Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Վարդապետություն և Ուխտեր 84. «Աստվածայնության զորությունը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Վարդապետություն և Ուխտեր 84, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը
Վարդապետություն և Ուխտեր 84
«Աստվածայնության զորությունը»
Վարդապետություն և Ուխտեր 84 բաժինը կարդալիս մտածեք, թե որ ճշմարտությունները կցանկանայիք շեշտել ձեր դասարանի երեխաներին ուսուցանելիս: Գրանցեք գաղափարները, որոնք գալիս են ձեզ Սուրբ Հոգուց:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին կիսվել քահանայության մասին իրենց գիտելիքներով: Կարող եք ցուցադրել քահանայության օրհնություն ստացող մարդու նկար, օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, համարներ 103-110 և հարցնել երեխաներին, թե քահանայությունն ինչպե՞ս է օրհնում ընտանիքները:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 84․19-22, 26-27
Քահանայությունը Աստծո զորությունն է:
Արդյո՞ք երեխաները, ում դուք ուսուցանում եք, գիտեն, թե որոնք են քահանայության նպատակները: Վարդապետություն և Ուխտեր 84 բաժնում Տերը բացահայտում է մի նպատակ, որպեսզի օգնի մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ: (Ավելին իմանալու համար տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Քահանայություն», topics.ChurchofJesusChrist.org):
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.20 հատվածը և խնդրեք երեխաներին ամեն անգամ կանգնել, երբ լսում են «արարողություններ» բառը: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է արարողությունը, ցուցադրեք քահանայության արարողությունների մի քանի նկարներ, ինչպիսիք են՝ Ավետարանի պատկերագիրք, համ. 103-108, և խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Արարողություններ», scriptures.ChurchofJesusChrist.org): Բացատրեք, որ Երկնային Հայրը տվել է մեզ այս արարողությունները, որպեսզի օգնի մեզ վերադառնալ ու ապրել Իր հետ:
-
Թող երեխաները գունավորեն գործնական աշխատանքի էջը: Երբ նրանք գունավորեն, խոսեք էջում պատկերված քահանայության տարբեր արարողությունների մասին, և ինչու եք դուք շնորհակալ այդ արարողությունների համար:
Վարդապետություն և Ուխտեր 84․77
Ես Հիսուսի ընկերն եմ, երբ հետևում եմ Նրան:
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իմանալ, որ Փրկիչը սիրում է մեզ, նույնիսկ առավել, քան մտերիմ բարեկամը:
Հնարավոր վարժություններ
-
Վարդապետություն և Ուխտեր 84․77 հատվածը կարդալիս ցուցադրեք Փրկիչի նկարը: Խնդրեք երեխաներին մատնացույց անել Փրկիչի նկարը՝ ամեն անգամ, երբ լսում են «բարեկամներ» բառը: Բացատրեք, որ երբ մենք փորձում ենք պահել պատվիրանները, ցույց ենք տալիս Հիսուսին, որ սիրում ենք Նրան: Կիսվեք նրանց հետ, թե ինչ է նշանակում ձեզ համար այն միտքը, որ Հիսուսը ձեր բարեկամն է:
-
Օգնեք երեխաներին թվարկել այն բաները, որոնք նրանք կարող են անել, որպեսզի ցույց տան բարեկամներին և ընկերներին իրենց սերը: Ի՞նչ է արել Հիսուսը, որպեսզի ցույց տա, որ Նա մեր բարեկամն է: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք Փրկիչին, որ մենք Նրա բարեկամներն ենք: Միասին երգեք մի երգ Հիսուսի մասին, օրինակ՝ «Հիսուսը մեր սիրող ընկերն է» (Երեխաների Երգարան, 37):
Վարդապետություն և Ուխտեր 84․88
Երկնային Հայրը օգնում է Իր միսիոներներին:
Միսիոներ լինելու գաղափարը որոշ երեխաների համար կարող է հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վախեցնող լինել: Վարդապետություն և Ուխտեր 84․88 հատվածը կուսուցանի նրանց, թե ինչպես է Երկնային Հայրն օգնում նրանց, ում Նա ուղարկում է, որ քարոզեն Իր ավետարանը:
Հնարավոր վարժություններ
-
Քաջալերեք երեխաներին մտածել ծանոթ միսիոներների մասին: Ասեք նրանց, որ Երկնային Հայրը հատուկ խոստում է տվել միսիոներներին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․88 հատվածը և օգնեք երեխաներին մտածել այն գործողությունների մասին, որոնք հնչում են այս հատվածի խոստումներում: Պատմեք մի ժամանակի մասին, երբ դուք ծառայել եք Տիրոջը և զգացել եք, որ Նա ձեզ հետ է, ինչպես նկարագրված է հատված 88-ում:
-
Պատմեք չորս տարեկան տղայի պատմությունը՝ Երեց Տակաշի Վադայի ելույթից՝ «Սնվեք Քրիստոսի խոսքերով», (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 38-40): Օգնեք յուրաքանչյուր երեխայի մտածել, թե ինչպես կարող է բերել իր վկայությունն ինչ-որ մեկի համար, օրինակ՝ կիսվել Հավատո Հանգանակներից որևէ մեկով: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ներկայացնել, թե ինչպես կկիսվի ավետարանով ընկերներից մեկի հետ: Վկայեք, որ Երկնային Հայրն օգնում է մեզ, որ իմանանք, թե ինչ պետք է ասենք, երբ ուրիշների հետ խոսում ենք ավետարանի մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 84․4-5, 18-28, 30
Քահանայության արարողություններն օգնում են ինձ պատրաստվել՝ կրկին ապրելու Երկնային Հոր հետ:
Մեծանալով, ձեր դասարանի երեխաները կկարողանան մասնակցել քահանայության ավելի շատ արարողությունների, ներառյալ՝ մահացածների համար տաճարում կատարվող մկրտություններին ու հաստատումներին: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ քահանայության արարողությունների նպատակներն ու զորությունը:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք Ահարոնյան քահանայություն և Մելքիսեդեկյան Քահանայություն: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.18, 26-28, 30 հատվածները և օգնեք երեխաներին թվարկել, թե ինչ ճշմարտություններ սովորեցին այս հատվածներից Ահարոնյան Քահանայության մասին: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․18-25 հատվածները և թվարկեք ճշմարտություններ Մելքիսեդեկյան Քահանայության մասին:
-
Հրավիրեք երեխաներին թվարկել քահանայության արարողությունները, որոնց մասնակցել են կամ ականատես եղել, օրինակ՝ մկրտություն, հաստատում, քահանայության օրհնություններ կամ հաղորդություն: Խնդրեք նրանց կիսվել այս արարողությունների հետ կապված իրենց փորձառություններով: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.20 հատվածը (օգնեք նրանց հասկանալ անծանոթ բառերը): Տերն ինչո՞ւ է մեզ հրավիրում մասնակցել արարողություններին: Ինչպե՞ս է քահանայությունն օգնում մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ:
-
Տաճարի նկարից գլուխկոտրուկ պատրաստեք: Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.5 հատվածը, և խնդրեք նրանց տեսնել, թե Տերն ինչ պատվիրեց սրբերին կառուցել: Յուրաքանչյուր երեխայի տվեք գլուխկոտրուկի մի կտոր և խնդրեք նրանց կիսվել, թե ինչ կարող են անել, որպեսզի պատրաստվեն մտնել տաճար:
Վարդապետություն և Ուխտեր 84․64-72, 81-88
Տերը պաշտպանում և զորացնում է միսիոներներին:
Այս հատվածները պարունակում են խոստումներ, որոնք Տերը տվել է նրանց, ում կանչել է ավետարանը քարոզելու: Այս խոստումները կարող են նաև ոգեշնչել երեխաներին, որ նրանք ուրիշների հետ կիսվեն Հիսուս Քրիստոսի ավետարանով:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.64-72, 81-88-ից մի քանի հատված: Հրավիրեք նրանց փնտրել խոստումներ, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր կիսվում են ավետարանով: Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց սովորածով: Օգնեք երեխաներին մտաբերել, թե իրենց ծանոթներից կամ սուրբ գրություններից ովքեր են ստացել Տիրոջ օգնությունն ավետարանը քարոզելիս (օրինակ՝ Սամուել Լամանացին [տես Հելաման 13.2-4, 16.6-7] կամ Ամմոնը [տես Ալմա 17.32-38]): Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ դուք զգացել եք Տիրոջ աջակցությունը Նրան ծառայելիս:
-
Դասարան բերեք բաժակներ կամ նմանատիպ այլ տարաներ: Թերթիկների վրա գրեք, թե երեխաներն ինչպես կարող են այժմ միսիոներներ լինել և դրեք դրանք բաժակների մեջ: Բաժակները միասին դրեք հատակին: Հրավիրեք երեխաներին հերթով նետելով գցել մի փոքրիկ առարկա բաժակներից մեկի մեջ, այնուհետև դերախաղով ներկայացնել այն, ինչ գրված է տվյալ բաժակի թերթիկի վրա: Երկնային Հայրն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ ավետարանով կիսվում ենք ուրիշների հետ, նույնիսկ, երբ դա ծանր է մեզ համար կամ նյարդայնացնող:
-
Օգնեք երեխաներին հասկանալ, որ մենք բոլորս Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ենք միսիոներական աշխատանքի շնորհիվ. միսիոներները ուսուցանել են ավետարանը մեզ, մեր ծնողներին կամ մեր նախնիներին: Պատմեք երեխաներին այն մասին, թե ինչպես են միսիոներներն օգնել ձեզ կամ ձեր նախնիներին ստանալ ավետարանը: Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով: Խրախուսեք նրանց հարցնել իրենց ծնողներից, թե ինչպես են իմացել ավետարանի մասին իրենց ընտանիքի Եկեղեցու առաջին անդամները:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին այս շաբաթ ինչ-որ բան անել, որպեսզի ավետարանով կիսվեն իրենց տան անդամի կամ ընկերոջ հետ: Խրախուսեք նրանց խնդրել Երկնային Հոր օգնությունը և տեսնել, թե Նա ինչ է անում իրենց օգնելու համար: