«Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վերականգնման հիմունքները. Դասարանի նախապատրաստական նյութ (2019)
«Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Դասարանի նախապատրաստական նյութ
Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ
Երբեմն մենք բացահայտում ենք նոր տեղեկություններ, որոնք զարմացնում են մեզ կամ հարցեր են առաջանում Եկեղեցու վարդապետության, սովորույթների և պատմության վերաբերյալ։ Ձեր հավատը կարող է ամրապնդվել կամ թուլանալ՝ կախված նրանից, թե ինչպես եք կազմում ձեր հարցերը և ում եք դիմում պատասխանների համար։ Երբ ուսումնասիրեք, թե ինչպես ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, հստակեցրեք այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են օգնել, երբ Տիրոջ ձևով պատասխաններ եք փնտրում:
Բաժին 1
Արդյո՞ք նորմալ է Եկեղեցու մասին հարցեր ունենալը:
Սուրբ գրությունները բազմիցս խրախուսում են մեզ հարցեր տալ Աստծուն (տես Հակոբոս 1․5, Վարդապետություն և Ուխտեր 88․63)։ Առաջին Նախագահությունում ծառայելիս Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է․
Իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ, մենք հարցադրումներ կատարող ժողովուրդ ենք: Մենք միշտ էլ այդպիսին ենք եղել, քանի որ գիտենք, որ հարցերը տանում են ճշմարտության իմացությանը։ Այդպես է դրվել Եկեղեցու սկիզբը, մի երիտասարդ տղամարդու կողմից, ով հարցեր ուներ: Իրականում ես վստահ չեմ, թե ինչպես կարող է մեկը բացահայտել ճշմարտությունը` առանց հարցեր տալու: … Հարցաքննությունը վկայության ծագման վայրն է: … Հարցեր տալը թուլության նշան չէ, այն աճի նշան է: Այն նախորդում է աճին։ (“The Reflection in the Water,” Church Educational System devotional [Nov. 1, 2009], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ուրախությամբ ուզում են մեզ գիտելիք և հասկացողություն տալ։ Մենք հոգևորապես աճում ենք, երբ հարցեր ենք տալիս և անկեղծորեն ու հավատքով պատասխաններ ենք փնտրում: Հիշեք, որ քանի որ Տերն օգնում է մեզ սովորել հավատ ունենալ Նրա հանդեպ, միգուցե Նա չտա բոլոր հարցերի պատասխանները, որոնք մենք ունենք այս կյանքում։ Իրականում, պարտադիր չէ, որ մենք գտնենք բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի վկայություն ստանանք և կանգնենք որպես ճշմարտության վկաներ: Բայց անկեղծ հարցերը կօգնեն, որ մենք շարունակենք սովորել և աճել։
Բաժին 2
Տերն ինչպե՞ս կուզենար, որ ես հարցերի պատասխաններ փնտրեի և հոգևոր գիտելիքներ ձեռք բերեի։
Հետևյալ սկզբունքները կօգնեն հարցերի պատասխաններ փնտրել և մտահոգությունները հարթել Տիրոջ ձևով։
-
Գործեք հավատքով:
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից։
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։
Երբ ուսումնասիրեք ներքևում բերված հոգևոր գիտելիք ձեռք բերելու այս սկզբունքները, կարող եք նշել այն նշանակալի հայտարարությունները կամ կետերը, որոնք առանձնանում են ձեզ համար, որ կարողանաք կիսվել դասարանում և հետագայում անդրադառնալ դրանց:
Գործեք հավատքով
Հավատքը սկիզբ է առնում այն համոզմունքից, որ Աստված ապրում է և գիտի բոլոր բաները և բոլոր ճշմարտությունների աղբյուրն է։ Մենք գործում ենք հավատքով, երբ ընտրում ենք վստահել Աստծուն և դառնալ դեպի Նա՝ անկեղծ աղոթքի, Նրա ուսմունքներն ուսումնասիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով։ Տերը հրավիրում է մեզ «չկասկածել, այլ [լինել] հավատացող» (Մորմոն 9․27)։ Երբ հավատքով ապրելու սովորույթ ձևավորենք մեր կյանքում, մենք ամուր հիմք կկառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, որը երաշխիք կհանդիսանա, որ մենք ամուր կանգնենք, նույնիսկ այն ժամանակ, երբ հանդիպենք դժվարին հարցերի և մարտահրավերների (տես Հելաման 5․12)։
Երբ հանդիպում եք որևէ նյութի կամ պնդման, որը դուք չեք հասկանում կամ կասկածի տակ է դնում ձեր հավատքը, հարկավոր չէ կասկածի տակ դնել ձեր վկայությունը կամ հոգևոր նախկին փորձառությունները։ Այդպիսի պահերի համար Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել․ «Խուճապի մի մատնվեք ու մի նահանջեք։ Մի կորցրեք ձեր վստահությունը: Մի մոռացեք, թե մի ժամանակ ինչ զգացումներ եք ունեցել: Անվստահության մի մատնեք ձեր ունեցած [հոգևոր] փորձառություն[ները]» (“Remember How You Felt,” New Era, Aug. 2004, 6)։ Փոխարենը՝ «ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիք կգա» (Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94)։
Երբ դուք «ամուր եք բռնվում արդեն ունեցած գիտելիքից», հիշեք, որ հարցեր տալիս և պատասխաններ որոնելիս ձեր վերաբերմունքը և միտումը մեծ չափով կազդեն Սուրբ Հոգու միջոցով սովորելու ձեր ունակության վրա։ Այդ գործընթացը պահանջում է խոնարհություն, անկեղծություն և անկեղծ միտում՝ գործելու համաձայն այն ճշմարտության, որը մենք ստանում ենք Տիրոջից:
Երբ Ջոզեֆ Սմիթը հայտնվեց մի մթնոլորտում, որը լի էր «տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններով ու վիճաբանություններով» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․8), նա կարող էր հեշտությամբ հուսահատվել, թողնել, որ կասկածը լցնի իր սիրտը և «[մնալ] խավարի ու անորոշության մեջ» (հատված 13)։ Փոխարենը՝ նա քննեց սուրբ գրությունները և խորապես տպավորվեց Հակոբոս 1․5 հատվածի «խնդրե Աստուածանից» ուղերձից։ Հավատքով գործելով, նա գնաց անտառ և «[ծնկի իջավ] և սկսեց [սրտի] ցանկությունները հայտնել Աստծուն» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15): Նրա անկեղծ աղոթքին պատասխան տրվեց երկնային տեսիլքով։ Նա դուրս եկավ անտառից «[իր] համար [պարզելով]» իր հարցերի պատասխանները (հատված 20)։
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից
Վարդապետական հասկացությունները, հարցերը և հասարակական խնդիրները հավերժության տեսանկյունից քննելու համար մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում։ Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի տեսնենք իրերն այնպես, ինչպես Տերն է տեսնում (տես Ա Կորնթացիս 2․5, 9–11)։ Այս մոտեցումն օգնում է մեզ իրերը տեսնել Տիրոջ տեսանկյունից, այլ ոչ թե աշխարհիկ տեսանկյունից: Մենք կարող ենք դա անել նմանատիպ հարցեր տալով․ «Ես ի՞նչ գիտեմ Երկնային Հոր, Նրա ծրագրի և Իր զավակների հետ Նրա հարաբերությունների մասին» և «Ավետարանի ո՞ր ուսմունքներն են վերաբերում կամ պարզաբանում այդ հասկացությունը կամ խնդիրը»։
Հարցերը, որոնք վերաբերում են պատմական իրադարձություններին, նույնպես պետք է քննվեն հավերժական տեսանկյունից։ Դա կարող է օգնել նաև քննել պատմական հարցերը պատմական համապատասխան համատեքստում, խորհելով տվյալ ժամանակաշրջանի մշակույթի և վարքագծի կանոնների մասին, ոչ թե պարտադրելով ներկայիս հեռանկարներն ու դիրքորոշումները։ Օրինակ, եթե գտել եք 1800-ականներից մի նախնու, ով ամուսնացել է 14 կամ 15 տարեկան հասակում, գուցե դուք դա համարեք ծայրահեղ վաղ ամուսնություն, եթե չհասկանաք, որ այդ ժամանակահատվածում դա արտասովոր չէր:
Կարևոր է հիշել, որ պատմական մանրամասները չեն կրում արարողությունների, ուխտերի և վարդապետության փրկարար զորությունը։ Քիչ նշանակալից մանրուքներով շեղվելու արդյունքում Վերականգնման հրաշքն անտեսելը նման է հրաշալի նվերն անտեսելուն՝ նվերի տուփն ուսումնասիրելու վրա ժամանակ ծախսելու հետևանքով։
Ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Պատկերացրեք, որ մի անծանոթ ձեր սիրելիներից մեկին մեղադրում է սխալ գործելու մեջ: Ինչպե՞ս կհասկանաք, արդյոք նրանք ճշմարտությունն են ասում, թե մոլորության մեջ են գցում: Ի՞նչ վտանգ է պարունակում անծանոթին հավատալը՝ առանց խնդրի հետագա ուսումնասիրման։
Ինտերնետի միջոցով մենք աննախադեպ հասանելիոթւյուն ունենք դեպի լավ տեղեկատվություն: Միևնույն ժամանակ, համացանցը մեզ ենթարկում է ոչ հուսալի տեղեկատվության հարձակման։ Քանի որ համացանցն ինքնաբերաբար չի զտում մեզ համար ապակողմնորոշող, խաբուսիկ կամ կեղծ տեղեկությունները, մենք այն պետք է ինքներս զտենք: Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ․ Օուքսը նախազգուշացրել է․ «Մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը փնտրելիս և դա գտնելու համար անհրաժեշտ աղբյուրներն ընտրելիս» («Ճշմարտությունը և ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 25)։
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում Տերը սահմանել է աղբյուրներ, որոնց միջոցով Նա Իր զավակներին հայտնում է ճշմարտությունը և առաջնորդում է նրանց։ Այդ աստվածայնորեն նշանակված աղբյուրներն են՝ Քրիստոսի լույսը, Սուրբ Հոգին, սուրբ գրությունները, Եկեղեցու ղեկավարները և ընտանիքի հավատարիմ անդամները։ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը՝ այսօր երկրի վրա Տիրոջ մարգարեները, ճշմարտության կենսական աղբյուր են հանդիսանում։ Տերն ընտրել և կարգել է այդ անհատներին որպես Իր խոսնակներ։
Մենք կարող ենք սովորել ճշմարտությունը նաև այլ վստահելի աղբյուրներից։ Այնուամենայնիվ, անկեղծորեն ճշմարտություն փնտրողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից։ Անհուսալի աղբյուրները զանազանելը և դրանցից խուսափելը կարող են պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը։ Հետևյալ հարցերն ու ցուցումները կարող են օգնել, երբ դուք որոշեք աղբյուրների հուսալիությունը․