Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 19-25-ը: Վարդապետություն և Ուխտեր 81-83. «Ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»


Հուլիսի 19-25-ը: Վարդապետություն և Ուխտեր 81-83. «Ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 19-25-ը: Վարդապետություն և Ուխտեր 81-83, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը, ըստ Հեյնրիխ Հոֆմանի

Հուլիսի 19-25-ը

Վարդապետություն և Ուխտեր 81-83

«Ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»։

Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 81-83 բաժինների հայտնություններն օգնել ձեր դասարանի երեխաներին, որ բարի գործեր անեն իրենց ընտանիքի և ընկերների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել, թե այս շաբաթ ինչով են օգնել որևէ մեկին: Մարդկանց ծառայելով՝ ինչպե՞ս կարող ենք նմանվել մեր Փրկիչին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 81․3

Ես պետք է միշտ աղոթեմ:

Երբ Տերը Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին կանչեց որպես մարգարե Ջոզեֆ Սմիթի խորհրդական, Նա խորհուրդ տվեց Ֆրեդերիկին լինել «հավատարիմ… միշտ աղոթքի մեջ»:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Տիրոջ խորհուրդը՝ լինել «հավատարիմ… միշտ աղոթքի մեջ՝ բարձրաձայն և սրտումդ, հրապարակավ և առանձին» (Վարդապետություն և Ուխտեր 81․3): Բացատրեք, թե ինչ է նշանակում աղոթել սրտում և կիսվեք անձնական փորձով: Օգնեք երեխաներին մտաբերել այն պահերը, երբ նրանք աղոթել են «հրապարակավ և առանձին»:

  • Ուսուցանեք երեխաներին, թե ինչպես աղոթել: Ընդգծեք, որ նրանք կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը իրենց օրհնությունների համար և խնդրել Նրանից այն ամենը, ինչի կարիքը ունեն: Աղոթքի մասին երգը, ինչպես օրինակ՝ «Շնորհակալ եմ Քեզնից, թանկագին Հայր» (Երեխաների Երգարան, 9), կհուշի երեխաներին, թե ինչ ասել իրենց աղոթքներում: Յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տվեք ասելու մի կարճ աղոթք:

  • Խնդրեք երեխաներին մտածել, թե ինչի համար կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը, և ինչ կարող են խնդրել Նրանից: Թող նրանք նկարեն դրանց նկարները և ցույց տան դասարանին:

Վարդապետություն և Ուխտեր 81.5, 82.19

Ես կարող եմ ծառայել իմ շրջապատի մարդկանց:

Երկնային Հայրը գիտի Իր յուրաքանչյուր զավակի կարիքների մասին, և հաճախ Նա օգնում է այլ մարդկանց միջոցով, ինչպես օրինակ՝ ձեր դասարանի երեխաների: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ ուրիշների կարիքները և ծառայել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81.5 հատվածը և օգնեք նրանց հասկանալ հետևյալ արտահայտությունները. «սատարիր թույլերին» և «բարձրացրու ընկած ձեռքերը»: Թույլ տվեք նրանց դերերով ներկայացնել, թե ինչ եղանակներով մենք կարող ենք կատարել այն, ինչ Տերը խնդրում է այս հատվածում: Նկարների կամ տեսանյութերի օգնությամբ պատմեք պարզ պատմություններ, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը ծառայում մարդկանց (տես Ավետարանի պատկերագիրք, համարներ 41, 42, 46, 4755, biblevideos.ChurchofJesusChrist.org): Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին և օգնենք մարդկանց:

  • Երգեք «Զգում եմ սերը Փրկիչի» երգի չորրորդ տունը (Երեխաների Երգարան, 42), կամ ծառայության մասին մեկ այլ երգ: Պատմեք մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկն օգնել է ձեզ զգալ Փրկիչի սերը` ծառայելով ձեզ:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.19 հատվածը, շեշտելով «փնտրելով իր մերձավորի շահը» արտահայտությունը: Բացատրեք, որ սա նշանակում է այնպիսի բաներ անել, որոնք կօգնեն մեր մերձավորներին, այդ թվում՝ մեր ընտանիքի անդամներին: Օգնեք երեխաներին մտածել այնպիսի եղանակներ, որոնցով կարող են այս շաբաթ ծառայել որևէ մեկին:

    տղաները փորում են

    Աստված խնդրում է, որ մենք ծառայենք մարդկանց՝ ցույց տալով մեր սերը Նրա հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 82․10

Աստված խոստանում է օրհնություններ, եթե ես հնազանդվեմ Նրան:

Մեծանալով, երեխաները կարող են մտածել, թե ինչո՞ւ է Աստված մեզ տալիս այդքան պատվիրաններ: Դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Նա պատվիրաններ է տալիս, որպեսզի օրհնի մեզ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել այն պատվիրանների մասին, որոնք Աստված տվել է մեզ (տես, օրինակ, Ելից 20.4-17, Մատթեոս 22.37-39, Վարդապետություն և Ուխտեր 89.5-17): Գրատախտակին նկարեք պատվիրանների հետ կապված նկարներ, որպեսզի երեխաները հասկանան և հիշեն պատվիրանները: Օրինակներ բերեք, թե Աստծո պատվիրաններն ինչպես կարող են օրհնել և պաշտպանել մեզ:

  • Երեխաների համար կարդացեք․ «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ» (Վարդապետություն և Ուխտեր 82․10): Խնդրեք երեխաներին ձեզ հետ կրկնել այս արտահայտությունը մի քանի անգամ, և մտածեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց հիշել այն: Օրինակ, հրավիրեք նրանց ծափ տալ արտահայտության ռիթմին համահունչ: Վկայեք, որ երբ մենք հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, Նա պահում է մեզ տված Իր խոստումները:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 81․3

Ես կարող եմ աղոթել «բարձրաձայն և [իմ] սրտում»:

Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին դիմել Տիրոջը «միշտ աղոթքի մեջ», երբ որևէ բանի կարիք ունեն:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81․3 հատվածը և հարցրեք երեխաներին, թե ինչ է նշանակում աղոթել «սրտումդ»: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք աղոթել եք բարձրաձայն կամ ձեր սրտում, և Տերն օգնել է ձեզ։ Երեխաներին նույնպես խնդրեք, որ կիսվեն իրենց փորձառություններով: Ինչպե՞ս կարող է աղոթքը մեզ մոտեցնել Երկնային Հորը:

  • Երեխաների հետ կարդացեք կամ երգեք որևէ օրհներգ աղոթքի մասին, ինչպես օրինակ. «Աղոթեցի՞ր դու» կամ “Secret Prayer” (Հիմներ, համ. 140, 144): Հրավիրեք երեխաներին արտասանել օրհներգից մի արտահայտություն, որն օգնում է նրանց հասկանալ, թե ինչ է աղոթքը: Նրանց ժամանակ տվեք խորհելու, թե ինչ կարող են անել, որ բարելավեն իրենց աղոթքները, այնուհետև գրեք նրանց գաղափարները:

Վարդապետություն և Ուխտեր 81․5

Աստված ցանկանում է, որ ես ծառայեմ և օգնեմ կարիքավորներին:

Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք ամեն օր կարող են տարբեր եղանակներով ծառայել իրենց ընտանիքի անդամներին, ընկերներին և հարևաններին:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք ձեռքեր և ծնկներ: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81․5 հատվածը և պարզել, թե Տերն ինչ է ասում մարմնի այս մասերի մասին: Դիտեք տեսանյութ՝ “Pass It On” (ChurchofJesusChrist.org), կամ զրուցեք այն մասին, թե երբ եք դուք և երեխաները տեսել մարդկանց, ովքեր ծառայել են միմյանց: Ինչպե՞ս կարող ենք քաջատեղյակ լինել մեր շրջապատի այն մարդկանցից, ովքեր կարիքի մեջ են: Հրավիրեք երեխաներին այս շաբաթ ծառայել գոնե մեկ մարդու: Մարդկանց ծառայելու եղանակների համար երգեք ծառայության մասին մի երգ, օրինակ՝ “Have I Done Any Good?” (Հիմներ, հ. 223):

  • Հրավիրեք երեխաներին հերթով դնել դոմինոյի քարերը մեկը մյուսի հետևից (կամ նմանատիպ այլ առարկաներ) և քարը դնելիս ասել որևէ եղանակ, թե ինչպես կարող են ծառայել մարդկանց: Խնդրեք երեխաներից մեկին գցել դոմինոյի մի քարը և տեսնել, թե ինչպես է այն ազդում մյուս բոլոր քարերի վրա: Ինչպե՞ս կարող է մեր ծառայությունը նմանատիպ ազդեցություն ունենալ մեր շրջապատի մարդկանց վրա: (Տես նաև տեսանյութ՝ “Dominoes,” ChurchofJesusChrist.org): Պատմեք այն մասին, թե ինչ-որ մեկի սիրալիր ծառայությունն ինչպես է մղել ձեզ ծառայել մեկ ուրիշին:

Վարդապետություն և Ուխտեր 82․8-10

Աստված խոստանում է օրհնություններ, եթե ես հնազանդվեմ Նրան:

Երբ երեխաները վստահություն են զարգացնում Աստծո խոստումների հանդեպ, ապա Աստծո պատվիրաններին հնազանդվելու նրանց պատրաստակամությունն ամրապնդվում է:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ նրանք մի ընկեր ունեն, ով կարծում է, որ Աստված չափից շատ պատվիրաններ է տվել: Խնդրեք նրանց Վարդապետություն և Ուխտեր 82․8-10 հատվածներում գտնել պատասխաններ, ինչի շնորհիվ իրենց ընկերը կհասկանա, թե ինչու է Աստված պատվիրաններ տալիս: Կիսվեք, թե ինչպես են Աստծո պատվիրանները օրհնել ձեզ, և հրավիրեք երեխաներին նույնպես կիսվել իրենց մտքերով:

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Երկնային Հոր խոստումները, որոնք տվել է մեզ, դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կարդալ հետևյալ սուրբ գրություններից մեկը. Վարդապետություն և Ուխտեր 1.37-38, 82.10, 130.20-21: Հրավիրեք նրանց ասել, թե ինչ սովորեցին Երկնային Հոր խոստումների մասին: Մեր հնազանդությունն ինչպե՞ս է ազդում այն օրհնությունների վրա, որոնք մենք կարող ենք ստանալ: Օգնեք երեխաներին մտածել օրինակներ իրենց կյանքից կամ սուրբ գրություններից, երբ հնազանդության շնորհիվ Աստված օրհնություններ է տվել:

  • Կիսվեք անձնական փորձառությամբ, հաստատելով Վարդապետություն և Ուխտեր 82.8-10 հատվածներում ուսուցանվող սկզբունքները: Ինչպե՞ս եք սկսել վստահել Տիրոջը և Նրա խոստումներին:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել, թե այս շաբաթ ինչ եղանակով կցանկանային ծառայել իրենց ընտանիքից որևէ մեկին: Հաջորդ շաբաթվա դասի ընթացքում խնդրեք երեխաներին պատմել, թե ինչ են արել:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ավելի լավ սովորել: Ուսուցումը ավելին է, քան պարզապես ճշմարտություն հաղորդելը: Դա նշանակում է՝ օգնել մյուսներին զարգացնել հոգևոր ինքնավստահություն: Երեխաներին պարզապես մի ասեք, թե ինչպես կարող են ծառայել մարդկանց, ցանկալի է խրախուսել, որ մտածեն իրենց սեփական գաղափարների շուրջ: