Հույսի անգին ժառանգությունը
Աստծո հետ ուխտ կապելու և ձեր ուխտերը պահելու ընտրությամբ, դուք ընտրում եք հույսի ժառանգություն թողնել նրանց, ովքեր հնարավոր է հետևեն ձեր օրինակին:
Իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, ձեզանից ոմանք այս ժողովին հրավիրվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներների կողմից։ Այդ միսիոներները, հավանաբար, արդեն ձեզ հորդորել են մկրտվելով ուխտ կապել Աստծո հետ։
Մյուսներդ ունկնդրում եք, քանի որ ընդունել եք ձեր ծնողի, ամուսնու կամ գուցե զավակի ձեզ ուղղված հրավերը, որոնք հուսով են, որ դուք Աստծո հետ կապած ձեր ուխտերը կրկին կդարձնեք ձեր կյանքի առանցքը։ Ձեզանից ոմանք էլ, ովքեր ունկնդրում են, արդեն կատարել են Փրկչի մոտ վերադառնալու ընտրությունը և այսօր զգում են Նրա ողջույնի ուրախությունը։
Ով էլ որ լինեք և որտեղ էլ որ լինեք, դուք կարող եք ավելի շատ մարդկանց երջանկացնել, քան այժմ պատկերացնում եք։ Ամեն օր և ամեն ժամ դուք կարող եք ընտրել Աստծո հետ ուխտ կապել կամ պահել ձեր ուխտերը։
Ուր էլ որ լինեք հավերժական կյանքի ժառանգության ճանապարհին, դուք հնարավորություն ունեք ցույց տալու շատերին ավելի մեծ երջանկության ուղին։ Աստծո հետ ուխտ կապելու և ձեր ուխտերը պահելու ընտրությամբ, դուք ընտրում եք հույսի ժառանգություն թողնել նրանց, ովքեր հնարավոր է հետևեն ձեր օրինակին:
Դուք և ես օրհնված ենք այդպիսի ժառանգության խոստումով։ Իմ երջանկության մեծ մասի համար ես պարտական եմ մի մարդու, որին երբեք չեմ հանդիպել մահկանացու կյանքում։ Նա մի որբ էր, ով դարձավ իմ նախապապերից մեկը։ Նա ինձ կտակեց հույսի թանկագին ժառանգությունը։ Թույլ տվեք պատմել այդ ժառանգությունն ինձ թողնելու նրա դերի մասին։
Նրա անունը Հենրիխ Այրինգ էր։ Նա ծնվեց մեծ հարստության մեջ։ Նրա հայրը, Էդվարդը, մեծ գույք ուներ Քոբուրգում, որը ներկայիս Գերմանյիայի տարածքում է։ Նրա մայրը դերկոմսուհի Շարլոտ Վոն Բլոմբերգն էր։ Նրա հայրը Պրուսիայի թագավորի հողերի կառավարիչն էր։
Հենրիխը Շարլոտի և Էդվարդի առաջնեկն էր։ Շարլոտը մահացավ 31 տարեկան հասակում՝ իր երրորդ զավակի լույս աշխարհ գալուց հետո։ Շատ չանցած Էդվարդը նույնպես մահացավ ձախողված ներդրումների արդյունքում կորցնելով իր ողջ ունեցվածքն ու հարստությունը։ Այդ ժամանակ նա 40 տարեկան էր։ Նա թողեց երեք որբացած երեխաներ։
Իմ նախապապ Հենրիխը կորցրեց ծնողներին և մեծ աշխարհիկ ժառանգություն։ Նա մնաց առանց գրոշի: Նա իր պատմության մեջ գրել է, որ իր ամենալավագույն հույսը Ամերիկա գնալն էր։ Չնայած նա այնտեղ չուներ ոչ ընտանիք, ոչ էլ ընկերներ, նա հույսի զգացում ունեցավ գնալու Ամերիկա։ Սկզբում նա գնաց Նյու Յորք քաղաք։ Ավելի ուշ նա տեղափոխվեց Սենտ Լուիս՝ Միսսուրի նահանգ։
Սենտ Լուիսում նրա աշխատողներից մեկը Վերջին Օրերի Սուրբ էր։ Նրանից նա ստացավ մի գրքույկ՝ գրված Երեց Փերլի Փ․ Պրատի կողմից։ Նա կարդաց այն և ուսումնասիրեց Վերջին Օրերի Սրբերի մասին ամեն ինչ։ Նա աղոթեց իմանալու համար, թե արդյոք հրեշտակներ էին հայտնվել մարդկանց, թե արդյոք կար կենդանի մարգարե և արդյոք ինքը գտել էր ճշմարիտ և հայտնությամբ ստացված կրոնը։
Երկու ամիս մանրազնին ուսումնասիրությունից և աղոթելուց հետո Հենրիխը երազ տեսավ, որտեղ նրան ասված էր, որ նա պետք է մկրտվեր։ Այն մարդը, ում անունն ու քահանայությունը ես այսօր պատիվ ունեմ կրելու, Երեց Վիլիամ Բրաունը, կատարեց այդ արարողությունը։ Հենրիխը մկրտվեց անձրևաջրերից գոյացած լճի մեջ, 1855թ․ մարտի 11-ին՛ առավոտյան 7.30։
Ես հավատում եմ, որ Հենրիխ Այրինգն այն ժամանակ գիտեր, որ այն ինչ ես այսօր ձեզ ուսուցանում եմ, ճշմարիտ է։ Նա գիտեր, որ հավերժական կյանքում երջանկությունը հասանելի է միայն ընտանեկան կապերի միջոցով, որոնք ձգվում են հավերժ։ Չնայած, որ նա նոր էր գտել երջանկության Տիրոջ ծրագիրը, նա գիտեր, որ հավերժական երջանկության իր հույսը կախված է իր օրինակին հետևելու ուրիշների ազատ կամքից։ Հավերժական երջանկության իր հույսը կախված էր դեռևս չծնված մարդկանցից։
Որպես մեր ընտանիքի հույսի ժառանգության մի մաս նա իր սերունդներին թողեց մի պատմություն։
Այդ պատմությունը կարդալիս ես զգում եմ սեր բոլորիս հանդեպ, ովքեր կհետևեն նրան։ Նրա խոսքերում ես զգում եմ նրա հույսը, որ իր ժառանգները կհետևեն նրան դեպի ետ՝ երկնային տուն վերադառնալու ճանապարհը։ Նա գիտեր, որ դա անելու համար մեծ որոշում պետք չէր լինի կայացնել, այլ բազմաթիվ փոքր որոշումներ։ Ես վկայակոչում եմ նրա պատմությունից․
«Առաջին անգամ Երեց Էնդրյուսի ելույթը լսելուց հետո … ես միշտ հաճախել եմ Վերջին Օրերի Սրբերի ժողովները և շատ հազվադեպ է եղել, որ ես չեմ հաճախել ժողովները, քանի որ ժողովները հաճախելը կարծես իմ պարտականությունն էր։
Ես սա գրում եմ իմ պատմության մեջ, որպեսզի իմ զավակները կարողանան հետևել իմ օրինակին և երբեք չմերժեն այդ կարևոր պարտականությունը հավաքվել Սրբերի հետ»։1
Հենրիխը գիտեր, որ հաղորդության ժողովներին մենք կարող էինք թարմացնել մեր ուխտերը և միշտ հիշել Փրկչին և Նրա Հոգին մեզ հետ ունենալ։
Այդ նույն Հոգին էր, որ սատարեց նրան իր միսիայում, որին նա կանչվեց մկրտվելուց մի քանի ամիս անց։ Որպես ժառանգություն նա թողեց վեց տարի միսիայում հավատարիմ ծառայելու իր օրինակը, կանչված լինելով ծառայելու հնդկացի ցեղերի տարածքներում։ Իր միսիայից հետ կանչվելու համար նա ոտքով քայլեց Օկլահոմայից դեպի Սոլթ Լեյք Սիթի՝ անցնելով շուրջ 1100 մղոն (1,770 կմ) տարածություն և միանալով սայլակների շարասյանը:
Շատ չանցած Աստծո մարգարեն նրան հանձնարարեց տեղափոխվել Յուտայի հարավային տարածք։ Այնտեղ նա ևս մեկ անգամ միսիայի կանչ ստացավ՝ ծառայելու իր հայրենի Գերմանիայում։ Այնուհետև նա ընդունեց Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալի հրավերը՝ ամրացնելու Վերջին Օրերի Սրբերի գաղութները Մեքսիկայի հյուսիսում։ Այդտեղից, կրկին որպես լիաժամկետ միսիոներ՝ նա կանչվեց Մեխիկո քաղաք։ Նա հարգում էր այդ կոչումները։ Նրա աճյունը հանգչում է Մեքսիկայի, Չիհուահուայի, Կոլոնիա Խուարեսի մի փոքրիկ գերեզմանատանը։
Ես վկայակոչում եմ այս փաստերը ոչ թե նրա մեծությունը ցույց տալու համար, կամ նրա համար, թե ինչ է արել նա իր ժառանգների համար։ Ես այս փաստերը վկայակոչում եմ, որպեսզի պատվեմ նրան այն հավատքի ու սիրո համար, որ նա ուներ իր սրտում:
Նա իր կոչումներն ընդունեց, քանի որ հավատում էր, որ հարություն առած Քրիստոսն ու Երկնային հայրը Նյու Յորք նահանգի ծառերի պուրակում հայտնվել են Ջոզեֆ Սմիթին։ Նա ընդունեց դրանք, քանի որ հավատում էր, որ Տիրոջ Եկեղեցում քահանայության բանալիները վերականգնվել են ընտանիքները հավերժորեն կնքելու զորությամբ, եթե միայն նրանք բավարար հավատք ունենային պահելու իրենց կապած ուխտերը։
Իմ նախահայր Հենրիխ Այրինգի նման հնարավոր է դուք առաջինն եք ձեր ընտանիքում, ով հավատքով և ջանասիրությամբ կապած ու պահած սրբազան ուխտերի ուղու հետ միասին գծում է հավերժական կյանքի ուղին։ Բոլորիս համար, ինչպես Հենրիխի համար էր, այս պարտականությունները երբեմն պարզ են, բայց հաճախ դժվարին: Սակայն հիշեք, որ պարտականությունները երբեմն պետք է դժվարին լինեն, քանի որ դրանց նպատակը մեզ ճանապարհով առաջ տանելն է՝ հավերժ ապրելու Երկնային Հոր և Նրա սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի հետ։
Հիշեք Աբրահամի գրքի խոսքերը․
«Եվ նրանց մեջ կանգնած էր մեկը, որն Աստծո նման էր, և նա ասաց նրանց, ովքեր իր հետ էին. Մենք կիջնենք ներքև, քանզի մի տարածություն կա այնտեղ, և մենք կվերցնենք այս նյութերից և կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք կկարողանան բնակվել
Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց
Եվ նրանց, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը, կտրվի ավելին. իսկ նրանք, ովքեր չեն պահում իրենց առաջին վիճակը, փառք չեն ունենա այն նույն թագավորության մեջ, նրանց հետ, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը. և նրանք, ովքեր կպահեն իրենց երկրորդ վիճակը, նրանց գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից»։2
Երկրորդ վիճակը պահելը կախված է Աստծո հետ ուխտեր կապելուց և կապված պարտականությունները հավատարմորեն կատարելուց։ Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք է անհրաժեշտ սրբազան ուխտերը կյանքում պահելու համար։
Ադամի ու Եվայի անկման պատճառով որպես մեր համընդհանուր ժառանգություն մենք ունենք գայթակղություններ, փորձություններ և մահ։ Այնուամենայնիվ, մեր սիրելի Երկնային Հայրը տվեց մեզ Իր սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի՛ մեր Փրկչի պարգևը։ Հիսուս Քրիստոսի Քավության այդ մեծ պարգևը ստեղծում է համընդհանուր ժառանգություն՝ Հարության խոստումը և հավերժական կյանքի հնարավորությունը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են։
Հավերժական կյանքը՛ որպես Աստծո ամենամեծ օրհնություններից մեկը, մեզ կտրվի միայն, եթե մենք ուխտեր կապենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում՝ մատուցված Նրա լիազորված ծառաների կողմից։ Անկման պատճառով մենք բոլորս էլ մկրտության մաքրագործող հատկության և ձեռնադրմամաբ Սուրբ Հոգու ստացման կարիքն ունենք։ Այդ արարողությունները պետք է իրականացվեն նրանց կողմից, ովքեր ունեն համապատասխան քահանայության իշխանություն։ Այնուհետև, Քրիստոսի լույսի և Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք պահել Աստծո հետ կապած մեր բոլոր ուխտերը, հատկապես նրանք, որոնք կատարվել են Նրա տաճարներում։ Միայն այդ կերպ և այդ օգնությամբ որևէ մեկը կարող է իր օրինական ժառանգությունը պահանջել հավերժական ընտանիքում որպես Աստծո զավակ։
Նրանք, որոնց համար իմ ասածները կարող են թվալ գրեթե անհույս մի երազանք։
Դուք տեսել եք հավատարիմ ծնողների, ովքեր տխրում են իրենց այն զավակների համար, ովքեր մերժել են կամ ովքեր որոշել են դրժել Աստծո հետ կապած իրենց ուխտերը։ Սակայն այդ ծնողները կարող են մխիթարվել և հույս ունենալ այլ ծնողների փորձից։
Ալմայի որդին և Թագավոր Մոսիայի որդիներն ապաշխարեցին Աստծո հետ կապած ուխտերի և պատվիրանների դեմ կատաղի ապստամբությունից։ Ալմա կրտսերը տեսավ, թե ինչպես իր որդի Կորիանթոնը կեղտոտ մեղքից փոխվեց դեպի հավատարիմ ծառայություն։ Մորմոնի Գրքում նաև գրված է Լամանացիների հրաշքների մասին, ովքեր մի կողմ դրեցին արդարադատությունն ատելու ավանդույթներն ու ուխտեցին մեռնել խաղաղությունը պահպանելու համար։
Հրեշտակ ուղարկվեց երիտասարդ Ալմային ու Մոսիայի որդիներին։ Հրեշտակը հայտնվեց նրանց հայրերի և Աստծո ժողովրդի աղոթքների շնորհիվ։ Մարդկային սրտերում գործող այս Քավության զորության օրինակներից դուք կարող եք քաջություն և մխիթարություն ստանալ։
Տերը մեզ է տվել հույսի ողջ աղբյուրը, մինչ մենք փորձում ենք օգնել մեր հարազատներին ստանալ իրենց հավերժական ժառանգությունը։ Նա մեզ խոստումներ է տվել, մինչ մենք փորձում ենք բերել մարդկանց Իր մոտ, նույնիսկ եթե նրանք մերժում են Նրա հրավերքը։ Նրանց դիմադրությունը վշտացնում է Նրան, սակայն Նա չի հանձնվում, ոչ էլ մենք պետք է հանձնվենք։ Նա մեզ համար Իր համառ սիրո կատարյալ օրինակ է․ «Եվ բացի այդ, որքա՜ն հաճախ հավաքած կլինեի ես ձեզ, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, այո, ո՜վ դուք, Իսրայելի տան ժողովուրդ, որ ընկել եք, այո, ո՜վ դուք, Իսրայելի տան ժողովուրդ, դո՛ւք, որ ապրում եք Երուսաղեմում, ինչպես նաև դո՛ւք, որ ընկել եք. այո, որքա՜ն հաճախ հավաքած կլինեի ես ձեզ, ինչպես հավն է հավաքում իր ճտերին, և դուք չկամեցաք»։3
Մենք կարող ենք ապավինել Փրկչի այդ անսպառ ցանկությունից՝ Իր հետ դեպի իրենց տուն հետ բերելու Երկնային Հոր հոգևոր զավակներին։ Ամեն մի հավատարիմ ծնող, տատիկ ու պապիկ և նախահայր ունի այդ ցանկությունը։ Երկնային Հայրը և Փրկիչը մեր կատարյալ օրինակն են այն բանի, թե ինչ մենք կարող ենք և պետք է անենք։ Նրանք երբեք չեն պարտադրում արդարակեցությունը, քանի որ արդարակեցությունը պետք է ընտրությամբ լինի։ Նրանք արդարակեցությունը նշմարելի են դարձնում մեզ համար և թույլ տալիս, որ մենք տեսնենք, որ դրա պտուղները համեղ են։
Երկրի վրա ծնված յուրաքանչյուր մարդ ստանում է Քրիստոսի Լույսը, որը մեզ օգնում է մեզ տարբերել ճիշտը սխալից։ Աստված մահկանացու ծառաներ է ուղարկել, ովքեր Սուրբ Հոգու օգնությամբ կարող են մեզ օգնել հասկանալ, թե ինչ է Նա ցանկանում, որ մենք անենք և ինչն է Նա արգելում։ Աստված ճիշտն ընտրելու որոշումը գրավիչ է դարձնում մեզ համար, որպեսզի թույլ տա մեզ զգալու մեր որոշումների հետևանքները։ Եթե մենք ընտրում ենք ճիշտը, մենք ժամանակին գտնում ենք երջանկություն։ Եթե մենք ընտրում ենք չարը, դրան ի վերջո հետևում է վիշտն ու ափսոսանքը։ Այդ հետևանքները անխուսափելի են։ Այնուամենայնիվ, դրանք հաճախ ուշանում են՝ նպատակով։ Եթե օրհնություններն անմիջապես տրվեին, ճիշտն ընտրելը հավատք չէր ձևավորի։ Եվ քանի որ վիշտը նույնպես երբեմն շատ է ուշանում, ապա հավատք է պահանջվում ավելի շուտ մեղքի ներում փնտրել, քան այն բանից հետո, երբ մենք զգում ենք դրանց վշտագին և ցավագին հետևանքները։
Հայր Լեքին վշտանում էր իր որդիների և նրանց ընտանիքների կատարած որոշումների համար։ Նա արդարակյաց և լավ մարդ էր՝ Աստծո մարգարե։ Նա հաճախ էր նրանց վկայում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին։ Նա հնազանդության և ծառայության օրինակ էր, երբ Տերը նրան հանձնարարեց թողնել իր աշխարհիկ ունեցվածքն ու ազատել իր ընտանիքը կործանումից։ Նույնիսկ իր կյանքի վերջում նա դեռ վկայում էր իր զավակներին։ Փրկչի նման, – չնայած որ զորություն ուներ նրանց սրտերը զանազանելու և նրանց ապագան տեսնելու՝ թե տխո՛ւր, թե հիանալի ապագան, – Լեքին շարունակում էր իր ձեռքը մեկնած պահել և ընտանիքին առաջնորդել դեպի փրկություն։
Այսօր Հայր Լեքիի միլիոնավոր ժառանգներ արդարացնում են նրա տածած հույսերը։
Ի՞նչ կարող ենք մենք վերցնել Լեքիի օրինակից։ Մենք կարող եք նրանից օրինակ վերցնել՛ աղոթքով և ուշադրությամբ ուսումնասիրելով սուրբ գրությունները։
Ես առաջարկում եմ, որ դուք թե կարճաժամկետ և թե երկարաժամկետ տեսանկյունից նայեք ձեր ընտանիքին հույսի ժառանգություն տալու ձեր փորձերին։ Կարճաժամկետ տեսանկյունից նայելիս կլինեն խնդիրներ և Սատանան կփորձի գայթակղել։ Եվ կլինեն բաներ, որոնց պետք է սպասել համբերատար, հավատքով և իմանալով, որ Տերը գործում է Իր ժամանակին և Իր եղանակով։
Կան բաներ, որոնք դուք կարող եք շուտ անեք, քանի դեռ այն մարդիկ որոնց դուք սիրում եք երիտասարդ են։ Հիշեք, որ ամենօրյա ընտանեկան աղոթքը, ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրությունը և հաղորդության ժողովներին մեր վկայություններով կիսվելն ավելի հեշտ և ավելի արդյունավետ է, երբ երեխաները դեռևս փոքր են։ Փոքր երեխաներն ավելի զգայուն են Հոգու հանդեպ, քան մենք պատկերացնում ենք։
Երբ նրանք մեծանան, նրանք կհիշեն այն երգերը, որոնք երգել են ձեր հետ։ Երաժշտությունից առավել նրանք կհիշեն սուրբ գրությունների բառերն ու վկայությունը։ Սուրբ Հոգին բոլոր բաները կարող է արթնացնել նրանց հիշողության մեջ, սակայն սուրբ գրությունների խոսքերն ու օրհներգերը ամենաերկարը կհիշվեն։ Եթե նրանք շեղվեն ճանապարհից ինչ-որ ժամանակ, հնարավոր է տարիներով, այդ հիշողությունները նրանց վրա կներգործեն՝ վերադարձնելով տուն՝ դեպի հավերժական կյանք։
Մենք երկարաժամկետ տեսանկյունից պետք է նայենք, երբ նրանք ում մենք սիրում ենք, զգում են աշխարհի ազդեցությունը և կասկածի զգացումը կարծես ճնշում է նրանց հավատքը։ Մենք ունենք հավատք, հույս ու գթություն մեզ առաջնորդելու և նրանց ամրացնելու համար։
Ես դա տեսել եմ Աստծո երկու մարգարեների խորհրդական եղած ժամանակ։ Նրանք առանձին բնավորության տեր անհատներ են։ Սակայն նրանք երկուսն էլ ունեին հետևողական լավատեսություն։ Երբ ինչ-որ մեկն ահազանգում էր Եկեղեցու գործերի մասին, նրանց հաճախակի տրվող պատասխանն էր․ «Օ՜, ամեն ինչ լավ կլինի»։ Սովորաբար նրանք ավելի շատ գիտեին ահազանգվող խնդրի մասին, քան այդ ահազանգը հնչեցնող մարդիկ։
Նրանք նաև գիտեն Տիրոջ ուղին և այսպիսով, նրանք մշտապես հույսով լեցուն են Նրա թագավորության հանդեպ։ Նրանք գիտեն, որ Նա է ղեկավարում Եկեղեցին։ Նա ամենակարողն է և Նա հոգ է տանում։ Եթե դուք թույլ տաք, որ Նա լինի ձեր ընտանիքի առաջնորդը, ապա ամեն ինչ լավ կլինի։
Հենրիխ Այրինգի հետնորդներից ոմանք կարծես թե մոլորվել էին։ Բայց նրա ծոռներից շատերը գնում են տաճար առավոտյան ժամը 6։00, որպեսզի արարողություններ կատարեն այն նախնիների համար, որոնց երբեք չեն տեսել։ Նրանք գնում են, քանի որ նա թողել է հույսի ժառանգություն։ Նա այնպիսի ժառանգություն է թողել, որը հայցում են նրա հետնորդներից շատերը։
Հավատքով գործելուց հետո Տերը մեր ընտանիքների համար կարդարացնի օրհնություններ ունենալու մեր հույսերը ավելի շատ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Մեզ և նրանց՝ որպես Իր զավակների, Նա ցանկանում է ամենալավը։
Մենք բոլորս էլ կենդանի Աստծո զավակներն ենք։ Հիսուս Նազովրեցին Նրա Սիրելի Որդին է և մեր հարություն առած Փրկիչը։ Սա Նրա Եկեղեցին է։ Այստեղ են քահանայության բանալիները և այստեղ ընտանիքները կարող են հավերժ լինել։ Սա է մեր հույսի անգին ժառանգությունը։ Ես վկայում եմ, որ դա ճշմարիտ է, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։