«Դաս 77․ Վարդապետություն և Ուխտեր 64․1–17․ «Պահանջվում է ներել», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 64․1–17», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 77. Վարդապետություն և Ուխտեր 64–66
Վարդապետություն և Ուխտեր 64․1–17
«Պահանջվում է ներել»
Միսսուրիից Օհայո կատարած ուղևորության ժամանակ Ջոզեֆ Սմիթը և մյուսները վիճեցին և միմյանց հանդեպ բացասական զգացումներ ունեցան: Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնում Հիսուս Քրիստոսը ցուցումներ տվեց նրանց ներելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և դառնալ ավելի ներողամիտ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտորումներ ներման մասին
-
Արդյո՞ք դուք ձեզ համարում եք ներողամիտ մարդ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ դուք ներեք ուրիշներին։
-
Ո՞վ է այն մարդը, որին դուք պետք է ներեք:
Առաջարկեք ուսանողներին փնտրել անձնական հայտնություն՝ իմանալու, թե ում պետք է ներեն և ինչ կարող են անել՝ ներելու համար:
Հիսուս Քրիստոսը ներողամիտ է
Առաջարկեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնի հետևյալ համատեքստը։
1831 թվականի օգոստոսին՝ Միսսուրիում Սիոնը նվիրագործելուց հետո Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին, Իսահակ Մորլին, Էզրա Բութը և մյուսները վերադառնում էին տուն՝ Օհայո: Ծայրահեղ շոգը, ուղևորության վտանգավոր պայմանները և ղեկավարության հետ տարաձայնությունները դրդեցին խմբի անդամներին քննադատել և վիճաբանել միմյանց հետ: Տուն հասնելուց հետո նրանց միջև դեռ պահպանվում էր լարվածությունը (տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հ. 1 Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 133–34, 136–37)։ Դրան ի պատասխան Տերը մի հայտնություն տվեց, որն այսօր հայտի է որպես Վարդապետություն և Ուխտեր 64 բաժին։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.1–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը վերաբերվել նրանց, ովքեր մեղանչել են:
Կարող եք ցուցադրել Փրկչի պատկերը: Խնդրեք ուսանողներին խորհել ստորև բերված հարցերի շուրջ։ Ապա ուսանողներին խնդրեք դասարանի կամ դասընկերոջ հետ կիսվել իրենց մտքերով:
-
Հիսուս Քրիստոսի ուրիշ ի՞նչ հատկանիշներ գտաք այս բաժիններում։
-
Այդ հատկանիշներից որոնց համար եք դուք առավել երախտապարտ։ Ինչո՞ւ։
Մեզանից պահանջվում է ներել
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64․9–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հրավիրում մեզ հետևել Իր օրինակին:
Վարդապետություն և Ուխտեր 64․9–11 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
-
Ի՞նչը ձեզ առավել տպավորեց այն ճշմարտություններում, որ Փրկիչն ուսուցանեց Ջոզեֆին և մյուսներին:
Օգնեք ուսանողներին բացահայտել այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը մեզանից պահանջում է ներել բոլոր մարդկանց։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում։
Բավական ժամանակ հատկացրեք, որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ հատվածներ 9–11։ Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգնել։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը մեզանից պահանջում ներել բոլորին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք մենք «ավելի մեծ մեղք» գործում (հատված 9), երբ ընտրում ենք չներել ուրիշներին:
-
Ձեր կարծիքով, եթե մեր սրտում ասենք «թող Աստված դատի իմ և քո միջև» (հատված 11), ինչպե՞ս դա կարող է օգնել մեզ ներել ուրիշներին:
-
Ուրիշներին ներելը ո՞ր քրիստոսանման հատկանիշները կօգնի ձեզ զարգացնել:
Սովորեք ինչպես ներել ուրիշներին
Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ հարցեր տալու կամ ներման հետ կապված դժվարություններով կիսվելու համար։ Գրատախտակին գրված հետևյալ հարցերին ուսանողները կարող են պատասխանել անանուն հարցման գործառույթի միջոցով կամ թերթիկների վրա, որոնք կարող եք բաժանել դասարանին։
-
Ի՞նչ հարցեր կարող են ունենալ մարդիկ, երբ ձգտում են ներել ուրիշներին:
-
Ի՞նչ դժվարությունների կարող են բախվել մարդիկ, երբ փորձում են հետևել ներելու Փրկչի օրինակին։
Ուսանողները կարող են հարցեր տալ, օրինակ՝ «Ինչպե՞ս կարող է Փրկիչն օգնել ինձ ներել ուրիշներին» կամ «Արդյո՞ք ուրիշներին ներելը նշանակում է, որ ինձ նորից կարող են վիրավորվել»:
Առաջարկեք ուսանողներին ընտրել մի հարց դասարանով կամ անհատապես: Այնուհետև առաջարկեք նրանց պատասխանները որոնել աստվածայնորեն սահմանված աղբյուրներում:
Ուսանողները կարող են գտնել պատասխաններ՝ որոնելով «Հիսուս», «ներել», «Փրկիչ» և «ողորմածություն» բառերը Gospel Library հավելվածում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում: Կարող եք նաև նրանց տրամադրել սուրբ գրությունների հատվածներ, օրինակ՝ Մատթեոս 5.7, 18․21–35 և Մոսիա 26․30–31 և ստորև բերված մարգարեական խոսքերը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել մեզ ներել ուրիշներին.
Հավերժ երջանիկ
Երբեմն ուրիշին ներելու մեր պատրաստակամությունը և՛ նրանց, և՛ մեզ հնարավորություն է տալիս հավատալ, որ կարող ենք ապաշխարել և ներվել։ Երբեմն ապաշխարելու պատրաստակամությունը և ներելու կարողությունը գալիս են տարբեր ժամանակներում։ Մեր Փրկիչը մեր Միջնորդն է Աստծո մոտ, բայց երբ մենք գալիս ենք Նրա մոտ, Նա նաև օգնում է մեզ գիտակցել մեր հավերժական ինքնությունը և օգնում է ամրապնդել մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ։ Հատկապես, երբ վիրավորանքն ու ցավը խորն են, մեր հարաբերությունները վերականգնելն ու մեր սրտերը բուժելը դժվար է, գուցե անհնար՝ ինքնուրույն դրան հասնելը։ Բայց երկինքը կարող է մեզ ուժ և իմաստություն տալ, որը գերազանցում է մեր ուժին, որպեսզի իմանանք, թե երբ պահենք և ինչպես բաց թողնենք։ (Ջերիթ Վ. Գոնգ «Երջանիկ և հավերժ», Լիահոնա, նոյեմբեր 2022, 85)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Հաշտության սպասավորությունը
«Ներեք և ներված կլինեք» [Ղուկաս 6.37], Քրիստոսն ուսուցանել է Նոր Կտակարանի ժամանակներում: Իսկ մեր օրերում. «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզնից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» [Վարդապետություն և Ուխտեր 64.10]: Սակայն ձեզանից ոմանց համար, ովքեր իրական չարչարանքների մեջ են, կարևոր է հիշել, թե Նա ինչ չի ասել: Նա չի ասել. «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար իրավիճակներից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»։ Նա նաև չի ասել. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»։ Բայց, չնայած ամենասարսափելի վիրավորանքներին, որոնք կարող են պատահել մեզ հետ, մենք կարող ենք հաղթահարել ցավը, երբ ոտք դնենք ճշմարիտ բժշկման արահետի վրա: Դա ներելու ճանապարհն է, որով քայլում էր Հիսուս Նազովրեցին, ով կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին. «Եկ, հետևիր ինձ» [Ղուկաս 18.22]: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 78–79)
Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց գտած պատասխաններով կամ այն զգացումներով, որ իրենք ունեն ներման վերաբերյալ: Նրանք կարող են նաև կիսվել օրինակներով, թե ինչպես են իրենք օրհնվել՝ հետևելով ուրիշներին ներելու Փրկչի օրինակին: Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն որևէ փորձառությամբ կամ մանրամասներով, որոնք չափազանց անձնական են:
-
Ի՞նչ հատուկ գործողություններ կարող ենք ձեռնարկել, որոնք կօգնեն մեզ ներել ուրիշներին:
Ուսանողների պատասխանների մեջ կարող են լինել հետևյալները․
-
Ուսումնասիրեք պատմություններ Փրկչի և մարդկանց ներողամտության մասին
-
Խորհեք, թե ինչպես կփոխվեր մեր կյանքը, եթե մենք ներեինք մարդկանց
-
Անկեղծ աղոթք ասեք, որով մենք մեր բեռը տալիս ենք Աստծուն և խնդրում Նրա օգնությունը՝ ուրիշներին ներելու համար
-
Նկատի ունեցեք, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մեր սրտերը կարող են փոխվել ժամանակի ընթացքում, և մենք ի վերջո կկարողանանք ներել ուրիշներին
Անձնական կիրառություն
Դասի սկզբում ուսանողներին առաջարկվել էր մտածել մեկի մասին, ում իրենք պետք է ներեն: Առաջարկեք նրանց խորհել այդ իրավիճակի մասին և ոգեշնչում փնտրել՝ հետևյալ հարցերին պատասխանելիս։
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և գրեք ձեր մտքերը կամ զգացմունքները ձեր ուսումնասիրության օրագրում։
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ապավինեք Փրկչին՝ ներելու համար:
-
Ի՞նչ ջանքեր պետք է գործադրեք Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու և ավելի ներողամիտ դառնալու համար։
Անգիր սովորեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է «Ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»: Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: