«Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)
«Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ», Ուսուցանել Փրկչի ձևով
Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ
Որպես ուսուցիչ՝ ձեր կատարած քայլերից ոչ մեկը այնքան չի օրհնի սովորողներին, որքան եթե օգնեք նրանց ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և զգալ Նրանց սերը (տես Հովհաննես 17.3): Մտածեք փորձառությունների մասին, որոնք օգնել են ձեզ ճանաչել և սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որ սովորեք Նրանց հատկանիշների, զորության և սիրո մասին: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սերը ինչպե՞ս է ուրախություն պարգևել ձեզ։ Ապա մտածեք, թե ինչ կարող է անել Նրանց սերն ու զորությունը յուրաքանչյուր մարդու համար, ում ուսուցանում եք: (Տես Ալմա 26․16, Մովսես 5․11)
Այս կյանքում մեր վերջնական նպատակն է՝ ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորը և վերադառնալ Նրա մոտ: Այդ նպատակին հասնելու ճանապարհը Հիսուս Քրիստոսի մոտ գալն է (տես Հովհաննես 14.6): Ահա թե ինչու, ինչպես մարգարե Նեփին է ուսուցանել, «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով» (2 Նեփի 25.26):
Աստծո յուրաքանչյուր զավակ ունի այն լույսի և ճշմարտության կարիքը, որը գալիս է Փրկչից, և Նա կարող է իր ընտրությամբ արձագանքել դրան: Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցիչ լինելը նշանակում է օգնել ուրիշներին հասկանալ և ապավինել Նրա ուսմունքներին, փրկագնող զորությանը և կատարյալ սիրուն: Մտածեք, թե ինչպես կարող են հետևյալ գաղափարներն օգնել ձեզ ոգեշնչել ուրիշներին՝ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին և հետևել Նրան:
Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում
Լավ է, որ իմանում ենք Փրկչի սիրո, զորության և ողորմածության մասին, բայց մենք նաև պետք է զգանք այն: Տեսնելով, թե Նա ինչպես է օրհնում և բժշկում մարդկանց սուրբ գրություններում, օգնում ենք մեզ զարգացնել ավելի մեծ հավատք առ այն, որ Նա կարող է օրհնել և բժշկել մեզ: Օրինակ՝ Դանիելի փորձառությունների մասին սովորելը թերի է, եթե դա մեզ չի ոգեշնչում վստահել Տիրոջը, երբ բախվում ենք մեր իսկ «առյուծների գուբին»:
Երբ դուք օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ «գորովագութ ողորմությունները» (1 Նեփի 1.20)՝ ինչպես սուրբ գրություններում, այնպես էլ իրենց անձնական փորձառություններում, նրանք կզգան և կիմանան, որ Տերն իրենց հետ է և սիրով կկանգնի իրենց կողքին (տես Վարդապետություն և Ուխտեր 68.6): Նրանք իրականում կտեսնեն և կզգան Տիրոջ սերն ու ողորմությունն իրենց անձնական կարիքներում և հանգամանքներում:
Օգնեք սովորողներին ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ
Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու և սովորելու նպատակն այն է, որ օգնենք յուրաքանչյուր մարդու ավելի մոտենալ Նրան և մեր Երկնային Հորը: Օգնեք մարդկանց, ում ուսուցանում եք, երբևէ չշեղվել այդ նպատակից: Խրախուսեք նրանց ամրապնդել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները, մշտապես ապաշխարելով, խոսելով Հոր հետ աղոթքով և վկայելով Հոր և Որդու մասին: Խոսքով և օրինակով ուսուցանեք սովորողներին, թե ուխտեր կապելը և պահելը ինչպես են մեզ կապում Հոր և Որդու հետ: Օգնեք նրանց իմանալ, թե որքան թանկ և սիրված ենք Նրանց կողմից։ Ամրապնդեք նրանց հավատքն առ այն, որ Հիսուս Քրիստոսն Իր կատարյալ Քավության շնորհիվ միակ ճանապարհն է դեպի մեր Հայրը: Ուսանողներին հնարավորություն ընձեռեք վկայություն ստանալ Սուրբ Հոգուց, «որը վկայում է Հոր և Որդու մասին» (Մովսես 5.9):
Օգնեք, որ սովորողները գիտակցված ձգտեն ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին
Ի վերջո, Հիսուս Քրիստոսի մասին սովորելով, մենք ոգեշնչվում ենք ավելի նմանվել Նրան: Բայց Նրան նմանվելը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք գործում ենք հավատքով՝ թե՛ դասարանում, թե՛ դասից դուրս, երբ գիտակցված ընտրություն ենք կատարում՝ Նրա օրինակին հետևելու և Նրա շնորհը ստանալու համար: Հրավիրեք սովորողներին փնտրել Սուրբ Հոգու օգնությունը՝ բացահայտելով ուղիներ, որոնցով նրանք կարող են ավելի նմանվել Փրկչին: Ուղղորդեք և աջակցեք, երբ սովորողները Նրան նմանվելու ձգտումը դարձնում են ամբողջ կյանքի նպատակ:
Հակոբն ասաց, որ «բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են», ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին (2 Նեփի 11.4): Ձեր ուսուցումը կարող է լինել այդ բաներից մեկը: Հիսուս Քրիստոսին դարձրեք յուրաքանչյուր ուսուցման և սովորելու փորձառության առանցքը: Երբ դուք և սովորողները «խոսեք Քրիստոսի մասին, … հրճվեք Քրիստոսով, … քարոզեք Քրիստոսի մասին» (2 Նեփի 25.26), Սուրբ Հոգին Փրկչի վկայությունը կարող է խորը արմատավորել յուրաքանչյուր մարդու մտքում և սրտում: Երբ օգնեք ձեր սովորողներին ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ավելի հավանական է, որ իրենց ողջ կյանքում նրանք կդիմեն Նրանց՝ օգնության, հույսի և ապաքինման համար: