Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Ուսուցանեք Հոգով


«Ուսուցանեք Հոգով», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Ուսուցանեք Հոգով», Ուսուցանել Փրկչի ձևով

Նկար
Փրկիչը Հրեաստանի անապատներում

Ինչպես Փրկիչը ժամանակ հատկացրեց՝ Իր ծառայությանը հոգևորապես պատրաստվելու համար, մենք նույնպես պետք է պատրաստվենք Հոգով ուսուցանելու համար:

Ուսուցանեք Հոգով

Երբ Փրկիչը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին քարոզել Իր ավետարանը, Նա խոստացավ նրանց, որ «Սուրբ Հոգին կթափվի` վկայություն բերելով բոլոր բաների մասին, որոնք դուք կասեք» (Վարդապետություն և Ուխտեր 100․8, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 42․15–17, 50․17–22)։ Նույն խոստումը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ուսուցանում են ավետարանը, ներառյալ՝ ձեզ: Երբ ուսուցանում եք Հիսուս Քրիստոսի ավետարանը, դուք կարող եք Սուրբ Հոգուն ձեզ հետ ունենալ, որ առաջնորդի ձեզ, և ձեր սովորողների մտքում և սրտում վկայի ճշմարտության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2): Դուք մենակ չեք, երբ ուսուցանում եք, քանի որ «դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին» (Մարկոս 13.11):

Սուրբ Հոգին է ճշմարիտ ուսուցիչը։ Ոչ մի մահկանացու ուսուցիչ, որքան էլ որ հմուտ ու փորձառու լինի, չի կարող փոխարինել Նրա դերը ճշմարտությունը վկայելու, Քրիստոսի մասին վկայելու և սրտերը փոխելու գործում: Բայց բոլոր ուսուցիչները կարող են գործիք լինել՝ օգնելով Աստծո զավակներին Հոգով սովորել:

Ինչպե՞ս ուսուցանել Հոգով

  • Պատրաստվեք հոգևորապես։

  • Միշտ պատրաստ եղեք արձագանքել սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին:

  • Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով:

  • Օգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության:

  • Հաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով:

Փրկիչը հոգևորապես պատրաստվեց ուսուցանելու համար

Իր ծառայությանը նախապատրաստվելու համար Փրկիչը 40 օր անցկացրեց անապատում՝ «Աստծո հետ լինելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Բայց Նրա հոգևոր նախապատրաստությունը շատ ավելի վաղ էր սկսվել: Երբ սատանան գայթակղեց Նրան, Նա կարողացավ հիմնվել «կյանքի խոսքերի» վրա, որոնք Նա գանձել էր «հենց նույն պահի» համար, երբ Նա դրա կարիքը կունենար (Վարդապետություն և Ուխտեր 84.85): Մտածեք, թե դուք ինչպե՞ս եք հոգևորապես պատրաստվում ուսուցանելու համար: Ի՞նչ եք սովորում Մատթեոս 4.1–11 հատվածներից այն մասին, թե ինչպես կարող եք հետևել Փրկչի օրինակին ձեր հոգևոր նախապատրաստության ժամանակ:

Հոգին ճշմարիտ ուսուցիչն է և դարձի գալու ճշմարիտ աղբյուրը: Ավետարանը զորավոր կերպով ուսուցանելու համար պահանջվում է ոչ միայն դաս պատրաստել, այլև հոգևորապես լավ նախապատրաստվել նախքան ուսուցանելը: Եթե դուք հոգևորապես պատրաստվել եք, դուք ավելի լավ կկարողանաք լսել և հետևել Հոգու առաջնորդությանը, երբ ուսուցանում եք: Ձեր ուսուցման մեջ Հոգին հրավիրելու համար պետք է Նրան ձեր կյանք հրավիրեք: Դրա համար պետք է ձգտեք ջանասիրաբար հետևել Փրկչի օրինակին և ողջ էությամբ կիրառեք ավետարանը։ Եվ քանի որ մեզանից ոչ ոք դա կատարյալ չի անում դա, ապա պետք է ամեն օր ապաշխարել:

Խորհելու հարցեր. Ձեզ համար ի՞նչ է նշանակում՝ հոգևորապես պատրաստվել ուսուցանելու համար: Դուք ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ավելի լավ պատրաստվեք հոգևորապես։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է հոգևոր պատրաստվածությունը ազդեցություն ունենալ ձեր ուսուցման վրա:

Սուրբ գրություններից․ Եզրաս 7․10, Ղուկաս 6․12, Ալմա 17․2–3, 9, Վարդապետություն և Ուխտեր 11․21, 42․13–14

Փրկիչը միշտ պատրաստ է եղել արձագանքելու ուրիշների կարիքներին

Հայրոսը, որը ժողովարանի կառավարիչն էր, ընկել էր Հիսուսի ոտքերը՝ աղաչելով Նրան օգնել իր մահամերձ դստերը։ Հիսուսն ու Իր աշակերտները լեփ-լեցուն փողոցներով քայլում էին դեպի Հայրոսի տուն, երբ հանկարծ Հիսուսը կանգ առավ։ «Ո՞վ է որ ինձ դիպավ»: Հարցրեց Նա։ Թվում էր, թե տարօրինակ հարց էր. մարդկանց ամբոխի մեջ ո՞վ չէր դիպչում Նրան: Բայց Փրկիչը հասկացավ, որ այդ բազմության մեջ ինչ-որ մեկը մոտեցել էր իրեն հատուկ կարիքով և հավատով, որ կստանար Իր առաջարկած բուժումը: Դեռ ժամանակ կլիներ Հայրոսի աղջկան այցելելու համար։ Բայց նախ Նա ասաց կնոջը, որը դիպել էր Իր հագուստին. «Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով» (տես Ղուկաս 8.41–48):

Դուք՝ որպես ուսուցիչ, երբեմն կարող եք շտապել դասավանդելու այն նյութը, որը պատրաստել էիք ուսուցանելու համար: Թեև դա կարող է կարևոր լինել, համոզվեք, որ ձեր շտապողականության մեջ դուք ակամա չշրջանցեք այն մարդու հրատապ կարիքը, ում ուսուցանում եք: Բացի հոգևոր առաջնորդությունից, որին ձգտում էիք, երբ պատրաստվում էիք ուսուցանել, փնտրեք նաև Հոգու առաջնորդությունը, մինչ ուսուցանում եք: Փորձեք տեղյակ լինել սովորողների կարիքներից, հարցերից և հետաքրքրություններից: Սուրբ Հոգին կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես է սովորողը ընդունում կամ հասկանում այն, ինչ դուք ուսուցանել եք: Նա երբեմն կարող է հուշել, որ դուք փոխեք ձեր ծրագրերը: Օրինակ՝ հնարավոր է ոգեշնչում ստանաք ձեր նախատեսածից ավելի շատ ժամանակ հատկացնել մի թեմայի, կամ որոշ քննարկումներ թողնեք ավելի ուշ՝ hօգուտ մի բանի, որն այժմ ավելի կարևոր է սովորողների համար:

Խորհելու հարցեր. Եղե՞լ է ժամանակ, երբ որևէ ծնող կամ մեկ այլ ուսուցիչ տեղյակ է եղել ձեր սովորելու կարիքների մասին: Արդյո՞ք նրանք, ում ուսուցանում եք, գիտե՞ն, որ դուք ավելի շատ հետաքրքրված եք նրանց սովորելով, քան դասն ավարտելով: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ հաղորդել ձեր հետաքրքրությունը։

Սուրբ գրություններից․ Ա Պետրոս 3․15, Ալմա 32․1–9, 40․1, 41․1, 42․1

Փրկիչը Սուրբ Հոգով ուսուցանվելու հնարավորություններ է տվել մարդկանց

Հիսուսի ժամանակ շատերի համար դժվար էր հասկանալ, թե ով է Նա իրականում, բայց կային բազմաթիվ կարծիքներ: «Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է», - պատմում են Նրա աշակերտները, - «իսկ միւսները՝ Եղիան. Ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը»։ Բայց հետո Հիսուսը մի հարց տվեց, որն Իր աշակերտներին առաջարկեց անտեսել ուրիշների կարծիքը և նայել իրենց սրտերին. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»: Նա ցանկանում էր, որ նրանք իրենց պատասխանը գտնեին ոչ թե «մարմին և արյունից», այլ անմիջապես «իմ Հորից, որը երկնքումն է»։ Դրա նման մի վկայություն էր, Սուրբ Հոգուց անձնական մի հայտնություն, որը Պետրոսին հնարավորություն տվեց ասելու. «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին» (տես Մատթեոս 16․13-17

Վերջին օրերին հոգևորապես գոյատևելու համար ձեր ուսանողները ճշմարտության վերաբերյալ հոգևոր վկայության կարիք կունենան: Դուք դա չեք կարող տալ նրանց, բայց կարող եք հրավիրել, խրախուսել, ոգեշնչել և սովորեցնել նրանց փնտրել այն: Ձեր խոսքերով և գործերով դուք կարող եք հստակեցնել, թե ավետարանը սովորելու համար որքան կարևոր է Սուրբ Հոգին: Օրինակ՝ մտածեք այն ուսումնական միջավայրի մասին, որը դուք ստեղծում և խրախուսում եք: Որևէ հասարակ գործողություն, ինչպիսին է սենյակում աթոռների դասավորությունը կամ սովորողների հետ բարևելու և շփվելու ձևը, հոգևոր երանգ է տալիս սովորողների փորձառությանը: Կարող եք նաև սովորողներին հրավիրել հոգևորապես պատրաստվել սովորելուն, ճիշտ այնպես, ինչպես դուք եք հոգևորապես պատրաստվում ուսուցանելու համար: Խնդրեք նրանց պատասխանատվություն ստանձնել իրենց ստեղծած մթնոլորտի համար: Եվ դուք կարող եք նրանց հնարավորություններ ընձեռել՝ զգալու, որ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Այդ վկայությունը նրանց համար կդառնա «վեմ» և «դժոխքի դռները չեն հաղթիլ [նրանց]» (Մատթեոս 16.18):

Խորհելու հարցեր. Նկատե՞լ եք, թե ինչն է նպաստում ավետարանը սովորելու հոգևոր միջավայրին: Ի՞նչն է խանգարում դրան: Ի՞նչն է օգնում, որ ձեր ուսուցանած մարդիկ սովորեն Հոգուց։ Մտածեք այն միջավայրի մասին, որտեղ դուք ամենից հաճախ ուսուցանում եք: Ի՞նչ եք զգում, երբ այնտեղ եք: Ինչպե՞ս կարող եք ավելի արդյունավետորեն հրավիրել Հոգուն, որ ներկա գտնվի այնտեղ:

Սուրբ գրություններից․ Ղուկաս 24․31–32, Հովհաննես 14․26, 16․13–15, Մորոնի 10․4–5, Վարդապետություն և Ուխտեր 42․16–17, 50․13–24

Նկար
միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

Երբ մենք ուսուցանում ենք, կարող ենք հրավիրել սովորողներին փնտրել իրենց հոգևոր վկայությունը ճշմարտության մասին:

Փրկիչն օգնեց ուրիշներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության

Տերը ցանկանում է հաղորդակցվել մեզ հետ, և Նա ցանկանում է, որ մենք իմանանք, որ Ինքը հաղորդակցվում է մեզ հետ: 1829 թվականին Օլիվեր Քաուդերի անունով 22-ամյա մի ուսուցիչ սովորում էր համարձակ, ոգեշնչող մի վարդապետություն այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է անձնական հայտնություն ստանալ: Բայց նա ուներ այնպիսի հարցեր, ինչպիսին մեզանից շատերն են տվել. «Արդյո՞ք Տերն իսկապես փորձում է խոսել ինձ հետ: Իսկ ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե Նա ինչ է ասում»։ Այս հարցերին պատասխանելու համար Հիսուս Քրիստոսը հրավիրեց, որ Օլիվերը հիշի հոգևոր փնտրտուքի անձնական պահի մասին: «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին»: Հարցրեց Նա (տես Վարդապետություն և Ուխտեր 6․21–24)։ Հետագայում Նա ուսուցանեց Օլիվերին այն մասին, թե Հոգին ինչպես կարող էր խոսել նրա հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 9.7–9, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 11.12–14):

Ապրելով մի աշխարհում, որն այնքան հաճախ անտեսում է հոգևոր բաները, մենք բոլորս օգնության կարիք ունենք՝ ճանաչելու Հոգու ձայնը: Մենք, հնարավոր է, զգացել ենք Հոգին՝ առանց գիտակցելու դրա մասին։ Եվ մենք բոլորս կարող ենք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես փնտրել Հոգին, ճանաչել Նրա ազդեցությունը և գործել այն հուշումների համաձայն, որոնք Նա է տալիս մեզ: Երբ դուք ուսուցանում եք, օգնեք սովորողներին բացահայտել այն եղանակները, որոնցով Հոգին կարող է հաղորդակցվել, նաև, թե ինչպես է Նա հաղորդակցվել ուսանողների հետ: Ամենամեծ նվերներից մեկը, որ կարող եք տալ որպես ուսուցիչ, օգնելն է, որ ձեր սովորողները առաջադիմեն անձնական հայտնության այս հարատև որոնումներում։

Խորհելու հարցեր. Ինչո՞ւ է կարևոր, որ սովորենք անձնական հայտնություն ստանալ: Ինչ-որ մեկը երբևէ օգնե՞լ է ձեզ հասկանալ, թե ինչպես փնտրել և ճանաչել հայտնությունը: Ինչպե՞ս կարող եք քաջալերել, որ ձեր սովորողները փնտրեն, ճանաչեն և գործեն ըստ Սուրբ Հոգու հայտնության:

Սուրբ գրություններից․ Գաղատացիս 5․22–23, Ալմա 5․45–47, Վարդապետություն և Ուխտեր 42․61, 121․33, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․8–20

Փրկիչը վկայություն բերեց նրանց համար, ում ուսուցանում էր

Ուսուցանելու և ծառայելու մի շատ նուրբ պահի Հիսուսը փորձում էր մխիթարել Իր ընկեր Մարթային, որի եղբայրը մահացել էր: Նա Մարթայի հետ կիսվեց հավերժական ճշմարտության մի պարզ վկայությամբ. «Քո եղբայրը հարություն կառնէ» (Հովհաննես 11.23): Նրա վկայությունը հուշեց Մարթային կիսվել իր իսկ վկայությամբ. «Գիտեմ որ հարություն կառնէ հարությունումը՝ հետին օրը» (Հովհաննես 11.24): Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այս օրինաչափությունը կրկնվում Հովհաննես 11.25–27 հատվածներում: Ինչպե՞ս է Փրկչի օրինակը տպավորում ձեզ։ Ինչո՞ւ է ավետարանի ճշմարտությունների մասին վկայությամբ կիսվելը ուսուցման այդքան կարևոր մաս հանդիսանում:

Ձեր վկայությունը կարող է հզոր ազդեցություն ունենալ նրանց վրա, ում ուսուցանում եք: Կարիք չկա, որ այն լինի պերճախոս և երկար: Եվ պարտադիր չէ սկսել՝ «Ես ցանկանում եմ բերել իմ վկայությունը» արտահայտությամբ: Պարզապես, Սուրբ Հոգու զորությամբ կիսվեք նրանով, ինչ գիտեք: Ճշմարտության մասին վկայությունն ավելի զորեղ է, երբ այն անմիջական է ու սրտաբուխ: Հաճախ վկայություն բերեք Փրկչի, Նրա ավետարանի և ձեր կյանքում Նրա զորության մասին և խրախուսեք նրանց, ում ուսուցանում եք անել նույնը: Եվ հիշեք, որ երբեմն ամենահզոր վկայությունը բերում է ոչ թե ուսուցիչը, այլ համադասարանցին:

Խորհելու հարցեր. Սուրբ գրություններում փնտրեք օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ ուժեղ ներգործություն է ունենում վկայություն բերող մարդը։ Ի՞նչ եք սովորում այդ օրինակներից։ Ե՞րբ եք դուք օրհնվել ինչ-որ մեկի վկայության շնորհիվ։ Ինչպե՞ս է ձեր վկայությունն ազդել նրանց վրա, ում ուսուցանում եք: Ինչպե՞ս է այն ազդել ձեզ վրա:

Սուրբ գրություններից․ Գործք Առաքելոց 2․32–38, Մոսիա 5․1–3, Ալմա 5․45–48, 18․24–42, 22․12–18, Վարդապետություն և Ուխտեր 46․13–14, 62․3

Սովորածը կիրառելու եղանակներ

  • Խնդրեք սովորողներին կիսվել այն ամենով, ինչ Սուրբ Հոգին ուսուցանեց իրենց, երբ նրանք ուսումնասիրեցին Աստծո խոսքը:

  • Նախապես պատրաստվեք, որպեսզի ուսուցանելիս հոգևոր հուշումներ ստանաք:

  • Գրի առեք հոգևոր տպավորությունները, որոնք ստանում եք նախապատրաստվելիս:

  • Ժամանակ առ ժամանակ դասարանի անդամներին հնարավորություն տրամադրեք հանգիստ խորհելու այն մասին, թե Հոգին ինչ է ուսուցանում իրենց:

  • Օգտագործեք հոգևոր երաժշտություն և նկարներ՝ հրավիրելով Հոգին:

  • Ուշադիր եղեք հուշումներին, երբ ծրագրում եք և ուսուցանում, և պատրաստ եղեք հարմարեցնել ձեր ծրագրերը:

  • Բոլոր սովորողներին հնարավորություն ընձեռեք վկայություն բերել իրենց սովորածի մասին:

  • Օգնեք մյուսներին հասկանալ, թե երբ է Հոգին ներկա:

  • Ապրեք այն ճշմարտություններով, որոնք դուք ուսուցանում եք, որպեսզի կարողանաք վկայել դրանց մասին:

  • Հետևեք հուշումներին՝ ուսուցանելով պատահական, ոչ պաշտոնական պահերին:

Տպել