Հին Կտակարան 2022
Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով


«Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
տանը սուրբ գրություններն ուսումնասիրող մայրն ու երեխան

Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով

Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը ընտանիքով զորեղ միջոց է, որն օգնում է ձեր ընտանիքին սովորել ավետարանը: Կարևոր չէ, թե ինչքան եք կարդում կամ որքան ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը, կարևոր է, որ հաստատուն լինեք ձեր ջանքերում: Երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնեք ձեր ընտանեկան կյանքի կարևոր մասը, կօգնեք ձեր ընտանիքի անդամներին ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և կառուցել վկայությունները Նրա խոսքի հիմքի վրա:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող եք խրախուսել ընտանիքի անդամներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները:

  • Ի՞նչ կարող եք անել, որ խրախուսեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց սովորածով:

  • Ամենօրյա ուսուցման ժամանակ ինչպե՞ս կարող եք շեշտել սկզբունքները, որոնք սովորում եք Հին Կտակարանից:

Հիշե՛ք, որ տունը իդեալական վայր է ավետարանը սովորելու համար: Տանը դուք կարող եք սովորել և ուսուցանել ավետարանն այնպիսի եղանակներով, որոնք հնարավոր չէ կիրառել Եկեղեցու դասերին: Դրսևորեք ստեղծագործական մտածողություն, երբ ուղիներ եք փնտրում՝ օգնելու ձեր ընտանիքին սովորել սուրբ գրքերից: Օգտագործեք հետևյալ գաղափարներից մի քանիսը, որպեսզի ընդլայնեք սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը.

Օգտագործեք երաժշտություն

Երգեք երգեր, որոնք արտահայտում են սուրբ գրություններում ուսուցանվող սկզբունքները: Առաջարկվող օրհներգը կամ մանկական երգը տրվում է յուրաքանչյուր շաբաթվա համառոտ շարադրանքում։ Դուք կարող եք ձեր ընտանիքի անդամներին հարցեր տալ երգի բառերի և արտահայտությունների վերաբերյալ: Բացի երգելուց, ձեր ընտանիքը կարող է կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են երգի հետ, կամ լսել երգը՝ որպես երաժշտական ֆոն, մինչ նրանք այլ գործերով են զբաղված: Լրացուցիչ գաղափարների համար տես «Ավետարանի ձեր ուսումնասիրության մեջ ներառեք հոգևոր երաժշտություն»՝ այս աղբյուրում:

Կիսվեք կարևոր սուրբ գրություններով

Ընտանիքի անդամներին ժամանակ տվեք կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք նրանք կարևոր են համարել իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:

Օգտագործեք ձեր բառերը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ամփոփել իրենց բառերով, որոնք նրանք սովորել են ձեր ուսումնասիրած սուրբ գրություններից:

Նկար
երիտասարդները օգնում են փոքր երեխային կարդալ սուրբ գրությունները

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում

Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել, թե հատվածը որքանո՞վ է կիրառելի նրանց կյանքում:

Տվեք ձեր հարցը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ավետարանին առնչվող որևէ հարց տալ, իսկ հետո փնտրեք հատվածներ, որոնք կարող են օգնել պատասխանել հարցին:

Ցուցադրեք որևէ սուրբ գրություն

Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները կկարողանան հաճախ տեսնել այն։ Հրավիրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել և ցուցադրել որևէ սուրբ գրություն:

Կազմեք սուրբ գրությունների ցուցակ

Ընտանիքով ընտրեք մի քանի հատվածներ, որոնք կկամենայիք քննարկել հաջորդ շաբաթ:

Անգիր սովորեք սուրբ գրությունները

Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որը հատկապես կարևոր է ձեր ընտանիքի համար և հրավիրեք ընտանիքի անդամներին անգիր սովորել՝ կրկնելով այն ամեն օր կամ որևէ հուշող խաղ խաղալով:

Նկար
տանը միասին երգող մարդիկ

Կիսվեք առարկայական դասերով

Գտեք առարկաներ, որոնք առնչվում են ձեզ հանդիպող ավետարանի սկզբունքներին, երբ ընտանիքով կարդում եք սուրբ գրությունները։ Հրավիրեք ընտանիքի անդամներին խոսել այն մասին, թե յուրաքանչյուր առարկան ինչպես է առնչվում սուրբ գրությունների ուսմունքներին:

Ընտրեք որևէ թեմա

Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել որևէ թեմա, որը ընտանիքը կուսումնասիրի միասին: Օգտագործեք Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, կամ Սուրբ գրությունների ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org)՝ այս թեմայի վերաբերյալ սուրբ գրությունների հատվածներ գտնելու համար:

Նկարեք որևէ նկար

Ընտանիքով կարդացեք մի քանի հատվածներ, իսկ հետո ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին՝ նկարելու ինչ-որ բան, որն առնչվում է ձեր կարդացածի հետ: Ժամանակ հատկացրեք՝ քննարկելու միմյանց նկարները:

Բեմադրեք որևէ պատմություն

Պատմությունը կարդալուց հետո հրավիրեք ընտանիքի անդամներին բեմադրել այն: Այնուհետև խոսեք այն մասին, թե պատմությունն ինչպես է առնչվում այն երևույթների հետ, որը դուք զգում եք անհատապես և ընտանիքով:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Ես խոստանում եմ, որ եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի, ժամանակի ընթացքում ձեր հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք։ Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով, իսկ հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա կնվազի։ Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018,113)։

Տպել