Դաս 24․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ ընտրյալ տեսանող, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)
Դաս 24․ Դասարանի նախապատրաստական նյութ, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ
Դաս 24․ Դասարանի նախապատրաստական նյութ
Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ ընտրյալ տեսանող
Տերը նկարագրել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին որպես «ընտրյալ տեսանող», ով ժողովրդին կբերի Տիրոջ ուխտի իմացությանը (2 Նեփի 3.7–8): Սակայն Վերականգնման հենց սկզբից Ջոզեֆ Սմիթն ընդունում էր իր անհամապատասխանության զգացումը: Երբ ուսումնասիրեք այս նյութը, դիտարկեք, թե դուք ինչպես կարող եք արձագանքել Տիրոջ կողմից տրված կոչումներին, չնայած ձեր թուլություններին: Դիտարկեք, թե դուք ինչպես կարող եք պատասխանել նրանց, ովքեր կքննադատեն Ջոզեֆ Սմիթին՝ նրա թուլության պատճառով:
Բաժին 1
Ես ի՞նչ կարող եմ սովորել Ջոզեֆ Սմիթից Տիրոջը ծառայելու իմ սեփական կարողության մասին:
Պատանի Ջոզեֆը ճնշված էր զգում Տիրոջից իրեն տրված կոչման պատճառով: Նա ասում էր ինքն իրեն.
Ես՝ անկիրթ երիտասարդս, կանգնած էի միայնակ, որպեսզի մաքառեի աշխարհի իմաստության դեմ … նոր հայտնությամբ: (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 60)
Ես չճանաչված մի պատանի էի, … և կյանքիս պայմաններն այնպիսին էին, որ ինձ կարևոր չէին դարձնում հասարակության մեջ, … որը մատնված էր իր ամենօրյա աշխատանքով խղճուկ ապրուստ հայթայթելու անհրաժեշտության: (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․22–23)
Ջոզեֆը մտածում էր, թե «որքան տարօրինակ էր», որ արժանանում էր «հեղինակավոր մարդկանց ուշադրությանը, այնքան, որ նրանք հասարակական միտքը լարում էին ընդդեմ ինձ և ծանր հետապնդման մղում» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․22–23):
Պատկերացրեք, թե ինչ զգացումներ է ունեցել Ջոզեֆը, երբ թարգմանում էր 2 Նեփի 3-ը Մորմոնի Գրքից և Լեքիից իմացավ, որ Հովսեփը Եգիպտոսում մարգարեացել էր վերջին օրերի «ընտրյալ տեսանողի» մասին:
Հետագա հայտնության մեջ Տերը բացատրեց մի պատճառ, թե Ինքն ինչու էր ընտրել և կանչել Ջոզեֆին՝ որպես Վերականգնման Մարգարե.
Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա Ջոզեֆ Սմիթ. Ես հավանում եմ քո ընծան, քանզի այս նպատակով եմ ես բարձրացրել քեզ, … , որպեսզի ցույց տամ իմ իմաստությունն աշխարհի թույլերի միջոցով: (Վարդապետություն և Ուխտեր 124.1)
Մեկնաբանելով 2 Նեփի 3 գլխի հատվածը, Յոթանասունից Երեց Մարկուս Բ. Նաշը ուսուցանել է.
Գուցե անտրամաբանական թվա, որ Տերը կանչում է թույլերին՝ կատարել վիթխարի աշխատանք: Սակայն նրանք, ովքեր հասկանում են իրենց թուլությունը, կարող են առաջ շարժվել հենց այդ թուլությունով, որպեսզի փնտրեն Տիրոջ զորությունը: Նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց հավատքով, կզորացվեն Նրանով, ով ունի ողջ զորությունը երկնքում և երկրի վրա (տես Մատթեոս 28.18, Մոսիա 4.9):
Պատանեկության տարիներից Ջոզեֆ Սմիթը մոտեցավ Տիրոջը այս պայմաններով: …
Ջոզեֆը իրեն նկարագրում է որպես՝ «չճանաչված մի պատանի … որը մատնված էր իր ամենօրյա աշխատանքով խղճուկ ապրուստ հայթայթելու անհրաժեշտության»(Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.23): Նա ծնվել էր ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքում և ուներ սահմանափակ պաշտոնական կրթություն: …
Ջոզեֆը այնքան լավ էր հասկանում, որ կրթության պակաս ունի, որ մի անգամ նա հառաչեց, որ թակարդված էր «փոքր նեղ բանտում, կարծես [այն] ամբողջովին խավար էր մատիտի և թանաքի և ծուռ, կոտրված, ցրված և անկատար լեզու»: Չնայած սրան, Տերը կանչեց նրան թարգմանելու Մորմոնի Գիրքը՝ դրա բոլոր 588 էջերը, ինչպես ի սկզբանե հրատարակվել է. նա թարգմանեց գիրքը 90 օրում: …
Մորմոնի Գրքի թեման և Մարգարե Ջոզեֆի կյանքը. այո, թույլերն են, որ խոնարհաբար փնտրում են Տիրոջը հավատքով, դառնում են ուժեղ, նույնիսկ հզոր՝ Տիրոջ աշխատանքում: Այս հզորացումը տեղի կունենա նույնիսկ թվացյալ փոքր բաներում: …
… Գոյություն ունի մեկ այլ, ավելի անձնական դաս. եթե մենք, ինչպես Ջոզեֆը, ճանաչենք մեր թուլությունները և հավատքով դիմենք Տիրոջը՝ մեր ողջ սրտով, վճռելով կատարել Նրա կամքը, մեր թուլությունը կդառնա ուժեղ կողմ: Սա հատկապես չի նշանակում, որ թուլությունը ջնջվում է մահկանացու կյանքում, այլ նշանակում է, որ այդպիսի անհատը ուժեղ կդառնա Աստծո միջոցով: (“Joseph Smith: Strength Out of Weakness,” Ensign, Dec. 2017, 55–56, 58)
Բաժին 2
Ջոզեֆի և նրա բնավորության մասին ի՞նչ էին ասում այն մարդիկ, ովքեր մոտիկից ծանոթ էին նրան:
Տերը հայտարարեց Եգիպտոսի Հովսեփին, որ նրա ժառանգորդները բարձր կգնահատեն Վերականգնման Մարգարեին (տես 2 Նեփի 3.7): Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը հայտարարել է.
Մարդիկ, ովքեր լավ էին ճանաչում Ջոզեֆին և շատ մոտ էին կանգնած նրան` որպես Եկեղեցու ղեկավարություն, սիրում և հաստատում էին նրան որպես մարգարե։ Նրա եղբայր Հայրումն ընտրեց մահանալ նրա կողքին։ Ջոն Թեյլորը, ով նույնպես նրա կողքին էր, երբ նա նահատակվեց, ասել է․ «Ես վկայում եմ Աստծո, հրեշտակների և մարդկանց առաջ, որ նա բարի, պատվարժան, և առաքինի մարդ էր … և իր բնավորությամբ` որպես մասնավոր և հանրային մարդ, նա անբասիր էր, և որ նա ապրեց և մահացավ որպես Աստծո մարդ» (The Gospel Kingdom [1987], 355, տես նաև Վ&Ու 135․3): Բրիգամ Յանգը հայտարարել է․ «Չեմ կարծում, որ աշխարհում ապրում է մի մարդ, ով ավելի լավ էր ճանաչում [Ջոզեֆ Սմիթին], քան ես։ Եվ ես համարձակ ասում եմ, որ բացի Հիսուս Քրիստոսից, ավելի լավ մարդ երբևէ չի ապրել կամ չի ապրում այս աշխարհում» (in Journal of Discourses, 9:332): (Dallin H. Oaks, “Joseph, The Man and the Prophet,” Ensign, May 1996, 71)
Ջեյն Սնայդեր Ռիչարդսը ասել է Ջոզեֆի անձի և բնավորության մասին.
[Ջոզեֆ Սմիթը] ամենագրավիչ անձնավորություններից մեկն էր, որին ես բախտ եմ ունեցել ճանաչելու: Որպես Տեսանող և Հայտնող, նա անվախ և անկեղծ էր, այնուամենայնիվ խոնարհ, երբեք չհամարելով, որ ինքը ավելի քան խոսնակ էր, ում միջոցով խոսում էր Աստված: Որպես իր ժողովրդի Առաջնորդ, նա եռանդուն էր և առաջադիմական էր, բայց միշտ համեստ և ուշադիր էր իր ժողովրդի և նրանց դժվարին պայմանների հանդեպ: (Jane Snyder Richards, in “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, Dec. 1905, 550)
Էդվին Հոլդենը պատմում էր, որ Մարգարեն լցված էր Աստծո սիրով, ձգտում էր բարձրացնել և օրհնել ուրիշներին.
1838թ. Ջոզեֆը և մի քանի երիտասարդ տղամարդ տարբեր խաղեր էին խաղում դրսում, այդ թվում նաև գնդակով: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին հոգնել: Նա նկատեց դա և հավաքելով նրանց՝ ասաց. «Եկեք փայտե տուն կառուցենք»: Այսպիսով Ջոզեֆը և երիտասարդ տղամարդիկ սկսեցին փայտե տուն կառուցել մի այրի կնոջ համար: Այսպիսին էր Ջոզեֆը, միշտ աջակցում էր և անում այն ամենը ինչ կարողանում էր: (The Juvenile Instructor, Mar. 1, 1892, 153)
Էլիզա Ռ․ Սնոուն գրել է Մարգարեի հնազանդության և ազնվության մասին։
Ես ապրում էի Ջոզեֆ Սմիթի ընտանիքի հետ և ուսուցանում էի նրա ընտանեկան դպրոցում ու բազմաթիվ հնարավորություններ ունեի նկատելու նրա կենսակերպն ու խոսելաձևը՝ որպես Աստծո մարգարե, և որքան շատ էի ծանոթանում նրա հետ, այնքան ավելի էի գիտակցում, որ նա Աստծո մարգարե էր: … Աղոթելիս ու երկրպագելիս նա փոքր երեխայի նման խոնարհ էր: (Eliza R. Snow, “Sketch of My Life,” Relief Society Magazine, Mar. 1944, 136)
Մերի Ֆրոստ Ադամսը հիշել է Ջոզեֆի բարի գործերից մեկը.
Երբ Ջոզեֆը Նավուի քաղաքապետն էր, Էնթոնի անունով մի սևամորթ Վերջին Օրերի Սուրբ ձերբակալվեց Հանգստության օրը խմիչք վաճառելիս, ինչն արգելվում էր օրենքով: Էնթոնին այդպես էր վարվել, որպեսզի գումար հավաքեր իր զավակի համար, ով ստրուկ էր Հարավում: Նա գնել էր իր կնոջ և իր սեփական ազատությունը և հիմա ցանկանում էր իր զավակին միացնել իրենց: Չնայած Էնթոնիի պատճառի արժանահավատությանը, Մարգարեն ասաց. «Ցավում եմ, Էնթոնի, բայց օրենքը պետք է պահպանել, և մենք ստիպված ենք տուգանել քեզ»: Սակայն «հաջորդ օրը Եղբայր Ջոզեֆը Էնթոնիին մի հրաշալի ձի նվիրեց, ասելով որ նա վաճառի այն և գումարն օգտագործի իր երեխային գնելու համար»: (“Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, Dec. 1906, 538)
Բաժին 3
Ես ինչպե՞ս պետք է արձագանքեմ, երբ հանդիպում եմ բացասական տեղեկատվության Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:
Նույնիսկ այն ժամանակ, երբ Ջոզեֆ Սմիթի կողմից ավետարանի վերականգնման աշխատանքը նոր էր սկսվում, մարգարեությամբ տրվել էր, որ շատ մարդիկ կխոսեն նրա դեմ և կմեղադրեն նրան չար գործերում ու մղումներում: Ջոզեֆ Սմիթը իր պատմության մեջ գրանցել է մի մարգարեություն, որը տրվել էր Մորոնի հրեշտակի կողմից, երբ 1823թ. նա հայտնվեց Ջոզեֆին: Այդ ժամանակ Ջոզեֆն ընդամենը 17 տարեկան էր:
Երեց Նիլ Լ. Անդերսենը Տասներկու Առաքյալների Քվորումից առաջարկել է եղանակներ, որոնցով Վերջին Օրերի Սրբերը կարող են արձագանքել քննադատությանը Մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ։
Արդյո՞ք մենք պետք է զարմանանք [Ջոզեֆ Սմիթի] դեմ հնչող չարախոսությունների համար: Պողոս Առաքյալին գիժ և մոլորված էին անվանում [տես Գործք 26.24]: Մեր սիրելի Փրկիչին՝ Աստծո Որդուն, պիտակեցին՝ որպես որկրամոլ, գինեմոլ և դևից բռնված [տես Մատթեոս 11.19, Հովհաննես 10.20]:
Շատերը, ովքեր հերքում են Վերականգնման աշխատանքը, պարզապես չեն հավատում, որ երկնային էակները խոսում են մարդկանց հետ երկրի վրա: Նրանք ասում են՝ հնարավոր չէ, որ հրեշտակի կողմից ոսկե թիթեղները տրվեին և Աստծո զորությամբ թարգմանվեին: Այդ անհավատության պատճառով նրանք անմիջապես մերժում են Ջոզեֆի վկայությունը, իսկ ոմանք էլ, ցավոք, վարկաբեկում են Մարգարեի կյանքը և զրպարտում նրա բնավորությունը: …
Ջոզեֆի բնավորության մասին հարցերին ի պատասխան, կարող ենք ներկայացնել հազարավոր մարդկանց խոսքերը, ովքեր անձնապես ճանաչել են նրան, և ովքեր իրենց կյանքն են տվել այն գործի համար, որ նա օգնում էր հաստատել: …
Կարող ենք անկեղծ հետաքրքրվողին հիշեցնել, որ համացանցի տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Որոշ տեղեկություններ, անկախ նրանից, թե որքան համոզիչ են, պարզապես ճիշտ չեն: …
Մենք կարող ենք հիշեցնել հետաքրքրվողներին, որ Ջոզեֆի մասին որոշ տեղեկություններ՝ լինելով ճշմարիտ, կարող են ներկայացվել իր օրերից և իրավիճակից դուրս՝ լիովին այլ ենթատեքստում: …
Յուրաքանչյուր հավատացյալ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության և էության վերաբերյալ հոգևոր հաստատման կարիք ունի: Սա ճիշտ է բոլոր սերունդների համար: Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ Աստծո կողմից: …
Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայությունը մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ ստանալ: Այն կարող է գալ, երբ ծնկի իջնեք ու աղոթեք և խնդրեք Աստծուն, որ հաստատի, որ նա ճշմարիտ մարգարե էր: Այն կարող է գալ, երբ դուք կարդաք Մարգարեի Առաջին Տեսիլքի մասին պատմությունը: Վկայությունը կարող է կաթիլ առ կաթիլ նստել ձեր հոգու վրա, երբ կրկին ու կրկին կարդաք Մորմոնի Գիրքը: … Հավատքով և անկեղծ միտումով ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին կզորանա: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 28–30)