Նոր Կտակարան 2023
Հոկտեմբեր 2-8-ը։ Եփեսացիս․ «Սուրբերի կատարելութեանը համար»


«Հոկտեմբեր 2-8-ը։ Եփեսացիս․ «Սուրբերի կատարելությանը համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հոկտեմբեր 2-8-ը։ Եփեսացիս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

ընտանիքը նայում է լուսանկարներին

Հոկտեմբեր 2-8-ը։

Եփեսացիս

«Սուրբերի կատարելությանը համար»

Եփեսացիներին ուղղված նամակը կարդալիս մտածեք, թե ինչ սկզբունքներ կարող եք շեշտել, որոնք կօրհնեն ձեր ուսուցանած երեխաներին: Գրի առեք մտքերը, որոնք առաջանում են կարդալու ընթացքում։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կանգնել մեկ շարքով: Շարքի առաջին երեխայից սկսած՝ յուրաքանչյուր երեխային հնարավորություն տվեք կիսվելու որևէ նյութով, որը նա վերջերս սովորել է ավետարանի մասին սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ընթացքում, Երեխաների միությունում կամ այլուր:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եփեսացիս 2.19

Եկեղեցու անդամները պետք է լինեն ընկերներ և «համաքաղաքացիներ»

Ձեր դասարանի երեխաները ավելի նման են «օտարների՞», թե՞ «համաքաղաքացիների»՝ միմյանց և ծխի մյուս անդամների հետ շփվելիս։ Օգնեք նրանց հասկանալ, որ թեև մենք տարբեր ենք, Փրկիչն օգնում է մեզ լինել միասնական և սիրել միմյանց։

Հնարավոր վարժություններ

  • Տեղադրեք Փրկիչի նկարը սենյակի կենտրոնում: Հրավիրեք երեխաներին կանգնել սենյակի տարբեր մասերում՝ ներկայացնելով «օտարներին» կամ «օտարականներին»: Օգնեք նրանց հասկանալ, որ այս բառերը նշանակում են մարդիկ, որոնց մենք դեռ չենք ճանաչում: Եփեսացիս 2․19-ը կարդալիս խնդրեք նրանց առաջանալ դեպի Քրիստոսի նկարը՝ մինչև բոլորը մոտենան միմյանց։ Ասացեք նրանց, որ երբ մոտենում ենք Փրկիչին, մենք միավորվում ենք մյուսների հետ՝ որպես ընկերներ կամ «համաքաղաքացիներ»։

  • Գտեք երեխաների նկարներ աշխարհի տարբեր տեղերից և թաքցրեք ամբողջ սենյակում։ Տեղադրեք Փրկիչի նկարը սենյակի դիմացի պատին: Հրավիրեք դասարանի անդամներին զույգեր կազմել միսիոներների նման և հերթով գտնել «օտարականի» նկար ու դնել Փրկիչի նկարի կողքին։ Օգնեք նրանց հասկանալ, որ երբ մարդիկ մկրտվում են, նրանք դառնում են մեր Եկեղեցու ընտանիքի մասը կամ «Աստծո տնից»։ Ինչպե՞ս կարող ենք օգնել որևէ մեկին, ով նոր է եկեղեցում, իրեն ընդունված զգալ։

Եփեսացիս 6․1-3

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հնազանդվեմ իմ ծնողներին

Եփեսացիս 6․1–3-ը կարդալիս մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչու է կարևոր հնազանդվել ծնողներին։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Եփեսացիս 6․1 կամ օգնեք երեխաներից մեկին կարդալ այն։ Օգնեք նրանց հիշել այն պահերը, երբ հնազանդվել են իրենց ծնողներին։ Խնդրեք նրանց պատմել, թե ինչպես են նրանք օրհնվել հնազանդվելու համար և ինչպիսի զգացում են ունեցել, երբ հնազանդվել են: Ինչո՞ւ է կարևոր հնազանդվել մեր ծնողներին:

  • Միասին երգեք մի երգ հնազանդության մասին, օրինակ՝ «Quickly I’ll Obey» (Children’s Songbook, 197)։ Թող երեխաները հերթով նշեն մի բան, ինչ իրենց ծնողները խնդրում են անել, և հրավիրեք նրանց ձևացնել, որ անում են այդ բանը:

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի մկրտության մի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 35) և պատմեք, թե ինչպես Փրկիչը մկրտվելով հնազանդվեց Երկնային Հորը (տես 2 Նեփի 31.6–7): Կիսվեք փորձառությամբ, երբ հնազանդվել եք ձեր ծնողներին և օրհնվել: Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք հնազանդվենք մեր ծնողներին:

Եփեսացիս 6․10-18

Աստծո սպառազինությունը կարող է պաշտպանել ինձ չարից

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ արդար գործելը նման է սպառազինություն կրելուն:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք սպառազինություն հագած անձի նկար, օրինակ՝ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջից կամ այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում: Եփեսացիս 6․10–18-ը ամփոփելիս ցույց տվեք երեխաներին, թե ինչպես են սպառազինության տարբեր տարրերը պաշտպանում մարմնի տարբեր մասերը։ (Sես «Աստծո ողջ սպառազինությունը», Ընկեր, հունիս 2016, 24–25։)

  • Դասարան բերեք մի քանի առարկա, որոնք կարող են ներկայացնել Եփեսացիս 6․14–17-ում նշված սպառազինության մասերը (օրինակ՝ գլխարկ կամ գոգնոց), կամ պարզ սպառազինության մասեր պատրաստեք թղթից։ Թող երեխաները հերթով հագնեն «սպառազինությունը»: Օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես ենք մենք հագնում Աստծո սպառազինությունը (օրինակ՝ երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, ծառայում ենք, աղոթում ենք, հնազանդվում ենք և այլն)։ Քննարկեք, թե այս ամենը ինչպես է մեզ պաշտպանում չարից:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եփեսացիս 2․13–19

Մենք «համաքաղաքացիներ» ենք Աստծո ընտանիքում

Երեխաները ամրանում են, երբ լավ ընկերներ են ունենում ավետարանի մեջ։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ավելի լավ ընկերություն անել իրար հետ:

Երեխաների միության միջոցառում

Մենք «համաքաղաքացիներ» ենք Աստծո Սրբերի հետ։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Եփեսացիս 2․19-ը և քննարկեք, թե ինչ է նշանակում լինել օտարական։ Կիսվեք փորձառությամբ, երբ ձեզ օտար եք զգացել , սակայն ինչ-որ մեկն օգնել է ձեզ ողջունված և ընդունված զգալ։ Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դառնանք «համաքաղաքացիներ», ոչ թե օտարականներ։ Ձեր դասարանում կա՞ն երեխաներ, որոնք հաճախ չեն մասնակցում եկեղեցու ժողովներին, գուցե նրա համար, որ իրենց օտար են զգում։ Օգնեք երեխաներին կազմել ծրագիր, որով կարող են օգնել այդ անդամներին իրենց ընդունված և սիրված զգալ։

  • Որպեսզի օգնեք երեխաներին ամրապնդել միմյանց հետ իրենց հարաբերությունները, գրատախտակին գրեք մի քանի հարց, որոնք կհուշեն նրանց պատմել իրենց մասին, օրինակ՝ Ե՞րբ են ձեր աղոթքները պատասխան ստացել կամ Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը ձեր ընտանիքի հետ։ Երեխաներին բաժանեք զույգերի և խնդրեք միմյանց ուղղել այդ հարցերը։ Մենք ի՞նչ սովորեցինք միմյանց մասին:

Եփեսացիս 6․1-3

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հնազանդվեմ և պատվեմ իմ ծնողներին

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչու է կարևոր հնազանդվել ծնողներին։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին անհատապես կարդալ Եփեսացիս 6․1–3-ը և գտնել այն արտահայտությունները, որոնք դուր են գալիս իրենց։ Հրավիրեք նրանց կիսվել այդ արտահայտություններով և թե ինչու են դրանք կարևոր իրենց համար:

  • Հրավիրեք երեխաներին գտնել և խոսել սուրբ գրություններից մարդկանց օրինակներով, ովքեր հնազանդվում և պատվում էին իրենց ծնողներին, օրինակ՝ Փրկիչը (տես Ղուկաս 2․42–52), Հռութը (տես Հռութ 1) կամ Նեփին (տես 1 Նեփի 3․1–8)։ Ինչո՞ւ է կարևոր հնազանդվել և պատվել մեր ծնողներին։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ, որի վերևում գրված է պատվել բառը։ Քննարկեք, թե ինչ է նշանակում այդ բառը։ Հրավիրեք երեխաներին իրենց թերթիկների վրա գրել կամ նկարել այն, ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ պատվում են իրենց ծնողներին։

Եփեսացիս 6․10-18

Աստծո սպառազինությունը կարող է պաշտպանել ինձ չարից

Եփեսացիս 6․10–18-ը կարդալիս մտածեք երեխաներին հանդիպող հոգևոր վտանգների մասին, և թե ինչպես կարող եք օգնել ամրապնդել երեխաներին՝ դրանց դիմակայելու համար։

Հնարավոր վարժություններ

  • Մինչ երեխաներից մեկը կկարդա Եփեսացիս 6․10–18, խնդրեք մեկ այլ երեխայի գրատախտակին գրել կամ նկարել սպառազինության նշված մասերը։ Ինչո՞ւ է սպառազինությունը կարևոր մարտի ժամանակ: Մենք ինչպե՞ս կարող ենք ամեն օր հագնել հոգևոր սպառազինությունը:

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք նկարել կամ անվանել սպառազինության մասերը, որոնք նկարագրված են Եփեսացիս 6․14–17-ում։ Եթե մենք հագնենք այդ սպառազինության մասերը, ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել չարից: Ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հագնում են Աստծո սպառազինությունը (տես Եփեսացիս 6․13)։ Ի՞նչ է նշանակում «հակառակ կենալ չարության օրումը»։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին այս շաբաթ ուշադիր լինել և նկատել որևէ մեկին, ով կարող է իրեն օտարական զգալ։ Խրախուսեք նրանց անել ինչ-որ բան այդ անձնավորությանն օգնելու համար:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգնեք կրտսեր խմբի երեխաներին սովորել սուրբ գրություններից: Փոքր երեխաները կարող են սովորել սուրբ գրություններից, բայց գուցե կարիք լինի կենտրոնանալ մեկ հատվածի կամ նույնիսկ հիմնական արտահայտության վրա: Կարող եք խնդրել երեխաներին ոտքի կանգնել, երբ նրանք լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)