2010–2019 թթ․
Իրենց բեռները հեշտությամբ տանեին
Ապրիլ 2014


16:23

Իրենց բեռները հեշտությամբ տանեին

Յուրաքանչյուրս մեր կյանքում եզակի բեռ ունենք, որը մեզ օգնում է ապավինել Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին:

Ես մի սիրելի ընկեր ունեմ, որն իր ամուսնության վաղ տարիներին համոզված էր, որ ընտանիքը չորս քարշակով ընտանեկան բեռնատարի կարիք ունի: Նրա կինը համոզված էր, որ դա ոչ թե կարիք էր, այլ որ ամուսինը պարզապես նոր մեքենա է ուզում: Ամուսինն ու կինն ուրախ երկխոսություն նախաձեռնեցին, որ պարզաբանեն նման գնում կատարելու առավելություններն ու թերությունները:

«Քա՛ղցրս, մենք չորս քարշակով բեռնատարի կարիք ունենք»:

Կինը հարցրեց. «Ինչո՞ւ ես կարծում, որ նոր մեքենայի կարիք ունենք»:

Ամուսինը, իր կարծիքով, տվեց կատարյալ պատասխան. «Եթե մեր երեխային կաթ պետք լինի սարսափելի փոթորկի ժամանակ, ապա միակ ձևը, որ ես կարող եմ հասնել մթերային խանութ, չորս քարշակով բեռնատարն է»:

Կինը ժպիտով արձագանքեց. «Եթե մենք նոր մեքենա գնենք, ապա կաթի գումար չենք ունենա, ուրեմն պետք չի լինի արտակարգ իրավիճակներում խանութ գնալ»:

Ժամանակի ընթացքում նրանք շարունակեցին խորհուրդ անել և, ի վերջո, որոշեցին ձեռք բերել մեքենա: Նոր մեքենային տիրանալուց կարճ ժամանակ անց ընկերս ցանկացավ ցույց տալ բեռնատարի օգտակարությունը և արդարացնել գնելու իր դրդապատճառները: Այնպես որ, նա որոշեց, որ իրենց տան համար վառելափայտի պաշար կհավաքի ու կբերի իր բեռնատարով: Արդեն խոր աշուն էր և լեռներում, որտեղ նա մտադիր էր փայտ գտնել, արդեն ձյուն էր եկել: Բարձրանալով դեպի լեռները, ձյունն աստիճանաբար խորանում էր: Ընկերս նկատում էր, որ ճանապարհը լպրծուն և վտանգավոր էր դառնում, սակայն, իր նոր ավտոմոբիլի հանդեպ մեծ վստահություն ունենալով, նա շարունակում էր առաջ գնալ:

Ցավոք, ընկերս շատ հեռու քշեց ձնե ճանապարհով: Երբ նա ուղղեց մեքենան ճանապարհից դուրս՝ դեպի այն վայրը, որտեղ որոշել էր փայտ կտրել, նա թաղվեց ձյան մեջ: Նոր մեքենայի բոլոր չորս անիվներն անարդյունք պտտվում էին ձյան մեջ: Նա պատրաստակամորեն ընդունեց, որ չգիտեր, թե ինչ պետք է անի, որպեսզի ազատի իրեն այդ վտանգավոր իրավիճակից: Նա ամոթ ու անհանգստություն էր զգում:

Ապա ընկերս որոշեց. «Դե՜, ես պարզապես չեմ նստելու այստեղ»: Նա դուրս եկավ մեքենայից և սկսել փայտ կտրել: Նա բեռնատարի թափքը ամբողջովին լցրեց ծանր բեռով: Ապա ընկերս որոշեց, որ ևս մեկ անգամ կփորձի դուրս գալ ձյան միջից: Երբ նա կիրառեց փոխանցման տուփը և շարժիչին ուժ գործադրեց, մեքենան սկսեց քիչ-քիչ առաջանալ: Դանդաղ շարժվելով ձյան միջով՝ բեռնատարը վերադարձավ ճանապարհ: Նա վերջապես ազատ էր գնալու տուն՝ որպես երջանիկ և խոնարհված մարդ:

Մեր անհատական բեռը

Ես հայցում եմ Սուրբ Հոգու օգնությունը, մինչ կխոսեմ կարևոր դասերի մասին, որոնք կարելի է քաղել իմ ընկերոջ, բեռնատարի և փայտի մասին այդ պատմությունից: Փայտի բեռն էր: Փայտի բեռն էր, որ ապահովեց անհրաժեշտ քարշունակությունը, որ նրան դուրս բերի ձնից, վերադառնա ճանապարհ և առաջ շարժվի: Բեռն էր, որ նրան հնարավորություն տվեց վերադառնալ իր ընտանիք և իր տուն:

Յուրաքանչյուրս ինչ-որ բեռ ունենք: Մեր անհատական բեռը բաղկացած է պահանջներից ու հնարավորություններից, պարտավորություններից ու արտոնություններից, չարչարանքներից ու օրհնություններից և ընտրանքներից ու հարկադրանքներից: Երկու ուղղորդող հարց կարող են օգտակար լինել, երբ պարբերաբար աղոթքով գնահատում ենք մեր բեռը. «Արդյոք իմ կրած բեռը արտադրո՞ւմ է հոգևոր քարշունակություն, որը հնարավորություն կտա ինձ Քրիստոսի հանդեպ հավատքով առաջ մղվել նեղ ու անձուկ արահետով և խուսափել թաղվելուց: Արդյոք իմ կրած բեռը ստեղծո՞ւմ է հոգևոր քարշունակություն, այնպես որ ես, ի վերջո, կարողանամ վերադառնալ տուն՝ Երկնային Հոր մոտ»:

Երբեմն, մենք սխալմամբ կարող ենք հավատալ, որ երջանկությունը բեռի բացակայությունն է: Սակայն բեռ կրելը երջանկության ծրագրի անհրաժեշտ և կարևոր մասն է: Քանի որ մեր անհատական բեռը պետք է հոգևոր քարշունակություն առաջացնի, մենք պետք է զգույշ լինենք, որ մեր կյանքում քարշ չտանք չափից շատ բաներ, որոնք լավ են, բայց ոչ անհրաժեշտ, որպեսզի չշեղվենք ու չհեռանանք ավելի կարևոր բաներից:

Քավության զորացնող ուժը

Փրկիչն ասել է.

«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ և բեռնաւորուածներ, և ես հանգիստ կ’տամ ձեզ։

Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. Որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28–30):

Լուծը փայտե հաստ ձող է, որը սովորաբար օգտագործվում է մի զույգ եզ կամ այլ կենդանիներ լծելու համար, որը թույլ է տալիս նրանց միասին քաշել բեռը: Լուծը կենդանիներին պահում է կողք-կողքի, որպեսզի նրանք կարողանան միասին առաջ շարժվել, ինչ-որ գործ կատարելու համար:

Մտածեք Տիրոջ բացառիկ անհատական հրավերի մասին՝ «ձեզ վերայ առէք իմ լուծը»: Սրբազան ուխտեր կապելն ու պահելը մեզ լծակից է դարձնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ըստ էության՝ Փրկիչը մեզ հրավիրում է ապավինել Իրեն և քաշել Իր հետ միասին, թեև մեր լավագույն ջանքերը հավասար չեն և չեն կարող համեմատվել Նրա հետ: Մինչ մենք վստահում և քաշում ենք մեր բեռը Նրա հետ մահկանացու ճամփորդության ժամանակ, իրապես նրա լուծը քաղցր է, իսկ Նրա բեռը՝ թեթև:

Մենք երբեք միայնակ չենք և չպետք է միայնակ լինենք: Մենք կարող ենք առաջ շարժվել մեր առօրյա կյանքում, ինչպես երկնային օգնությամբ: Փրկչի Քավության միջոցով մենք կարող ենք «մեր ուժերից վեր» ունակություններ ձեռք բերել («Lord, I Would Follow Thee», Hymns, no. 220): Քանի որ Տերը հայտարարել է. «Հետևաբար, շարունակեք ձեր ճամփորդությունը, և թող ձեր սրտերը ցնծան. քանզի ահա, տե՛ս, ես ձեզ հետ եմ, նույնիսկ մինչև վերջ» (ՎևՈւ 100.12):

Դիտարկենք Մորմոնի Գրքի օրինակը, երբ Ամուղոնը հալածում էր Ալմային ու նրա ժողովրդին: Տիրոջ ձայնը եկավ այդ աշակերտներին իրենց չարչարանքների մեջ. «Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. և ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից» (Մոսիա 24.13):

Նկատեք ազատման խոստումի մեջ ուխտերի առանցքային դերը: Հավատարմությամբ ստացվող և հարգվող ուխտերը և քահանայության պատշաճ իշխանությամբ կատարվող արարողություններն անհրաժեշտ են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ հասանելի բոլոր օրհնությունները ստանալու համար: Քանի որ քահանայության արարողություններում է, որ աստվածայնության զորությունը, այդ թվում նաև Քավության օրհնությունները, բացահայտվում են մահկանացու տղամարդկանց և կանանց (տես ՎևՈւ 84.20–21):

Հիշեք Փրկչի արտահայտությունը «Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28–30), մինչ կարդում ենք Ալմայի և իր ժողովրդի մասին հաջորդ հատվածը:

«Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք» (Մոսիա 24.14)

Մեզանից շատերը ենթադրում են, որ այս սուրբ գրությունը ենթադրում է, որ բեռն անսպասելիորեն և մշտապես կհեռացվի: Սակայն հաջորդ հատվածը նկարագրում է, թե ինչպես բեռները թեթևացան:

«Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո՛, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին (Մոսիա 24.15, շեշտադրումն ավելացված է):

Փորձություններն ու դժվարություններն անմիջապես չհեռացվեցին ժողովրդից: Այլ Ալման ու նրա հետևորդները ամրապնդվեցին և նրանց ավելացված կարողությունները բեռը թեթև դարձրին: Այս բարի մարդիկ Քավության շնորհիվ զորություն ստացան գործելու որպես իրենց կամքի գործակալներ (տես ՎևՈւ 58.26–29) և ներգործեցին իրենց պայմանների վրա: Եվ «Տիրոջ ուժով» (Մորմոնի Խոսքերը 1.14, Մոսիա 9.17, 10.10, Ալմա 20.4), Ալման ու նրա ժողովուրդը ուղղորդվեցին անվտանգություն գտնելու Զարահեմլայի հողում:

Հիսուս Քրիստոսի Քավությունը ոչ միայն հաղթահարում է Ադամի անկման հետևանքները և հնարավոր է դարձնում մեր անհատական մեղքերի և օրինազանցությունների թողությունը, այլ Նրա Քավությունը մեզ հնարավորություն է տալիս նաև բարիք գործել և ավելի լավը լինել՝ գերազանցելով մեր մահկանացու ունակությունները: Մեզանից շատերը գիտեն, որ երբ ինչ-որ բան սխալ ենք անում և օգնություն ենք ուզում մեղքի հետևանքները մեր կյանքում հաղթահարելու համար, Փրկիչը հնարավոր է դարձրել, որ մենք մաքրվենք Նրա փրկագնող զորությամբ: Բայց մենք նաև հասկանում ենք, որ Քավությունը հավատարիմ տղամարդկանց և կանանց համար է, ովքեր հնազանդ են, արժանի են և բարեխղճորեն ձգտում են դառնալ ավելի լավը և ծառայել ավելի հավատարմորեն: Կարծում եմ՝ մենք լիովին չենք գիտակցում Քավության այդ զորացնող ուժը մեր կյանքում և սխալմամբ կարծում ենք, որ ամբողջովին միայնակ պետք է տանենք մեր բեռը՝ բացարձակապես մեր հաստատակամությամբ, կամքի ուժով ու կարգապահությամբ և մեր ակնհայտ սահմանափակ ունակություններով:

Մի բան է՛ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, որ մահանա մեզ համար: Բայց մենք պետք է նաև գնահատենք, որ Տերը՝ Իր Քավությամբ ու Սուրբ Հոգու զորությամբ, ցանկանում է կենսունակություն տալ մեզ՝ ոչ միայն առաջնորդելով, այլ նաև զորացնելով ու բուժելով մեզ:

Փրկիչը սատարում է Իր ժողովրդին

Ալման բացատրում է, թե ինչու և ինչպես է Փրկիչը ունակություն տալիս մեզ.

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները։

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների (Ալմա 7.11–12):

Այսպիսով, Փրկիչը տառապանք է կրել ոչ միայն մեր մեղքերի և անօրինազանցությունների համար, այլ նաև մեր ֆիզիկական ցավերի ու տառապանքների համար, մեր թուլությունների ու թերությունների, մեր մտավախությունների ու պատրանքների համար, մեր հիասթափությունների և հուսահատությունների, մեր ափսոսանքների ու խղճի խայթի, մեր վհատության ու հուսալքվածության, մեզ հանդիպող անարդարությունների և անհավասարությունների և մեզ շրջապատող էմոցիոնալ անհանգստության համար:

Չկա ոչ մի ֆիզիկական ցավ, ոչ էլ հոգևոր վերք, ոչ հոգու տվայտանք, ոչ սրտի ցավ, ոչ թուլություն, ոչ էլ տկարություն, որին ես կամ դուք դիմակայել ենք մահկանացու կյանքում, որը մինչ այդ Փրկիչը տարած չլինի: Տկարության պահին մենք հնարավոր է բարցրաձայնենք. «Ո՛չ ոք չգիտի, թե ինչով եմ ես անցնում: Ո՛չ ոք չի կարող հասկանալ»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանի որ Անձամբ զգացել և կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34.14), Նա կատարյալ կարեկցանք ունի և կարող է Իր ողորմած աջը մեկնել մեզ: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բուժել և ամրացնել մեզ, որ լինենք ավելին, քան երբևէ կարող ենք լինել, և օգնում են մեզ անել այն, ինչը մենք երբեք չէինք կարող անել, եթե ապավինեինք միայն մեր սեփական ուժին: Իրապես, Նրա լուծը քաղցր է և Նրա բեռը թեթև:

Հրավեր, խոստում և վկայություն

Ես հրավիրում եմ ձեզ սովորել, աղոթել, խորհել և ձգտել ավելին իմանալ Փրկչի Քավության մասին, երբ դուք չափում եք ձեր անհատական բեռը: Քավության մասին շատ բաներ մենք պարզապես չենք կարող ընկալել մեր մահկանացու մտքով: Բայց Քավության շատ տեսանկյուններ կան, որ մենք կարող ենք և պետք է հասկանանք:

Իմ ընկերոջ համար, փայտի բեռը կյանք փրկող քարշունակություն ապահովեց: Դատարկ բեռնատարը չէր կարող շարժվել ձյան միջով, թեև հագեցած էր չորս անիվ քարշակով: Ծանր բեռն անհրաժեշտություն դարձավ քարշունակություն արտադրելու համար:

Բեռն անհրաժեշտ էր: Բեռն էր, որ քարշունակություն ապահովեց, որ հնարավորություն տվեց ընկերոջս դուրս գալ թաղված վիճակից, վերադառնալ ճանապարհի վրա, առաջ մղվել և վերադառնալ իր ընտանիք:

Յուրաքանչյուրս մեր կյանքում եզակի բեռ ունենք, որը մեզ օգնում է ապավինել Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին (տես 2 Նեփի 2.8). Ես վկայում եմ և խոստանում, որ Փրկիչը կօգնի մեզ հեշտությամբ կրել մեր բեռները (տես Մոսիա 24.15): Երբ նրան լծակից դառնանք սրբազան ուխտերի միջոցով և Նրա Քավության միջոցով զորություն ստանանք կյանքում, մենք ավելի ու ավելի շատ կձգտենք հասկանալ և ապրել ըստ նրա կամքի: Մենք նաև կաղոթենք ուժի համար, որպեսզի սովորենք, փոխվենք կամ ընդունենք մեր հանգամանքները, ոչ թե անդադար աղոթենք, որ Աստված փոխի մեր հանգամանքները՝ ըստ մեր կամքի: Մենք կդառնանք ավելի շուտ ներգործող, քան ներգործվող էակներ (տես 2 Նեփի 2.14): Մենք կօրհնվենք հոգևոր քարշունակությամբ:

Թող որ Փրկչի Քավությամբ յուրաքանչյուրս ավելի լավը և ավելի քարշունակ դառնա: Այսօր ապրիլի 6-ն է: Հայտնության շնորհիվ մենք գիտենք, որ այսօր Փրկչի ծննդի իրական և ճշգրիտ օրն է: Ապրիլի 6-ը նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորման օրն է: (Տես ՎևՈւ 20.1; Հարոլդ Բ. Լի, “Strengthen the Stakes of Zion,” Ensign, July 1973, 2; Spencer W. Kimball, “Why Call Me Lord, Lord, and Do Not the Things Which I Say?” Ensign, May 1975, 4; Spencer W. Kimball, “Remarks and Dedication of the Fayette, New York, Buildings,” Ensign, May 1980, 54; Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 [2005], 409:) Այս հատուկ և սուրբ կիրակի օրը ես հրապարակում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է: Նա ապրում է և կարող է մաքրել, բուժել, առաջնորդել, պաշտպանել և ամրապնդել մեզ: Այս բաների մասին ես ուրախությամբ վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: