Ապրիլի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 30-36․ «Դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Ապրիլի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 30-36, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Ապրիլի 5-11-ը
Վարդապետություն և Ուխտեր 30-36
«Դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու»
Սուրբ գրություններում մենք կարող ենք մտքեր գտնել մեր եզակի հանգամանքների համար։ Խնդրեք Տիրոջը, որ օգնի ձեզ Վարդապետություն և Ուխտեր 30–36 բաժիններում գտնել ձեզ համար իմաստալից որևէ ուղերձ։
Գրի առեք ձեր տպավորությունները
Փարլի Պ. Պրատը մոտ մեկ ամսվա Եկեղեցու անդամ էր, երբ կանչվեց «անապատ»՝ քարոզելու ավետարանը (Վարդապետություն և Ուխտեր 32․2)։ Թոմաս Բ․ Մարշն ավելի ուշ էր միացել Եկեղեցուն, երբ նրան ասացին՝ «քո առաքելության ժամը եկել է» (Վարդապետություն և Ուխտեր 31․3)։ Օրսոն Պրատը, Էդվարդ Պատրիջը և շատ շատերը նույն ձևով նոր մկրտված անդամներ էին, երբ նրանց միսիայի կանչը եկավ։ Գուցե դա անհրաժեշտություն էր 1830 թվականի աշնանը, երբ ոչ-ոք վեց ամսից ավել Եկեղեցու անդամ չէր եղել։ Սակայն այդ օրինաչափությունը ուսուցանող է այսօր․ եթե բավականաչափ գիտես՝ վերականգնված ավետարանը մկրտությամբ ընդունելու համար, ապա դուք գիտես բավականաչափ՝ ուրիշների հետ կիսվելու համար։ Իհարկե, մենք միշտ ցանկանում ենք մեծացնել ավետարանի մասին գիտելիքը, սակայն Աստված երբեք չի երկմտել՝ ավետարանը քարոզելու համար կանչել «անուսումներին» (Վարդապետություն և Ուխտեր 35․13)։ Իրականում, Նա հրավիրում է բոլորիս. «Բաց[իր] քո բերանը՝ հայտարարելու իմ ավետարանը» (Վարդապետություն և Ուխտեր 30․5)։ Եվ դա լավագույնս ենք կատարում ոչ թե մեր իմաստության և փորձի շնորհիվ, այլ՝ «Հոգու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 35․13)։
Տես նաև “The Faith and Fall of Thomas Marsh,” “Ezra Thayer: From Skeptic to Believer,” “Orson Pratt’s Call to Serve,” Revelations in Context, 54–69։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 30-36
Ես կանչվել եմ՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը
Անկախ նրանից՝ դուք պաշտոնապես կանչված եք միսիոներ, թե ոչ, Տերը ցանկանում է, որ դուք կիսվեք Նրա ավետարանով, և վաղ շրջանի միսիոներին ուղղված Նրա խոսքերը նույնպես ձեզ համար են։ Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 30–36-ը, գրի առեք, թե ինչ սովորեցիք ավետարանը քարոզելու կանչի մասին։ Կարող եք թվարկել, թե Տերն ինչ է խնդրում Իր միսիոներներից (օրինակ, տես Վարդապետություն և Ուխտեր 30․8) և նաև թվարկել, թե Տերն ինչ է խոստանում նրանց (օրինակ տես Վարդապետություն և Ուխտեր 30․11)։
Ինչպես կարող են այդ հատվածները խրախուսել այնպիսի մեկին, ում ճանաչում եք, և ով ծառայում է կամ պատրաստվում է ծառայել որպես քարոզող կամ եկեղեցական ծառայության միսիայում: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում կիսվել ավետարանով։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 35․13–15, Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, 3 հունիսի, 2018թ․), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org, Սիլվիա Հ․ Ալրեդ, «Գնացեք հետևաբար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 10–12։
Վարդապետություն և Ուխտեր 31․1–2, 5–6, 9, 13
Տերը կօգնի ինձ իմ ընտանեկան հարաբերություններում։
1830-ականների ընտանիքներն ունեին նույն խնդիրները, ինչ ունեն այսօրվա ընտանիքները։ Ի՞նչ առաջնորդություն և խոստում տվեց Տերը Թոմաս Բ․ Մարշին նրա ընտանիքի վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող են Նրա խոսքերն օգնել ձեզ ձեր ընտանեկան հարաբերություններում։
Թոմաս Բ․ Մարշի մասին ավելին իմանալու համար, տես Սրբերը, 1․79–80, 119–20։
Վարդապետություն և Ուխտեր 32, 35
Արդյո՞ք Լամանացիների մեջ կատարած միսիան ձախողում էր:
Երբ Օլիվեր Քաուդերին, Պիտեր Վիթմեր Կրտսերը, Փարլի Պ․Պրատը և Զիբա Պիտերսոնը գնացին քարոզելու ամերիկյան հնդկացիներին Միսսուրիի արևմուտքում, նրանք հավատում էին, որ իրականացնում էին Մորմոնի Գրքի մարգարեություններն այն մասին, որ Լամանացիները ընդունում են ավետարանը վերջին օրերում (օրինակ, տես 1 Նեփի 13․34–41, Ենովս 1․11–18)։ Բայց իրենց առաքելության վերջում, չնայած նրանք որոշակի խմբերի հետ լավ հանդիպումներ ունեցան, նրանք չմկրտեցին գեթ մեկ ամերիկյան հնդկացու: Սակայն Կիրթլենդի (Օհայո) մոտ մկրտեցին հարյուրից ավել մարդկանց, որտեղ նրանք կանգ էին առել Միսսուրիի ճանապարհին։ Այդ նորադարձների թվում էին Եկեղեցու ապագա ազդեցիկ ղեկավարները, ինչպես օրինակ՝ Սիդնի Ռիգոնը, իսկ Կիրթլենդը հետագայում դարձավ Եկեղեցու կարևոր հավաքատեղի: Ի՞նչ է դա ձեզ ուսուցանում այն մասին, թե Տերն ինչպես իրականացնում Իր աշխատանքը։
Տես նաև “A Mission to the Lamanites,” Revelations in Context, 45–49։
Վարդապետություն և Ուխտեր 33․12–18
Եթե իմ կյանքը կառուցեմ Փրկիչի ավետարանի վրա, ես չեմ ձախողվի։
Վարդապետություն և Ուխտեր 33 բաժինն ուղղված է երկու նորադարձների՝ Նորթրոփ Սվիթին և Էզրա Թայրին։ Նորթրոփն այդ հայտնությունը ստանալուց շատ չանցած հեռացավ Եկեղեցուց։ Էզրան որոշ ժամանակ հավատարիմ ծառայեց, բայց, ի վերջո, նա նույնպես հեռացավ։ Սա լավ հնարավորություն է, որպեսզի գնահատեք, թե որքան ամուր եք «դուք կառուցվել» ավետարանի «վեմի վրա» (հատված 13)։ Այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել ձեզ հավատարիմ մնալ Փրկիչին։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 30․2։Մենք ինչպե՞ս ենք ընտանիքով կենտրոնանում Աստծո բաների վրա, այլ ոչ թե «երկրային բաների վրա»։
-
Վարդապետություն և Ուխտեր 31Երբ կարդաք Թոմաս Բ․ Մարշին տված Տիրոջ խոստումները նրա ընտանիքի մասին, դուք կարող եք խոսել այն օրհնությունների մասին, որոնք ձեր ընտանիքը կստանա միսիոներական աշխատանքի շնորհիվ։ Կարող եք նաև դրան վերաբերող որևէ օրհներգ երգել, օրինակ «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր» (Հիմներ և մանկական երգեր, էջ 46)։ Ինչպե՞ս է ձեր ընտանիքն օրհնվել՝ ավետարանն ուրիշների հետ կիսվելով։
-
Վարդապետություն և Ուխտեր 33․7-10։Ի՞նչ փոխաբերության միջոցով է Տերն այս հատվածներում նկարագրում ավետարանով կիսվելը։ Ուրիշ ի՞նչ պատկերներ կամ փոխաբերություններ կարող եք մտածել։ Գուցե այդ պատկերները կարող են օգնել ձեր ընտանիքին մտածել ավետարանով կիսվելու ստեղծագործական եղանակների մասին։ Այնուհետև այդ քննարկման արդյունքում կարող եք ծրագիր կազմել ավետարանով կիսվելու վերաբերյալ։ Կարող եք դերախաղի միջոցով որոշ հնարավոր իրավիճակներ փորձել։
-
Վարդապետություն և Ուխտեր 34.10:10-րդ հատվածից որևէ արտահայտություն ընտրեք և հրավիրեք ընտանիքի անդամներից մեկին շշնջալ այն։ Ընտանիքի մյուս անդամները կարող են գուշակել այդ արտահայտությունը։ Ապա խնդրեք ընտանիքի այդ անդամին բարձրաձայն արտասանել արտահայտությունը։ Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչու է Տերը պատվիրում մեզ «բարձրացնել ձայնդ»։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ “I Hope They Call Me on a Mission,” Children’s Songbook, 169։
Վերականգնման ձայները
Վաղ շրջանի նորադարձներ
Նույնիսկ, Եկեղեցու կազմավորումից առաջ Տերը հայտարարել է․ «Արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել» (Վարդապետություն և Ուխտեր 4․4)։ Այդ պնդումն իր ճշմարտացիությունն ապացուցեց հետագա ամիսներին, երբ բազմաթիվ ճշմարտություն որոնողներ, Աստծու Հոգուց առաջնորդվելով, պետք է գտնեին Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցին։
Այս վաղ նորադարձներից շատերը կարևոր նշանակություն ունեցան Վերականգնման հիմքը դնելիս, և նրանց դարձի պատմությունները արժեքավոր են մեզ համար այսօր։ Նրանց ցույց տված հավատքն այն նույն հավատքն էր, որը մեզ անհրաժեշտ է դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի գալու համար։
Էբիգաիլ Քալկինս Լեոնարդ
Երբ Էբիգաիլ Քալկինսը երեսունհինգ տարեկան էր, նա ցանկացավ ներում ստանալ իր մեղքերի համար։ Նա երբեմն կարդում էր Աստվածաշունչը, և Քրիստոնեական եկեղեցիների անդամներ էին այցելում նրա տուն, սակայն նա շփոթված էր եկեղեցիների տարբերությունից։ Նա ասել է․ «Մի առավոտ, ես վերցրի Աստվածաշունչը և գնացի անտառ, որտեղ ծնկի իջա»։ Նա ջերմեռանդ աղոթեց Տիրոջը։ «Անմիջապես մի տեսիլք անցավ աչքերիս առջևով, - ասաց նա, - և տարբեր աղանդավորներ մեկը մյուսի հետևից անցան իմ կողքով, և ձայնը ասաց ինձ. «Սրանք կառուցված են շահի համար»: Այնուհետև, դրանից բացի, ես տեսա մի պայծառ լույս և մի ձայն վերևից բացականչեց. «Ես կբարձրացնեմ մի ժողովուրդ, որին ես կցանկանայի ունենալ և օրհնել»: Կարճ ժամանակ անց Էբիգաիլը լսեց Մորմոնի Գրքի մասին: Չնայած նա դեռևս գրքի օրինակը չուներ, բայց ձգտում էր «իմանալ այս գրքի մասին ճշմարտությունը Սուրբ Հոգու պարգևով և զորությամբ», և նա «անմիջապես զգաց դրա ներկայությունը»: Երբ վերջապես կարողացավ կարդալ Մորմոնի Գիրքը, նա «պատրաստ էր ընդունել այն»: Նա և ամուսինը՝ Լայմանը, մկրտվեցին 1831 թվականին։1
Թոմաս Բ. Մարշ
Թոմաս Բ․ Մարշը երիտասարդ տարիքում ուսումնասիրել է Աստվածաշունչը և միացել Քրիստոնեական եկեղեցու։ Բայց նա դժգոհ էր և վերջապես դուրս եկավ բոլոր եկեղեցիներից։ «Ես մի փոքր մարգարեության հոգի ունեի,- ասել է նա,- և ասացի [կրոնական ղեկավարին], որ ես ակնկալում եմ, որ նոր եկեղեցի կծագի, որը ճշմարտությունը կունենա իր մաքրության մեջ»։ Դրանից հետո Թոմասը հոգևոր հուշում ստացավ թողնել Բոստոնի (Մասաչուսեթս) իր տունը և գնալ արևմուտք։ Արևմտյան Նյու Յորքում երեք ամիս անցկացնելուց հետո և չգտնելով այն, ինչ փնտրում էր, նա պատրաստվեց տուն վերադառնալ։ Ճանապարհին մի կին հարցրեց Թոմասին, թե արդյոք նա լսել է «Ոսկե Գրքի մասին, որը գտել էր Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի»: Գերված այդ մտքից, Թոմասն անմիջապես գնաց Պալմիրա և հանդիպեց Մարտին Հարրիսին տպարանում այն ժամանակ, երբ Մորմոնի Գրքի առաջին 16 էջերը դուրս էին գալիս տպիչից։ Թոմասին թույլ տվեցին վերցնել այդ 16 էջերի օրինակները, և նա բերեց դրանք իր կնոջը՝ Էլիզաբեթին։ «Նա շատ գոհ էր» այդ գրքից, հիշում է նա, «և հավատում էր, որ դա Աստծո գործն է»։ Ավելի ուշ, Թոմասն ու Էլիզաբեթը տեղափոխվեցին Նյու Յորք իրենց երեխաների հետ և մկրտվեցին։2 (Թոմաս Բ․ Մարշի մասին ավելին իմանալու համար, տես Վարդապետություն և Ուխտեր 31։)
Փարլի և Թանկֆուլ Պրատներ
Թոմաս Մարշի նման, Փարլի և Թանկֆուլ Պրատներն արձագանքեցին հոգևոր շշուկներին և թողեցին Օհայոյի իրենց հարուստ ագարակը՝ ավետարանը քարոզելու մտադրությամբ, ինչպես որ հասկանում էին դա Աստվածաշնչից: Ինչպես Փարլին ավելի ուշ պատմել է իր եղբորը․ «Այս բաների հոգին այնքան ուժեղ էր խրվել իմ մտքում, որ ինձ հանգիստ չէր տալիս»:3 Երբ նրանք հասան արևելյան Նյու Յորք, Փարլին հուշում ստացավ որոշ ժամանակ մնալ տեղում։ Նրանք որոշեցին, որ Թանկֆուլը կշարունակի առանց նրա։ «Ես երկրի այս տարածքում գործ ունեմ անելու, - Փարլին ասաց նրան, - և ինչ է դա, ու թե որքան կտևի, ես չեմ կարող ասել։ Բայց ես կգամ, երբ այն կատարվի»։4 Այդտեղ նա առաջին անգամ լսեց Մորմոնի Գրքի մասին։ «Ես տարօրինակ հետաքրքրություն զգացի այդ գրքի հանդեպ»,- ասել է նա։5 Նա խնդրեց գրքի օրինակը և մեկ գիշերում կարդաց այն։ Առավոտյան նա գիտեր, որ գիրքը ճշմարիտ է, արժևորելով այն «ավելի, քան աշխարհի բոլոր հարստությունները»։6 Մի քանի օր անց Փարլին մկրտվեց։ Այնուհետև նա վերադարձավ Թանկֆուլի մոտ, ով նույնպես մկրտվեց։ (Փարլի Պ. Պրատի մասին ավելին իմանալու համար տես Վարդապետություն և Ուխտեր 32։)
Սիդնի և Ֆեբե Ռիգդոններ
Նյու Յորքից Միսսուրի միսիա գնալու ճանապարհին Փարլի Պրատը և նրա ընկերները կանգնեցին Մենթորում (Օհայո), Սիդնի և Ֆեբե Ռիգդոնների տանը, որոնք նրա հին ընկերներն էին, և ում Փարլին ճանաչում էր Օհայոյում գտնվելու ժամանակներից։ Սիդնին քրիստոնյա սպասավոր էր, և Պարլին ինչ-որ ժամանակ նրա եկեղեցու անդամ էր ու համարում էր նրան հոգևոր ուսուցիչ: Փարլին ուրախությամբ պատմեց իր ընկերներին Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին: Սիդնին ինքը փնտրում էր Նոր Կտակարանում նկարագրված ճշմարիտ Եկեղեցու վերականգնումը, թեև սկզբում թերահավատորեն էր վերաբերվում Մորմոնի Գրքին: «Բայց ես կկարդամ քո գիրքը, - ասաց նա իր ընկեր Փարլիին, - և կփորձեմ պարզել՝ արդյոք դա հայտնություն է Աստծուց, թե՝ ոչ»:7 Երկու շաբաթ ուսումնասիրելուց և աղոթելուց հետո, նա և Ֆեբեն համոզված էին, որ գիրքը ճշմարիտ է: Բայց Սիդնին նաև գիտեր, որ Եկեղեցուն միանալը մեծ զոհաբերություն կլիներ իր ընտանիքի համար: Նա անպատճառ կկորցներ սպասավորի իր աշխատանքը և իր հասարակական դիրքը համայնքում։ Երբ նա և Ֆեբեն քննարկեցին դա, Ֆեբեն հայտարարեց․ «Ես հաշվել եմ դրա գինը … և իմ ցանկությունն է կատարել Աստծո կամքը՝ գալ դեպի կյանքը, թե գալ դեպի մահը»։8