Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ալմա 23-29․ Նրանք «երբեք չհեռացան», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ալմա 23-29, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը
Ալմա 23-29
Նրանք «երբեք չհեռացան»
Երբ կարդաք Ալմա 23–29-ը, հիշեք՝ որպեսզի օգնեք ուրիշներին սովորել ճշմարտությունները այդ գլուխներում, դուք պետք է ինքներդ ունենաք ճշմարտությունների հետ կապված իմաստալի փորձառություններ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Կարող եք հրավիրել դասարանի անդամներին գրատախտակին գրել հատվածները, որոնք տպավորեցին նրանց իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում: Մի քանի րոպե տրամադրեք` հրավիրելով մի քանի ուսանողի քննարկել մի ճշմարտություն, որն իրենք սովորել են իրենց գրած հատվածներից:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը փոխում է մեր կյանքը:
-
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք բոլորս ձգտում ենք խորացնել մեր դարձը: Հավանաբար Անթի-Նեփի-Լեքիների պատմությունը կարող է խրախուսել ձեր ուսանողներին դարձը խորացնելու իրենց ջանքերում: Գուցե սկսեք՝ գատախտակին գրելով այսպիսի մի հարց. Ի՞նչ է նշանակում դարձի գալ, կամ Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան մարդկանց կյանքում, երբ նրանք դարձի գան: Դասարանի անդամները կարող են պատասխաններ փնտրել հետևյալ հատվածներում. Ալմա 23.6–7, 17–18, 24.17–19, 25.15–16, և 27.26–30: Նրանք կարող են կիսվել գաղափարներով այլ հատվածներից, որոնք իրենք կարդացել են Ալմա 23–25 և 27-ում: Դասարանի անդամները կարող են նաև գտնել օգտակար պատասխաններ այս հարցերին Երեց Ա. Բեդնարի ուղերձում «Դարձ դեպի Տերը» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 106–9, տես նաև «Լրացուցիչ աղբյուրներ»): Իրենց դարձի արդյունքում ի՞նչ փոփոխություններ կատարեցին Անթի-Նեփի-Լեքիները: Ինչպե՞ս է նրանց օրինակը ոգեշնչում մեզ խորացնել դարձը առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:
-
Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել անդամներին թողնել կեղծ ավանդույթները և թաղել իրենց ապստամբության զենքերը, ինչպես Անթի-Նեփի-Լեքիներն արեցին: Միասին վերանայեք Ալմա 23.5–7 հատվածները: Որո՞նք են այն բարի ավանդույթները, որոնք ավետարանն օգնում է մեզ զարգացնել: Լամանացիների «ապստամբության … զենքերը» ի՞նչ կարող են ներկայացնել մեր օրերում: Ինչպե՞ս կարող ենք «թաղել դրանք հողի խորքում» (Ալմա 24․17): Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե իրենք ինչ կեղծ ավանդույթներ կամ ապստամբության զենքեր պետք է ետևում թողնեն, որպեսզի կարողանան լիարժեք ապրել ավետարանով:
Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք ներվել, երբ ապաշխարենք:
-
Եթե հուշում եք զգում դասարանային քննարկում անցկացնել ապաշխարության մասին, Անթի-Նեփի-Լեքիների պատմությունը Ալմա 24-ում ոգեշնչող օրինակ է օգտագործելու համար: Կարող եք հանձնարարել դասարանի յուրաքանչյուր անդամի մի հատված կարդալ Ալմա 24.7–16-ից և խնդրել գրատախտակին գրել մի բան, որ իրենք սովորել են այդ հատվածից ապաշխարության մասին. Ապա նրանք կարող են հետազոտել հետևյալ սուրբ գրությունները` գտնելով լրացուցիչ գաղափարներ ապաշխարության մասին. Եսայիա 53.5–6, 2 Նեփի 2.6–8, և Մոսիա 5.2:
Ավետարանը ուրախություն է բերում:
-
Ալմա 23–29-ում, «ուրախություն» բառը հայտնվում է 24 անգամ, դարձնելով այս գլուխները արժեքավոր՝ սովորելու համար, թե ինչպես է ավետարանով ապրելը և դրանով կիսվելը ուրախություն բերում: Կարող եք դասարանի անդամներին խմբերի բաժանել և խնդրել յուրաքանչյուր խմբին կրկնել հետևյալ հատվածներից մի քանիսը, որոնելով պատճառներ, թե ինչո՞ւ էին ցնծում Ամմոնը, Մոսիայի որդիները և Ալման. Ալմա 24.13–15, 26.12–22, և 29.1–17: Դասարանի անդամները գրատախտակին կարող են գրել իրենց գտածները։ Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպե՞ս է ավետարանը ուրախություն բերում մեզ:
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից, թե մեր կյանքում ինչ-որ բան պատահում է, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա է ամեն ուրախության աղբյուրը» («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 82): Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք օգնել են նրանց հասկանալ ճշմարտությունը Նախագահ Նելսոնի խոսքերի մասին:
-
Ալման և Ամմոնը մեծ ուրախություն գտան ավետարանով կիսվելիս: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին գտնել հատվածներ Ալմա 26-ում և 29-ում, որոնք կարող են ոգեշնչել որևէ երիտասարդի միսիա ծառայել, կամ ոգեշնչել որևէ մեկին ավետարանով կիսվել ուրիշների հետ: Մի քանի րոպե տրամադրեք դասարանի անդամներին մի բան ծրագրել, որը կարող են անել` ավետարանով կիսվելու համար: Հրավիրեք նրանց գործել ըստ իրենց ծրագրերի, իսկ մի ապագա դասի ընթացքում կարող եք խրախուսել նրանց խոսել իրենց ջանքերի մասին:
-
Երբ Ալման օգնեց ուրիշներին ապաշխարել, նա հիշեց Աստծո բարության մասին (տես Ալմա 29.10–13): Գուցե դասարանի անդամներին մի քանի րոպե հատկացնեք, որ ուսումնասիրեն այս հատվածները և գրի առնեն՝ ինչ Ալման հիշում էր: Ի՞նչն է հիշեցնում մեզ Աստծո բարությունը: Ինչպե՞ս ենք մենք տեսել Աստծո բարությունը մեր կյանքում:
Մենք կարող ենք գործիքներ լինել Աստծո ձեռքում:
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հետազոտել, թե ինչ է նշանակում «Աստծո ձեռքում գործիքներ» լինել (Ալմա 26.3-ում), կարող եք ցուցադրել տարբեր տեսակի սարքեր կամ գործիքներ: Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին մի քանի գործիք բերել, որոնք իրենք օգտագործում են: Ինչո՞վ են այդ գործիքներն օգտակար: Ինչպե՞ս ենք մենք Աստծո աշխատանքում գործիքների նմանվում: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին գտնել եղանակներ, որոնցով Ամմոնը և նրա ընկեր միսիոներները գործիքներ էին Աստծո ձեռքում (օրինակ՝ տես Ալմա 26.1–5, 11–12): Ի՞նչ գաղափարներ ենք մենք ձեռք բերում Վարդապետություն և Ուխտեր 4-ից Նրա ձեռքում գործիքներ լինելու մասին: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ զգացել են ուրախությունը, որը գալիս է Աստծո ձեռքում գործիք լինելուց:
Խրախուսեք սովորել տանը
Նույն կեղծ գաղափարներից շատերը, որոնք շեղում են Աստծո զավակներին այսօր, տարածված էին նաև Ալմայի օրերում: Ասեք դասարանի անդամներին, որ Ալմա 30–31-ում նրանք կտեսնեն, թե ինչպես Ալման և մյուսները պատասխանեցին այդ կեղծ ուսմունքներին:
Լրացուցիչ աղբյուրներ
Դարձ դեպի Տերը
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է.
«Հիսուս Քրիստոսի ավետարանի գոյությունը հիմնարար և մշտատև փոփոխություն է առաջացնում մեր բուն էության մեջ, որը հնարավոր է դառնում Փրկիչի Քավության միջոցով: Ճշմարիտ դարձը փոփոխություն է առաջացնում այն մարդու համոզմունքներում, սրտում և կյանքում, ով ընդունում և ենթարկվում է Աստծո կամքին (տես Գործք 3.19, 3 Նեփի 9.20) և ներառում է մի գիտակցական պարտավորվածություն` դառնալ Քրիստոսի աշակերտը»:
Ալմա 23.6–8-ը մեջբերելուց հետո Երեց Բեդնարը շարունակեց բացատրել.
«Երկու կարևոր տարրեր են նկարագրվում այս հատվածներում՝ (1) ճշմարտության մասին գիտելիք, որը կարող է մեկնաբանվել որպես վկայություն, և (2) դարձ դեպի Տերը, որը ես համարում եմ դարձ դեպի Փրկիչը և Նրա ավետարանը: Ուստի, վկայության և առ Տերը դարձի զորեղ համակցությունն առաջ էր բերել ամրություն, հաստատամտություն և պարգևել հոգևոր պաշտպանություն:
Նրանք երբեք չհեռացան և չհրաժարվեցին իրենց ապստամբության զենքերից, նրանք չկռվեցին Աստծո դեմ: Փայփայած «ապստամբության զենքները», օրինակ՝ եսասիրությունը, հպարտությունը և անհնազանդությունը մի կողմ դնելու համար, պահանջվում է ավելի, քան սոսկ հավատք և գիտելիք: Համոզվածություն, համեստություն, ապաշխարություն և հնազանդություն է անհրաժեշտ մեր ապստամբության զենքերը վայր դնելու համար: Արդյո՞ք դուք և ես դեռևս ունենք ապստամբության զենքեր, որոնք խոչընդոտում են դեպի Տերը դարձի գալուն: Եթե այդպես է, մենք պետք է այժմ ապաշխարենք:
Հիշեք, որ Լամանացիները դարձի չեկան դեպի միսիոներները, ովքեր ուսուցանում էին նրանց, կամ դեպի Եկեղեցու հրաշալի ծրագրերը: Նրանք դարձի չեկան դեպի իրենց ղեկավարների անձերը կամ դեպի մշակույթային ժառանգության և իրենց հայրերի ավանդույթների պահպանումը: Նրանք դարձի եկան դեպի Տերը՝ դեպի Նա, որպես Փրկիչ, և դեպի Նրա աստվածությունն ու վարդապետությունը, ու նրանք երբեք չհեռացան» («Դարձ առ Տերը,” Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 107–9):