Հովհաննես 3.14-17
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը»
Ինչպես գրված է Հովհաննես 3-րդ գլխում, Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին Իր քավիչ զոհաբերության մասին, երբ Նա ասաց, որ «պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, կ այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.14-15): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Նվիրելով մեր ժամանակը Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության մասին ուսումնասիրությանը, մենք մասնակցում ենք Նրա զորությունից օգտվելու մեկ այլ առանցքային տարրին. մենք ընտրում ենք հավատք ունենալ Նրա հանդեպ և հետևել Նրան» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 41)։ Այս դասը ձեզ հնարավորություններ կտա ամրապնդելու ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, երբ ավելին սովորեք Նրա Քավության մասին:
Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը
Նայեք Գեթսեմանիում և խաչի վրա Հիսուսի նկարներին և մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
Այս դասի ժամանակ դուք ավելին կսովորեք Հիսուս Քրիստոսի Քավության և այն սիրո մասին, որը Երկնային Հայրը ցուցաբերեց, երբ Իր Որդուն աշխարհ ուղարկեց: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու այն հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ սկսել ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը և մեծացնել ձեր հավատքը Նրա հանդեպ:
Փրկչի Քավությունը
Սուրբ գրությունների հետևյալ հատվածները և հայտարարությունը ուսուցանում են Հիսուս Քրիստոսի Քավության մասին: 10-15 րոպե ուշադիր կարդացեք այդ աղբյուրները (նաև Փրկչի Քավության մասին պատմող ձեզ հետաքրքրող կամ այս դասից առաջ գտած այլ աղբյուրներ): Կարդալիս մտածեք, թե այս աղբյուրներից յուրաքանչյուրն ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ են արել ձեզ համար և ինչու:
Յոթանասունից երեց Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է․
Ապա ուրեմն ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ինչ-որ առումով դա աստվածային իրադարձությունների մի շարք է, որը սկիզբ առավ Գեթսեմանիում, շարունակվեց խաչի վրա և գագաթնակետին հասավ գերեզմանից Փրկիչի հարությամբ: Այն թելադրվեց մեզանից յուրաքանչյուրի հանդեպ աներևակայելի սիրուց: Այն պահանջեց մի էակ, որն անմեղ էր, անհուն զորություն ուներ տարրերի վրա, նույնիսկ՝ մահվան վրա, որն անսահման կարողություն ուներ տանելու մեր բոլոր մեղքերի և տկարությունների հետևանքները, և որը, փաստորեն, իջավ այդ բոլորից ներքև [տես Վարդապետություն և Ուխտեր 88.6]: Այս էր Հիսուս Քրիստոսի առաքելությունը` սա էր Նրա Քավությունը:
Ապա ո՞րն էր դրա նպատակը։ Այն մեզ հնարավորություն տվեց վերադառնալ Աստծո ներկայություն, ավելի շատ նմանվել Նրան և ունենալ լիարժեք ուրախություն: Դա արվեց՝ հաղթահարելով չորս խոչընդոտ.
Ֆիզիկական մահը
Ադամի կողմից և մեր մեղքերից առաջացած հոգևոր մահը
Մեր չարչարանքներն ու տկարությունները
Մեր թուլություններն ու թերությունները
(Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85)
Հոր սերն ինչպե՞ս է արտահայտվում Իր Որդուն ուղարկելու գործողության մեջ
Ահա այն ճշմարտություններից մեկը, որը Փրկիչն ընդգծեց՝ Նիկոդեմոսին Իր Քավության մասին ուսուցանելիս (տես Հովհաննես 3.14–17). Երկնային Հայրն այնքան շատ է սիրում Իր զավակներին, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն՝ տառապելու նրանց մեղքերի համար:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը հետևյալն է ուսուցանել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը դրսևորում Իր սերը Փրկիչի Քավության միջոցով.
Չկա ավելի մեծ ապացույց Աստծո անսահման զորության և սիրո մասին, քան Հովհաննես առաքյալի հայտարարությունը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ» (Հովհաննես 3․16): Մեկ այլ առաքյալ գրել է, որ Աստված «Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան» (Հռովմայեցիս 8.32): Պատկերացրեք, թե մեր Երկնային Հորը ինչպես պետք է վշտացներ այն փաստը, որ Ինքը պետք է ուղարկեր Իր Որդուն՝ անհասկանալի տառապանք կրելու մեր մեղքերի համար։ Դա յուրաքանչյուրիս հանդեպ Նրա սիրո ամենամեծ ապացույցն է:
(Դալլին Հ. Օուքս, «Սեր և օրենք», Լիահոնա, նոյ. 2009, 26)
-
Ի՞նչ սովորեցիք այդ հայտարարությունից:
Դիտեք «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը» տեսանյութը (4:48), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում և փնտրեք, թե ինչպես է դրսևորվում Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր սերը:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս կարող եմ կիրառել այն զորությունը, որը Հիսուս Քրիստոսն է ինձ տալիս Իր Քավության միջոցով
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, թե ինչպես կարելի է մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը:
Մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, Նրա առաքելությունը կոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն: Այն բոլորիս համար իրականություն դարձրեց հարությունը, իսկ հավերժական կյանքը հնարավոր դարձրեց նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերի համար և ստանում ու պահում են կարևոր արարողություններն ու ուխտերը: ․․․
… Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ և մեզ աստվածային զորություն են տալիս: Որպես հավատարիմ աշակերտներ, մենք ապաշխարում ենք և Նրան հետևելով մտնում ենք մկրտության ջրերը: Մենք քայլում ենք ուխտի ճանապարհով, որպեսզի ստանանք այլ կարևոր արարողություններ: ․․․
Ուխտ պահող տղամարդիկ և կանայք ձգտում են անբիծ մնալ աշխարհից, որպեսզի ոչինչ չխանգարի իրենց կիրառել Փրկչի զորությունը:
(Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40)
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը և Նրա զորությունը գործում են իմ կյանքում
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.
Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը այսօր, դուք կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ [Հիսուս Քրիստոսի] Քավությունը գործում է ձեր կյանքում: Այդ և ուրիշ պատճառներից ելնելով՝ դուք կառաջադիմեք, եթե ձեզ դնեք այնպիսի իրավիճակներում և այնպիսի խնդիրների առջև կանգնեք, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հուշումները:
(Հենրի Բ. Այրինգ, «Հոգու պարգևները դժվարին ժամանակներում», Ensign, June 2007, 23)
Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել Հիսուս Քրիստոսի Քավության մասին
Խորացրեք Փրկչի և Նրա Քավության մասին ձեր ընկալումը՝ օգտվելով օժանդակ նյութերից, այդ թվում՝ Ավետարանական թեմաների «Հիսուս Քրիստոսի Քավությունը» հոդվածից (ChurchofJesusChrist.org) կայքում կամ փնտրելով «Քավել, Քավություն» բառերը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Այս օժանդակ նյութերը պարունակում են՝ Փրկչի Քավության մասին ուսուցանող արժեքավոր մտքեր, սուրբ գրություններ, զրույցներ, տեսանյութեր և այլ նյութեր: