Ղուկաս 22.47-71, Հովհաննես 18.1-27
«Այն բաժակը որ իմ Հայրը տուաւ ինձ, ես այն չ’խմե՞մ»
Հիսուս Քրիստոսը լիովին պատրաստ էր կատարել Երկնային Հոր կամքը: Դա հատկապես ակներև դարձավ Գեթսեմանիի պարտեզում՝ Նրա տառապանքների, հաջորդող ձերբակալության և Խաչելության ժամանակ: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, թե ինչպես ընտրել Երկնային Հոր կամքը ձեր կյանքում:
Առաջնահերթություն տվեք Երկնային Հոր կամքին
Պատկերացրեք, որ դուք կանգնած եք երկու դռների առջև: Ընտրելով առաջին դուռը, դուք կհետևեիք Երկնային Հոր կամքին, բայց կանցնեիք դժվարին փորձություններով: Եթե դուք ընտրեիք երկրորդ դուռը, կխուսափեիք փորձություններից, բայց չէիք կատարի այն, ինչ Երկնային Հայրն էր ցանկանում ձեզ համար:
-
Ինչո՞ւ մարդը կարող է ընտրել առաջին դուռը, կամ ինչո՞ւ երկրորդ դուռը:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, որը կարող է օգնել ձեզ ընտրել առաջին դուռը:
Մի պահ մտածեք Հիսուս Քրիստոսի կյանքի մասին, և թե առաջին դռան ընտրությունը որքանով է նման նրան, թե Նա ինչպես է ընտրել ապրել: Այսօրվա դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք կարդալ Փրկչի՝ Իր մահկանացու կյանքի վերջում կատարած ընտրությունների մասին: Ուսումնասիրելիս ուշադիր եղեք, թե Հիսուս Քրիստոսի գործողություններից ինչն է ձեզ ոգեշնչում:
Հիսուս Քրիստոսին դավաճանում են և ձերբակալում են Գեթսեմանիում
Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսը խնդրեց Իր Հորը՝ «այս բաժակը անցրու ինձանից», սակայն Նա հաստատեց, որ պատրաստ է կատարել Հոր կամքը՝ ասելով. «Սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42): Հիսուսի կողմից նշված բաժակը վերաբերում է Նրա տառապանքներին և մահվանը:
Կարդացեք Հովհաննես 18.1-4-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես շարունակեց ցուցադրել Երկնային Հոր կամքը կատարելու Իր պատրաստակամությունը:
Թվարկեք այն դժվարություններից մի քանիսը, որոնք պետք է «գային Հիսուսի վրա» մոտակա ժամերի ընթացքում, և որոնք նա ընդունեց (հատված 4):
Կարդացեք Հովհաննես 18.5-11-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես արձագանքեց զինված ամբոխին, որը եկել էր Իրեն տանելու:
Լրացուցիչ մանրամասների համար, որոնք գրանցված չեն Հովհաննեսի կողմից և ցուցադրում են Հիսուս Քրիստոսի զարմանալի սերն ու վճռականությունը, կարդացեք Մատթեոս 26.52-54-ը և Ղուկաս 22.50-51-ը: Կարող եք դիտել «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 5:55-8:30:
-
Ի՞նչն է ձեզ տպավորել Հիսուսի՝ զինված ամբոխի հետ հանդիպման մեջ:
-
Հիսուս Քրիստոսի օրինակն ի՞նչ է ձեզ օգնում հասկանալ ընդդիմությանը դիմադրելու մասին:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ և ինչպե՞ս կարողացավ հաղթահարել այս իրավիճակները: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին։
Հիսուս Քրիստոսին բերում են հարցաքննության
Ձերբակալումից հետո Հիսուսին բերեցին Կայիափա անունով քահանայապետի և այլ հրեա ղեկավարների մոտ: Կարդացեք Ղուկաս 22.63-65-ը և գտեք, թե Հիսուսը ինչ անարդար վերաբերմունք ստացավ նրանցից: Կարող եք նաև դիտել «Կայիափան հարցաքննում է Հիսուսին. Պետրոսը ուրանում է Նրան» տեսաֆիլմը (0:00-1:39) ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչու էր պատրաստ դիմանալ այդպիսի դաժան և անարդար վերաբերմունքի:
Մորմոնի Գրքում Նեփին և Աբինադին ուսուցանել են, թե Փրկիչն ինչու պատրաստակամորեն հնազանդվեց այդպիսի վերաբերմունքին: Կարդացեք 1 Նեփի 19.8-9 և Մոսիա 15.5-7 հատվածները և գտեք, թե նրանք ինչ բացատրություն են տալիս:
Ձեր օրագրում գրեք, թե այս հատվածներն ուսումնասիրելիս ինչ դասեր կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին և Հիսուս Քրիստոսից:
Կարող եք գրել մի քանի պատճառ, թե այս դասերի ըմբռնումն ինչու է արժեքավոր կամ անձնապես իմաստալի ձեզ համար:
Այս հատվածները մեզ ուսուցանում են հետևյալ կարևոր դասը. Հիսուս Քրիստոսը ամեն բանում հնազանդվում էր Իր Հոր կամքին:
-
Ձեր կարծիքով, Հիսուսն ի՞նչ հասկացավ Երկնային Հոր մասին, որը Նրան կատարելապես հնազանդ դարձրեց Հոր կամքին:
Հիշեք, թե երբ եք որոշել հետևել Երկնային Հոր կամքին՝ ձեր անձնական նախասիրությանը հետևելու փոխարեն:
-
Ի՞նչն էր դժվար Աստծո կամքն ընտրելու այդ որոշման մեջ:
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ որոշելով հետևել Երկնային Հոր կամքին, նույնիսկ, եթե դա դժվար էր:
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մի քանի հարց է տվել Աստծո կամքին հնազանդվելու մեր պատրաստակամության վերաբերյալ: Մի պահ խորհեք, թե ինչպիսին կլիներ ձեր անկեղծ պատասխանը այդ հարցերին: Մտածեք, թե ձեզանից ինչ կպահանջվի «այո» պատասխանել յուրաքանչյուր հարցին:
Դուք պատրա՞ստ եք թույլ տալ Աստծուն տնօրինել ձեր կյանքը: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լին[ի Նրա] կամքին»:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 94)
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի մասին՝ Երկնային Հոր կամքին հնազանդվելու Նրա պատրաստակամությունից
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը ուսուցանել է, որ Փրկչի հեզությունը հիմնական հատկանիշն էր, որը Նրան օգնեց հնազանդեցնել Իր կամքը Երկնային Հոր կամքին:
Տիրոջ պատրաստակամ հնազանդության և ուժեղ ինքնատիրապետման հետևողականությունը ոգեշնչող և ուսուցանող է մեզ համար: Երբ տաճարի պահակների և հռոմեացի զինվորների զինված խումբը ժամանեց Գեթսեմանիի պարտեզ՝ Հիսուսին բռնելու և ձերբակալելու համար, Պետրոսը հանեց իր սուրը և կտրեց քահանայապետի ծառայի աջ ականջը [տես Հովհաննես 18.10]: Ապա, Փրկիչը դիպավ ծառայի ականջին ու բուժեց այն [տեսՂուկաս 22.51]: Ուշադրություն դարձրեք, որ Նա հասավ օգնության ու օրհնեց Իր հնարավոր գերեվարողին, օգտագործելով նույն երկնային զորությունը, որը կարող էր կանխել Իր գերեվարումն ու խաչելությունը։
․․․ Փրկչի հեզությունն ապացուցվում է Իր կարգապահ արձագանքի մեջ, ուժեղ զսպվածությամբ, և Իր անսահման զորությունն անձնական շահի համար գործադրելու չկամությամբ։
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հեզ և սրտով խոնարհ», Լիահոնա, մայիս 2018, 33)
Ես ինչո՞ւ պետք է ցանկանամ իմ կամքը հնազանդեցնել Աստծո կամքին
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.
Մեզանից շատերը ․․․ սխալմամբ կարծում են, որ ինչ-որ կերպով թույլ տալով, որ մեր կամքը կուլ գնա Աստծո կամքին, մենք կորցնում ենք մեր անհատականությունը (տես Մոսիա 15.7): Իրականում մեզ անհանգստացնում է ոչ թե սեփական եսից հրաժարումը, այլ եսասիրական պատկանելությունները կորցնելու հանգամանքը, ինչպես օրինակ՝ մեր դերերը, մեր ժամանակը, մեր գերազանցությունը և մեր ունեցվածքը: Զարմանալի չէ, որ Փրկիչը մեզ կարգադրում է կորցնել մեր անձերը (տես Ղուկաս 9.24): Նա պարզապես խնդրում է մեզ կորցնել մեր հին եսը՝ նորը գտնելու համար: Դա չի նշանակում կորցնել ինքնությունը, այլ գտնել ճշմարիտ ինքնությունը: ․․․
․․․ Մեր կամքի ենթարկումը միակ` իսկապես բացառիկ անձնական բանն է, որ մենք կարող ենք դնել Աստծո խորանի վրա: Շատ այլ բաներ, որոնք մենք «տալիս ենք», եղբայրներ և քույրեր, իրականում այն բաներն են, որոնք Նա նախապես տվել է մեզ: Ինչևէ, երբ ես և դուք, ի վերջո, ենթարկենք մեզ, թույլ տալով, որ մեր անձնական կամքը կուլ գնա Աստծո կամքին, ապա մենք իսկապես ինչ-որ բան կտանք Նրան: Դա միակ ունեցվածքն է, որ իսկապես մերն է, և որը մենք կարող ենք տալ:
(Neil A. Maxwell, “Swallowed Up in the Will of the Father,” Ensign, Nov. 1995, 23, 24)