Ձեր չորս րոպեն
Քավության հրաշքը կարող է շտկել մեր կյանքի անկատարությունները:
Վերջերս տեղի ունեցած Ձմեռային Օլիմպիական խաղերում 89 երկիր ներկայացնող մարզիկները մրցում էին 98 տարբեր մրցույթներում: Ուշագրավ փաստն այն էր, որ այդ մարզիկներից 10-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ էին, որոնցից 3-ը մեդալների արժանացան, նրանք են՛ Քրիստոֆեր Ֆոգթը, Նոել Պիկուս-Փեյսը և Տորա Բրայթը, այդ մասին վերջերս լուսաբանեց Church News-ը:1 Մենք շնորհավորում ենք մրցույթներին մասնակցած բոլոր մարզիկներին: Գերազանց էր:
Այս առավոտ, օլիմպիական խաղերին անդրադառնալով, խոսքս ուղղում եմ ձեզ՛ երիտասարդ տղաներ, աղջիկներ և ամուրիներ, որ ապրում եք ձեր կյանքի ընթացքն ուղղորդող կարևորագույն տարիները: Ես հրատապ եմ համարում խոսքս ձեզ ուղղելը:
Որպեսզի դուք էլ զգաք այդ հրատապությունը, նախ կպատմեմ Վերջին Օրերի Սուրբ մարզիկներից մեկի՛ Նոյել Պիկուս-Փեյսի պատմությունը: Նոյելը մասնակցեց սկելետոնի մրցումներին, որի ժամանակ մարզիկներն արագ վազելով թափ են հավաքում, ապա գլուխն առաջ պառկում փոքր սահնակի վրա: Դեմքը գետնից ընդամենը երկու սանտիմետր վերև նրանք սրընթաց սահում են քամոտ սառցուղով ժամում 90 (145 կմ) մղոն արարգությամբ:
Աներևակայելի է այն, որ տարիների նախապատրաստական աշխատանքը ավարտվում է կամ հաջողությամբ կամ էլ հուսահատությամբ, կախված նրանից, թե ինչ տեղի կունենա 60 վայրկյան տևողությամբ լարված չորս մրցելույթների ընթացքում:
Նոյելի 2006թ. Օլիմպիադայի երազանքները խորտակվեցին, երբ սարսափելի պատահարի ժամանակ նրա ոտքը կոտրվեց: 2010թ. Օլիմպիադայի ժամանակ կրկին նրա երազանքներն անկատար մնացին, երբ մեկ տասերորդական վայրկյան չբավականացրեց, որ նա մրցանակակիրների հարթակին կանգներ:2
Կարո՞ղ եք պատկերացնել նրա անհանգստությունը, երբ նա սպասում էր 2014թ. Օլիմպիադայում իր առաջին մրցելույթին: Տարիների նախապատրաստական աշխատանքն ամփոփվելու էր սոսկ մի կարճ ժամանակահատվածում: Ընդամենը չորս րոպե: Նա տարիներ էր անցկացրել, պատրաստվելով այդ չորս րոպեներին, իսկ հետո ողջ կյանքում հիշելու էր դրանք:
Նոյելի վերջին մրցելույթները գրեթե անթերի էին: Մենք երբեք չենք մոռանա, ինչպես նա վերջագիծը հատելուց հետո թռավ տրիբունա ողջագուրվելու իր ընտանիքի հետ, բացականչելով՛ «Մենք դա արեցինք»: Տարիների աշխատանքը վարձատրվեց: Մենք տեսանք նրա վզից կախված Երիտասարդ կանանց մեդալիոնը, երբ արծաթե մեդալն էր շնորհվում նրան:3
Գուցե անարդար թվա, որ Նոյելի ամբողջ Օլիմպիական երազանքը կախված էր չորս րոպեանոց կարճ մրցելույթից: Բայց նա գիտեր, և դա էր պատճառը, որ նա այդքան տքնաջան պատրաստվել էր: Նա զգում էր այդ չորս րոպեների կարևորությունը, հրատապությունը, և թե ինչ նշանակություն էին ունենալու դրանք իր մնացած կյանքի համար:
Մենք նաև հիշում ենք Քրիստոֆեր Ֆոգթին, որը բոբսլեի չորս-հոգանոց թիմային մրցույթում արժանացավ բրոնզե մեդալի: Չնայած 2010թ. Օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած սոսկալի պատահարից հետո նա կարող էր թողնել ամեն ինչ, բայց նա ընտրեց համառորեն շարունակելը: Հիասքանչ, հատուցող մրցելույթից հետո նա ստացավ մրցանակը, որին այդքան ջանասիրաբար ձգտել էր:4
Այժմ, դիտարկենք, որքանով է այդ մարզիկների չորս րոպեանոց մրցելույթը նման դեպի հավերժական կյանք տանող ձեր ուղուն: Դուք հավերժական էակ եք: Նախքան ծնվելը դուք եղել եք հոգի: Սիրող Երկնային Հոր ներկայությամբ դուք պարապել և պատրաստվել եք մի կարճ ժամանակով երկիր գալուն, և, իհարկե, ձեր մասը կատարելուն: Այս կյանքը ձեր չորս րոպեն է: Այստեղ ձեր կատարած գործերը կորոշեն, թե արդյո՞ք կնվաճեք հավերժական կյանքի մրցանակը: Ամուղեկ մարգարեն նկարագրել է. «Այս կյանքն է ժամանակը … նախապատրաստվելու՛ հանդիպելու Աստծուն. այո, ահա, … այս կյանքի օրն է [ձեր] գործերը կատարելու օրը»:5
Այդ առումով, ձեր չորս րոպեն արդեն սկսվել է: Ժամանակը գնում է: Պողոս Առաքյալի խոսքերը, կարծես, այնքան տեղին են. «Դուք այնպես վազեցեք, որ մրցանակը առնեք»:6
Ինչպես Օլիմպիական մարզիկի կարճ մրցելույթում շատ կարևոր են որոշակի քայլեր, որոնք են թռիչքները կամ պտույտները գեղասահորդների և սնոուբորդիստների համար, շրջադարձերի բանակցումը սահնակա-բոբսլեյական սառցուղիներում կամ սարն ի վար նշանները շրջանցելով արագ դահուկավարելը, այնպես էլ մեր կյանքում բացարձակ կարևոր են այսպես կոչված անցակետերը, որոնք մեզ առաջ են տանում երկրի վրա մեր հոգևոր կյանքում: Այդ հոգևոր նշակետերը ավետարանի Աստվածատուր կարևոր ծեսերն են՛ մկրտությունը, Սուրբ Հոգին ստանալը, քահանայության արարողությունները, տաճարային արարողությունները և ամեն շաբաթ հաղորդության ճաշակումը:
«[Այդ] արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:7
Ինչպես ռեժիմով անցկացված պարապմունքներն են պատրաստում մարզիկին իր սպորտաձևում էլեմենտները բարձր մակարդակով կատարելու համար, այնպես էլ պատվիրանները պահելը որակում են ձեզ ստանալու այդ փրկող արարողությունները:
Հասկանո՞ւմ եք արդյոք հրատապությունը:
Իմ երիտասարդ ընկերներ, որտեղ էլ լինեք ձեր «չորս րոպեների» ընթացքում, ես խնդրում եմ, խորհեք՛ «Ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, որը կապահովի իմ մեդալը»: Գուցե այս համաժողովի ժամանակ ձեզ հոգին շշնջացել է, որ հաջորդ քայլը պետք է լինի՛ ավելի նպատակային պատրաստվել ապագայում մի որևէ արարողության կամ ստանալ արարողություն, որը պետք է վաղուց ստացած լինեիք: Ինչ էլ, որ լինի, կատարեք այն այժմ, մի սպասեք: Ձեր չորս րոպեները արագ կանցնեն, և դուք հավերժության ընթացքում կմտածեք այս կյանքում կատարածի մասին:8
Ինքնակարգապահություն է անհրաժեշտ: Ձեր կարգավարժման հիմքը պետք է լինեն ամենօրյա աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և եկեղեցի հաճախելը: Պարտադիր պայմաններ են՛ մշտապես պատվիրաններին հնազանդվելը, կապած ուխտերը պահելը և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրված Տիրոջ չափանիշներին հետևելը:
Գուցե ձեր կյանքում առկա են խնդիրներ, որոնք սպառնում են դանդաղեցնել կամ դադարեցնել ձեր հոգևոր առաջընթացը: Այդ դեպքում հետևեք այս սուրբգրքյան խորհրդին. «Եկեք դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը»:9
Ապաշխարելու համար ամենևին էլ ուշ չէ: Բայց գուցե շուտով ուշ լինի, որովհետև ոչ ոք իրականում չգիտի, երբ է ձեր չորս րոպեն ավարտվելու:
Այժմ գուցե մտածեք. «Ես արդեն կորցրել եմ այդ հնարավորությունը: Իմ չորս րոպեներն արդեն խափանվել են: Նաև գուցե անձնատուր լինեմ»: Այդ դեպքում, մի մտածեք այդ մասին, և երբեք էլ մի մտածեք: Քավության հրաշքը կարող է շտկել մեր կյանքի անկատարությունները: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
«Նրանց, … ովքեր դեռևս ընդդիմանում են, … ես վկայում եմ Աստծո նորոգող զորության և Նրա շնորհի հրաշքի մասին: …
… Երբեք շատ ուշ չէ, քանի դեռ Վարդապետը … ասում է, որ ժամանակ կա: … Մի հետաձգեք»:10
Հիշեք, դուք միայնակ չեք: Փրկիչը խոստացել է, որ Նա ձեզ անմխիթար չի թողնի:11 Դուք նաև ունեք ընտանիք, ընկերներ և ղեկավարներ, ովքեր ոգևորում են ձեզ:
Թեպետ խոսքս ուղղված է Եկեղեցու երիտասարդներին, ծնողների և պապիկ-տատիկների համար առաջարկում եմ հետևյալը.
Վերջերս Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրեց մի պարզ եղանակ, ինչպես կարելի է կատարել ընտանիքի գնահատում, պարզելով թե հիմնական արարողությունների հարցում որ տեղում է գտնվում ընտանիքը ուխտի ճանապարհին: Մեզ անհրաժեշտ է ընդամենը թուղթ՛ բաժանած երկու սյունակների, վերնագրված՛ «անուն» և «ծրագիր հաջորդ կամ անհրաժեշտ ծեսի համար»: Վերջերս ես կատարեցի դա՛ լրացնելով իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը: Նրանց շարքում էր իմ նորածին թոռնիկը, որը պետք է շուտով օրհնություն ստանար, վեցամյա թոռնիկը, որի մկրտության համար պատրաստությունը կարևոր էր, և 18 տարեկան դարձող որդին, որի նախապատրաստությունը քահանայության և տաճարային օժտման համար անխուսափելի էր: Ցուցակում բոլորը հաղորդության արարողության կարիքն ունեին: Այդ հասարակ վարժությունը օգնեց ինձ և Լեսային կատարել մեր դերը՛ օգնելով մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամին շարժվել ուխտի ճանապարհով, նրանցից յուրաքանչյուրի համար ունենալով գործողությունների ծրագիր: Գուցե այս գաղափարը կօգնի ձեզ ծավալել ընտանեկան քննարկումներ, անցկացնել ընտանեկան երեկոյի դասեր, նախապատրաստվել և անգամ հրավերներ ուղարկել ձեր ընտանիքում կատարվող կարևոր ծեսերի համար:12
Ինքս լինելով դահուկորդ և սնոուբորդիստ, ինձ համար հատկապես տպավորիչ էր ավստրալիացի ՎՕՍ մարզիկ և սնոուբորդիստ, արծաթե մեդալակիր Տորա Բրայթի մրցելույթը: Նա ապշեցրեց աշխարհին իր անթերի սահքով, որի ժամանակ փայլուն կատարեց 720 աստիճանի հետադարձ պտույտը: Սակայն, աշխարհի համար առավել տպավորիչ և զարմանալի էր այն, թե ինչպես նա ոգևորեց և Քրիստոսանման սեր ցուցաբերեց իր մրցակիցների հանդեպ: Նա նկատեց, որ ամերիկացի սնոուբորդիստ Կելի Կլարկը եզրափակիչ փուլի առաջին անհաջող մրցելույթից հետո անհանգստանում է երկրորդ մրցելույթի համար: «Նա ինձ գրկեց,- հիշում է Կլարկը,- նա այդպես գրկախառնված մնաց այնքան, մինչև ես հանգստացա և շնչառությունս կարգավորվեց: Հրաշալի է, երբ ընկերդ գրկում է քեզ»: Կելի Կլարկն ավելի ուշ Տորայի հետ կանգնեց մրցանակակիրների հարթակի վրա որպես բրոնզե մեդալակիր:
Երբ նրան հարցրեցին իր մրցակցի հանդեպ այդ անսովոր բարեսիրտ արարքի մասին, որը կարող էր վտանգի տակ դնել իր իսկ արծաթե մեդալը, Տորան պարզապես ասաց. «Ես մարզիկ եմ և ուզում եմ գերազանց ելույթ ունենալ, սակայն ուզում եմ, որ իմ մրցակից ընկերները ևս իրենց ուժերի սահմանում լավագույնս ելույթ ունենան»:13
Մտքում ունենալով այս օրինակը, կարո՞ղ եք տեսնել նրան, ով ձեր քաջալերման կարիքն ունի. դա կարող է լինել ընտանիքի անդամ, ընկեր, դասընկեր կամ քվորումի անդամ: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց իրենց չորս րոպեում:
Սիրելի ընկերներ, դուք գտվում եք ոգևորիչ ճամփորդության մեջտեղում: Ինչ-որ առումով, դուք սահում եք ոլորանով կամ սառցուղով և գուցե դժվար լինի յուրաքանչյուր տարրը կատարել կամ յուրաքանչյուր շրջադարձում կողմնորոշվել: Բայց հիշեք, դուք երկար եք պատրաստվել դրան: Սա ձեր մրցելույթի պահն է: Սա ձեր չորս րոպեներն են: Այժմ է ժամանակը:
Ես լիովին վստահ եմ ձեր ունակությունների վրա: Դուք ունեք աշխարհի Փրկչին ձեր կողքին: Եթե խնդրեք Նրա օգնությունը և հետևեք Նրա հրահանգներին, ինչպե՞ս կարող եք ձախողվել:
Խոսքս ավարտում եմ, բերելով իմ վկայությունը, որ մենք օրհնված ենք, ունենալով ապրող մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, Հիսուս Քրիստոսին, և Նրա դերը որպես մեր Փրկիչ և Քավիչ, Նրա՛ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: