Եփեսացիս 2-5
Գտեք հավերժական ճշմարտություններ
Որքանո՞վ եք վստահ սուրբ գրություններում ճշմարտություն գտնելու ձեզ կարողության մեջ: Մարգարեները ուսուցանում են ճշմարտություններ, որոնք գալիս են Երկնային Հորից մեր օգուտի համար: Օրինակ՝ Պողոսը Եփեսոսում բնակվող Սրբերին ուսուցանում էր ճշմարտություններ աշխարհին հաղթելու և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու մասին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես սուրբ գրություններում գտնել ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ կյանքում և ձեզ ավելի կմոտեցնեն Փրկչին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Գտեք արժեքը
«Ոսկու մասնիկները» տեսանյութը (3:15) ոսկի որոնող երկու մարդկանց մասին է: Կարդացեք պատմությունը կամ դիտեք տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-2:26-ը: Մտածեք, թե ինչ հոգևոր դասեր եք քաղելու այդ պատմությունից:
Հաճախ մենք նմանվում ենք այն երիտասարդ առևտրականին Բոստոնից, որն, ըստ պատմության, 1849 թ. խանդավառությամբ էր լցվել՝ լսելով Կալիֆորնիայի ոսկու տենդի մասին: Նա վաճառեց իր ողջ ունեցվածքը՝ իր բախտը Կալիֆորնիայի գետերում որոնելու համար, քանզի նրան ասել էին, որ դրանք լի էին ոսկու այնպիսի մեծ բնակտորներով, որ մի հոգին դժվար թե կարողանար դրանք տանել:
Անվերջանալի թվացող օրերը հաջորդում էին իրար, իսկ երիտասարդ տղան իր ամանը ընկղմում էր գետի մեջ և հանում էր առանց սպասվող նյութի: Նրա միակ վարձատրությունը քարերի մեծացող կույտն էր: Հուսալքված ու կոտրված, նա պատրաստ էր կանգ առնել, մինչև այն օրը, երբ մի ծեր, փորձառու հետազոտող նրան ասաց. «Դու բավականին մեծ քարակույտ ունես այդտեղ, իմ տղա»:
Երիտասարդ տղան պատասխանեց. «Այստեղ ոսկի չկա: Ես տուն եմ վերադառնում»:
Քարերի կույտի մոտով քայլելով՝ ծերունին ասաց. «Օ՜, այստեղ բավականին ոսկի կա: Դու միայն պետք է իմանաս, թե որտեղ կարող ես այն գտնել»: Նա վերցրեց երկու քար և դրանք իրար խփեց: Քարերից մեկը կիսվեց և բացված տեղից երևացին ոսկու մի քանի մասնիկներ, որոնք շողում էին արևի տակ:
Նկատելով հետազոտողի գոտկատեղից ամրացված ուռուցիկ կաշվե քսակը՝ երիտասարդ տղան ասաց. «Ես փնտրում եմ ոսկու այնպիսի բնակտորներ, ինչպիսին քո քսակում են, ոչ թե փոքրիկ մասնիկներ»:
Ծերունին մեկնեց իր քսակը դեպի երիտասարդ տղան, որը նայեց դրա մեջ, մտածելով, որ կտեսնի մի քանի մեծ ոսկու բնակտորներ: Նա ապշեց, երբ տեսավ, որ քսակը լի էր ոսկու հազարավոր մանր մասնիկներով:
Ծերունին ասաց. «Տղա, ինձ թվում է, որ դու այնքան զբաղված ես մեծ բնակտորներ որոնելով, որ կորցնում ես քո քսակը ոսկու այս թանկարժեք մասնիկներով լցնելու հնարավորությունը: Այս փոքր մասնիկները համբերությամբ հավաքելով՝ ես մեծ հարստություն եմ կուտակել»:
(Մ. Ռասել Բալլարդ, «Գտնել ուրախություն ծառայությունը սիրելու միջոցով», Ensign կամԼիահոնա, մայիս 2011, 46)
-
Այս պատմությունն ի՞նչ առնչություն ունի սուրբ գրություններում ճշմարտություններ գտնելու հետ:
Կարդացեք հետևյալ հայտարարությունները և գնահատեք դրանց ճշմարտացիությունը ըստ մեկից հինգ սանդղակի (որտեղ մեկը = երբեք ճշմարիտ չէ ինձ համար, իսկ հինգը = միշտ ճշմարիտ է ինձ համար)Ես վստահ եմ, որ կարող եմ սուրբ գրություններում Սուրբ Հոգու օգնությամբ ճշմարտություններ գտնել:
Սուրբ գրություններում ճշմարտություններ գտնելը օրհնություն է իմ կյանքում և օգնում ինձ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Գտեք ճշմարտություններ սուրբ գրություններում
Սուրբ գրությունների որոշ ճշմարտություններ ավելի դժվար է գտնել, քան մնացածը: Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով և փորձեք բացահայտել ճշմարտություններ Եփեսոսի Սրբերին ուղղված Պողոսի ուղերձում: Սուրբ Հոգին կօգնի ձեզ՝ վկայելով ձեզ այս ճշմարտությունների մասին (տես Մորոնի 10.5 , Հովհաննես 16.13):
Երբ Պողոսը տնային կալանքի տակ էր Հռոմում, նա գրեց եփեսիացիներին, որպեսզի նրանց քաջալերի և խորհուրդ տա, թե ինչպես շարունակել մոտենալ Հիսուս Քրիստոսին, և ինչպես հաղթահարել սատանայի հոգևոր հարձակումները: Փորձեք բացահայտել ճշմարտությունները այդ Սրբերին ուղղված Պողոսի նամակում:
Հետևյալը սուրբ գրություններում հավերժական ճշմարտություններ գտնելու ձևերից մեկն է: Կարդացեք Եփեսիացիս 2.4-10 հատվածները և կատարեք հետևյալ քայլերը.
-
Փնտրեք հատկապես կարևոր բառեր, արտահայտություններ կամ հատվածներ: Կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում:
-
Ամփոփեք այդ բառերի, արտահայտությունների կամ հատվածների գլխավոր գաղափարը: (Օրինակ՝ կարո՞ղ եք ամփոփել այն, ինչ Պողոսն ասել է շնորհի մասին հատված 8 -ում:)
-
Ձևակերպեք ձեր սովորածը ճշմարտության տեսքով, որը դուք կարող եք կիրառել ձեր կյանքում:
-
Ո՞րն է ձեր գտած ճշմարտությունը: Ինչպե՞ս եք բացահայտել այդ ճշմարտությունը:
-
Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ձեզ օգնում զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ կամ օգնում ձեզ ավելի նմանվել Իրենց:
-
Ինչպե՞ս եք կիրառել կամ ինչպե՞ս կարող եք կիրառել այս ճշմարտությունը ձեր կյանքում:
Փորձեք բացահայտել ճշմարտությունները
Օգտագործեք նախապես թվարկված քայլերը: Ընտրեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը և այնտեղ հավերժական ճշմարտություններ փնտրեք:
-
Եփեսացիս 4.20-32 հատվածները, այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ծանոթագրություն 26 ա-ում (Կարող է օգտակար լինել իմանալ, որ այս հատվածներում նշված «հին մարդը» խորհրդանշում է նախկին մեղսավոր սովորույթները, իսկ «նոր մարդը»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով արդար կյանք ապրելը):
Ընտրեք գտած ճշմարտություններից մեկը և խորհեք, թե այն ինչպես կարող է ձեզ օգնել զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ կամ օգնել ձեզ ավելի շատ նմանվել Նրանց:
Օգտագործելով մատչելի նյութեր (թուղթ, գունավոր մատիտներ, թվային սարքեր և այլն), ստեղծեք պաստառ, որը կարող է ներառվել Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում: Ձեր պաստառում ներառեք հետևյալը.
-
Ձեր բացահայտած սկզբունքը և այն հատվածը կամ հատվածները, որտեղ դուք այն գտել եք:
-
Հասարակ պատկեր կամ նկար, որը օգնում է կարդացողին հասկանալ ճշմարտությունը կամ ցուցադրում է, թե որևէ մեկն ինչպես կարող եք օգտագործել այս ճշմարտությունը իր կյանքում:
Խորհեք ճշմարտություններ գտնելու մասին
Հիշեք, թե ինչպես եք հավերժական ճշմարտություններ փնտրել սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս եք զգացել, որ ձեզ հաջողվել է դրանք գտնել:
-
Ի՞նչն էր դժվար:
-
Ճշմարտությունների որոնումն ինչպե՞ս ձեզ օգնեց տեսնել Երկնային Հոր սերը ձեր հանդեպ:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր այսօրվա գտածը ձեր անձնական կամ ընտանեկան ուսումնասիրություններում:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Եփեսացիս 2․4-9 : Ի՞նչ է շնորհը, և ի՞նչ է դա ինձ համար
Առաջին Նախագահությունում ծառայելիս նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սահմանել է Աստծո շնորհը որպես «աստվածային օգնության և ուժի օժտումը, որոնցով մենք աճում ենք թերի և սահմանափակ էակներից, ինչպիսին հիմա ենք, դառնալով վեհացած էակներ, ունենալով ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվենք ճշմարտությամբ և իմանանք բոլոր բաները» [ Վարդապետություն և Ուխտեր 93․28 ]» («Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 107): Շնորհի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք ամբողջ ելույթը ChurchofJesusChrist.org կայքում:
Փրկչի շնորհի մասին լրացուցիչ գաղափարների համար կարդացեք Մոսիա 2.20-24 և Փիլիպպեցիներ 2.12-13 հատվածները:
Եփեսացիս 4․22 Ի՞նչ է նշանակում «հանել … հին մարդուն»
Պողոսն ուսուցանել է, որ երբ մենք ընտրում ենք մկրտության արարողությունը, մենք ուխտ են կապում վերջ դնել մեր հին սովորություններին (կամ «հանել … հին մարդուն» [ Եփեսացիս 4.22 ]) և սկսում ենք նոր կյանք, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ (տես Հռովնեմացիս 6.1–6 , Վարդապետություն և Ուխտեր 20.37): Մենք պետք է նաև հրաժարվենք մեր մեղքերից և այն ամենից, որոնք մեզ կարող են խանգարել ավելի մոտենալ երկնային Հորը: Մենք չենք կարող ինքնուրույն կառավարել այդ գործընթացը: Այն տեղի է ունենում միայն Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության շնորհիվ:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Ավելի խորը ըմբռնեք ճշմարտությունը
Երբ ուսանողները Եփեսիացիս գլխում մի ճշմարտություն բացահայտեն, առաջարկեք նրանց ավելի խորը ըմբռնել այդ ճշմարտությունը: Նրանք կարող են օգտվել սուրբ գրությունների նյութերից, Ավետարանի թեմաներից (topics.ChurchofJesusChrist.org), Ավետարանի գրադարան հավելվածից կամ այլ մատչելի նյութերից: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչ են սովորել այս ճշմարտությունների մասին, և ինչպես են կիրառում դրանք իրենց կյանքում:
Մորմոնի Գրքի գաղափարները Հիսուս Քրիստոսի շնորհի մասին
Եթե ուսանողների համար Հիսուս Քրիստոսի շնորհը քննարկելն ավելի օգտակար լինի, քան սուրբ գրություններում սկզբունքներ փնտրելը, կարող եք նրանց առաջարկել ուսումնասիրել Եփեսիացիս 2.1-12 հատվածները: Ապա թող համեմատեն, թե ինչպիսին կլիներ իրենց կյանքը առանց Հիսուս Քրիստոսի շնորհի (տես հատվածներ 1–3), և ինչպիսին է իրենց կյանքը Նրա շնորհով (տես հատվածներ 4–8): Այնուհետև նրանք կարող են ուսումնասիրել Մորմոնի Գրքի այն հատվածները, որոնք ուսուցանում են Փրկչի շնորհի մասին (տես 2 Նեփի 10.24–25 , Հակոբ 4.6–7 ; Հելաման 12.24 , Եթեր 12.27 , Մորոնի 10.32–33), ապա բացահայտեն, թե իրենց որ կարիքների համար ունեն Փրկչի շնորհի անհրաժեշտությունը և կազմեն ծրագիր՝ այդ շնորհը ավելի հաճախ փնտրելու համար: