«Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի մասին՝ անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում», Ուսուցանել Փրկչի ձևով. Բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)
«Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի մասին՝ անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում», Ուսուցանել Փրկչի ձևով
Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի մասին՝ անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում
Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում ուսուցանելու շատ բաներ կան՝ սկզբունքներ, պատվիրաններ, մարգարեություններ և սուրբ գրությունների պատմություններ: Բայց դրանք բոլորը նույն ծառի ճյուղերն են, քանի որ դրանք բոլորն ունեն մեկ նպատակ. օգնել բոլոր մարդկանց գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել Նրանում (տես Հարոմ 1․11, Մորոնի 10․32)։ Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում, հիշեք, որ դուք իսկապես սովորեցնում եք Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչպես դառնալ Նրա նման: Սուրբ Հոգին կօգնի ձեզ սովորել, թե ինչպես հասկանաք Փրկչի և Նրա քավիչ զորության մասին ճշմարտությունները՝ ավետարանի յուրաքանչյուր սկզբունքի, պատվիրանի և մարգարեական ուսմունքի մեջ (տես Հակոբ 7.10–11):
Դուք ուսուցանո՞ւմ եք զոհաբերության մասին: Կարող եք սովորողների հետ ուսումնասիրել, թե ինչպես են մեր կատարած զոհաբերությունները մեր հոգիներին ուղղորդում դեպի Փրկչի «մեծ և վերջին զոհաբերությունը» (Ալմա 34.10): Դուք ուսուցանո՞ւմ եք միասնություն մասին: Կարող եք քննարկել այն միասնությունը, որը Հիսուս Քրիստոսը ձեռք բերեց Իր Հոր հետ, և Նրա հրավերը, որ մենք մեկ լինենք Նրանց հետ (տես Հովհաննես 17): Ավետարանի յուրաքանչյուր թեմա դիտարկեք որպես Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու և սովորելու հնարավորություն:
Յուրաքանչյուր պատվիրան նույնպես տալիս է այդ հնարավորությունը: Մի կենտրոնացեք միայն ավետարանի օրենքների վրա, սովորեք նաև Օրենսդիրի մասին: Եթե դուք քննարկում եք Իմաստության Խոսքը և կանգ առնում առողջ ապրելակերպի կարելիների և չի կարելիների վրա, ապա բաց կթողնեք խորհելու հնարավորությունն այն մասին, թե Հիսուս Քրիստոսը որքան շատ պետք է հոգար մեր և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական բարեկեցության մասին, որպեսզի մեզ տար այս օրենքը: Կենտրոնացեք, թե որքան պատրաստակամ է Փրկիչը, որ ցանկանում է օրհնել մեզ Իր զորությամբ՝ օգնելով մեզ ապրել Ի՛ր օրենքներով: Յուրաքանչյուր պատվիրան, որը Նա տալիս է մեզ, ինչ-որ բան է բացահայտում Նրա մտքի, կամքի և սրտի մասին. ուրախություն գտեք՝ միասին բացահայտելով դա:
Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը
Մենք կարող ենք Հիսուս Քրիստոսին դնել ուսուցման և ուսման կենտրոնում՝ գիտակցելով և կարևորելով, որ Նա ավետարանի բոլոր սկզբունքների կատարյալ օրինակն է: Մենք՝ որպես աշակերտներ, պարզապես չենք հետևում սկզբունքներին, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին: Երբ մենք կենտրոնանանք Փրկչի կատարյալ օրինակի վրա, Սուրբ Հոգին կվկայի Նրա մասին և կոգեշնչի մեզ հետևել Նրան:
Մի պահ պատկերացրեք, որ դուք ուսուցանում եք մինչև վերջ համբերելու սկզբունքը։ Քննարկումն այն մասին, թե ինչպես է Փրկիչը մինչև վերջ համբերելու օրինակ ծառայել, կարող է Նրա հանդեպ գորովալից ակնածանքի զգացում առաջացնել: Նրա օրինակից ի՞նչ կարող են սովորել և զգալ այն մարդիկ, ում ուսուցանում եք:
Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին
Հիսուս Քրիստոսը սուրբ գրություններում շատ տիտղոսներ ունի: Յուրաքանչյուրն արտացոլում է Աստծո ծրագրում Նրա դերերից մեկը և մեզ ուսուցանում է Նրա աստվածային հատկանիշների մասին: Դուք կարող եք սովորողների հետ ուսումնասիրել, թե ինչ են մեզ սովորեցնում Հիսուս Քրիստոսի մասին տիտղոսները, ինչպիսիք են՝ Աստծո Գառը, Բարեխոսը, մեր հավատքի Կատարողը և Աշխարհի Լույսը: Բացի այդ, օգնելով սովորողներին ավելին իմանալ Փրկչի մասին, ասեք ավելին քան այն, ինչ Նա ասաց և արեց, և պատմեք այն մասին, թե ով է Նա, և ինչպիսի դեր է Նա ցանկանում խաղալ մեր կյանքում: Երբ դուք միասին սովորեք Փրկչի բնավորության և հատկանիշների մասին, Սուրբ Հոգին կամրապնդի ձեր հասկացողությունը և սերը Նրա հանդեպ:
Գտեք խորհրդանիշներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին
«Բոլոր բաները»,- հայտարարեց Տերը,- «ստեղծվել և արարվել են իմ մասին վկայելու համար» (Մովսես 6.63, տես նաև 2 Նեփի 11.4): Այդ ճշմարտությունը նկատի ունենալով՝ մենք կարող ենք սովորել, թե ինչպես սուրբ գրություններում տեսնենք բազմաթիվ խորհրդանիշներ, որոնք վկայում են Փրկչի մասին: Այս խորհրդանիշները ներառում են այնպիսի բաներ, ինչպիսիք են հացը, ջուրը և լույսը: Երբ մենք հասկանանք, թե ինչպես են այս առարկաները կապված Փրկչի հետ, նրանք մեզ կսովորեցնեն Նրա զորության և հատկանիշների մասին: Դուք, նույնիսկ, կարող եք զուգահեռներ անցկացնել Փրկչի կյանքի և սուրբ գրություններում արձանագրված մարգարեների և այլ հավատարիմ տղամարդկանց ու կանանց կյանքի միջև: Փնտրելով խորհրդանիշներ՝ դուք Փրկչի մասին կբացահայտեք ճշմարտություններ այն հատվածներում, որոնք դուք այլ կերպ կարող էիք անտեսել: