Վարդապետության սերտում. Ղուկաս 2.10-12
Հիսուս Քրիստոսը ծնվեց որպես Փրկիչ և Տեր
Անցյալ դասին դուք ուսումնասիրեցիք հրեշտակի վկայությունը հովիվներին, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը (տես Ղուկաս 2.10-12): Այս դասը ձեզ հնարավորություն կտա ցուցադրել, թե որքան լավ էք հասկանում այս վարդապետությունը՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն իրական կյանքի իրավիճակներում կիրառելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Նայեք Փրկիչի ծնունդի նկարին և կրկնեք Ղուկաս 2.10-12-ի հղումն ու հիմնական արտահայտությունը. «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»: Կրկնեք այնքան, մինչև համոզված լինեք, որ կարող եք այն անգիր ասել:
Նայեք Փրկիչի ծնունդի նկարին: Երկու կամ երեք նախադասությամբ բացատրեք, թե ինչու է նկարում պատկերված իրադարձությունը մեզ բոլորիս «մեծ ուրախութիւն աւետում» ( Ղուկաս 2.10):
Սովորեք կիրառել
Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Յուրաքանչյուր սկզբունքի համար նշեք առնվազն մեկ նախադասություն, որն, ըստ ձեզ, բացատրում է այս հասկացությունը:
Խորհեք հետևյալ իրավիճակի շուրջ.
Վերջերս ձեր ոչ հավատացյալ ընկերներից մեկը տեսել է միսիոներական մի զույգի՝ մարդկանց հետ այգում զրուցելիս: Ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ են ձեր եկեղեցու միսիոներները Հիսուսի մասին քարոզում եկեղեցուց դուրս: Կարծես նրանք փորձում են իրենց համոզմունքներն ուրիշներին պարտադրել: Ինչո՞ւ մարդկանց չեք թողնում ուղղակի ապրել այնպես, ինչպես նրանք ապրում են»:
Այս իրավիճակը մտքում պահելով՝ ուսումնասիրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները և խորհեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
Գործեք հավատքով
«Մենք գործում ենք հավատքով, երբ ընտրում ենք վստահել Աստծուն և դառնալ դեպի Նա» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», պարբերություն 5):
-
Ի՞նչ արտահայտություններ եք գտնում «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-7-րդ պարբերություններում, որոնք կարող են օգնել ձեզ այս իրավիճակում:
-
Գործելով հավատքով, ինչպե՞ս կարող եք պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից
«[Վարդապետական հասկացություններն ու հարցերը] հավերժության տեսանկյունից քննելու համար մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժին, պարբերություն 8):
Ուսումնասիրեք Ղուկաս 2.10-12 հատվածները: Մտածեք, թե ինչ նոր բան են ուսուցանում այս հատվածները բացի նրանից, ինչ արդեն գիտեք Հիսուս Քրիստոսի մասին:
-
Որո՞նք են Փրկիչի դերերը փրկության ծրագրում:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ովքեր դեռևս չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին, պետք է իմանան Նրա մասին:
-
Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր Նրա վերականգնված ավետարանի ուղերձով կիսվել բոլորի հետ՝ այդ թվում Նրան արդեն ընդունած այլ քրիստոնյաների հետ:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել նախորդ հարցերի պատասխանները՝ ձեր ընկերոջ հարցին պատասխանելու համար:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Տերը «աղբյուրներ է սահմանել, որոնց միջոցով Նա ճշմարտություն և առաջնորդություն է հայտնում Իր զավակներին» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժին, պարբերություն 11):
Ուսումնասիրեք հետևյալ ոգեշնչված աղբյուրներից մեկը կամ մի քանիսը՝ փնտրելով տեղեկություններ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:
-
« Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը », (ChurchofJesusChrist.org)
-
Հատվածները, որոնք դուք կապել եք կամ խաչաձև հղում եք կատարել Ղուկաս 2:10–12 հատվածներին նախորդ դասի ժամանակ
-
Հիմների գրքի «Հիսուս Քրիստոս» թեմայում ընդգկված երգերը
Մտածեք, թե այս աղբյուրներն ի՞նչ են ձեզ սովորեցնում այն մասին, թե Փրկիչը և Նրա ուսմունքները ինչպես կարող են մարդկանց ուրախություն պարգևել:
-
Ի՞նչ եք սովորել Փրկիչի և Նրա ուսմունքների մասին, որը կարող է մարդկանց ուրախություն պարգևել այս և գալիք կյանքում:
-
Փրկիչի կամ Նրա ուսմունքների հետ կապված ի՞նչ անձնական փորձառություններ են ձեզ ուրախություն պարգևել:
-
Այս հարցերին տված ձեր պատասխաններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին: