«Օգոստոսի 18-24. «Խոստումով սկզբունք»․ Վարդապետություն և Ուխտեր 89-92», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 89-92», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Օգոստոսի 18-24. «Խոստումով սկզբունք»
Վարդապետություն և Ուխտեր 89-92
Մարգարեների դպրոցում Մարգարե Ջոզեֆ Սմիթը Իսրայելի երեցներին ուսուցանեց, թե ինչպես կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա: Նրանք քննարկում էին հոգևոր ճշմարտություններ, աղոթում էին միասին, ծոմ էին պահում և պատրաստվում էին քարոզելու ավետարանը: Բայց ինչ-որ բան կար՝ ժողովների մթնոլորտի հետ կապված, որը կարող է տարօրինակ թվալ նաև այսօր, և Էմմային նույնպես, թվում էր, որ ճիշտ չէր: Ժողովների ժամանակ տղամարդիկ ծխում էին և ծխախոտ ծամում, որն այդ ժամանակի համար սովորական բան էր, բայց այն սև բծեր էր թողնում փայտե հատակին և սուր հոտ՝ օդում: Էմման իր մտահոգություններով կիսվեց Ջոզեֆի հետ, իսկ Ջոզեֆը հարցրեց Տիրոջը: Նրա պատասխանը հայտնությունն էր, որն ավելին էր, քան ծուխը և ծխախոտի սև բծերը: Այն Սրբերին և նրանց գալիք սերունդներին տվեց «խոստումով սկզբունք»՝ ֆիզիկական առողջության, «իմաստություն և գիտության մեծ գանձեր»-ի խոստումներ (Վարդապետություն և Ուխտերի 89.3, 19):
Տես նաև Սրբերը, 1․166-68։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Տերն ինձ տվեց Իմաստության Խոսքը, որպեսզի օգնի ինձ առողջ լինել մարմնով և հոգով
Երբ Մարգարեների դպրոցի երեցները լսեցին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը կարդում Իմաստության Խոսքը, նրանք անմիջապես «կրակի մեջ նետեցին իրենց ծխամորճներն ու ծամելու ծխախոտի չափաբաժինները» (Սրբերը, 1․168): Նրանք ցանկանում էին ցույց տալ Տիրոջը հնազանդվելու իրենց պատրաստակամությունը: Հավանաբար դուք արդեն ձեր կյանքից «նետել եք» այն նյութերը, որոնց դեմ զգուշացնում է Իմաստության Խոսքը, բայց դուք ուրիշ ի՞նչ կարող եք սովորել այս հայտնությունից: Դիտարկեք հետևյալ գաղափարները.
-
Մտածեք հայտնության մասին որպես «խոստումով սկզբունքի» (հատված 3). դրանք հարատև ճշմարտություններ են, որոնք ղեկավարում են որոշման կայացումը։ Ի՞նչ սկզբունքներ եք գտնում, որոնք կարող են ղեկավարել ձեր որոշումները։ Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստանում (տես հատվածներ 18-21)։ Ինչպե՞ս է Նա իրականացրել այդ խոստումները ձեր կյանքում:
-
Իմաստնության խոսքի հետ կապված ի՞նչ օրինակներ եք տեսել «չարիքների և դավադրությունների … դավադիր մարդկանց սրտերում» (հատված 4): Բացի այս հայտնությունից, ի՞նչ է տվել Տերը, որպեսզի օգնի ձեզ խուսափել կամ հաղթահարել այդ չարիքները:
-
Այս հայտնությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին: Ինչպե՞ս է Իմաստության խոսքը առնչվում Վարդապետություն և Ուխտեր 29.34–35 հատվածներին։
-
Ի՞նչ հուշումներ եք ստանում՝ ձեր մարմնի մասին ավելի լավ հոգ տանելու համար:
Հնարավոր է, որ դուք հնարավորություններ եք ունեցել բացատրելու ուրիշներին, թե ինչու եք ապրում Իմաստության խոսքով, և կարող եք ավելի շատ հնարավորություններ ունենալ ապագայում: Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել այս հնարավորությունները՝ վկայելու Փրկչի, մեր մարմինների սրբության և այլ հոգևոր ճշմարտությունների մասին: Գաղափարների համար տե՛ս «Ձեր մարմինը սուրբ է», Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար ձեռնարկը, 22–29:
Տես նաև Ա Կորնթացիս 6․19–20, Թոմաս Ս. Մոնսոն, «Սկզբունքներ և ծոստումներ», Լիահոնա, նոյ. 2016, 78–79, Թեմաներ և հարցեր, «Իմաստնության խոսք», Ավետարանի գրադարան, «Իմաստնության խոսք», Revelations in Context, 183–91, Կախվածություն», «Ֆիզիկական առողջություն», Կյանքի օգնություն, Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 90․1-17
Առաջին Նախագահությունը կրում է «արքայության բանալիները»:
Բաժին 90-ում Տերը հրահանգներ տվեց Ջոզեֆ Սմիթի, Սիդնի Ռիգդոնի և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի «ծառայության և նախագահության» (հատված 12) մասին, որի անդամներն այժմ կոչվում են Առաջին Նախագահություն: Ի՞նչ եք սովորում Առաջին Նախագահության մասին հատվածներ 1-17-ից: Կարող եք վերանայել Առաջին Նախագահության վերջին ուղերձները: Ինչպե՞ս են դրանք «կարգի դնում այս եկեղեցու և արքայության բոլոր գործերը» (հատված 16): Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ դրանք «թեթև բան» չեն մեզ համար (հատված 5)։
Կարող եք երգել կամ կարդալ «Come, Listen to a Prophet’s Voice» (Hymns, no. 21) օրհներգի կամ մեկ ուրիշ երգի բառերը մարգարեների մասին, որոնք առնչվում են այդ հատվածների ուսմունքներին: Ինչպե՞ս է Առաջին Նախագահության ծառայությունը օգնել ձեզ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Վարդապետություն և Ուխտեր 90․24
«Բոլոր բաները միաժամանակ կգործեն [իմ] բարիքի համար»
Խորհեք ձեր ունեցած փորձառությունների շուրջ, որոնք վկայում են Տիրոջ խոստումի մասին Վարդապետություն և Ուխտեր 90.24: Կարող եք գրի առնել այդ փորձառությունները և դրանցով կիսվել ընտանիքի անդամի կամ որևէ սիրելի մարդու հետ, գուցե ինչ-որ մեկի, ով հավաստիացման կամ խրախուսանքի կարիք ունի։ Եթե դուք դեռ սպասում եք որոշ օրհնությունների, խորհեք, թե դուք ինչ կարող եք անել, որ հավատարիմ մնաք, երբ սպասում եք, թե ինչպես «բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»:
Վարդապետություն և Ուխտեր 90․28-31
Ո՞վ էր Վիեննա Հագուեսը
Վիեննա Հագուեսը ծնվել է 1787թ. հունիսի 10-ին Մասաչուսեթսում: Վիեննան, ով հավատքով կին էր և ուներ նշանակալի կարողություն, առաջին անգամ հանդիպեց միսիոներներին 1831թ.: Երբ նա վկայություն ձեռք բերեց, որ նրանց ուղերձը ճշմարիտ էր, ճամփորդեց, որ հանդիպի Մարգարեին Կիրթլենդում (Օհայո), որտեղ էլ մկրտվեց:
Վիեննան հնազանդվեց իրեն ուղղված Տիրոջ խորհրդին Վարդապետություն և Ուխտեր 90.28–31-ում: Նրա նվիրաբերումը Տիրոջը, այդ թվում նաև այն նվիրատվությունները, որոնք նա ավելի վաղ կատարել էր Կիրթլենդում, արվել էին Եկեղեցու համար մի վճռական ժամանակում, երբ ղեկավարները փորձում էին հող գնել Կիրթլենդ Տաճարի կառուցման համար: Իր կյանքի ընթացքում Վիեննան «հավատարիմ է[ր], և … ծույլ» չէր և, ի վերջո, կարողացավ «բնակվել խաղաղությամբ» (հատված 31) Սոլթ Լեյք Հովտում, որտեղ նա մահացավ 96 տարեկանում:
«Հոգին դրսևորում է ճշմարտությունը»
Բոլորս լսում ենք խոսքեր, որոնք պարունակում են «շատ բաներ…որոնք ճշմարիտ են» և «շատ բաներ… որոնք ճշմարիտ չեն» (Վարդապետություն և Ուխտեր 91․1–2): Ի՞նչ խորհուրդներ եք գտնում 91-րդ բաժնում, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ ճշմարտությունը ձեր հանդիպած խոսքերում: Ինչպե՞ս է Հոգին օգնել ձեզ տարբերել ճիշտը սխալից:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Իմաստության խոսքն օգնում է ինձ առողջ լինել մարմնով և հոգով
-
89-րդ բաժինը ներկայացնելու համար գուցե դուք և ձեր երեխաները կարող եք նայել տաճարի նկարին կամ երգել ֆիզիկական առողջության մասին որևէ երգ, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» (Հիմներ, 62), որպեսզի ուսուցանեք, որ մեր մարմինները նման են տաճարների մեր հոգիների համար: Օգնեք ձեր երեխաներին ցույց տալ, թե ինչպես կարող են հոգ տանել իրենց մարմինների մասին:
-
Վարդապետություն և Ուխտեր 89.10–17 հատվածներում գտնվող Տիրոջ պատվիրանների մասին սովորելու համար դուք և ձեր երեխաները կարող եք նկարել կամ նայել լավ բաների նկարները, որոնք մենք կարող ենք ուտել կամ անել մեր մարմինը առողջ պահելու համար (տես նկարը և գործնական աշխատանքի էջը այս շարադրանքի վերջում): Ի՞նչ է Տերը զգուշացրել մեզ չօգտագործել: Ինչո՞ւ է Նա ցանկանում, որ մենք հոգ տանենք մեր մարմինների մասին:
-
Երեց Գարի Ի. Սթիվենսոնը երիտասարդներին խորհուրդ է տվել նախապես ծրագրել, թե ինչ պետք է անեն, երբ ալկոհոլի կամ թմրանյութերի գայթակղություն ունենան: Նա ուսուցանել է. «Դուք կհասկանաք, որ գայթակղությունն ավելի քիչ է վերահսկում ձեզ: Դուք արդեն որոշում կկայացնեք, թե ինչպես արձագանքել և ինչպես վարվել։ Դուք ստիպված չեք լինի ամեն անգամ որոշում կայացնել» («Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը», Լիահոնա, մայիս 2019, 48)։ Վարդապետություն և Ուխտեր 89.4-ը և երեց Սթիվենսոնի հայտարարությունը միասին կարդալուց հետո ձեր երեխաների հետ խորհրդակցեք, թե ինչպես նրանք կարող են որոշել հիմա՝ իրենց կյանքի մնացած ժամանակահատվածում, ապրել Իմաստության խոսքով: Դուք կարող եք օգնել երեխաներին դերախաղով ներկայացնել, թե ինչպես կարձագանքեն, եթե ինչ-որ մեկը, թեկուզ ընկերներից, առաջարկում է նրանց մի բան, ինչը հակառակ է Իմաստության խոսքին: Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ մենք հնազանդվում ենք Իմաստության խոսքին (տես հատվածներ 18–21):
Աստված ինձ մարգարեներ է տալիս, որպեսզի մեզ առաջնորդեն և պաշտպանեն
-
Դուք կարող եք նայել հնագույն մարգարեների նկարներին կամ երգել այնպիսի երգ, ինչպիսին է «Follow the Prophet» (Children’s Songbook, 110–11)։ Ինչպե՞ս է Աստված օրհնել Իր զավակներին Իր մարգարեների միջոցով: Մենք ինչո՞ւ պետք է լսենք Աստծո մարգարեներին (տես Վարդապետություն և Ուխտեր 90.5): Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք նայել ապրող մարգարեի նկարին և կիսվել որոշ բաներով, որոնք Տերն ուսուցանել կամ զգուշացրել է մեզ նրա միջոցով: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել մարգարեին:
Հոգին կօգնի ինձ իմանալ, թե որն է ճշմարիտը
-
Դուք կարող եք ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 91 բաժնի նախադրությունը, որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչու է տրվել այս հայտնությունը: Այնուհետև նրանք կարող են մտածել, թե օրինակ լրատվամիջոցներում ինչպես կարող ենք գտնել «շատ բաներ … որոնք ճշմարիտ են» և «շատ բաներ, որոնք ճշմարիտ չեն» (հատվածներ 1-2): Ի՞նչ են մեզ ուսուցանում 4–6 հատվածները Սուրբ Հոգու մասին: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում մեզ իմանալ, թե որն է ճիշտը։