Եբրայեցիներին 2-4
Փրկիչը կարող է օգնել մեզ, երբ մենք կարիքի մեջ ենք
Երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք ինչ-որ մեկը իրապես հասկանում է, թե դուք ինչի միջով եք անցնում կյանքում: Եբրայեցիներին գիրքն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը իջավ Իր երկնային գահից՝ որպես մահկանացու մարդ երկրի վրա ապրելու և մեզ համար անսահման Քավություն կատարելու համար: Դրա շնորհիվ Նա կատարելապես ճանաչում է մեզ և հիանալի գիտի, թե ինչպես օգնել մեզ: Այս դասը կավելացնի ձեր վստահությունն առ այն, որ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ, երբ կարիքի մեջ լինեք։
Փրկիչը հասկանում է ինձ
Կարդացեք, երգեք կամ լսեք «Որտե՞ղ գտնեմ հանգիստ» օրհներգը: (Hymns, no. 129)
Կարող եք նաև դիտել «Որտե՞ղ գտնեմ հանգիստ» տեսանյութը (4:03) ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ինչպե՞ս կբացատրեք այս օրհներգի ուղերձը ձեր բառերով։
Ձեր ուսումնական օրագրում գրեք մի բանի մասին, որի համար իսկապես օգնության կարիք ունեք ձեր կյանքում:
Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոսն ուսուցանեց Սրբերին Հիսուս Քրիստոսի մասին նաև, թե Նա ինչպես կարող է նրանց ուժ տալ այն հանգամանքներում, որոնց նրանք բախվում են (տես Եբրայեցիներին 4.16)։ Ուսումնասիրելիս իմացեք, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել ձեզ:
Ձեր ուսումնասիրության օրագրում ստեղծեք նմանատիպ մի աղյուսակ:
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարողանում հասկանալ ինձ: |
Հիսուս Քրիստոսը ի՞նչ օրհնություններ կարող է շնորհել ինձ, քանի որ Նա հասկանում է ինձ: |
---|---|
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարողանում հասկանալ ինձ: | Հիսուս Քրիստոսը ի՞նչ օրհնություններ կարող է շնորհել ինձ, քանի որ Նա հասկանում է ինձ: |
Կարդացեք Եբրայեցիներին 2․9–10, 13–18 և 4․12–16-ը՝ փնտրելով աղյուսակում տրված հարցերի պատասխանները: Գրեք պատասխանները համապատասխան վերնագրերի տակ: Նկատի ունեցեք, որ Եբրայեցիներին 2.9 և 16 հատվածները վերաբերում են Հիսուս Քրիստոսին, որը թողեց Իր երկնային գահը, որպեսզի ապրի երկրի վրա որպես մահկանացու մարդ:
Ճշմարտությունը, որը դուք կարող եք բացահայտել, հետևյալն է. քանի որ Հիսուս Քրիստոսը տանջվել է և բոլոր բաներում փորձության է ենթարկվել, Նա մեզ հասկանում է կատարելապես և կարող է օգնել, երբ կարիքի մեջ լինենք։ Մորմոնի Գրքի Ալմա մարգարեն նույնպես ուսուցանել է այս ճշմարտությունը: Կարող եք խաչաձև հղում ստեղծել Ալմա 7․11–13 վարդապետության սերտման հատվածի և Եբրայեցիներին 2․18-ի միջև։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչպես կարելի է ավելի լավ հասկանալ Փրկչի՝ ձեզ հասկանալու և օգնելու կարողությունը: Դիտեք «Որպեսզի իրենց բեռները հեշտությամբ տանեին» (16:23) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, 12:15-13:21, կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը։
Չկա որևէ ֆիզիկական ցավ, հոգևոր վերք, հոգու տվայտանք, սրտի ցավ, թուլություն, տկարություն, որին ես կամ դուք դիմակայել ենք մահկանացու կյանքում, և որը Փրկիչը առաջինը չի կրել: Տկարության պահին մենք, հնարավոր է, բացականչենք. «Ոչ ոք չգիտի, թե ինչ է սա: Ոչ ոք չի հասկանում»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել ու կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34.14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բուժել և ամրացնել մեզ, որ լինենք ավելին, քան երբևէ կարող էինք լինել, և օգնել մեզ անել այն, ինչը մենք երբեք չէինք կարող անել, եթե ապավինեինք միայն մեր սեփական ուժին:
(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 90)
-
Ինչպե՞ս են Ալմա 7.11–13 հատվածները և երեց Բեդնարի հայտարարությունը օգնում ձեզ ավելի լավ հասկանալ ձեզ օգնելու Փրկչի կարողությունը:
Հիշեք մի օրինակ ձեր կյանքից, ուրիշների կյանքից կամ սուրբ գրություններից, որը ցույց է տալիս մեր փորձառությունների և մեր կարիքների կատարյալ ըմբռնումը Փրկչի կողմից: Եթե որևէ օրինակ մտաբերելու հարցում օգնության կարիք ունեք, կարող եք ուսումնասիրել Հովհաննես 11․21–27, 32–36, Մոսիա 24.11–15 կամ Վարդապետություն և Ուխտեր 122.5–9 հատվածները։
-
Այս օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ապավինել Հիսուս Քրիստոսին:
Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք
Կարդացեք Եբրայեցիներին 4.16 հատվածը և գտեք, թե Պողոսն ինչ է պատվիրում մեզ անել՝ անհրաժեշտ օգնությունը ստանալու համար: Կարող եք նշել ձեր գտած բառերը:
Մի քանի օրինակների համար, թե ինչպես կարող ենք մոտենալ շնորհի աթոռին, դիտեք «Հավատքով հասեք Նրան» (3:54) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքը ուսուցանել է.
Փրկչի խոնարհության օրինակն ու ողջ մարդկության համար կատարած զոհաբերությունը պատմության ամենանշանակալի իրադարձությունն է։ Աստվածության անդամ լինելով՝ Փրկիչը պատրաստակամ էր երկիր գալ որպես խոնարհ մանուկ և սկսել երկրային գոյությունը, որը ներառում էր իր եղբայրներին ու քույրերին ուսուցանելն ու բժշկելը և, ի վերջո, աննկարագրելի ցավից տառապելը Գեթսեմանիում ու խաչի վրա, որպեսզի կատարյալ դարձնի Իր Քավությունը։ Սիրո և խոնարհության այս քայլը Քրիստոսի կողմից Նրա բարեհաճության դրսևորումն է։ Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ում Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։
(Քվենթին Լ. Քուք, «Հավերժական ամենօրը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 52)
Եբրայեցիներին 4.15 Արդյոք Հիսուսն իսկապե՞ս «ամեն բանով փորձված է մեզ նման»
Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907–95) ուսուցանել է․
Կարևոր է հիշել, որ Հիսուսը կարող էր մեղք գործել, որ նա կարող էր չդիմադրել, որ կյանքի և փրկության ծրագիրը կարող էր խափանվել, սակայն նա հավատարիմ մնաց։ Եթե չլիներ սատանայի գայթակղություններին զիջելու հնարավորությունը, ապա արդյունքում չէր լինի իրական փորձություն, իրական հաղթանակ։ Եթե նա զրկվեր մեղք գործելու կարողությունից, նա կզրկվեր իր ազատ ընտրության հնարավորությունից։ Նա էր, ով եկել էր պաշտպանելու և ապահովելու մարդու կամքի ազատությունը։ Նա պետք է պահպաներ մեղք գործելու կարողությունը և ունակությունը, եթե ցանկանար դա անել։ Ինչպես գրել է Պողոսը. «Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց» (Եբրայեցիներին 5․8), և նա «ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է» (Եբրայեցիներին 4․15)։ Նա կատարյալ և անմեղ էր, բայց նա ոչ թե ստիպված էր լինել այդպիսին, այլ որովհետև հստակորեն և վճռականորեն ուզում էր այդպիսին լինել:
(Հովարդ Վ. Հանթեր, «Քրիստոսի փորձությունները» Ensign, նոյեմբեր 1976, 19)
Եբրայեցիներին 4.16 Ո՞րն է «շնորհի աթոռի» կարևորությունը
«Շատ հին մշակույթներում թագավորի գահին առանց հրավերի մոտենալը նշանակում էր վտանգել սեփական կյանքը, բայց թագավորի հրավերով կարելի էր վստահորեն մոտենալ և խոսել: Աստծուն «համարձակորեն» մոտենալ նշանակում է վստահ լինել, որ Աստված ցանկանում է, որ մենք մոտենանք Իր գահին, և որ մենք կստանանք Նրա օգնությունը» (Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2018], 477)։
Անդրադառնալով այն ողորմությանը, որ Աստված առաջարկում է մեզ, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Անշուշտ մի բան, որ Աստծուն ամենաշատն է բավականություն պատճառում Աստված լինելու մեջ՝ ողորմած լինելու հրճվանքն է, հատկապես նրանց հանդեպ, ովքեր չեն սպասում և հաճախ մտածում են, թե իրենք արժանի չեն դրան։
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 33)