2010–2019 թթ․
Հետևեք ընթացքին
Ապրիլ 2014


16:3

Հետևեք ընթացքին

Բոլորս կարող ենք հետևողականորեն ավետարանչական աշխատանք կատարել՝ փոխարինելով վախը իրական հավատքով:

Վաթսուն չորս տարի առաջ՝ սեպտեմբեր ամսին, ես վերադարձա տուն Անգլիայում իմ առաքելությունից: Վերադառնալուց երեք օր անց Յուտայի համալսարանում ընկերոջս հետ մասնակցեցի ուսումնական տարվա բացման ծանոթության միջոցառմանը: Նա ինձ պատմեց երկրորդ կուրսեցի Բարբարա Բովեն անունով մի գեղեցիկ աղջկա մասին, ում հետ, կարծում էր, ես պետք է ծանոթանայի: Նա բերեց նրան ինձ մոտ, ծանոթացրեց մեզ և մենք սկսեցինք պարել:

Ցավոք, սա մի պար էր, որն անվանում էինք «թույլ կտա՞ք», որի ժամանակ պարում էիր այնքան, մինչև մեկը մոտենում և ձեր զույգի հետ պարելու թույլտվություն էր խնդրում: Բարբարան կենսուրախ և սիրված աղջիկ էր, այնպես որ ես մեկ րոպե էլ չէի պարել նրա հետ, երբ տղաներից մեկը թույլտվություն խնդրեց նրա հետ պարելու:

Դա պարզապես ընդունելի չէր ինձ համար: Իմ առաքելության ժամանակ սովորած լինելով հետևողական լինելու կարևորությունը, ես վերցրեցին նրա հեռախոսահամարը և հաջորդ օրն իսկ զանգահարեցի և ժամադրության հրավիրեցի նրան, սակայն նա զբաղված էր դասերով ու հասարակական պարտականություններով: Բարեբախտաբար միսիան ինձ սովորեցրել էր հաստատակամ լինել, անգամ երբ հուսախաբվում ես, և կրկին փորձելով, ես, ի վերջո, կարողացա ժամադրության հրավիրել նրան: Առաջին ժամադրությունը չդարձավ վերջինը: Ինչ-որ կերպ, այդ ժամադրությունների ընթացքում, ես կարողացա համոզել Բարբարային, որ ես միակ ճշմարիտ և կենդանի վերադարձած միսիոներն էի, համենայն դեպս՝ նրա համար: Այժմ՝ 64 տարի անց, մենք ունենք յոթ զավակ և բազմաթիվ թոռներ ու ծոռներ, որոնք այն նշանակալից ճշմարտության վկաներն են, որ անկախ նրանից, թե որքան լավն է ձեր ուղերձը, այն հնարավոր է տեղ չհասնի, եթե հետևողականորեն ու հաստատակամորեն չհետևեք ընթացքին:

Սա կարող է լինել պատճառը, որ ես հստակ զգացել եմ, որ պետք է հետևեմ նախորդ երկու գերագույն համաժողովների իմ ուղերձների ընթացքին:

2011թ. հոկտեմբերի համաժողովին ես կոչ արեցի, որ մենք հիշենք Տիրոջ այս կարևոր խոսքերը. «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:1

Այս խոսքերով Տերը պարզ է դարձնում, որ սա ոչ միայն պաշտոնական անվանում է, այլ նաև անուն, որով Նրա Եկեղեցին պետք է կոչել: Հաշվի առնելով Նրա հստակ հայտարարությունը, Եկեղեցու մասին խոսելիս մենք չպետք է օգտագործենք այլ անուններ, ինչպես օրինակ՝ «Մորմոնական Եկեղեցի» կամ «ՎՕՍ Եկեղեցի»:

Մորմոնական տերմինը կարող է պատշաճ օգտագործվել որոշ համատեքստերում, ակնարկելով Եկեղեցու անդամներին, ինչպես օրինակ, երբ խոսվում է Մորմոնական ռահվիրաների մասին, կամ ակնարկվում են կազմակերպություններ, օրինակ՝ Մորմոնական Թաբերնաքլի երգչախումբը: Եկեղեցու անդամները լայնորեն հայտնի են որպես մորմոնականներ և մեր հավատքին չպատկանող մարդկանց հետ շփվելիս պատշաճ կլինի օգտագործել մորմոնական անունը, պայմանով, որ մենք կզուգակցենք այն Եկեղեցու լրիվ անվան հետ:

Եթե անդամները սովորեն մորմոնական բառի հետ օգտագործել Եկեղեցու ճիշտ անունը, ապա այն կընդգծի, որ մենք քրիստոնյա ենք՝ Փրկչի Եկեղեցու անդամներ:

Եղբայրներ և քույրեր, եկեք հետևողականորեն սովորություն զարգացնենք միշտ պարզաբանել, որ մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Երկրորդ ուղերձը, որի ընթացքին կարծում եմ պետք է հետևել, անցյալ գերագույն համաժողովի քաջալերանքն է, որ նախքան Սուրբ Ծնունդը անդամներն աղոթեն առնվազն մեկ անձի համար, որին կարող են հրավիրել ծանոթանալու վերականգնված ավետարանի հետ: Շատ Եկեղեցու անդամներ ինձ հետ կիսվել են, որ ավետարանով կիսվելու հնարավորությունների համար Տիրոջը խնդրելու արդյունքում հատուկ փորձառություն են ունեցել:

Մի վերադարձած միսիոներ, օրինակ, հատուկ աղոթում էր «մեկի» համար, ում կարող էր ձեռք մեկնել: Նրա միտքը եկավ քոլեջի իր նախկին դասընկերուհու անունը: Նա գրեց նրան Ֆեյսբուկ սոցիալական ցանցով և իմացավ, որ վերջինս աղոթում է իր կյանքի նպատակի ու նշանակության մասին: Ճիշտ ժամանակ ընթացքին հետևելու նրա քայլերի արդյունքում դեկտեմբեր ամսին նրա դասընկերուհին մկրտվեց:

Ես նմանատիպ շատ հրավերների մասին եմ լսել, սակայն շատ քիչ մարդիկ են այս եղբոր նման ընթացքին հետևում:

Ես ընթացքին հետևելու սկզբունքի մեծ ջատագով եմ: Ինչպես ասվում է «Քարոզիր Իմ Ավետարանը» միսիոներական ուղեցույցում. «Հրավեր հղելը, առանց ընթացքին հետևելու, նման է անավարտ ճանապարհորդության կամ նման է համերգի տոմս գնելու ու համերգի չգնալու: Պարտավորություն վերցնելը զուր է, եթե գործն ավարտին չի հասցվում»:2

«Քարոզիր Իմ Ավետարանը» բոլորին ուսուցանում է ոչ միայն ինչպես հրավիրել, այլ նաև ինչպես հետևել մեր հրավերի ընթացքին: Ավետարանչական աշխատանքի նպատակը նկարագրվում է այսպես. «Հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը, օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով»:3

Հրավիրելը, իհարկե, գործի անհրաժեշտ մասն է: Բայց նկատեք, որ անդամների ավետարանչական աշխատանքի համար ավելի շատ բաներ կան, քան պարզապես միսիոներներին լսելու մարդկանց հրավեր հղելը: Այն ներառում է նաև միսիոներների հետ միասին ընթացքին հետևելը՝ հավատք ներշնչելիս, ապաշխարության մղելիս, ուխտեր կապելու նախապատրաստելիս և մինչև վերջ համբերելիս:

Ընթացքին հետևելու այս սկզբունքը լուսաբանվել է Գործ Առաքելոց գրքում.

«Պետրոսն եւ Յովհաննէսը գնում էին միասին տաճարը. …

Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար։

Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։

Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։

Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։

Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ»։

Դա մի հզոր հրավեր է Տիրոջ ծառայի կողմից, այսպես չէ՞: Բայց Պետրոսը հրավերով չբավարարվեց: Սուրբ գրության պատմությունը հաջորդիվ նկարագրում է. «Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը:

Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով»:4

Այլ կերպ ասած, Պետրոսը պարզապես չօգտագործեց իր քահանայության իշխանությունը, միայն հրավիրելով մարդուն վեր կենալ ու քայլել: Նա նաև հետևեց իր հրավերին՝ ձեռք մեկնելով մարդուն, բռնելով նրա աջ ձեռքը, բարձրացնելով նրան, ապա նրա հետ ներս մտնելով տաճար:

Պետրոսի օրինակի նման, թույլ տվեք հավաստիացնել, որ մենք բոլորս կարող ենք հետևողականորեն ավետարանչական աշխատանք կատարել՝ փոխարինելով վախը իրական հավատքով, հրավիրելով որևէ մեկի, առնավազն երեք ամիսը մեկ կամ տարին չորս անգամ, ուսուցանվելու լիաժամկետ միսիոներների կողմից: Նրանք պատրաստ են ուսուցանել Հոգով, Տիրոջ անկեղծ և սրտառուչ ոգեշնչմամբ: Միասին մենք կարող ենք հետևել մեր հրավերներին, ապա ձեռքից բռնել, բարձրացնել նրանց և հոգևոր ճամփորդության գնալ նրանց հետ:

Այդ գործում ձեզ օգնելու համար ես հրավիրում եմ բոլոր անդամներին, անկախ ձեր ներկա կոչումից կամ Եկեղեցու ակտիվության մակարդակից, ձեռք բերել «Քարոզիր իմ ավետարանը» ուղեցույցի մի օրինակ: Այն կարելի է պատվիրել մեր գրադարաններում և առցանց: Առցանց տարբերակը կարելի է կարդալ կամ անվճար ներբեռնել: Դա ավետարանչական աշխատանքի ուղեցույց է, ինչը նշանակում է, որ այն ուղեցույց է բոլորիս համար: Կարդացեք այն, ուսումնասիրեք այն, ապա սովորածը կիրառեք, ինչը կօգնի ձեզ հասկանալ, թ ե ինչպես հոգիներ բերել Քրիստոսի մոտ՝ հրավիրելու և ընթացքին հետևելու միջոցով: Ինչպես ասել է Նախագահ Մոնսոնը. «Այժմ է ժամանակը, որ անդամները և միսիոներները միավորվեն, աշխատեն միասին, տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ»:5

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է Իր աշակերտներին.

«Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։

Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ»:6

Տերը պատասխանել է այդ աղաչանքին՝ մեր օրերում ավելի մեծ թվով լիաժամկետ միսիոներներ կանչելով, քան երբևէ եղել է աշխարհի պատմության մեջ: Հավատարիմ մշակների այս նոր ալիքի հետ միասին Տերը մեզ տվել է ևս մեկ հնարավորություն աջակցել նրան հոգիների այդ մեծ բերքահավաքում:

Կան գործնական ուղիներ, որով անդամները կարող են օգնել և աջակցել մեր հրաշալի միսիոներներին: Օրինակ, դուք կարող եք ասել միսիոներներին, որ ուսումնասիրում եք «Քարոզիր իմ ավետարանը» և խնդրեք նրանց ցույց տալ ձեզ, թե ինչ են նրանք սովորում են իրենց ուսումնասիրությունների ժամանակ: Կիսվելով միմյանց հետ՝ անդամների և լիաժամկետ միսիոներների միջև փոխադարձ վստահություն կզարգանա, ճիշտ այնպես, ինչպես Տերը պատվիրել է.

«Այլ, որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով»:7

Ահա, ես ուղարկել էի ձեզ՝ վկայելու և զգուշացնելու մարդկանց, և ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին»:8

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, պատկերացնո՞ւմ եք ինչ ազդեցություն կունենա, եթե ընտանիքը և ընկերներն իրենց լիաժամկետ միսիոներներին ուղղված նամակներում գրեն այն բաների մասին, ինչ նրանք սովորում են «Քարոզիր իմ ավետարանի» իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք ինչ օրհնություններ կգան ընտանիքներին, երբ նրանք իմանան և ավելի լավ հասկանան, թե ինչ են սովորում ու սովորեցնում իրենց որդիներն ու դուստրերն իրենց առաքելության ժամանակ: Կարո՞ղ եք անգամ փորձել խորամուխ լինել քավիչ շնորհի այն արտակարգ դրսևորմանը, որը մերը կլինի անհատապես և հավաքականորեն, համաձայն Փրկչի խոստման, եթե բոլորս կիսվենք վկայությամբ՝ Նրա մոտ հոգիներ հրավիրելով, այնուհետև մեր հրավերի ընթացքին հետևելով:

«Օրհնված եք դուք,- ասել է Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով,- քանզի վկայությունը, որ դուք բերել եք, արձանագրվել է երկնքում, հրեշտակների համար, որ կարդան. և նրանք ցնծում են ձեր համար, և ձեր մեղքերը ներված են ձեզ»:9

«Քանզի ես կներեմ ձեզ ձեր մեղքերը՝ այս պատվիրանով հանդերձ, – որ դուք հաստատուն մնաք՝ ձեր մտքով, հանդիսավորությամբ և աղոթքի ոգով, վկայություն բերելով ողջ աշխարհին, այն բաների մասին, որոնք հաղորդվել են ձեզ»:10

Եթե ընթացքին հետևենք, Տերը մեզ անպտուղ չի թողնի: Ես տեսել եմ անպատմելի ուրախություն ողջ աշխարհով Եկեղեցու այն անդամների մոտ, ովքեր վկայությամբ հրավիրում են ու հավատարմորեն հետևում են իրենց հրավերի ընթացքին: Վերջերս ես Արգենտինայում էի և առաջարկեցի անդամներին հրավիրել մեկին եկեղեցի մինչև այս գերագույն համաժողովը: Ջոշուա անունով ութամյա մի տղա լսեց ու հրավիրեց իր լավագույն ընկերոջն ու նրա ընտանիքին Բուենոս Այրեսի իրենց ծխի բաց դռների օրվա միջոցառմանը: Թույլ տվեք կարդալ մի նամակ, որը նոր եմ ստացել, որում բացատրվում է Ջոշուայի հրավերը և հրավերին հավատարմորեն հետևելը.

«Ամեն մի քանի րոպե [Ջոշուան] վազում էր դարպասից դուրս տեսնելու, թե արդյոք նրանք գալիս են: Նա ասում էր, որ գիտի, որ նրանք կգան:

Երեկոն մոտենում էր և Հեսուի ընկերը չէր եկել, բայց Հեսուն հույսը չէր կտրում: Նա հավատարմորեն ստուգում էր ճակատային դարպասը յուրաքանչյուր մի քանի րոպե: Ժամանակն էր սկսել հավաքվել, երբ Հեսուն սկսեց ցատկել և հայտարարել. «Նրանք եկան: Նրանք այստե՛ղ են: Ես նայեցի և տեսա մի ամբողջ ընտանիք մոտենում է եկեղեցուն: Ջոշուան դուրս եկավ ողջունելու նրանց և գրկեց իր ընկերոջը: Նրանք բոլորը ներս եկան և կարծես թե շատ հավանեցին բաց դռների օրը: Նրանք վերցրեցին մի քանի բրոշյուրներ և բավական ժամանակ ծախսեցին՝ ծանոթանալով շատ նոր ընկերների հետ: Մեծ բան էր տեսնել այդ փոքրիկ տղայի հավատքը և իմանալ, որ երեխաները նույնպես կարող են միսիոներ լինել»:11

Իմ վկայությունն է, որ եթե ձգտում ենք անել մեր մասը, փնտրելով մեկին, հրավիրելով և դրանից հետո փոքր Ջոշուայի նման վստահությամբ ու հավատքով ընթացքին հետևելով, մենք կգտնենք հարյուր հազարավոր Աստծո զավակների, ովքեր կմիանան մեզ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Թող որ Տերն օրհնի Նրա աշխատանքն արագացնելու բոլորիս ջանքերը. դա իմ խոնարհ աղոթքն է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: