2010–2019 թթ․
«Ես ձեզ օրինակ տուի»
Ապրիլ 2014


14:58

«Ես ձեզ օրինակ տուի»

Ամենամեծ օրինակը, ով երբևէ քայլել է երկրի վրա, մեր Փրկիչն է՛ Հիսուս Քրիստոսը: … Նա մեզ հրավիրում է հետևել Իր կատարյալ օրինակին:

Ավետարանով կիսվելու իմ պարտականության մասին խորհելիս, ես մտածում էի իմ սիրելի մարդկանց մասին, ում գորովալից ազդեցություններն օգնել են ինձ գտնել ի վերուստ նշանակված ուղին, որը նպաստել է իմ հոգևոր առաջընթացին: Իմ կյանքի կարևոր պահերին Երկնային Հայրն օրհնել է ինձ հանդիպել մեկին, ով բավականաչափ գութ է ունեցել իմ նկատմամբ, որպեսզի պատշաճ կերպով առաջնորդի իմ ընտրությունները: Նրանք հետևել են Փրկչի այս խոսքերին. «Որովհետև ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք»:1

Երբ ես երեխա էի, հայրս Եկեղեցու անդամ չէր, իսկ մայրս դարձել էր ավելի քիչ ակտիվ: Մենք ապրում էինք Վաշինգտոն քաղաքում, իսկ մայրիկիս ծնողներն ապրում էին Վաշինգտոն նահանգում, որը մեզանից 2,500 մղոն (4000կմ) հեռավորության վրա էր: Իմ ութերորդ տարեդարձից մի քանի ամիս անց Ուիթլ տատիկը երկրի մի ծայրից մյուսը եկավ, որպեսզի այցելեր մեզ: Տատիկին անհանգստացնում էր այն, որ ոչ ես, ոչ էլ իմ ավագ եղբայրը մկրտված չէինք: Ես չգիտեմ, թե նա ինչ ասաց իմ ծնողներին այս մասին, բայց ես գիտեմ, որ մի առավոտ նա եղբորս ու ինձ այգի տարավ ու մեզ հետ կիսվեց մկրտվելու ու Եկեղեցու ժողովներին պարբերաբար հաճախելու կարևորության մասին: Ես չեմ հիշում այն մանրամասներն, ինչ նա ասաց, բայց նրա խոսքերը սրտումս ինչ-որ բան արթնացրեցին, և շուտով իմ եղբայրն ու ես մկրվեցինք:

Տատիկը շարունակում էր աջակցել մեզ: Ես հիշում եմ, որ ամեն անգամ, երբ եղբորս կամ ինձ հանձնարարվում էր ելույթ ունենալ եկեղեցում, մենք զանգահարում էինք նրան և խնդրում մտքեր առաջարկել: Մի քանի օրվա ընթացքում փոստով ձեռագիր մտքեր էինք ստանում: Որոշ ժամանակ անց նրա մտքերը վերածվում էին մի համառոտ շարադրանքի, որը մեզանից ավելի շատ ջանք էր պահանջում:

Տատիկը պարզապես գործադրեց ճիշտ չափով խիզախություն ու հարգանք, որպեսզի օգներ մեր հայրիկին ընդունել մեր ժողովների համար մեզ եկեղեցի տանելու կարևորությունը: Նա օգնում էր մեզ զգալ ավետարանի անհրաժեշտությունը մեր կյանքում ամեն համապատասխան ձևով:

Ամենակարևորն այն էր, որ մենք գիտեինք, որ տատիկը սիրում էր մեզ, և որ նա սիրում էր ավետարանը: Նա սքանչելի՜ օրինակ էր: Որքա՜ն երախտապարտ եմ այն վկայության համար, որ նա կիսվեց ինձ հետ, երբ շատ երիտասարդ էի: Նրա ազդեցությունը փոխեց իմ կյանքի ուղին, որը բերեց հավեժական օրհնություններ:

Ավելի ուշ, երբ ես պատրաստվում էի ավարտել համալսարանը, ես սիրահարվեցի մի գեղեցիկ աղջկա, ում անունը Ջենին Վոտքինս էր: Ես կարծում էի, որ նա նույնպես սկսել էր խորը զգացմունքներ տածել իմ նկատմամբ: Մի երեկո, երբ մենք խոսում էինք ապագայի մասին, նա զգուշորեն զրույցի մեջ մտցրեց մի համոզմունք, որն ընդմիշտ փոխեց իմ կյանքը: Նա ասաց. «Երբ ես ամուսնանամ, ապա դա կլինի տաճարում՛ հավատարիմ, վերադարձած միսիոների հետ»:

Ես այդքան էլ չէի մտածել միսիայի մասին դրանից առաջ: Այդ երեկո միսիոներական ծառայության մասին մտածելու իմ դրդապատճառը կտրուկ փոխվեց: Ես գնացի տուն և չէի կարողանում այլ բանի մասին մտածել: Ես արթուն էի ողջ գիշերվա ընթացքում: Հաջորդ օրն ամբողջովին մտացիր էի դասերիցս: Շատ աղոթքներից հետո ես որոշեցի հանդիպել իմ եպիսկոպոսի հետ և սկսել իմ միսիոներական դիմումը:

Ջենինը երբեք չի խնդրել ինձ ծառայել միսիայում իր համար: Նա բավականաչափ սիրում էր ինձ, որպեսզի կիսվեր իր համոզմունքով և այնուհետև հնարավորություն տար ինձ ծրագրել իմ սեփական կյանքը: Մենք երկուսս էլ ծառայեցինք միսիայում և ավելի ուշ կնքվեցինք տաճարում: Ջենինի խիզախությունն ու նվիրվածությունն իր հավատքին մեր միասնական կյանք բերեցին մեծ տարբերություն: Ես վստահ եմ, որ մենք չէինք գտնի այն երջանկությունը, որը մենք վայելում էինք, եթե չլիներ առաջին հերթին Տիրոջը ծառայելու սկզբունքի նկատմամբ նրա ամուր հավատքը: Նա հրաշալի, արդարացի օրինակ է:

Ուիթլ տատիկն ու Ջենինը սիրում էին ինձ բավականաչափ, որպեսզի կիսվեին իրենց համոզմունքներով, որ ավետարանի արարողություններն ու Երկնային Հորը ծառայելն օրհնելու էին իմ կյանքը: Նրանցից ոչ ոք չստիպեց ինձ և ոչ էլ այնպես արեց, որ վատ զգայի իմ անձի համար: Նրանք պարզապես սիրում էին ինձ և սիրում էին Երկնային Հորը: Երկուսն էլ գիտեին, որ Նա կարող էր ավելին անել իմ կյանքում, քան ես կարող էի անել ինքնուրույն: Նրանցից յուրաքանչյուրն ինձ համարձակությամբ ու սիրալիր կերպով օգնեց գտնել ամենամեծ երջանկության ուղին:

Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը դառնալ նման կարևոր ազդեցություն: Մենք պետք է համոզված լինենք, որ ի սրտե սիրում ենք նրանց, ում անկեղծորեն ցանկանում ենք օգնել, ապա նրանք կկարողանան սկսել զարգացնել վստահություն Աստծո սիրո նկատմամբ: Շատերի համար ավետարանն ընդունելու առաջին դժվարությունը Երկնային Հոր նկատմամբ հավատք զարգացնելն է, ով սիրում է նրանց կատարելապես: Ավելի հեշտ է զարգացնել այդ հավատքը, երբ նրանք ունեն ընկերներ կամ ընտանիքի անդամներ, ովքեր սիրում են նրանց նման սիրով:

Օգնելով նրանց զարգացնել վստահություն ձեր սիրո նկատմամբ՛ կարող եք օգնել նրանց զարգացնել հավատք Աստծո սիրո նկատմամբ: Այնուհետև, ձեր սիրալիր, խոհեմ զրույցների միջոցով կօրհնվի նրանց կյանքը, երբ կիսվեք այն դասերով, որ սովորել եք, փորձառություններով, որ ունեցել եք և սկզբունքներով, որոնց հետևել եք, որպեսզի գտնեք լուծում ձեր խնդիրների համար: Ցուցաբերեք ձեր անկեղծ հետաքրքրվածությունը նրանց բարեկեցության նկատմամբ, այնուհետև կիսվեք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր գիտելիքով:

Դուք կարող եք օգնել սկզբունքի և վարդապետության մեջ հիմնավորված եղանակներով: Նրանց, ում սիրում եք, խրախուսեք փորձել հասկանալ այն, ինչ Տերը կուզենար, որ նրանք անեին: Դա անելու եղանակներից մեկը նրանց այնպիսի հարցեր տալն է, որոնք նրանց մտորելու առիթ կտան, և այնուհետև բավականաչափ ժամանակ տրամադրելը՛ ժամեր, օրեր, ամիսներ կամ ավելին, որպեսզի խորհեն ու ինքնուրույն հասկանան դրանց պատասխանները: Դուք կարող եք օգնել նրանց սովորել ինչպես աղոթել և ինչպես ճանաչել իրենց աղոթքների պատասխանները: Օգնեք նրանց հասկանալ, որ սուրբ գրությունները կարևոր աղբյուր են պատասխաններ ստանալու և ճանաչելու համար: Այսպիսով, դուք կօգնեք նրանց նախապատրաստվել հետագա հնարավորություններին ու դժվարություններին:

Աստծո նպատակն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:2 Այն կազմում է մեր բոլոր գործողությունների հիմքը: Երբեմն մենք այնքան ենք խորասուզվում մեզ հրապուրիչ թվացող բաների մեջ, կամ այնքան ենք կլանվում երկրային պատասխանատվություններով, որ մեր տեսադաշտից կորցնում ենք Աստծո նպատակները: Եթե դուք հետևողականորեն կենտրոնացնեք ձեր կյանքն առավել հիմնական սկզբունքների վրա, դուք ձեռք կբերեք պատկերացում այն մասին, թե ինչ պետք է անեք, և ավելի շատ պտուղներ կունենաք Տիրոջ համար, և ավելի մեծ ուրախություն՛ ձեզ համար:

Եթե դուք կենտրոնացնեք ձեր կյանքը փրկության ծրագրի հիմնական սկզբունքների վրա, դուք ավելի լավ հետամուտ կլինեք ձեր գիտելիքով կիսվելուն, քանի որ դուք կհասկանաք ավետարանի արարողությունների հավերժական կարևորությունը: Դուք կկիսվեք ձեր գիտելիքով այնպես, որը կխրախուսի ձեր ընկերներին հոգեպես ամրանալու ցանկություն ունենալ: Դուք կօգնեք ձեր սիրելիներին ցանկություն ունենալ նվիրվել ու հնազանդվել Նրա բոլոր պատվիրաններին և իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:

Հիշեք, որ մարդկանց դարձի գալը կազմում է աշխատանքի միայն մի մասը: Միշտ ձգտեք ամրացնել ընտանիքները: Ուսուցանեք՛ հիշելով ընտանիքների տաճարում կնքվելու կարևորության մասին: Որոշ ընտանիքների դեպքում այն կարող է տևել տարիներ: Այսպես էր իմ ծնողների դեպքում: Իմ մկրտությունից շատ տարիներ անց հայրս մկրտվեց, և ավելի ուշ իմ ընտանիքը կնքվեց տաճարում: Հայրս տաճարում ծառայեց որպես կնքող, իսկ մայրս այնտեղ ծառայեց նրա հետ: Երբ դուք ունենաք տաճարային կնքման արարողության մտապատկերը, դուք կօգնեք կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա:

Հիշե՛ք, սիրելու միջոցով է, որ կկարողանաք ազդեցություն ունենալ նրանց վրա, ում ցանկանում եք օգնել: Իմ Ուիթլ տատիկի ու իմ կնոջ՛ Ջենինի ազդեցությունները կլինեին աննշան, եթե ես առաջին հերթին չիմանայի, որ նրանք սիրում են ինձ ու ցանկանում են ինձ համար կյանքում լավագույնը:

Որպես այդ սիրո ուղեկից՛ վստահե՛ք նրանց: Որոշ դեպքերում հնարավոր է վստահելը դժվար թվա, բայց նրանց վստահելու որևէ եղանակ գտեք: Երկնային Հոր զավակները կարող են զարմանալի բաներ անել, երբ նրանք զգում են, որ իրենց վստահում են: Աստծո յուրաքանչյուր զավակ, ով ապրում է այս մահկանացու կյանքում, ընտրել է Փրկչի ծրագիրը: Վստահեք, որ եթե նրանց հնարավորություն տրվի, նրանք կրկին այդպես կվարվեն:

Կիսվեք այնպիսի սկզբունքներով, որոնք կօգնեն նրանց, ում սիրում եք, առաջ գնալ դեպի հավերժական կյանք տանող ճանապարհով: Հիշեք, մենք բոլորս աճում ենք տող առ տող: Դուք հետևել եք միևնույն օրինակին ավետարանի ըմբռնման մեջ: Ավետարանով ձեր կիսվելը պարզ դարձրեք:

Հիսուս Քրիստոսի Քավության մասին ձեր անձնական վկայությունը հզոր գործիք է: Դրան ուղեկցող միջոցներն են աղոթքը, Մորմոնի Գիրքն ու մյուս սուրբ գրությունները և քահանայության արարողությունների նկատմամբ ձեր նվիրվածությունը: Այս ամենը կնպաստեն Սուրբ Հոգու առաջնորդությանը, որին ապավինելը չափազանց կարևոր է ձեզ համար:

Արդյունավետ լինելու և Քրիստոսի նման գործելու3 համար կենտրոնացեք ավետարանի այս հիմնական սկզբունքի վրա. Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում, որ մենք ավելի նմանվենք մեր Երկնային Հորը, այնպես որ մենք հավերժ կարող ենք ապրել մեր ընտանեկան միավորներում:

Մեր աշխատանքի համար չկա ավելի հիմնարար վարդապետություն, քան Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ամեն պատշաճ հնարավորության դեպքում վկայեք Փրկչի և Նրա Քավիչ զոհաբերության մասին: Կիրառեք սուրբ գրությունների այնպիսի հատվածներ, որոնք ուսուցանում են Նրա մասին, և թե ինչու է Նա հանդիսանում կատարյալ օրինակ կյանքում բոլորի համար:4 Դուք պետք է ջանասիրաբար ուսումնասիրեք: Այնքան մի խորասուզվեք աննշան բաների մեջ, որպեսզի բաց թողնեք վարդապետությունն ու Տիրոջ ուսմունքները սովորելը: Ունենալով ամուր անձնական վարդապետական հիմք, դուք կլինեք զորեղ աղբյուր ուրիշների հետ այս կարևոր ճշմարտությամբ կիսվելու հարցում, ովքեր շատ ունեն դրա կարիքը:

Մենք արդյունավետ կերպով ծառայում ենք մեր Երկնային Հորը՛ արդարությամբ ներգործելով ուրիշների վրա ու ծառայելով նրանց:5 Ամենամեծ օրինակը, ով երբևէ քայլել է երկրի վրա, մեր Փրկիչն է՛ Հիսուս Քրիստոսը: Իր ծառայությունը մահկանացու կյանքի ընթացքում լի էր ուրիշներին ուսուցանելով, ծառայելով և սիրելով: Նա սեղանի շուրջ էր նստում այնպիսի մարդկանց հետ, ովքեր արժանի չէին Նրա ընկերակցությանը: Նա սիրում էր ամենքին: Նա նկատում էր նրանց կարիքները և ուսուցանում էր Իր ավետարանը: Նա մեզ հրավիրում է հետևել Իր կատարյալ օրինակին:

Ես գիտեմ, որ Նրա ավետարանը խաղաղության ու երջանկության ուղին է այս կյանքում: Թող որ մենք հիշենք անել այնպես, ինչպես Նա է արել՛ կիսվելով մեր սիրով, վստահությամբ և ճշմարտության մասին մեր գիտելիքով ուրիշների հետ, ովքեր դեռ չեն ընդունել ավետարանի պայծառ լույսը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: