Ղուկաս 23.33-46, Հովհաննես 19.26-30
Փրկիչի կարեկցանքը խաչի վրա
Այն, ինչ Հիսուսն ասաց խաչի վրա, ցուցադրում է Նրա բնավորությունը և աստվածային հատկանիշները: Այս դասը ուսումնասիրելիս ձգտեք մեծացնել Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ձեր ցանկությունը՝ սովորելով խաչի վրա Նրա վարքի օրինակից:
Ուշադիր եղեք ուրիշների հանդեպ
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Հաճա՞խ եք կարեկցում ուրիշներին: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել Փրկչի օրինակը, թե Նա ինչպես էր մտածում ուրիշների մասին չնայած խաչի վրա Իր ցավոտ փորձությանը: Փրկչի օրինակը ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ Փրկչին նմանվելու գործում:
Խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ տեղի ունեցած փորձառությունները
Հիշեք Փրկչի փորձառությունները խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ.
-
Գեթսեմանիում Նա տառապեց աշխարհի մեղքերի համար (տես Ղուկաս 22.39–44):
-
Հուդան մատնեց Նրան, իսկ առաքյալները լքեցին Նրան (տես Մարկոս 14.43–50):
-
Հրեա առաջնորդները հարցաքննեցին, ծեծեցին Նրան և թքեցին Նրա վրա (տես Մատթեոս 26.57–68):
-
Նրան հարցաքննեցին Պիղատոսը և Հերովդեսը, իսկ Հերովդեսն ու նրա զինվորները ծաղրեցին Նրան(Ղուկաս 23.1–24):
-
Նրան դաժանաբար ծեծեցին և խարազանեցին հռոմեացի զինվորները (տես Մատթեոս 27.26–31):
-
Նա տարավ Իր խաչը Գողգոթա տանող ճանապարհի առնվազն մի մասը (տես Հովհաննես 19.16–17):
-
Նրա ձեռքերը և ոտքերը մեխեցին և Նրան խաչեցին երկու չարագործների միջև (Ղուկաս 23.33, տես նաև Հովհաննես 20.25):
-
Նրան հանեցին խաչին (տես Մատթեոս 27.45–50, Մարկոս 15.25):
Մտածեք, թե այս իրադարձություններն ինչպե՞ս են ազդում այն վերաբերմունքի վրա, որ դուք ունեք Փրկչի և ձեզ համար Նրա կրած չարչարանքների հանդեպ: Կարդացեք հետևյալ հատվածները, որտեղ ներկայացված են Փրկչի կողմից խաչի վրա ասված խոսքերը: Ճշմարտություններ բացահայտեք այդ հայտարարություններից և նշեք դրանք ձեր օրագրում:
-
Ղուկաս 23․33-34: Փրկիչն ասաց այս խոսքերը Իրեն խաչած զինվորների մասին (տես այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 23.34, ծանոթագրություն գ):
-
Ղուկաս 23.39-43։ Այս հատվածները ներկայացնում են, թե Փրկչի հետ խաչված չարագործներն ինչ են ասել, և Փրկիչն ինչ է պատասխանել: (Նկատի ունեցեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ երբ Փրկիչն ասաց, որ այդ գողը Նրա հետ դրախտում կլինի, Նա ուսուցանեց նրան, որ «Ես կլինեմ քեզ հետ հոգիների աշխարհում & և կուսուցանեմ քեզ կամ կպատասխանեմ քո հարցերին» [“Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” 44, josephsmithpapers.org]):
-
Հովհաննես 19․26-27։ Այս հատվածները նաև ներկայացնում են, թե Փրկիչն ինչ է ասել Իր մորը՝ Մարիամին, և Հովհաննես առաքյալին:
Խաչի վրա Փրկիչը մտածում էր ոչ միայն հռոմեացի զինվորների, գողերի և Իր մոր մասին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես էր կենտրոնացել ուրիշների վրա՝ նույնիսկ Իր հոգևարքի պահին:
Ինչպես բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [Եբրայեցիս 12.2]: Ի՜նչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:
Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:
(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82-83)
-
Ինչի՞ վրա էր Փրկիչը կենտրոնացել մեզ համար տառապելու պահին:
-
Նախագահ Նելսոնն ի՞նչ է մեզ ուսուցանում այն մասին, թե Փրկիչին ինչ ցանկություններ ունի մեզ համար։
Մի պահ մտածեք այն մասին, որ նույնիսկ խաչին գամված Փրկիչը կենտրոնացել էր ձեզ վրա և ձեզ Երկնային Հոր մոտ վերադարձնելու ուրախության վրա:
-
Ի՞նչ կարող է փոխվել ձեր կյանքում, եթե հասկանաք այս ճշմարտությունը: Այս գիտելիքն ինչո՞ւ կարող է այսպիսի նշանակություն ունենալ ձեզ համար:
Եթե օգտակար կլինի օրինակ տեսնել, դիտեք «Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում (3:22-7:54):«Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ»
Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց՝ խորհելով Փրկչի և ձեր այսօրվա մտքերի շուրջ: Բացահայտեք, թե ինչպես կարող եք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ սեր և կարեկցանք ցուցաբերելով ուրիշների հանդեպ նույնիսկ այն պահին, երբ ինքներդ եք գտնվում դժվարին կացության մեջ: Այնուհետև գրանցեք այս քայլերը ձեր օրագրում: Կրկնեք ձեր ցուցակը և աղոթքով ընտրեք Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ճանապարհներից մեկը: Բացահայտեք դա ձեր օրագրում: Աղոթեք և հնարավորություններ փնտրեք դա անելու համար:
«Կատարված է»
Խաչի վրա մի քանի ժամ տառապելուց հետո Փրկիչը ասաց իր վերջին խոսքերը:
Կարդացեք Հովհաննես 19.28–30 և Ղուկաս 23.46։ Նշեք Փրկչի՝ Իր մահկանացու կյանքի վերջում արված հայտարարությունները:
-
Այս հայտարարություններն ի՞նչ կարող են օգնել մեզ հասկանալ Փրկչի և Նրա առաքելության մասին:
Ինչպես Փրկիչը, մենք ևս կարող ենք կատարել այն, ինչ Հայրն է ցանկանում, որ մենք կատարենք մեր կյանքում: Հիշեք սա, երբ փորձեք անել այն, ինչ որոշել եք անել այսօր:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Հովհաննես 19.27 Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի «Ահա քո մայրը» հայտարարությունից
Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ փորձում ենք ճանաչել, սիրել և հոգ տանել մեր մայրերի համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը իր երախտագիտությունն է հայտնել արդար մայրերին և համեմատել է նրանց սերը Փրկչի սիրո հետ:
Դիտեք տեսաֆիլմը «Ահա, քո մայրը», որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում, ժամանակի կոդեր 0:20-2:53:
Ուրիշներին մեզ համար դժվար պահին օգնելն ինչպե՞ս է ձևավորում մեզ՝ որպես անհատ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Բնավորությունը երևում է․․․ մեր տառապանքների ժամանակ ուրիշների տառապանքները կիսելիս. սոված ժամանակ ուրիշներին կերակրելու կարողություն դրսևորելիս. և սեփական հոգևոր նեղությունների մեջ ուրիշների տվայտանքները նշմարելու և կարեկցանքի ձեռք մեկնելու ուժ գտնելիս: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է ուրիշներին տեսնելով և հասնելով, այն ժամանակ, երբ բնական արձագանքը բնազդով պետք է լինի եսակենտրոն և դեպի ներս ուղղված: Եթե այդպիսի կարողությունը իսկապես բարոյական հատկանիշի բարձրագույն չափանիշն է, ապա աշխարհի Փրկիչն այդպիսի հետևողական և գթասիրտ բնավորության կատարյալ օրինակ է:
(Դեյվիդ Ա. Բերնար, «Քրիստոսի բնավորությունը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 25, 2003], byui.edu)
Ի՞նչ օրհնություններ կարող են գալ, եթե մենք ծառայենք ուրիշներին մեզ համար դժվարին պահերին
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.
Մենք պարտավոր ենք նկատել մյուսների նեղությունները և փորձենք օգնել: Դա հատկապես դժվար կլինի, երբ մենք ինքներս լուրջ փորձության մեջ լինենք։ Բայց մեկ ուրիշի բեռը թեկուզ մի փոքր թեթևացնելիս մենք կհայտնաբերենք, որ գոտեպնդվել ենք և խավարի մեջ նշմարում ենք լույսը։
(Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Լիահոնա, նոյեմբեր 2020, 98)