ հիշեցնելու ինքներդ ձեզ, թե ինչ է Աստված արել ձեզ համար: Օրինակ՝ երեխաները կարող են գրել այդ մասին կամ նկարել: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք սովորություն դարձնեն և կանոնավոր կերպով գրի առնեն այն օրհնությունները, որոնք նկատում են Աստծուց (տես «Օ հիշեք, հիշեք» [տեսանյութ], Gospel Library):

Եթեր 7.24–27

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ Աստծո մարգարեին

  • Դուք և ձեր երեխաները դերախաղով կարող եք ներկայացնել որոշ բաներ, որ մարգարեն ուսուցանել է մեզ անել: Դուք նույնիսկ կարող եք դա վերածել խաղի, որտեղ դուք կռահում եք, թե ինչ են նշանակում գործողությունները: Դա կարող է պատրաստել ձեր երեխաներին՝ քննարկելու, թե ինչու է կարևոր հետևել Աստծո մարգարեին: Այնուհետև կարող եք կարդալ Եթեր 7.24–27 հատվածները՝ իմանալու համար, թե ինչ տեղի ունեցավ, երբ մարդիկ հնազանդվեցին Աստծո մարգարեին: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում՝ հետևելով մարգարեին այսօր։

Եթեր 9.28–35, 11.5–8

Տերը ողորմած է, երբ ես ապաշխարում եմ

  • Օրինաչափություններ փնտրելը սուրբ գրությունների ուսումնասիրության օգտակար հմտություն է: Եթերի գիրքը պարունակում է կրկնվող օրինաչափություն, որն ընդգծում է Տիրոջ ողորմածությունը: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին գտնել այդ օրինաչափությունը, առաջարկեք նրանց կարդալ Եթեր 9.28–35 և Եթեր 11.5–8 հատվածները՝ փնտրելով նմանություններ այդ երկու պատմության միջև: Ի՞նչ ենք սովորում այս պատմություններից: Ավետարանի պատկերագրքում նրանք կարող են փնտրել սուրբ գրությունների այլ մարդկանց նկարներ, որոնք ապաշխարեցին և ներվեցին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Հարեդացիների բեռնանավերը ծովի վրա

Հարեդացիների նավերը, նկարի հեղինակ՝ Գարի Էռնեստ Սմիթ

Տպել